Դավիթ Գևորգյան. «Պետք է հավատալ հրաշքներին ու ձգտել ամեն ինչում լավը տեսնել»

Համառոտ տեղեկանք

Դավիթ Գևորգյանը ծնվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 թվականի հուլիսի 10-ին։ Սովորել է Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում, որն ավարտելուց հետո 2018 թ. ընդունվել է ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ։ 2019 թ. հունվարի 22-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Ստեփանակերտում, այնուհետև՝ Աղդամի շրջանում։ Այժմ սովորում է «Մարգեթինգ» մասնագիտության 2-րդ կուրսում:

–Ո՞վ էր Դավիթը մինչև պատերազմը։

–Դավիթը կենսուրախ, լավատես, դրական մարդ էր, այնպիսին, ինչպիսին հիմա է։ Հետաքրքրված էր բնական գիտություններով, սիրում էր ֆիզիկա ու մաթեմատիկա, հատկապես՝ մաթեմատիկա, նաև աշխարհագրություն էր ուսումնասիրում։

Դպրոցն ավարտելուց հետո մասնագիտական միակ կողմնորոշումս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն էր։ Որոշ ժամանակ ինքնուրույն սովորելուց հետո հասկացա, որ այդ ոլորտն իմը չէ։ Նոր մասնագիտություն էր պետք ընտրել, ու կողմնորոշումս բիզնեսի, մարքեթինգի կողմն էր։ Վաղ տարիքից եմ սկսել բիզնեսի վերաբերյալ գրքեր կարդալ ու ֆիլմեր դիտել։ Այդ իսկ պատճառով էլ որոշումս վերջնական էր՝ դիմեցի ՀՊՏՀ ու հիմա այստեղ եմ։

–Պատերազմից հետո ինչ-որ բան փոխվե՞ց Ձեր մեջ։

–Իհարկե, փոխվեց, չէր կարող չփոխվել: Պատերազմից հետո իրերին և երևույթներին սկսեցի այլ տեսանկյունից նայել, գնահատել ամեն ինչ, ամեն րոպեն ու վայրկյանը։ Մինչև պատերազմը լավատես էի, պատերազմից հետո՝ էլ ավելի, որովհետև ապրում եմ, վայելում կյանքը, սովորում ու առաջ նայում: Պետք է հավատալ հրաշքներին ու ձգտել ամեն ինչում լավը տեսնել։ Շատ իրավիճակներում, երբ պարտավոր եմ լինել ռեալիստ, հակված եմ ավելի շատ ռոմանտիկ լինել, փնտրել ու գտնել դրականը։ Պատերազմից հետո փոխվել են արժեքները, սկսել եմ կարևորել  անգամ անկարևոր թվացող բաները։

–Ի՞նչ կատարվեց Ձեր «նախապատերազմյան երազանքների» հետ:

–Նախ ասեմ, որ երազանքները, որոնք ունեցել եմ և այժմ էլ ունեմ, երազանք էլ կմնան։ Երազանքներն ինձ համար իրականությունից հեռու են, անիրական մի աշխարհում ապրող։ Իսկ նպատակներս նույնն են, ինչ պատերազմից առաջ, ու ոչ մի կերպ  պատերազմը չի խանգարել ինձ։ Ես չեմ կոտրվել պատերազմի պատճառով։ Դա, հավանաբար, իմ լավատեսության, դրական լինելու շնորհիվ է։

–Այս հարցը տալիս ենք՝ բացասական պատասխանի սպասումով։ Վիրավորում ստացե՞լ եք։

–Այո, վիրավորվել եմ, պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին։ Մարտական աշխատանք էինք կատարում, երբ անօդաչուն հարվածեց մեր մեքենային։ 4 հոգով էինք, բայց միայն ես և սերժանտս փրկվեցինք։ Բեկորային ալիքի ուժեղ հարվածների պատճառով բավականին ծանր վիրավորում էի ստացել․ վնասվել էր դեմքս, ուսս և պարանոցս, նաև՝ աջ աչքս։ Փառք Աստծո, հիմա ամեն ինչ լավ է, միայն մի քանի սպի կա դեմքիս։

–Ո՞րտեղ եք բուժում ստացել։

–Քանի որ հիմնական վնասվածքս աչքի շրջանում էր, ի սկզբանե բուժում եմ ստացել Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, հետո շարունակել եմ Մուրացանի զինվորական հոսպիտալում, որտեղից էլ զորացրվել եմ։

–Մինչև պատերազմը ունեցե՞լ եք մոտալուտ վտանգի կանխազգացում կամ տագնապի զգացում։

– Առհասարակ, ես միշտ զգում եմ վերահաս վտանգը։ Ծառայությանս առաջին օրերից սկսած՝ անընդհատ վատ կանխազգացում էի ունենում, երազներ էի տեսնում։ Այս անգամն էլ բացառություն չէր։ Երազներից բացի, լինում էր, որ օրվա ընթացքում  տագնապի տևական զգացում էի ունենում։ Մի դեպք պատմեմ, որն անջնջելի հետք է թողել իմ հիշողություններում։

2020 թվականի ամռանը մի տաք ու արևոտ կիրակի դեռ պառկած ենք, քանի որ, ինչպես գիտեք, կիրակի օրերին «Վե´ր կաց» հրամանը հնչեցնում են ավելի ուշ՝ 7։30-ին, ու լսում  եմ շատ բարձր պայթյունի ձայն։ Վեր եմ թռչում, իրար խառնվում, դուրս նայում, բայց ամեն ինչ խաղաղ է ու հանգիստ: Երազ չէր, ոչ էլ իրականություն, բայց իրականություն դարձավ։ Այդ դեպքից ամիսներ անց՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, էլի տաք ու արևոտ կիրակին պայթյունի ձայներով սկսվեց, նույն ժամին, ինչպես այն անգամ, երբ ինձ թվացել էր։ Այս անգամ չէր թվում, հրթիռակոծում էին մեր դիվիզիոնը։

–Դավի´թ, ի՞նչ սովորեցրեց Ձեզ պատերազմը։

–Սովորեցրեց գնահատել ամեն րոպեն, որպեսզի հետո երբեք չափսոսեմ չարած գործերի համար։

–Կարոտի զգացում շա՞տ եք ունեցել, ինչո՞վ էիք կարողանում փարատել այդ զգացումը։

–Այո, շատ-շատ էի կարոտում։ Առանց չափազանցության՝ ամենաշատը Երևանն էի կարոտում. իմ սերը  Երևանի նկատմամբ շատ մեծ է, իսկ այդքան հեռու գտնվել ու չկարոտել «սիրելիին»՝ անհնար է։ Առհասարակ, երաժշտությունն իմ ընկերն է ու նախասիրություններիցս մեկը: Լավ երաժշտություն էի լսում:

–Իսկ հե՞շտ հարմարվեցիք քաղաքացիական կյանքին:

–Պատերազմից հետո՝  հենց առաջին օրը, հիվանդանոցում ժպտացել եմ, կատակել։ Ընկերներիս համար շոկային էր, որովհետև մի քիչ սրտից թույլ մարդու համար ծանր էր կերպարանափոխված դեմքիս նայելը: Բայց իմ տեսակն  այդպիսին է՝ դրական, կենսախինդ: Դրա  շնորհիվ էլ հեշտ հաղթահարեցի հոգեբանական ծանր շրջանը։

–Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք։

–Ձևակերպված կարգախոս չունեմ, բայց ինձ համար երջանկությունը մանրուքների մեջ է. այդպես էր առաջ, այդպես է պատերազմից հետո՝ հատկապես։

–Շնորհակալություն անկեղծ ու բովանդակալից զրույցի համար:

Նյութը պատրաստեցին Մարգարիտա Խաչատրյանը, Մարիամ Հարությունյանը, Վարդուհի Գալստյանը և Անի Դեգեմոնյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *