Հուշապատում. Հայկ Արշակյան

Եթե երբևիցե քայլել եք Ժողի միջանցքով ու պատահաբար տեսել շատ «սԾիլնի» (ինչպես ինքը կասեր), «մինաԾյուրնի» ու մշտապես կոկա-կոլան ձեռքին՝ անծանոթ երիտասարդի, ուրեմն գտնվել եք կառավարման ֆակուլտետում, իսկ Ձեր կողքով հենց այդ պահին անցել է ՈԻԽ-ի կամ КВН-ի Հայկոն… 

Եթե ամեն զանգից հետո, ուշացած լսարան էր մտնում սպորտային (հիմնականում) հագուստով մի տղա, կոկա-կոլան դնում սեղանի անկյունում, հեռախոսը վերցնում ձեռքը և սկսում խաղալ կամ էլ մնացածին առաջարկել ինչ-որ խաղ, ապա այդ պահին լսարանում էր ուրախ, բարի, անսպառ հումորով ու անսահման ընկերասեր Հայկուլը՝ մեր ընկերը…

Համալսարանական կյանքը Հայկի հետ կապված հիշողությունների մի ամբողջ գիրք նվիրեց… հերթով թերթելով էջերը՝ չես էլ նկատում, թե ինչպես է ակամա ժպիտ հայտնվում դեմքիդ, չէ° որ անհնար էր Հայկի հետ անցկացնել տխուր ու մեր լեզվով ասած՝ անկապ ժամանակ… անընդհատ դրական լիցքեր փոխանցող տղային սիրում էինք բոլորս…

Չկար դասաժամ, որի ընթացքում Հայկոն դուրս չգար լսարանից՝ պատասխանելու «կարևոր զանգերին»։ Երբեմն, երբ իրոք կարևոր զանգ էր գալիս՝ թույլ չէին տալիս, որպեսզի դուրս գար ու պատասխաներ, ասում էին՝ հերիք է, մի դասաժամի ընթացքում քանի անգամ պետք է դուրս գաս։ Բայց դա չէր խանգարում նրան գտնել հնարն ու դասախոսի ուշադրության կենտրոնում լինելով հանդերձ՝ պատասխանել զանգին ։ 

Համակարգչային քննությունների ժամանակ առաջիններից էր, ով քաշում էր տոմսը, բոլորիս քաջալերում, մտնում քննասենյակ, արագ լրացնում թեստը, ուրախ դուրս գալիս ու ասում, որ կարևորը լիկվիդ չի։

Հարցին, թե ոնց ես ամեն անգամ կարողանում համոզել «Ճտիկ ձյաձյային» (պահակ) ու սպորտային հագուստով համալսարան մտնել, Հայկը լուրջ դեմքով սրամտում էր՝ մենք ամեն օր ֆիզկուլտ ունենք, ամեն օր տարբեր մարդիկ են հերթապահություն անում ճտիկների մոտ, և ամեն օր համալսարան կարելի ա մտնել տարբեր մուտքերով, ու ոչ ոք դեմքդ չի հիշի։

Սեմինար պարապմունքներից հաճախակի էր բացակայում, իսկ դրան միշտ նախորդում էր առօրյա դարձած երկխոսություն.

« – Մյուս ժամը լեկցիա ա°, թե° սեմինար, Լի´լ։

– *- ի սեմինարն ա, Հայկո´, ահագին էլ բացակա ունես։

– Կասես военкомат-ի հարցերով եմ, թող բացակա չդնի, եթե տենաս չի համոզվում, արագ կծնգցնես ՈՒԽ-ից իջնեմ/չորրորդ հարկից իջնեմ/անցումից բարձրանամ՝ բացակա չստանամ։

  • Օկ, ավագին կասեմ, տենամ՝ ինչ ենք անում, ուշադիր կլինես հեռախոսիդ»:

Չգիտեի, երբևէ չէի ուզի իմանալ, որ պատասխանում եմ մերօրյա, 19-ամյա ՀԵՐՈՍՆԵՐԻՑ մեկի նամակներին։ 

Հոգու խորքում շատերս ենք սպասում, որ մի օր լսարանի դուռը հրաշքով կբացվի ու ներս կգաս քեզ բնորոշ քայլվածքով, կնստես լսարանի անկյունում դրված նստարանին, կսկսես տարբերվող շարժումներով (Հայկը շատ էր խաղում մազերի հետ ու անընդհատ ձախ ոտքը թփթփացնելու սովորություն ուներ) գրավել բոլորիս ուշադրությունը և լսարանով մեկ տարածել «էն թանկանոց դուխուդ հոտը»….

Հայկը չխնայեց սեփական կյանքը, փորձեց փրկել վիրավոր ընկերներին: 

Ցավոք, կյանքն այլ սցենար ուներ երկրային, արդեն նաև երկնային հրեշտակի համար։

Ննջես խաղաղությամբ, մե´ր Հայկուլ 

Լիլիթ Հարոյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *