«Լավագույն հայրենասիրական արձակ»/Անահիտ Թադևոսյան

Ձեզ ենք ներկայացնում ՀՊՏՀ լեզուների ամբիոնի հայտարարած հեղինակային ստեղծագործությունների մրցույթի «Լավագույն հայրենասիրական արձակ» անվանակարգի հաղթող, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Թադևոսյանի «Մանուշակագույն դրախտ» պատմվածքը։

ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ԴՐԱԽՏԸ
(նվիրված հերոս Տիգրան Մելքոնյանի հիշատակին)

Սեպտեմբերի սկիզբն էր։ Ծաղիկները դեռ զարդարուն նայում էին ամենքին։ Տիգրանի դիրքը ներկված էր մանուշակագույն աննման ծաղիկներով։ Դրանցից մեկը, որ ձեռքդ առնեիր, մի սովորական, քնքուշ հոտով, դաշտային ծաղիկ կթվար։ Բայց նրանց միավորյալ ծաղկաշղթան դրախտային պատկեր էր ստեղծում։ Տիգրանի դրախտային դիրքի հարևան դիրքերը հայրենիքի մի մասը կազմող սովորական, ամայի հողակտորի տեսք ունեին։ Կարծես այդ տարածքում դրախտը սկսվում և ավարտվում էր Տիգրանի դիրքում… Կարծես այդ մանուշակագույն հիրիկները միմիայն Տիգրանին էին ճանաչում ու վստահում…
Մի օր էլ ընկերներից մեկը խնդրեց սերմերից մի քանիսը տանել իր դիրքը։
-Տիկո՜, կտա՞ս սերմերից տանեմ, իմ դիրքում էլ ցանեմ, ա՜խր շատ սիրուն են։
-Հա՜, հրաշք են…
Անցնող֊-դարձողը, անհնար էր, որ մի քանի րոպե չկանգներ ու չհիանար այդ գեղեցկությամբ։  Տիգրանն էլ առիթից օգտվում էր, երկու ձեռքերը պարզում ու ասում.
-Նայե՜ք, նայե՜ք…. Հրաշքնե՜րս են…
Ընկերոջ դիրքում ցանվեցին սերմերը, ջրվում էին անընդհատ։
Նո՛ւյն արևն էր, նո՛ւյն երկիքը, հայրենիքի նո՛ւյն հողակտորը, բայց ո՜չ ծիլ տվեցին, ո՜չ էլ առավել ևս ծաղկաշղթա կազմեցին։ Մյուս ընկերներից ոմանք էլ փորձեցին իրենց դիրքերը ծաղկեցնել, բայց այդ մանուշակագույն գեղեցկությունը շարունակում էր ամփոփվել միմիայն Տիգրանի դիրքում…
Սկսվել էին աշնանային քամիները, բայց դեռ ամռան շունչը տարածվում էր։ Մանուշակագույն ծաղկաշղթան մեղմիկ ծածանվում էր այդ քամիներից։
Անցնում էին օրերը։ Ձմռան շունչը դիրքերում մի՜շտ էլ շուտ է զգացվում։ Այդ տարի էլ չափից դուրս շուտ եկավ…

*****


Երեկո էր, աշնան քսանվեցերորդ երեկոն։ Օդին էր խառնվում մոր և որդու բանակային հերթական հեռախոսազրույցը։
-Մա՛մ ջան, ցա՛վդ տանեմ, լավ ա սաղ…
Հետո կիրակին որոշեց սկսվել… Ու հետո՞…
  Հետո այն, որ խաթարվեց ամեն ինչ։ Կյանքի մասին բոլոր պատկերացումները բզկտվեցին։ Հայ մարդու հոգեկան աշխարհը խաթարվեց մի քանի ժամում…
Տիգրանն այս գործում էլ անմասն չմնաց։ Տոկուն ու հաստատակամ բնավորություն ուներ:
Տիգրանի ծաղկանախշ դիրքում, ուր տարածվում էին սեպտեմբերյան քամիները, փոխարինվեցին այրող արկերով։
…Մանուշակագույն գեղեցկությունը անզոր գտնվեց…
Տիգրանն ու նրա ծաղիկները չդիմացան երկնքից թափվող կրակե անձրևներին հե՛նց առաջին իսկ օրը։
…Մանուշակագույն դիրքը ներկվեց կրակե կարմիրով…
…Ստեղծված ու մինչ այժմ տարածվող մթնոլորտը անընդհատ հուշում է հայի «քիչ» տառապելը…
Եվ հիմա, երբ երկրորդ տարին է ավարտվում դժոխային կրակներից հետո, ծաղիկները, ժամանակ առ ժամանակ կարոտից ծարավելով, անհետանում են…
…Մեկը, հետո մյուսը… Շարքով պակասում են…
Հիմա գուցե դեռ ծաղկում են այդ մասում մանուշակագույն ինչ֊-որ երանգով ծաղիկներ, սակայն դրանք երբեք չեն կարող Տիգրանի անունով կոչվող այն դրախտային հիրիկներով պարտեզը լինել…

*****


Աղետից հետո ողջ հայրենիքով սփռվեցին ձեռակերտ խաչքարեր: Շատ ու շատ բակերում մի քանիսը տեղադրվեցին: Յուրաքանչյուր շքամուտք իր խաչքարն ունեցավ: Ու հիմա էլ այդ տեղադրվող խաչքարերը միմյանց հերթ չեն տալիս։
Կրակներից հետո հերոս տղայի բակում խաչքար հայտնվեց, որին մշտապես հարևան ծաղիկներ են դրվում։ Ամեն առավոտ մայրը աշխատանքի գնալուց առաջ մոտենում է որդու հուշաքարին, ու հաճախ է պատահում, որ այդ րոպեին ամբողջ բակը լցվում է լռությամբ, և օդին են խառնվում բացառապես երկու սրտերի զարկերը՝ մոր և որդու… Մի առավոտ էլ, երբ մայրը հերթական անգամ իջավ խաչքարի մոտ՝ բարի լույս մաղթելու, նկատեց… Նկատե՜ց, որ խաչքարին կից փոքրիկ հողակտորում սերմերից մեկը ծաղկել էր։ Գլուխը վեր պարզած՝ նայում էր երկնքին։ Սրտում զգաց. գարունը որդու հոգու հետ այդտեղով անցել է: Այնժամ դրանցից մեկը գուցե ինչ-որ մեկի համար հասարակ դաշտային ծաղիկ թվար, բայց հիմա այդ մեկն ամենաթանկն էր աշխարհում…
Աղետից հետո հայ ընտանիքներում եռագույնով ներկված անկյուններ էլ հայտնվեցին: Տիգրանն էլ ունեցավ իր անկյունն ու եռագույն դրոշը… 
Մայրը արագ քայլքով տուն վերադարձավ բակից, մոտեցավ հերոս տղայի մասին պատմող եռագույնով պատված անկյանը։  Տիգրանի ձայնը եկավ ականջին.
-Մա՛մ ջան, էս հերթափոխին, որ բարձրանամ դիրք, արդեն բացված կլինեն…
Ձեռքը տարավ նկարին ու ասաց.
-Տղե՜ս, հիմա էդ ծաղիկից տնկել ենք քո բակում՝ խաչքարի մոտ։ Առավոտյան տեսա, որ արդեն բացվել են…

*****

Մենք այն ազգությանն ենք պատկանում, որի օրորոցայինն անգամ ավարտվում է ռազմադաշտի պատկերով, այնտեղ մեկնելու և հող դառնալու նվիրման տեսիլքով
Մենք մի բուռ գերդաստան ենք՝ հավե՜րժ քայլող քարքարոտ ճանապարհներով, հավե՜րժ անհանգիստ, հավե՜րժ վիրավոր…
 Թո՜ղ արեգակի շողերը հաճախ ընկնեն մեր հայրենի հողին…
Թո՜ղ ոչ մի ծաղիկ այլևս արմատախիլ չլինի…
Թո՜ղ ծիլ տան, ապրեն, բուրեն ու գունավորեն հայի կյանքը…
…Եվ թո՜ղ որ մի օր նորածիլ մանուշակագույն հիրիկները ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկի համար վերստին դրախտային ծաղկաշղթա կազմեն…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *