Իմ ՀՊՏՀ

Էսսեների մրցույթ

Ես ոչ միայն սիրում, այլև ապրո՜ւմ եմ ՀՊՏՀ-ով, ի՛մ ՀՊՏՀ-ով: Այո՛, չեմ վախենա ասել` «Ի՛մ ՀՊՏՀ», քանզի այն վաղուց դարձել է իմ կյանքի անբաժանելի մասը, իմ ամենակարևոր ձեռքբերումներից մեկը:
Գիտե՞ք, երբ դպրոցն ավարտելիս ուսուցիչները բարի ճանապարհ էին մաղթում դեպի «նոր կյանք», թերահավատորեն էի վերաբերվում, իսկ ՀՊՏՀ ընդունվելով` համոզվեցի. այո՛, ՀՊՏՀ-ն այն նոր կյանքի սկիզբն էր, որին ես սպասում էի ու ձգտում:

Անգամ զինվորական ծառայությունը չկարողացավ կտրել իմ կապը ՀՊՏՀ-ի հետ, իսկ վերադառնալուց հետո այն իմ առջև բազում դռներ բացեց. նշանակվեցի ֆինանսական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, ճանաչվեցի «ՀՊՏՀ ակտիվ հասարարական գործունեություն ծավալող լավագույն ուսանող – 2019»: Մի՞թե սա բավարար չէ ասելու համար՝ «Իմ ՀՊՏՀ»:
Իսկ ժամանակի ընթացքում, տեսնելով, թե ինչպես է փոխվում, դառնում էլ ավելի լավն ու ժամանակակիցը, ուղղակի հպարտանում եմ:
Իմ սիրելի՛ համալսարան, արդեն ավարտական կուրսում եմ և չեմ ուզում անգամ պատկերացնել, որ կարող է մի օր հրաժեշտ տամ քեզ, քանի որ դու դարձել ես իմ օրվա մի մասնիկը: Ինչպես Հարրի Փոթերը ամանորյա տոների ժամանակ չի լքում Հոգվարթսը, այնպես էլ ես, անգամ հիմա` փորձառությանս ընթացքում, ամեն օր մի պահ եմ գտնում և գալիս քեզ այցի:
Հնարավոր է` շատերի համար տարօրինակ լինի իմ կապը քեզ հետ, սակայն համոզված եմ` շատերն էլ կհասկանան ինձ:
Դու անհամար հնարավորություններ ես տալիս քո ուսանողներին, հպարտանում նրանցով: Խոստանում եմ` ես նույնպես ամեն ինչ կանեմ` լավագույնների շարքերը համալրելու և քեզ հպարտություն ընծայելու համար:
Ի՛մ ՀՊՏՀ, գիտեմ, դու կարդում ես գրածս, և ես ուզում եմ կրկին ու կրկին հավաստիացնել`դու դարձել ես իմ մասնիկը, քո ամեն մի ձեռքբերումը ես համարում եմ իմը, և ուզում եմ, որ դու ծաղկես ու զարգանաս, իսկ ես է՛լ ավելի մեծ հպարտությամբ ու բերկրանքով ասեմ․«Ես ՀՊՏՀ-ակա՛ն եմ»:

Ժորա Ստեփանյան
Ֆինանսական ֆակուլտետ, IV կուրս

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *