Արման Համբարձումյան. «Պատրաստ եմ հաղթահարել ցանկացած դժվարություն, որովհետև ինձ ապրելու երկրորդ հնարավորություն է տրվել»

Համառոտ տեղեկանք

Ծնվել է 2002 թ. մարտի 25-ին՝ Թալին քաղաքում։ Սովորել է Թալինի թիվ 1 դպրոցում։ 2019 թ. ընդունվել է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետ։ 2020 թ. օգոստոսի 19-ին զորակոչվել է Հայոց բանակ, ծառայել է Ասկերանում։ 2020 թ. հոկտեմբերի 10-ին ստացել է վիրավորում և մարտի դաշտից տեղափոխվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, ապա՝ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն, այնուհետև՝  Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Այժմ սովորում է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության 2-րդ կուրսում:

Սիրելի´ ընթերցող, անցած ամիսները բարդ, բայց միևնույն ժամանակ անչափ պարտավորեցնող էին մեր ստեղծագործական քառյակի համար: Մենք հանձնառել ենք ՀՊՏՀ բլոգում «Պատերազմին հաղթածները» խորագրի ներքո ներկայացնել Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած ՀՊՏՀ ուսանողներին: Հերթական այս թողարկումը 10-րդն է: Ինչպես նախորդ, այնպես էլ այս պատմությունը պատերազմի բովով անցած երիտասարդի, պատերազմին հաղթած հերոսի մասին է և լի է հուզումնառատ վերհուշով, իրադարձությունների նկարագրություններով, որոնք մխրճվել են մեր հոգու և հույզերի աշխարհ, որոնք, անկեղծ ասած, անհնար է մոռանալ:

Այս ժամանակահատվածում ծանոթացանք մեր սերնդակից խիզախ, հայրենասեր, բարի երիտասարդների հետ, փորձեցինք հնարավորինս լավ ներկայացնել նրանց, բայց նաև ծանոթացանք  ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՀԱՂԹԱԾ շատ ու շատ տղաների հետ, որոնց չճանաչեց ընթերցողը, քանի որ ինչ-ինչ պատճառներով չցանկացան հրապարակավ ներկայանալ: Մենք հարգում ենք նրանց որոշումը և շնորհակալ ենք` իրենց հուշերը մեզ վստահելու համար:

Մեր այսօրվա հերոսը Արմանն է: Նրա կերպարը գրեթե ամեն օր մեր աչքի առջև էր՝ ընկերների հետ համալսարանի բակում, երկար ու ձիգ միջանցքներում քայլելիս: Ներքին ձայնն անդադար ասում էր, որ ցավոտ, բայց բովանդակալից զրույց կունենանք, եթե համարձակվենք մոտենալ մեր խորհրդավոր հերոսին: Ձեռնափայտն ու դժվարացած քայլերը վկայում էին, որ պատերազմը ոչ միայն չի շրջանցել Արմանին, այլև իր անողոք հետքն է թողել: Երկյուղածորեն խորհում էինք`դժվար թե ցանկանա վերհիշել ու վերապրել պատերազմը, սակայն, եթե զրուցելու համաձայնություն ստանանք, կփորձենք շրջանցել դառը հիշողությունները։

Օրերից մի օր վերջապես մեր ստեղծագործական թիմը, թոթափելով կաշկանդվածությունն ու հուզմունքը, դիմեց նրան և ստացավ համեստ ու բարեհաճ արձագանք` իհարկե, սիրով կզրուցի, սակայն ժամանակը սուղ է, հաջորդ օրվանից չի գալու համալսարան, հերթական վիրահատությանն է պատրաստվում: Հապաղելու ցանկություն չկար էլ, զրույցին պատրաստ էինք, մտովի բազմիցս հարցեր էինք ուղղել նրան…., ու վերջապես առիթը ներկայացավ:

Անհամբերությանբ և հուզված սպասում էինք` մտքում հազար անգամ կրկնելով նախապատրաստած թեմաները:

Եվ ահա դուռը բացվեց, ու հուզմունքը կրկնապատկվեց: Մինչ փորձում էինք հաղթահարել մեզ պատած խռովքը, մեր առջև նստեց ժպտերս, հավասարակշռված երիտասարդ՝ պատրաստ անկաշկանդ զրուցելու, նույնիսկ անկեղծանալու:

Սովորաբար մեր զրուցակիցներին սկզբում հարցեր ենք ուղղում մինչև պատերազմը նրանց ունեցած հետաքրքրությունների, նախասիրությունների, ծրագրերի մասին, և Արմանը, ինչպես պարզվեց, շախմատի մեծ սիրահար է եղել, մասնակցել է առաջնությունների ու գրավել պատվավոր հորիզոնականներ։ Սակայն պատերազմը անգամ շախմատ խաղալու հանդեպ սերը գողացավ…

«Պատերազմից հետո դժվար է մի քանի ժամ նստել ու կենտրոնանալ մի բանի վրա, դրա համար էլ այլևս չեմ մտածում այդ ուղղությամբ,- ասում է Արմանը ու շարունակում,-ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ համալսարանում և աշխատավայրում. աշխատում եմ Վիվառոյում։ Դեռ մինչև բանակ գնալն էի որոշել, քանի որ եղբայրս այնտեղ էր աշխատում: Մտածում էի՝ հարմար է համատեղել դասերի հետ, հենց վերադառնամ զինվորական ծառայությունից, կդիմեմ: Բայց հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ շուտ վերադարձա ու ապաքինվելուց հետո սկսեցի աշխատել»:

Ահա այդ հանգամանքների մասին է, որ ցանկանում ենք հարցնել…. Արմանը կարծես կռահում է մեր մտքերն ու անկաշկանդ պատմում եղելությունը. «Ամեն ինչ շատ արագ եղավ, անօդաչու էր, մի հարված ու ինձ թվաց՝ վերջ: Բայց ոչ. Աստված ինձ համար այլ բան էր կանխորոշել։ Ես քաջ գիտակցում եմ, որ դժվար ու փորձություններով լի ուղի է ինձ սպասվում։ Բայց պատրաստ եմ հաղթահարել ցանկացած դժվարություն, որովհետև ինձ ապրելու երկրորդ հնարավորություն է տրվել»:

18 տարեկան երիտասարդը հայտնվում է ծանր ու դաժան պատերազմի թոհուբոհում՝ չլսված ու չտեսնված պատերազմի: Ահա, թե ինչ է պատմում Արմանը. «Առաջինը սկսեցին հարվածել զորամասին, տագնապ հայտարարվեց: Մտածեցինք՝ ինչպես հաճախ է լինում, կրակոցներ են, շուտով կդադարեն։ Հետո բարձրացանք դիրքեր ու այն ամենը, ինչ տեսանք, այլ էր։ Տղերքը զոհվում էին մեր աչքի առաջ, ու մենք ոչինչ չէինք կարողանում անել: Իմ տեսած պատերազմը մի իսկական մղձավանջ էր. անօդաչուներն օրուգիշեր պտտվում էին մեր գլխավերևում, դիրքերն առանց դադարի հրթիռակոծվում էին։ Պետք էր պայքարել, կռվել հանուն հողի, հայրենիքի, հարազատ ժողովրդի, հանուն ընտանիքի ու ընկերոջ… Այդքան կորուստների ու մահերի մեջ մի դեպք ինձ առանձնակի ցնցեց.  այդ օրերին շատ հայրեր էին գալիս իրենց տղաների մոտ, մեր տղերքից մեկի հայրն էլ էր եկել, ինքը չգիտեր՝ պատահաբար տեսավ։ Հետո հայրը գնաց՝ մեզ սնունդ, օգնություն բերելու, մինչև եկավ, տղան զոհվել էր»:

Դառը հիշողությունները շրջանցել չհաջողվեց, Արմանն ինքն էլ չխուսափեց. վերհիշեց, տխրեց, ապա հուսադրեց նաև մեզ… Այս ամենը տեսնելուց հետո էլ նա չի վհատվել, չի կորցրել հույսը և ամուր կերպով իր մեջ կրում է ապրելու, աշխատելու, անգամ նոր դժվարություններ հաղթահարելու կամքը:

Արմա´ն, ուժեղ ու լավատես մեր ընկեր, մեր հերոս, մաղթում ենք քեզ առողջություն, հոգու մեծ ուժ, որ հաղթահարես ճանապարհիդ ի հայտ եկած ամեն մի փորձություն և ապրելու քո երկրորդ հնարավորությունը ծառայեցնես նպատակներիդ իրականացմանը:

Նյութը պատրաստեցին Մարգարիտա Խաչատրյանը, Մարիամ Հարությունյանը, Վարդուհի Գալստյանը և Անի Դեգեմոնյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *