Դասախոսական աշխատանքն անսահման էներգիա է փոխանցում ինձ․ Վահագն Մուրադյան

«Երիտասարդ դասախոս» շարքի այս շաբաթվա մեր զրուցակիցը ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Վահագն Մուրադյանն է։

Վահագն Մուրադյանը դասախոսական ավելի քան 10 տարվա փորձ ունի։ ՀՊՏՀ-ում դասավանդում է «Երկրատեղեկատվական համակարգեր» առարկան։

Կադաստրի կոմիտեի գեոմատիկայի կենտրոնի պետն է։

Մեր զրույցը նրա գիտական հետաքրքրությունների, մասնագիտական գործունեության, ուսանողների հետ հարաբերությունների շուրջ է։

– Պարո´ն Մուրադյան, շնորհակալություն հարցազրույցի մեր հրավերն ընդունելու համար։ Դուք, ՀՊՏՀ դասախոս լինելուց զատ, նաև Կադաստրի կոմիտեի գեոմատիկայի կենտրոնի ղեկավարն եք։ Ինչպե՞ս եք համատեղում գիտամանկավարժական գործունեությունը պատասխանատու աշխատանքի հետ։

– Իրականում տարանջատելը դժվար է, ավելին՝ գիտական, մանկավարժական գործունեությունը և պետական կառավարման համակարգում աշխատանքը փոխկապակցված են։ Դասախոսություններն ինձ օգնում են մշտապես զգալ ժամանակի զարկերակը՝ նոր գիտելիքի ձևավորման, մասնագիտական նորությունների հավաքագրման և ուսանողներին փոխանցելու համար։ Փորձում եմ ժամանակ գտնել նաև գիտահետազոտական աշխատանքի համար, քանի որ նաև դա է ապահովում իմ մասնագիտական աճը: Մի ընդգծում եմ ցանկանում կատարել՝ դասախոսական աշխատանքն անսահման էներգիա է փոխանցում ինձ. երբ մյուս աշխատանքից հոգնած գալիս եմ համալսարան, լսարան եմ մտնում, ուսանողներն ինձ անբացատրելի լիցքեր են հաղորդում, և դասախոսության ընթացքում կարծես մոռանում եմ հոգնածության մասին։

– Ինչո՞ւ հենց աշխարհագրություն, ինչո՞վ էր պայմանավորված Ձեր ընտրությունը։

– Ընտրությունս, անկեղծ ասած, պատահական ստացվեց, բայց ընթացքում հասկացա, որ դա հենց այն է, ինչ փնտրում էի։ Մինչև ընդունվելս դեռևս որոնումների մեջ էի և քանի որ բնություն շատ եմ սիրում, ինձ համար հետաքրքիր էր աշխարհագրությունը։ Շատ կարևորում եմ աշխարհագրության ժամանակակից միտումները, որոնց մեջ  առաջնային տեղ ունեն տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաները (մասնագիտական լեզվով դրանք կոչվում են աշխարհագրական տեղեկատվական համակարգեր կամ գեոինֆորմացիոն համակարգեր), այն, ինչ այս պահին Տնտեսագիտական համալսարանում դասավանդում եմ։ Համարում եմ, որ սա ոչ միայն աշխարհագրության, այլև բազմաթիվ գիտական ուղղությունների, մասնագիտությունների համար շատ արդիական է։ Այն հնարավորություն է տալիս վերլուծելու տարածական տեղեկատվությունը, մոդելավորելու, քարտեզագրելու և եզրահանգումներ կատարելու։

– Տնտեսագետ ուսանողներին այդ ամենը հետաքրքի՞ր է։

– Այո´, ոչ միայն հետաքրքիր է, այլ նաև՝ մոտիվացնող։ Ուսանողներիս ես հաճախ եմ ասում, որ եթե ուզում են բարձր վարձատրվող կայուն աշխատանք ունենալ, պետք է մեծ ուշադրություն դարձնեն այս տեխնոլոգիաներին, որովհետև չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ դրանք այսօր հավասարեցված են ծրագրավորման և ինֆորմացիոն այլ տեխնոլոգիաների ուղղություններին, պահանջված են և, ինչու չէ, մրցակցային աշխատավարձի հնարավորություն են ապահովում։ Այսօր մեր տնտեսագետներին, էկոլոգներին, աշխարհագրագետներին և մյուս բնագիտական ուղղվածությամբ մասնագետներին խիստ անհրաժեշտ է դա։ Ուսանողները մեծ խանդավառությամբ են հաճախում դասերին, քանի որ այն, ինչ անցնում են տեսականում, գործնականում հնարավորություն ունեն արտապատկերելու ծրագրային միջավայրում ու ստանալու վիզուալիզացված նյութ։

– Ինչպե՞ս բարձրացնել ապագա շրջանավարտների մրցունակությունը` աշխատաշուկայի մարտահրավերներին դիմակայելու համար։

– Պետք է ուրախությամբ նշեմ, որ Տնտեսագիտական համալսարանում արդեն երկու տարի այդ հնարավորությունը կա՝ համակարգչային լսարանի և մասնագիտական հատուկ ծրագրերի, որոնց միջոցով ուսանողները կարողանում են գործնական հմտություններ ստանալ տվյալ առարկայի շրջանակում։ Դա մոտիվացնում է ոչ միայն մասնագիտության հանդեպ հետաքրքրության, այլև աշխատավարձի և աշխատանքի տեսանկյունից։ Մշտապես ուսանողներին ասում եմ՝ տիրապետեք այդ տեխնոլոգիաներին, ձեր CV-ներում նշեք այդ մասին և համոզված եղեք՝ որևէ պետական կամ մասնավոր ընկերությունում աշխատանքի կընդունվեք։

– Գեոմատիկայի կենտրոնը համալրված է մասնագիտական բարձր հմտություններ ունեցող մասնագետներով։ Ինչպե՞ս է կատարվում կադրային համալրումը, և թողարկվող մասնագետները որքանո՞վ են համապատասխանում կենտրոնի որակական չափանիշներին։

– Տարբեր ուսումնական հաստատություններ այսօր հնարավորություն ունեն իրենց ծրագրերում ընդգրկելու  գեոինֆորմացիոն համակարգերին առնչվող առարկաներ, և արդյունքում բակալավրի կամ մագիստրոսի կոչում ունեցողները կարողանում են մեզ մոտ անցնել աշխատանքի։ Ցավոք, հաճախ է պատահում, որ աշխատանքի դիմողների գիտելիքը բավարար չի լինում։ Սա այն ուղղություններից է, որ պահանջում է մեծ ընդունակություն, տրամաբանություն, գիտելիք, և եթե մասնագետը, ուսանողը օժտված են այդ ամենով, ապա կարողանում ենք վերապատրաստումների, դասընթացների միջոցով շատ արագ ինտեգրել։

-Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր գիտական հետաքրքրությունների շրջանակը, և որքանով են դրանք առնչվում Ձեր մասնագիտական պրակտիկ գործունեությանը:

– Անմիջականորեն են առնչվում. այն տեսական գիտելիքները, որոնք ես ձեռք եմ բերում թե´ գիտահետազոտական աշխատանքի ժամանակ, թե´ դասախոսությունների ընթացքում, անմիջապես արդյունավետորեն օգտագործում եմ գործնականում, հատկապես՝ կառավարման համակարգում որոշումների կայացման ժամանակ։

– Անուրանալի է գիտության հսկայական դերը ժամանակակից մարդու կյանքում։ Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանում գիտության ո՞ր բնագավառներում պետք է  սրընթաց հաջողություններ արձանագրվեն, որ ՀՀ քաղաքացին զգա դրանց անմիջական ազդեցությունը։

– Մենք այսօր մեծ հնարավորություններ ունենք նորագույն տեխնոլոգիաների զարգացման, որի պահանջարկը աշխատաշուկայում շատ մեծ է։ Նորագույն տեխնոլոգիաների և բնագիտության ինտեգրման արդյունքում ձևավորված ինֆորմացիոն տեխնոլոգիաներն այդ հնարավորությունը տալիս են։ Կարծում եմ՝ գիտության զարգացումը պետք է ընթանա արհեստական ինտելեկտի, անօդաչու թռչող սարքերի, հեռազննման տեխնոլոգիաների և մարդկանց կյանքը հեշտացնելու համար բազմաթիվ գործառույթների ավտոմատացման ճանապարհով։ Գիտության զարգացումը ես տեսնում եմ հենց այս ուղղություններով։

– Աշխատանքից և գիտամանկավարժական գործունեությունից զատ, ի՞նչ հետաքրքրություններ ունեք, որոնք կարող են Ձեզ շեղել առօրյա խնդիրներից։ Ի՞նչը կարող է ամբողջացնել Ձեր անձնական նկարագիրը, բոլորովին նոր տեսանկյունից բացահայտել Վահագն Մուրադյան մարդուն։

– Առօրյայիս մեծ մասը աշխատանքային գործունեությանն է առնչվում, բայց փորձում եմ ժամանակ գտնել ընտանիքիս համար։ Շատ եմ սիրում սպորտով զբաղվել, ինձ հատկապես հոգեհարազատ է ավանդական կարատե մարզաձևը: Մարզասրահ եմ հաճախում, որպեսզի ինչ-որ կերպ վերականգնեմ առօրյայում ծախսված էներգիան։ Սպորտը կարգապահություն է, կամք և հավասարակշռություն։ Այդ հատկանիշները ժառանգել եմ սպորտից և առօրյայում ինձ պետք է գալիս թե´ ֆիզիկապես, թե´ հոգեպես ամուր լինելու համար։ Սիրում եմ նաև ֆիլմեր դիտել։

– Լավագույն ֆիլմը, որ երբևէ դիտել եք։

– Երկու ֆիլմ եմ ցանկանում նշել՝«Բանականության խաղեր» և «Մարդը, որը ճանաչում է անսահմանությունը»։

– Գիրք, որը վերընթերցելու պահանջ եք զգացել:

– Մարկեսի «100 տարվա մենությունը»:

– Երաժշտությունը Ձեր կյանքում։

– Սիրում եմ գործիքային երաժշտություն, երբ միայն մեղեդի է, բառեր չկան։

– Ի՞նչը կարող է Ձեզ ուրախացնել։

– Երեխայի ծնունդը։

– Ի՞նչը կարող է Ձեզ զայրացնել։

– Սուտը, կեղծիքը։

– Ի՞նչն եք ամենից շատ արժևորում մարդկանց մեջ։

– Ազնվությունն ու բարությունը։

Լուսանկարները՝ Վահագն Մուրադյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *