Երեխային պետք է նվիրել թևեր, բայց թողնել, որ նա ինքնուրույն սովորի թռչել. Ֆրիդա Բահարյան

«Երիտասարդ դասախոս» խորագրի այս հարցազրույցը տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Ֆրիդա Բահարյանի հետ է։

Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկուն է՝ միկրոտնտեսագիտություն, ներդրումներ, հանրային ծառայություններ։

Դասախոսական 17 տարվա փորձ ունի։ Դասախոսելուն զուգահեռ զբաղվում է հետազոտական, գիտական գործունեությամբ։

Ֆրիդա Բահարյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, ուսանող-դասախոս հարաբերության, սկզբունքներին անդավաճան մնալու հարցերի շուրջ։

–Հարցազրույցին նախապատրաստվելիս հաճելիորեն զարմացանք՝ իմանալով, որ Դուք ոչ միայն կայացած գիտնական-մանկավարժ եք, այլև բազմազավակ մայր, ավելին՝ պատերազմի բովով անցած զինվորի մայր: Ձեր բնորոշմամբ՝ ինչպիսի՞ ծնող եք և ինչպիսի՞ մանկավարժ:

– Ե՛վ որպես մանկավարժ, և՛ որպես ծնող հոգատար և ուշադիր եմ, միաժամանակ՝ խիստ և պահանջկոտ, քանի որ, ըստ իս, երեխային պետք է նվիրել թևեր, բայց թողնել, որ նա ինքնուրույն սովորի թռչել։ Միայն այս դեպքում նա կգնահատի այն ամենը, ինչին հասել է։

-Ըստ Ձեզ՝  ի՞նչ է ակնկալում դասախոսից լավ ուսանողը:

– Հետաքրքիր, հագեցած դաս, ժամանակակից ուսուցման մեթոդներ և սեփական կարծիքն արտահայտելու և  ինքնադրսևորվելու հնարավորություն։

-Իսկ ինչպե՞ս եք կառուցում Ձեր հարաբերությունները ուսանողների հետ։

– Փորձում եմ ըմբռնումով մոտենալ յուրաքանչյուր ուսանողի։ Կան չգրված կանոններ, որոնց միշտ հետևում եմ. ուսանողից ակնկալում եմ պատասխանատվություն, առաջադրանքների լիարժեք կատարում, փորձում եմ անել ամեն ինչ, որ չմարի ինքնակատարելագործման, ավելիին ձգտելու ներքին պահանջը, մղումը։

– Եթե երբևէ գրելու լինեք ուսանողների էթիկայի կանոնագիրք, ի՞նչ կետեր կկարևորեք։

– Առաջին հերթին՝ հարգանք դասախոսի հանդեպ։ Նաև, որ ուսանողները լինեն համարձակ, պարտաճանաչ, ճշտապահ, ազնիվ։

– Որքանո՞վ եք կարևորում դասախոսի աշխատանքում ճշգրտությունը, հավասարակշռվածությունը և անկողմնակալությունը։

– Միանշանակ, երեք կետերն էլ կարևոր պայման են՝ սերունդներ կրթելու և սեփական երկրին նեցուկ լինելու համար։ Լսարանում ես տեսնում եմ իմ արտացոլանքը. ուսանողի վարքագծում տեսնում եմ այն, ինչ նա ստանում է իմ կերպարից։ Այո կերպարից, քանի որ եթե ես ճշգրիտ, հավասարակշռված և անկողմնակալ չլինեմ, նույնը չեմ կարող պահանջել ուսանողից։ Իսկ նման որակներով ուսանող ունենալը արդեն հաղթանակ է ցանկացած դասախոսի համար։ 

– Իսկ ո՞րն է սահմանը օբյեկտիվության և սուբյեկտիվության միջև։

– Կարող եմ հատել օբյեկտիվության սահմանը միայն այն դեպքում, երբ վստահ եմ, որ իմ քայլով ոչ ոքի չեմ վնասում, այսինքն՝ կարող եմ նաև սուբյեկտիվ լինել, սակայն պահպանելով «մի վնասիր» սկզբունքը։

-Թերևս, բոլորիս կյանքում էլ եղել են մարդիկ, որոնք էական դերակատարություն են ունեցել՝ հաճախ կանխորոշելով մեր հաջողությունները կամ ազդելով դրանց վրա: Ձեր մասնագիտական կայացման ճանապարհին արդյո՞ք  բախտն այդ իմաստով ժպտացել է Ձեզ:

– Ընտանիքս միշտ խրախուսել է իմ գիտամանկավարժական գործունեությունը. չէի հասնի որևէ բանի՝ առանց իմ հարազատների աջակցության։ Ծնվել եմ մտավորականի ընտանիքում։ Մայրս մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ է։ Գիտական ուղին հարթել է բազում խոչընդոտներ հաղթահարելով։ Նա մեծ ներդրում ունի իմ դասախոսական կարիերայի ձևավորման մեջ, իր խորհուրդներով միշտ կողքիս է եղել։ Ընտանիք եմ կազմել դեռևս 4-րդ կուրսում՝ 20 տարեկանում։ Երբ 2006 թվականին ձևակերպվեցի որպես հայցորդ (գիտական ղեկավարս լուսահոգի Ալբերտ Արշակյանն էր), արդեն երկու երեխաների մայր էի։ Անխոս, շատ բարդ է լինել ընտանիքի մայր, կին և միաժամանակ զբաղվել գիտությամբ։ Այստեղ էլ ամուսնուս մայրը օգնեց՝ փոքրիկներիս խնամելով, որ ես հնարավորինս շատ ժամանակ հատկացնեմ իմ գիտական աշխատանքին։ Այսպիսով՝ հոգատար և համբերատար ամուսնուս և երկու մայրերիս օգնությամբ ես հասա այն ամենին, ինչ այսօր ունեմ։

– Վերջին տարիներին գիտության ասպարեզում ի՞նչ էական ձեռքբերումներ եք ունեցել Դուք, ամբիոնի դասախոսները կամ ասպիրանտները (գիտական նոր խոսք, հետազոտական նախագծեր):

– Այս տարի լույս է տեսել «Միկրոտնտեսագիտություն» ուսումնական ձեռնարկը, որի գաղափարը ծնվել էր 4-5 տարի առաջ։ Սկզբում կազմում էի դասախոսության նյութեր, ամեն տարի դրանք թարմացնում, այնուհետև իմ շատ սիրելի գործընկերուհու՝ Էմմա Մովսիսյանի հետ որոշեցինք համատեղ ուժերով կազմել ձեռնարկ: Իհարկե, տարեցտարի կաշխատենք լրամշակել և կատարելագործել այն. ցանկացած դասախոս լսարան մտնելիս մշտապես պետք է թարմացնի իր գիտելիքը,  շատ կարդա, որպեսզի ուսանողին մատուցի նորն ու ժամանակակիցը։

– Վերջում՝ մի քանի բլից-հարց.

– Լավագույն ֆիլմը, որ երբևէ դիտել եք։

– «Մեր մանկության տանգոն», Ալբերտ Մկրտչյան։

– Գիրք, որը վերընթերցելու պահանջ եք զգացել:

– «Ինքնակենսագրություն», Ուինսթոն Չերչիլ։

– Երաժշտությունը Ձեր կյանքում։

– Սիրում եմ որակյալ երաժշտություն։

– Ի՞նչը կարող է Ձեզ ուրախացնել։

– Ներքին և արտաքին ներդաշնակության միաժամանակյա զգացումը։

– Ի՞նչը կարող է Ձեզ զայրացնել։

– Անարդարությունը, ցուցամոլությունը և տգիտությունը։

Լուսանկարները՝ Ֆրիդա Բահարյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *