Ժիրայր Առաքելյան. «Հաջողությունը պահանջում է համառ ջանք, նվիրում և հավատ սեփական ուժերի նկատմամբ»

Համառոտ տեղեկանք

Ծնվել է 2001 թ. Ծաղկաձորում, սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 2019 թ. ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ, այժմ սովորում է «Ֆինանսներ» մասնագիտության 1-ին կուրսում:  2020 թ. հունվարի 14-ին զորակոչվել է բանակ, ծառայել է Լուսակերտում, այնուհետև Ներքին Հորաթաղում: Եղել է սերժանտ, Դ-20 հրանոթի հրամանատար:

-Ժիրա´յր, ինչո՞վ էիք զբաղվում մինչև ծառայության մեկնելը:

-Դասեր, պարապմունքներ, համալսարանական առօրյա, տարբեր սպորտաձևերում փորձում էի գտնել ինձ:

-Ո՞ր սպորտաձևերում եք փորձել Ձեր ուժերը, ո՞րն է Ձերը, գտա՞ք…

-Զբաղվել եմ բոքսով, ծանրամարտով, ըմբշամարտով և լեռնադահուկային մարզաձևով, որը և դարձավ իմ տարերքը` ամենասիրելին ու ամենանախընտրելին: Այսօր էլ շարունակում եմ մարզումները, փորձում հաջողություններ արձանագրել:

-Իսկ ի՞նչ հաջողություններ եք ունեցել մինչ օրս:

-Հայաստանի առաջնության չեմպիոն եմ, մասնակցել եմ նաև 2019 թվականին Բոսնիայում անցկացվող պատանեկան օլիմպիական խաղերին: Ափսոս, օլիմպիական խաղերից մրցանակով չեմ վերադարձել, բայց ամեն ինչ դեռ առջևում է:

-Անշուշտ, Դուք դեռ մեծ մարզական հաջողությունների կհասնեք և բազմաթիվ երկրներում բարձր կպահեք հայոց եռագույնը: Իսկ ծառայության ընթացքում պարգևներ ստացե՞լ եք:

-Այո´, պատերազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած սխրանքի, թշնամու մի քանի զրահատեխնիկա խոցելու համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանով պարգևատրվել եմ «Մարտական ծառայություն» մեդալով:  Նաև «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանակիր եմ:

-Պատերազմի օրերին ո՞ր շրջաններում եք եղել:

-Մեր զորախումբը պաշտպանել է ինչպես Ներքին Հորաթաղի, այնպես էլ Մարտակերտի և Մատաղիսի շրջանները:

-Մտովի հաճա՞խ եք անդրադառնում այդ օրերին:

-Բնականաբար, և հիմնականում տխուր հիշողություններ են՝ կորուստ, ցավ, հիասթափություն, դրանց մասին չեմ ցանկանա խոսել:

-Իհարկե,  իսկ ապագայի ի՞նչ պլաններ ունեք:

-Երկու գլխավոր ուղղություններով եմ համախմբում ջանքերս՝ կարևորելով և´ մասնագիտական կրթությունը, և´ լեռնադահուկային մարզաձևում առաջընթացը: Իմ առջև հստակ նպատակ եմ դրել՝ հասնել մեծ բարձունքների, ինչի համար աշխատում եմ օր ու գիշեր: Առհասարակ, կարծում եմ, հաջողությունը պահանջում է համառ ջանք, նվիրում և հավատ սեփական ուժերի նկատմամբ: 

-Շնորհակալություն հակիրճ և բովանդակալից զրույցի համար: Մաղթում ենք Ձեզ մարզական փառավոր ուղի ու մասնագիտական բազում հաջողություններ:

Նյութը պատրաստեցին Մարգարիտա Խաչատրյանը, Մարիամ Հարությունյանը, Վարդուհի Գալստյանը և Անի Դեգեմոնյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *