Իմ ՀՊՏՀ

Էսսեների մրցույթ

2017-ի սեպտեմբերի 1-ին դարձել էի մի մասնիկը Ժողի՝ էնքան շփոթված ու հուզված, որ էդ օրվա համար 10 օր շարունակ Ֆլորենցիայի նկարներով բոլոր տետրերը սրբել-տարել էի գրախանութներից, որ գերմոտիվացված կերպով սկսեի ուսումնական տարիս։ Այո՛, ես ընդամենը մասնիկն էի՝ չնչին, աննկատ, հազարավոր ուսանողների մեջ` իր էությունից մի կերպ չպոկվող։


Ժողը էդ մասնիկից կերտեց մեկին, որը սկսեց հենց իրեն՝ Ժողին, մաս առ մաս կերտել։
Ես Ժողի ուսանող եմ…
Չեմ ցանկանում պաթոսախեղդ անել ու գրչին շռայլել բառեր, որոնք զուտ խաբկանքի մեջ կգցեն ընթերցողին։ Ես երբևէ չեմ ասի, որ ամենահպարտ ուսանողն եմ, որովհետև սովորում եմ լավագույն բուհում։ Գիտեք չէ՞, երբեմն մտածում եմ, որ լավագույն բուհում սովորելը քեզ թույլ չի տալիս, որ իր մաս առ մաս կերողը լինես, որովհետև էնտեղ ամեն ինչ կա, դու պետք է ընդամենը սովորես (ըհը, այսինքն՝ուղղակի լինես մասնիկը), մինչդեռ էստեղ՝ Նալբանդյան 128-ում, ես մի ամբողջ կյանք եմ տեսել էն ճանապարհիս, երբ փորձում էի ու փորձում եմ Ժողը իմ ուզածը, իմ երազածը դարձնել, որովհետև ամեն ինչից զատ, մարդ պետք է պատասխանատու լինի ու հարգի իր որոշումները, իսկ իմ որոշման անունն է Ժող, որը ես պարտավոր եմ հարգել (հա, ի դեպ, գեթ մեկ անգամ չօգտագործեցի ՀՊՏՀ բառը, կարծում եմ սա արդյունք է էն բանի, որ մանկության տարիներս անցկացրել եմ մի ընտանիքում, որի 4 անդամները ավարտել են Ժողը, իսկ տողերիս հեղինակը ընդամենը մեկ տարուց կրողը կդառնա ընտանեկան ավանդույթի):
Երբ սովորում էի Գերմանիայում, ամեն անգամ համալսարան մտնելիս մի վախ կար. անընդհատ հանդիպել մարդկանց, որոնց երևի միայն կբարևես կամ գլուխները կթեքեն կուրսեցիներին տեսնելիս։ Անընդհատ մտքիս Ժողի բակն էր, երբ պահակակետի աշխատողը, ընկերական «բարի լույսը» լեզվի ծայրին` պարտաճանաչ քարտ ունեցող ուսանողին (նվաստիս), Ժողում անցկացվելիք օրվա լավ սկիզբ էր փոխանցում, իսկ դարպասներից մինչև Ժողի անհայտ մասում տեղակայված հաշվապահության ֆակուլտետ տանող ճամփին «ճամփաբաժան» էին դառնում էն հավես ժողեցիները, որոնց գրկելն ու որոնց հետ մի քանի րոպե «դեսից-դենից» խոսելը ստիպում էին, որ դասից ուշանաս։ Ու ի վերջո, հենց Ժողն էր, որ ինձ ուղարկել էր Գերմանիա, հենց Ժողն էր, որը ես էնտեղ ներկայացնում էի. երևի թե դարձել էր արդեն էն խորհրդանիշներից մեկը, որը օտարության մեջ գտնվող 19-ամյա շփոթված ջահելին անընդհատ հիշեցնում էր հայաստանյան իրականությունը…
Հիմա իմ՝ Ֆլորենցիայի ֆոնով տետրերը փոխարինվել են «1 տետր՝ 7 առարկա» սկզբունքով, բայց էս էլ արդյունքն է մեծանալու, երիտասարդական հավես տարիները վայելելու, ու հենց ժողն է մեղավոր էս սկզբունքը որդեգրելու համար, որովհետև ես էդ մեծանալու ու երիտասարդություն անելու գործընթացը հիմնականում կապել եմ Ժողի հետ։ Ի վերջո մինչև 17։30 ժողում եմ լինում, մեկ-մեկ ականջս գրադարանի աշխատողների զրույցներն է լսում, մեկ-մեկ ուղղակի գնում ու նստում եմ բակում, որ տեսնեմ ինչ է կատարվում ժողում, մեկ-մեկ բարձրանում եմ ֆինանսների շենք, որ ընկերներիս դասից հանեմ ու ստիպեմ, որ նստենք ու մի քիչ ժողի անցուդարձից «գյալաջի անենք», բայց րոպեներ անց ամբիոնի վարիչը պարապներիս «վռնդում է» մասնաշենքից, ու ես էլի գնում եմ գրադարան։ Դե, հա, էս էն տեղն է, որտեղ տեսնում եմ բոլոր ծանոթներիս, սկսում եմ վերոնշյալ «գյալաջին» ու մեկ էլ ստիպված վռնդվում ենք գրադարանից, ու միակ տեղը, որտեղ հնարավոր էր հանգիստ շարունակել էդ պրոցեսը, էն կարմիր բազկաթոռն էր՝ դրված գրադարանի 2-րդ հարկում, որը առանց դրա «սեփականատերերից» թույլատվություն վերցնելու տեղափոխել են չգիտեմ էլ որտեղ:
Հետո վազում եմ էն բարձրահարկ շենքը, որի 4-րդ հարկի վերելակի կոճակը չի աշխատում, ու ես էդ անծայրածիր 4 հարկը ստիպված բարձրանում եմ ոտքով ու ամբիոնի դռնից ներս սողոսկելով գտնում եմ ընկեր Գասպարյանին, ում հետ մի քանի րոպե ուսանող-դասախոս հոգեբանական զրույցից հետո անցնում ենք ամենակարևորին՝ սկսում ենք գիտական գործունեությունը, սկսում ենք հորինել ու քննարկել տնտեսագիտության մեջ նույնիսկ գոյություն չունեցող ու երևակայությունից դուրս երևույթները, որպեսզի հաջողենք գիտության մեջ «բզբզալու» գործերում։ Հա, ի դեպ, Ժողում էնքան դասախոսներ կան, որոնք ստիպում են իմ նման ծույլիկին շուտ զարթնել ու վազել համալսարան, հետապնդել նույնիսկ իրենց շողքին ու հարցախեղդ անել։ Երևի թե ամենաարժեքավոր բաներից մեկը Ժողում հենց դասախոս-ընկերներն են, ում հետ երբեմն նստում ու քննարկում ես նույնիսկ մասնագիտությանդ հետ կապ չունեցող հարցեր, ովքեր գիշերվա 4-ն էլ լինի քեզ կգրեն, եթե իմանան, որ հաջորդ օրը շատ կարևոր է քեզ համար։
Ես Ժողի ուսանող եմ …
Երբ ես ստանում էի «ՀՊՏՀ ակտիվ հասարակական գործունեություն ծավալող լավագույն ուսանող» մրցանակը (էս երկար «տիտղոսը» մտաբերելուց էլ ավելի դժվար է արտաբերելը), ինձ անընդհատ հարցնում էի՝ արդյո՞ք ես կերտել եմ Ժողը մաս առ մաս էն աստիճան, որին ես եմ ձգտում։ Մինչ օրս էլ մտածում եմ, որովհետև լավ ուսանողի չափորոշիչներ գտնելն իսկապես դժվար գործ է, իսկ լավ ուսանող լինելը՝ ավելի դժվար… Միգուցե այո, միգուցե ոչ, բայց մինչ էս մտորումներս ավարտվեն, ես գիտեմ մի պարզ փիլիսոփայություն. ես ՀՊՏՀ ուսանող եմ ։

Հայկ Քալանթարյան
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *