Էրիկ Դիլբարյան. «Զինվորագրվող երիտասարդներին մաղթում եմ ոգի, կամք և լուսավոր հավատ ապագայի հանդեպ»

Համառոտ տեղեկանք

Ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 30-ին Սպիտակ քաղաքում։ Սովորել է տեղի թիվ 1 հիմնական, այնուհետև թիվ 3 ավագ դպրոցում։

2017 թվականին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ՝ «Մարքեթինգ» մասնագիտությամբ։

2019 թվականի հունվարի 15-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Լուսակերտում, պատերազմի ընթացքում եղել է Ջրականում (Ջաբրայիլ), Նախիջևանի դիրքերում: Եղել է կրտսեր սերժանտ, հրետանային ջոկի հրամանատար:

–Էրի´կ, կպատմե՞ք, թե ինչու ընտրեցիք ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը և «Մարքեթինգ» մասնագիտությունը:

–Մեծացել եմ բիզնեսի, առք ու վաճառքի մեջ։ Ինձ միշտ հետաքրքրել է այդ ոլորտը, ուստի մասնագիտությանս ընտրությունը կատարեցի առանց երկմտելու. ցանկանում էի խորամուխ լինել  առևտրի առանձնահատկությունների մեջ, սովորել կառավարել այդ գործընթացը՝ ինչպես գրավել հաճախորդին, ինչպես գովազդել, ինչպես հասնել լավ արդյունքի։ Համոզված եմ՝ այն ամենահետաքրքիր մասնագիտություններից մեկն է։

–Ծառայությունից վերադառնալուց հետո նոր միջավայրում հե՞շտ հարմարվեցիք։

–Նոր միջավայրում հարմարվելու խնդիր առհասարակ  չունեմ։ Ամեն խառնվածքի մարդու հետ էլ հեշտ եմ լեզու գտնում, նոր կուրսընկերներս էլ բացառություն չէին։ Բացի դրանից, ծառայությունից վերադարձած նախկին կուրսեցիներից շատերի հետ միասին ենք սովորում։

–Ի՞նչ մտքեր էին Ձեզ ուղեկցում պատերազմի օրերին։

–Այդ օրերին իրականում մտածելու ժամանակ չենք ունեցել, կռվում էինք, որ հաղթենք, որ թշնամին առաջ չգա։ Թիկունքում մեր հարազատներն ու բարեկամներն էին, մեզ համար թանկ մարդիկ։ Իրենց համար էինք կռվում, որ թուրքը մեկ քայլ անգամ չմոտենա մեր հարազատներին, մեր ընտանիքներին ու տներին։

–Ի՞նչ փոխեց պատերազմը Ձեր մեջ։

–Պատերազմից հետո սկսեցի ավելի սիրել ու գնահատել այն, ինչ ունեմ։ Պատերազմի պատճառով կորցրեցինք թանկ ու սիրելի մարդկանց։ Կորցնելուց հետո ավելի ենք կարևորում նրանց, տանջալից կերպով սուր ենք զգում նրանց բացակայությունը։ Ես ու պատերազմի բովով անցած շատ երիտասարդներ այսօր քաջ գիտակցում ենք, որ պետք է ամուր պահենք ու պաշտպանենք ամենքին ու ամեն ինչ։

Կորցրեցի մոտ ընկերոջս, մարդ, ով ինձ համար անսահման թանկ է, ում իմ կողքին չլինելը շատ ծանր եմ տանում։ Նա զոհվեց պատերազմի վերջին օրերին, ես չեմ կարողանում ինձ ներել, որ այդ պահին կողքին չեմ եղել… Ծանոթացել էինք համալսարանում, 3 տարի էինք իրար ճանաչում, բայց կարծես՝ մի ամբողջ կյանք…

–Ի՞նչ դեպք կմտաբերեք պատերազմի օրերից, կա՞ն հիշողություններ, որոնք Ձեզ հանգիստ չեն տալիս։

–Ես հրետանավոր եմ, ու մեր վաշտը տեխնիկայի կորստից հետո տեղափոխվել էր թիկունք: Բալահովիտում սպասում էինք, որ տեխնիկա բերեին ու մեկնեինք մարտի դաշտ։  Այն գիտակցումից, որ ընկերներս կռվում են, իսկ ես՝ ոչ, տեղս չէի գտնում։

Ասել էին, որ մեր մարտկոցը մեկնելու է Արցախ, ու սիրտս տեղն էր ընկել, բայց, չգիտես ինչու, մեր մարտկոցը չբարձրացավ դիրքեր։ Ու ես ինձ դրա համար չեմ ներում. ընկերս Արցախում կռվում էր, ես չէի կարողանում իրեն հասնել։ Ինչքան էլ կռվում էի հրամանատարներիս հետ, ինձ չէին ուղարկում: Ասում էին՝ սպասիր՝ մինչև տեխնիկա ուղարկեն, դու հրետանավոր ես, առանց տեխնիկայի չես կարող ոչ մի օգուտ տալ։

–Որպես հայրենիքի առջև իր պարտքը կատարած երիտասարդ՝ ի՞նչ կմաղթեք ծառայության մեկնող տղաներին։

–Կարևորը՝ խաղաղ ու բարի ծառայություն, որ Աստծո կամքով  բոլոր զինվորները պատվով հանձնեն կյանքի այդ լրջագույն քննությունը ու վերադառնան իրենց ընտանիքներ։ Կցանկանամ խորհուրդ տալ նաև՝ երբեք չվախենալ։ Վախը ցանկացած իրավիճակում խանգարում է, ընկճում ոգին ու թուլացնում զգոնությունը, անգամ ամենապարզ իրավիճակում վախի պատճառով կարող են սխալ կողմնորոշվել։ Այնպես որ, հայրենիքին ծառայելու գործին զինվորագրվող իմ հայրենակից բոլոր երիտասարդներին մաղթում եմ ոգի, կամք և լուսավոր հավատ ապագայի հանդեպ:   

–Շնորհակալություն:

Նյութը պատրաստեցին Մարգարիտա Խաչատրյանը, Մարիամ Հարությունյանը, Վարդուհի Գալստյանը և Անի Դեգեմոնյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *