Գևորգ Հարությունյան. «Կարծում եմ` պատերազմից հետո ավելի գնահատեցինք մեր հայրենիքը»

Համառոտ տեղեկանք

Ծնվել է 2001 թ. հունիսի 4-ին, Երևանում: Զորակոչվել է 2019 թվականի հուլիսի 16-ին: Ծառայել է Մարտակերտի շրջանի Կարմրավան գյուղում: Սովորում է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի կառավարում մասնագիտության 1-ին կուրսում:

Ինչպիսի՞ առօրյայով էր ապրում Գևորգը մինչ պատերազմը, ի՞նչ նպատակներ էր դնում իր առջև:

‒ Մինչ զորակոչվելը այդքան էլ չեմ մտածել հետագա անելիքներիս մասին. նպատակներիս իրագործումը թողնում էի ծառայությունից հետո: Հիմնականում հետաքրքրված էի սպորտով, հաճախում էի ֆուտբոլի, սիրում էի ֆիլմեր դիտել… Այժմ եկել է նպատակներ կառուցելու ժամանակը, թեև պատերազմը դժվարացրեց դրանց իրագործումը: Կարծում եմ՝ ցանկացած իրավիճակ, որքան էլ այն բարդ լինի, լուծումներ ունի: Պարզապես պետք է չհուսահատվել և չհանձնվել, բողոքելու փոխարեն պայքարել և ելքեր գտնել:

Ի՞նչ փոխեց պատերազմը Ձեր պատկերացումներում:

‒Նախ ասեմ, որ այն ժամանակ, երբ չէինք տեսել պատերազմի արհավիրքը, մենք չէինք գնահատում մեր ունեցածը: Մենք չէինք գնահատում այն տարածքները, որ ունեինք, մարդկանց, ովքեր մեր կողքին էին: Իսկ պատերազմի պատճառով մենք կորցրեցինք թե՛ զինակից ընկերներ, թե՛ մեր հայրենի հողը: Ցավոք, մենք հիմա ենք հասկանում, թե ինչ կարևոր էր այդ ամենը մեզ համար: Այո՛, կարծում եմ` պատերազմից հետո ավելի գնահատեցինք մեր հայրենիքը, այն ամենը, ինչ պետք է պաշտպանենք: Փաստորեն, հաճախ այդպիսի ճգնաժամային իրավիճակներում կորցնելուց հետո ենք գնահատում ունեցածը:

Ի՞նչ է հայրենիքը` ըստ Ձեզ:

‒Հայրենիքն ինձ համար միայն այն տարածքը չէ, որտեղ ապրում եմ, այլ՝ իմ տունը, հարազատները, ինձ շրջապատող մարդիկ: Հայրենիքը այն վայրն է, որտեղ ես ծնվել, մեծացել եմ: Եվ հայրենիքից ոչ թե պահանջել է պետք, այլ ամեն ինչ անել հայրենիքի համար:

Պատերազմից հետո շատերը բարձրաձայնում են, որ մտադիր են հնարավորության դեպքում լքել հայրենիքը: Ինչպիսի՞ն են Ձեր մտորումներն այս հարցի շուրջ:

‒ Ես չեմ կիսում այդ տեսակետը: Ես՝ անձամբ, մտադրություն չունեմ թողնել-գնալու, այն էլ` պատերազմից հետո: Չեմ կարող մեղադրել այդ մարդկանց, դա նրանց սեփական կարծիքն է, սեփական որոշումը: Կարծում եմ՝ այո՛, մենք դժվար իրավիճակում ենք, բայց պետք չէ հանձնվել: Թողնել-գնալը, պարզապես, ամենահեշտ տարբերակն է:

‒ Պատերազմի ծանր փորձությունից հետո ի՞նչն է Ձեզ օգնում գտնել անդորր ու հավասարակշռություն:

‒ Քանի որ պատերազմից հետո ևս 9 ամիս ծառայել եմ, որը շատ դժվար ժամանակահատված էր, ինձ համար կարևոր դերակատարություն ունեցավ ընտանիքս: Սակայն, հարազատ միջավայրում որքան էլ գտնեմ իմ հանգստությունը, այնուամենայնիվ, հիշողությունները դեռ չեն թողնում մոռանալ այդ դաժան օրերը:

Կարոտի զգացումը սո՞ւր էր պատերազմի օրերին:

‒Այո՛, իհա՛րկե, կարոտում էի հարազատ մարդկանց՝ ծնողներիս, ընկերներիս, ինչպես նաև այն հարաբերական անդորրը, որը մենք ունեինք մինչ պատերազմը: Կարոտում էի լավ ակնթարթներն ու հիշողությունները:

Ի՞նչ կթողնի սերունդների հուշերում այս պատերազմը:

‒ Կարծում եմ` որոշ ժամանակ անց բոլորին առանձին-առանձին չեն հիշի, այլ կհիշեն ընդհանրական կերպարով, պատերազմի շատ իրադարձություններ կդառնան պատմական փաստեր: Բայց կարևորը պատմությունից դասեր քաղելն է, մեր սխալների վրա սովորելը և մեր երկիրն ավելի լավը դարձնելը:

Շնորհակալություն, Գևո´րգ, Դուք արտահայտեցիք նաև մեր ցանկությունը:

Նյութը պատրաստեցին Մարգարիտա Խաչատրյանը, Մարիամ Հարությունյանը, Վարդուհի Գալստյանը և Անի Դեգեմոնյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *