Հուշապատում. Ղազարյան Սամո

ՀՊՏՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՑ, ՀԱՂԹԱԾ ՏՂԵՐՔԻՑ մեկը…

Կան մարդիկ, ովքեր մեր կյանքում պատահական ծանոթներ չեն։ Նրանցից շատերը մեզ համար վեհ գաղափարներ կրելու օրինակ են: Նրանք հայացքներ են ձևավորում, ինչ-որ մի փուլում առօրյայիդ, հիշվող ակնթարթներիդ մասնիկը դառնում…

Մեզանից յուրաքանչյուրի շրջապատում էլ կան (եղել են) մարդիկ, որոնց մասին խոսելիս, նրանց նկարագրելիս ինչ-որ մի բան անընդհատ կիսատ է թվում… Չէ՛, պատճառն ընթերցասեր չլինելն ու հարուստ բառապաշար չունենալը չէ։ Պատճառը հենց նա է, ում մասին ուզում ես խոսել։ Նրա տարբերվող տեսակը, նուրբ ու չափազանց բարի ներաշխարհը նկարագրելու համար բառերը պարզապես չեն բավականացնում…

Հենց նման տեսակ էր Սամոն՝ մեր կուրսի պարզ, ամաչկոտ, հավասարակշռված, այսուհետ նաև բոլորիս համար կյանքը չխնայած 20-ամյա մեր ընկերը։

Դասերին լուռ էր, համեստորեն սպասում էր, թե երբ պետք է զանգը տար, որ գլխարկը դներ ու լսարանից դուրս գար, իսկ հետո մեծամասնության հետ, ինչպես միշտ, ուշացած հետ գար։

Մի դասախոս ունեինք, ով իրենից հետո, անկախ ամեն ինչից, ոչ ոքի լսարան չէր թողնում… բայց դե մենք չէինք կոտրվում , համառորեն ամեն անգամ զանգից հետո դուռը բացում էինք, թույլտվություն խնդրում ու մերժում ստացած փակում։ Իսկ Սամոն ամեն երեքշաբթի ու հինգշաբթի (եթե մենակ էր գալիս դասի) զգուշորեն դուռը կիսաբաց էր անում՝ առանց խանգարելու թե՛ դասախոսին, թե՛ երեխեքին, համոզվում էր, որ անհույս վիճակում է, համեստորեն ժպտում ու դուռը փակում, գնում էր։ Զանգից հետո գալիս էր լսարան ու կարմրած թշիկներով, հուսահատ հայացքով ասում՝ «Նորից բացակա ստացա, որերորդս էր, կարող ա՞ իմանաք…» :

Մի անգամ նույն դասախոսի դասաժամն էր, ու Սամոն փորձել էր շուտ հասնել համալսարան, որովհետև շատ բացակա ուներ ու գնահատականն իջնելու խնդրի առջև էր կանգնած։ Լսարանում հավաքված էինք, երբ նկատեցինք, որ 9:30 ինքն ու դասախոսը միաժամանակ մոտեցան դռանը։ Սամոն, հարգելով իրենից տարիքով դասախոսին, թույլ տվեց նրան առաջինը մտնել լսարան՝ առանց պատկերացնելու, թե ինչ էր իրեն սպասվում։ Դասախոսը պտտվեց ու Սամոյին խստորեն ասաց. «Ինձանից հետո լսարան մարդ չմտնի» ….

Լուռ ու մունջ, զարմացած հայացքով, կյանքից դառնացած , Սամոն դուռը փակեց ու գնաց՝ վաստակելով հերթական և ամենավերջին բացական, որից հետո գնահատականն իջնելու էր: Իսկ մենք մի քանի րոպե շարունակ ծիծաղից ուշքի չէինք գալիս՝ հիշելով Սամոյի զարմացած ու խեղճ հայացքը։

Ֆուտբոլի սիրահար էր…

Շատ անգամ ենք իր և ընկերների շնորհիվ «ֆիզկուլտի» բացակայից խուսափել … գալիս էր դահլիճ (պարտադիր համազգեստով) ու տղաների հետ թիմ հավաքում, որ ֆուտբոլ խաղային.. դե, զբաղեցնում էին իրենց հետ նաև դասախոսին, ու արդյունքում բացակա չէինք ստանում նաև մենք (ամեն կերպ փորձում էինք խուսափել դասին մասնակցելուց)։

Սամոյի հետ կապված ամենածիծաղելի պատմություններից դասախոսների՝ իր անունն անընդհատ սխալ կարդալու դեպքերն էին։ Շատ էր ջղայնանում… Ամեն անգամ նման դեպքերում կա՛մ հանդարտ ու համբերատար փորձում էր բացատրել, որ անձնագրով Սամո է, ոչ թե Սամվել, կա՛մ էլ պարզապես հոգոց հանելով (իր բառերով ասած՝ «նադայել էղած»), անտեսում էր իրեն նյարդայնացնող այդ հարցը։

Մի անգամ «Հայոց լեզվի» դասաժամին, ամբիոնի մոտ կանգնած, հերթական անգամ իր անունը  սխալ արտաբերվելուց հետո ասաց.

«Գնամ բանակ, էլ չլսեմ Սամվել բառը»։ Կատակելով պատասխանեցինք՝ «Ասա` էնտեղ էլ ազգանունդ սխալ չարտասանեն (դասախոսներից մեկը կարդում էր Զախարյան Սամո), թե չէ անունդ` հեչ»։

Սամոյի հետ միասին շատ էինք ծիծաղում էս դեպքերի վրա։ Հիշում եմ, որ մատյանում իր անունից հետո իմ անունն էր ու ներկա-բացակայի ժամանակ ես հազիվ էի ինձ զսպում, հավաքվում ու ասում, որ ներկա եմ….

«Հայոց պատմության» դասաժամերից մեկին խոսում էինք Տիգրան Մեծի ու Ծովից ծով Հայաստանի մասին։ Ուշադիր լսում էր դասը՝ կողքիս նստած։ Երբ դասախոսն ավարտեց խոսքը, Սամոն ասաց.

«էդ մեծ Հայաստանից հիմա մնացել ա պստիկ մի բան, որը պետք ա պաշտպանենք ու մեծացնենք»։

Ի պատասխան` դասախոսն ասաց. «Դե, լավ սովորեք, դուք եք մեր ապագան, հերթը ձերն է` մեր մի բուռ Հայաստանը զարգացնելու»։

Մի քանի վայրկյան լռությունից հետո Սամոն ասաց՝ «Էդ աղջիկների գործն ա, մենք պետք ա սահմանը պահենք….»:

2019 թ. հունվարի 11-ին զորակոչվեց բանակ՝ սահմանները պահելու։ Ծառայության անցավ Գյումրիում, ապա՝ Արցախում։ Ծառայության ավարտին մնացել էր 4 ամիս, երբ սկսվեց պատերազմը։ Առաջին իսկ օրից կանգնել է հայրենիքի պաշտպանության առաջնագծում՝ կռվելով Ճարտարի պաշտպանական մարտերում։

Նոյեմբերի 2-ին, զինակիցների հետ միասին, փորձել են կանխել 40 հոգանոց դիվերսիոն խմբի ներթափանցումը, իսկ որոշ ժամանակ անց հասկացել, որ փրկության միակ ելքը նահանջն է։ Զինակցի հետ ապահովել է ընկերների նահանջը՝ պաշտպանելով նրանց թիկունքը և չհասցնելով անձամբ նահանջել՝ ընկել է հերոսի մահով։

Հուղարկավորվել է նոյեմբերի 22-ին, հետմահու պարգևատրվել «Արիության մեդալով»։

Հայ ազգը շատ հերոսներ է տվել՝ Անդրանիկ, Նժդեհ, Մոնթե… Ադամ, Ռոբերտ… այսօր արդեն՝ Սամո Ղազարյան, Հայկ Արշակյան…

Քաջերի սերունդը քաջերն են…

Պատերազմը սարսափելի երևույթ է, որ կարող է պատահել գիտակից մարդու կյանքում։ Այսօր այն մեզ ցույց տվեց՝ ով էր իսկապես սիրում հայրենիքը և ով էր պատրաստ արյան գնով պահել նախնիներից ժառանգած մի բուռ Հայաստանը։

Հաղթում են միայն նրանք, ովքեր մարտնչում են։

ՀԱՂԹԱ՛Ծ ԵՔ, ՏՂԵ՛ՐՔ։

Լիլիթ Հարոյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *