Համալսարանական փորձառությունից դեպի աշխատանք… Մարիամ Հարությունյան

Համավարակ, հեռավար դասեր ու քննություններ. 2020 թվականին իմ համալսարանական կյանքը նկարագրելու համար այս երեք արտահայտությունը թերևս բավական է:

Եկեք խոստովանենք, որ կյանքի այս փուլում շատերս մոտիվացման խնդիրներ ունեցանք, և ես նույնպես մի պահ միացել էի մոտիվացիա փնտրողներին: Բարեբախտաբար, վրա հասավ անցանց դասապրոցեսում ներգրավվելու ժամանակը (թեկուզ, կրկին իմ սիրելի քաղաքից բաժանվելու գնով): Նոր մոտիվացիայի աղբյուր դարձավ համալսարանիս կողմից կազմակերպված առարկայական փորձառությունը: Դե, իսկ ցանկացած փոփոխություն իր հետ բերում է նոր մարտահրավերներ ու հաջողություններ։ Իսկ այժմ հաջողության մասին՝ ավելի մանրամասնորեն…

Ես Մարիամ Հարությունյանն եմ, 22 տարեկան։ ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետն ավարտել եմ գերազանցությամբ։ Եվ վստահաբար կարող եմ ասել, որ համալսարանի և մասնագիտության ընտրությունը եղել է իմ կյանքի ամենակարևոր և ճիշտ որոշումներից մեկը։  Բանիմաց դասախոսների շնորհիվ ստացել եմ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան գործնական  և տեսական hարուստ գիտելիք։  

 Բակալավրի կոչում ստանալուց հետո որոշեցի մարքեթինգի ոլորտում ստացածս գիտելիքը լրացնել և խորացնել մագիստրատուրայում՝ տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում մասնագիտությամբ՝ համոզված լինելով, որ այդ երկուսի միաձուլումն ավելի մեծ հեռանկարներ կբացի իմ առջև։ Ի սկզբանե մագիստրոսական այս ծրագիրն ուշադրությանս կենտրոնում էր՝ որպես արդիական ու զարգացման հեռանկարներ խոստացող: Բացի դրանից, տեղեկացա, որ դասերը կազմակերպվելու էին երեկոյան ժամերին, և աշխատանքի հետ համատեղումը լրացուցիչ խնդիրներ չի ստեղծի: Հետևաբար, երկար չերկմտեցի ու շտապեցի դիմում ներկայացնել։ Եվ արդյունքը՝ ահավասիկ…

Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում մագիստրոսական ծրագրում մի շարք առարկաներ ուսումնասիրելիս, գիտելիքը է´լ ավելի ամրապնդելու նպատակով, կազմակերպվում է առարկայական փորձառություն։ Նախապես, փորձառության վայրի ընտրության համար մեզ ներկայացրեցին մի քանի կազմակերպություն՝ ընձեռելով ուսումնասիրելու և առավել նպատակահարմար տարբերակ ընտրելու հնարավորություն։ Այդ շարքում ինձ ծանոթ կազմակերպություն չգտա և շարունակեցի հետաքրքրվել (որպես մարքեթոլոգ ձևավորած բնավորությանս համաձայն), ուսումնասիրեցի՝ ինչ գործունեություն են ծավալում, որտեղ են գտնվում և մի շարք այլ մանրամասներ։ Ընտրությունս կանգ առավ «Էֆ Նեթ» ընկերության վրա։ Իրականում, հեռանկարային պլաններ չունեի, բայց առաջին իսկ օրվանից շատ հետաքրքիր և բովանդակային փորձառություն ունեցա։ Տարբեր բաժիններով անցնելով՝ ծանոթացա ընկերության գործունեությանը, իսկ ավարտից հետո ինձ հոգեհարազատ դարձած մասնագիտությամբ աշխատելու անակնկալ առաջարկ ստացա։ Իհարկե, խոսքը մարքեթինգի մասին է։ Կարծում եմ՝ ոգևորությանս աստիճանը և մոտիվացիայիս վերելքը պատկերացնելու համար մեծ ջանքեր չեն պահանջվի:

Մասնագիտական ոլորտում ինձ գտնելու և առաջ շարժվելու հնարավորության համար անչա՜փ շնորհակալ եմ իմ ՀՊՏՀ-ին։ Համալսարանի ողջ աշխատակազմը մեզ` ուսանողներիս միշտ մոտիվացրել է՝ ունենալու պրոակտիվ ու ստեղծագործ մտածելակերպ։ Միշտ ներգրավված ենք եղել տարբեր ծրագրերում, ինչպես նաև մասնակցել ենք բուհի համար կարևոր որոշումների ընդունմանը, ինչը մեծացնում է ուսանողների պատասխանատվությունը և, իհարկե, հոգատարությունը սիրելի համալսարանի նկատմամբ։

Ինձ համար ամենաթանկ ռեսուրսները գիտելիքն ու ժամանակն են։ Կրթություն ստանալով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ ստացել եմ տեսական ու գործնական որակյալ գիտելիք, ինչը նշանակում է, որ ժամանակս ծախսել եմ արդյունավետորեն։ Անվերջ շնորհակալ եմ քեզ, ի´մ ՀՊՏՀ…

Որպես հավելում. երբ քեզ հնարավորություն է տրվում, պետք է այն օգտագործես լիարժեքորեն, քանի որ հակառակ դեպքում կարող է այլևս չտրվել…  և կարող է քեզ հետ մնալ չարածի ափսոսանքը։

Բաց մի´ թող քո հնարավորությունը…

Մարիամ……..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *