ՀՊՏՀ ուսանողը նոր ռեկորդ է սահմանել․ նա կարողանում է ատամներով բռնած ճոպանով ձգել 6 ավտոմեքենա

ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 1-ին կուրսի 1-ին կիսամյակից հետո բանակ զորակոչված ուսանող Էրիկ Խաչատրյանն արտասովոր ունակություններով է օժտված։ Նա կարողանում է ատամներով բռնած ճոպանով ձգել 6 մեքենայից բաղկացած շարասյունը։ Դեռևս 2019-ի նոյեմբերին Էրիկ Խաչատրյանը Հայաստանի ռեկորդների և ռեկորդակիրների մասին պատմող «Դյուցազնագիրք» ժողովածուում է հայտնվել 11 տոննա ընդհանուր քաշով 5 մարդատար ավտոմեքենայից բաղկացած շարասյունը ատամներով ձգելու համար։

Էրիկը նաև պրոֆեսիոնալ մարզիկ է։ Սպորտով սկսել է զբաղվել 11 տարեկանից։ Թե ինչ մարզաձևով կզբաղվի, պատանի Էրիկի համար սկզբում այնքան էլ էական չի եղել, բայց երազանքը՝ հայրենիքի դրոշը պահել գլխավերևում, միշտ է ուղեկցել նրան։ Դրոշը ծածանելու համար հաղթել էր պետք, հաղթելու համար՝ կամք ու վճռականություն։ Ու պատանի մարզիկն սկսեց պարապել։ Ուժային մենամարտ․ սա այն սպորտաձևն է, որտեղ Էրիկն իրեն դրսևորեց լավագույնս։ 2017-2019 թթ. ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, սահմանելով աշխարհի ռեկորդներ, դարձավ ոսկե մեդալակիր։ 2017-ին ադրբեջանցի հակառակորդի հանդեպ տարած հաղթանակը մինչ այժմ ունեցած իր մեծագույն հաջողությունն է համարում։

«Շնորհակալ եմ մարզիչներիս՝ Հայաստանի ռեկորդների գրքի՝ «Դյուցազնագրքի» հիմնադիր, ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Թովմասյանին և  Հայաստանի պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) ֆեդերացիայի նախագահ, վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանին։ Նրանց եմ պարտական իմ հաջողությունների համար»,- խոստովանում է մարզիկը։
Էրիկի ինքնատիպ ուժային հակումներն առաջին անգամ բացահայտվեցին, երբ սկսեց ռեկորդներ սահմանել նաև ատամներով՝ տեղաշարժելով մեքենաներ։

Շուրջ մեկ տարի է՝ հայ դյուցազունը ծառայում է ՀՀ զինված ուժերում՝ պաշտպանելով մեր հայրենիքի սահմանները։ Բանակում արդեն գիտեն նրան․ ծառայության ընթացքում սահմանել է երեք ռեկորդ՝ առաջինը բանակային, իսկ մյուս երկուսը՝ «Դյուցազնագրքի» և ուժային եռամարտի։

«Հրամանատարական կազմն ինձ շատ է աջակցում՝ մեծ ներդրում ունենալով իմ սպորտային նվաճումների մեջ։ Ինձ թույլ են տալիս մասնակցել բոլոր այն առաջնություններին, որոնք ինձ համար մեծ նշանակություն ունեն»,- ասում է Էրիկը՝ հավելելով, որ առաջնություններին մասնակցելու հետ մեկտեղ իր համար կարևոր նշանակություն ունի մարտական հերթապահությունը լավագույնս իրականացնելը։  «Թե´ ծառայության մեջ, թե´ սպորտային ասպարեզում մենք միշտ պետք է ծնկի բերենք հակառակորդին». սա է Էրիկի համոզմունքը։

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ազգ-բանակ-սպորտ կապն ամրապնդելու, երիտասարդ սերնդին իրենց հաղթանակների ոգով կրթելու և դաստիարակելու, ինչպես նաև արժանապատիվ հաղթանակներ պարգևելու համար արժանացել է պատվոգրի։

Արդեն բանակում Էրիկը գերազանցեց ինքն իրեն՝ ձգում վարժությունում բարձրացնելով 240 կգ և ատամներով ճոպանը բռնած հետ քայլելով կարողանում է քաշել 6 ավտոմեքենա։ Սահմանած վերջին ռեկորդի տեսանյութն ուղարկվել է Գինեսի ռեկորդների հանձնաժողով՝ հաստատվելու։

Այժմ աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, «Դյուցազնագրքի» և աշխարհի բազմակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Էրիկ Խաչատրյանը պատրաստվում է 2022 թվականի ապրիլին կայանալիք ուժային եռամարտի աշխարհի առաջնությանը․ «Իմ բոլոր նվաճումները ես միշտ նվիրել եմ մեր զոհված արծիվների հիշատակին։ Այսօր էլ վճռական եմ ու պատրաստ՝ մեր երկրի դրոշը բարձրացնել սպորտային հարթակներում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *