Մասնակից 4

Զգայական ազդակները շատ են։ Մարդկային սիրտն անհեթեթ սովորություն ունի ճակատագիր անվանելու միայն այն, ինչը կործանում է իրեն։ Երբ բանականությունը մեզ թողնում է անգիտության մեջ, ստիպված տրվում ենք պատահմունքի կամքին։ Բայց մի՞թե մենք ընտրում ենք նախապես սահմանված ընտրությունը և եթե այո, ապա ինչպե՞ս, ինչի՞ համար: Արդյոք կա՞ աշխարհում ավելի անսիրտ նկարագիր, քան մարդկային դաժանությունն է։ Ասում են՝ բառերը ոչինչ չեն փոխում, կարևոր են հայացքը, միտքը (որը խոսում է լռության մեջ), պարզ ու ջերմագին գրկախառնությունները։ Իսկ դու ի՞նչ ես կարծում. մենք կարողանում ենք ընտրել մեզ բաժին հասած հայացքներն ու ուղին։

Պատերազմի բովից թրծված գնդակներ։ Նռնակների պայթյուն։ Արնաշաղախ գետեր։ Խլացնող ձայների մեջ սպանիչ ու հարատև լռությամբ պարփակված հոգիների անեզր գերեզմանատուն։ Զինվոր լինելը պարծանք է, հերոսություն անելը՝ անմահ լինելու առաջնահերթ գրավական, բայց այ ապրելը, այնպես ապրելը, որ մարմինդ չպատվի մահացած ցավով, անհնար է։ Կարմրում էր դաշտը, կանաչը ծածկվում սևացած արյամբ։ Մի՞թե խաղաղ օրերի թռչունների ծլվլոցն ու հարազատ զինվոր ընկերների զրնգուն ծիծաղը ամոքվեցին ու ձայն բարձրացրին ագռավների շուրթերից։ Մի՞թե պատերազմը ունակ է խլելու մարդկային հոգիների կարոտի տենչը։ Երիտասարդ զինվորի աչքերում ցավից կուրացած արյան բծեր էին միայն ճառագում։ Կարծես այդ օրից գծվում էր կյանքի դառնացած, անհավասար, ընտրված ճակատագրի անլույս ճանապարհը։

Ամիսներ գլորվեցին։ Արյան բծերը փոխարինվեցին սպիացած վերքերով, բայց արդյո՞ք հոգու վերքերն ունեն սպիացող բծեր։

Կներես, զինվո’ր, կոշիկները զույգով են վաճառվում։

Դրանից հետո փակվում են բոլոր խանութների դռները։ Ի՞նչ կապ ունի՝ հնամաշ ես հագնված, թե՞ նորաոճ, եթե ամենքը նայում են նրան, ինչը չունես, ոչ թե ունեցածի մակարդակին։

Ոչ մեկն անգամ չէր կարող պատկերացնել, որ կյանքի տված հեգնանքն աշխարհում հզորագույն անեծքն է։

Ամուսնացավ… Սպիացած վերքերը փոխարինվեցին չջնջվող հիշողություններով։ Կյանքի նոր բերկրանքով լցվեցին մեռած հոգում ապրող սերմերը։ Ի՞նչը կարող է հանդիսանալ գոլորշիացած գոյության նոր սկիզբը։ Իհարկե երեխան։ Այն մանուկը, ում կփորձես տալ այն ամենը, ինչը չես ունեցել, ինչը խլել են քեզանից, ինչը երազանք է դարձել քեզ համար, ինչը պիտի նպատակ դառնա ու իրագործվի։ Բայց արդյո՞ք հնարավոր է այդ սև խոռոչն անմիջապես մաքրել։

Տարիներով բուժվելուց հետո զույգը կորցրեց երբևէ այդ անգին պահը զգալու հույսը։Փոքրիկ սաղմն անգամ չէր ձևավորվում, եթե ձևավորվում, ապա չէր զարգանում, ամեն անգամ կոտրում Աստծուն հավատալու հնարավորությունը։ Չէ՞ որ պիտի բացվեին այն փակ դռները, որոնք խլեցին կոշիկները կամ գուցե ոտքերը։ Ամեն անգամ ցուցափեղկից էին նայում անհաս երազանք դարձած կոշիկներին։ Այդ դռների հետ միասին բացվեց հույսի դուռը։ Հազար անգամ կորցնելուց հետո պարգև եղավ։ Զինվորական համազգեստով, կարծես ժամանակի մեջ հետ գնացած ու արյան բծերով լցված աչքերն արցունքախեղդ լինելով՝ բացեց մշտապես «կողպեք» կրող այդ խանութի դռները։ Գուցե անցորդները ծիծաղեին, չհասկանային, չզգային, թե ինչու էր լալիս հասուն զինվոր տղամարդը։ Ինչևէ… Գնվեցին կոշիկները, մանկական առաջին խորհրդանիշը։

Սպասում… Դողացող ձեռքեր, անհանգիստ սրտի թրթիռներ։ Ո՜նց են գոռում ծնվող երեխաները, ո՜նց են ուրախանում այդ ճիչերից, բայց ու՞ր է այն ճիչը, այն հերոսի զավակի գոռում-գոչյունի, ու՞ր է հերոսը։ Ահա, կարծես թե լսվեց, լսվեց այդ հրաշքի ձայնը։ Ոտքերը թուլանում էին, էլի ու էլի լսելու անհագ ծարավ էր զգացվում։ Բայց… Ինչո՞ւ լռեց մանկան ճիչը, ինչո՞ւ այդ ձայնը փոխարինվեց մեծահասակների պատերազմական ձայներով։ Ի՞նչ էր կատարվում։ Ինչո՞ւ էին գոռում։ Մի՞թե իրոք մարդկային դաժանությունը սահման չունի։ Ինչպե՞ս կարող էր երջանկությունը խելագարության հասցներ նորածնի մորը։ Ինչպե՞ս կարող էին մայրական ձեռքերը խեղդել սեփական երեխային, այդքան սպասված լույսի հույսին։ Վայրի գազանն անգամ ատամներով պաշտպանում է ձագին, իսկ մարդ արարածը տարբերվում է նրանցից ոչ թե բանականությամբ, այլ նրանով, որ բարձրակետ է. մարդուց սարսափելի կենդանի չկա։

Փողոցները մաշելով ՝ քայլում էր գլխիկոր։ Առաջին անգամ երազում կյանքին նայել ուրիշ աչքերով ՝ անցորդի, անծանոթի, իմ ու քո աչքերով։ Երազանքն աշխարհ դարձավ, բայց ով գիտեր, որ երազները հեքիաթներ են ծնում, ու նրա մեղավոր աչքերում անցորդներն են դառնում ուրիշ։ Մի մաշված գլխարկ այդպես էլ մնաց գետնին, քանզի հեքիաթում վաղուց չկար տերը գլխի, և գլխարկը մաշվեց գետնին, ոչ թե գլխին… Իսկ կոշիկնե՞րը։ Այն մանկան ապակե կոշիկները, որոնք սառցակալում էին զինվորի բռան մեջ։ Կրկին այն բացուփակ խանութի ցուցափեղկն ու կրկին արնաշաղախ աչքերը… Չծնված երեխաների եղելությունը։

Վաճառվում են մանկական կոշիկներ ՝ երբևէ չկրած։

Այո’, վաճառել ու ոչինչ չասել։ Կյանքը լուռ է սպանում և, ի վերջո, սարսուռ ու դող է անցնում այն պահից, երբ փորձում ես հասկանալ դեռևս չծնված երեխայի ընտրության ճիչը, որը դառնում է ճիչ այդ գոռոցը չլսող ցանկացած էակի համար։

Որքան հակիրճ, բայց բոլոր հարցերն ու պատասխաններն իրար խառնող ու կարծես չթրթռացող սրտից բոցի պես վառվող անկրակ մոխիր են դառնում բառերի այս կծիկը. վաճառվում են մանկական կոշիկներ… Այնպես է, որ երբ փոքր ենք, մեզ մեծ ենք երևակայում, հետո մեծանում ու կորցնում երևակայությունը, բայց ոչ հիշողությունը։ Գոյություն ունեն կյանքի դասեր, որոնք ապրում են մեր մեջ։

Վաճառվում են…. Կոշիկներ…

Մի՞թե կյանքում ամեն բան այդ անիծյալ կոշիկների մեջ կարելի է տեղավորել և նույնիսկ այս տիեզերքն ու մարդկային հոգիները։ Պարզվում է, այո’։

Մարդն այս կյանքում հետքեր է թողնում՝ ոտնահետքից մինչև պատմական անանց հետքեր, և ոչ մի հետք չի կարող մաքրվել, եթե նույնիսկ մեզանից մեկը փորձի մեռնելով շունչ տալ մյուսի մեռած հոգուն։

Բայց և ահա, ինչով վերջացավ այս պատմությունը։

– Պարո’ ն, նշում եմ ոսկե հարսանիքս. Սեղան մեկ հոգու համար.

Ու կենաց, առաջին ու վերջին կենացը՝ կյանքի կենացը։

Ամեն բան վերջանում է, գուցե և չսկսված, բայց ավարտվում է։ Որքան դժվար է գծվում կյանքիդ ճանապարհը, այնքան դժվար և անհնար է դառնում այդ գիծը ջնջելը։ Կարևորը կիսատ կյանքդ շարունակող լինի ու… Չվաճառվեն…

Շարժվեց դեպի կամուրջ, նայեց ներքև, նետվեց առաջ ու նետվելիս միտքը փոխեց… Ցավոք, ուշ էր։ Մտքում մի բան հիշեց ու հետը տարավ՝ աշխարհում բոլոր կոշիկներն են վաճառվում։

Ապրել է պետք, ապրել բառերով, որոնք զգում են անծայրածիր լռության մեջ, ապրել՝ նայելով կապույտ ծովի անվերջությանը, թողնելով ջրին հասնել ծնկներին՝ չծածկելով գլուխը…

18 thoughts on “Մասնակից 4”

  1. Հրաշալի աշխատանք, որն արժանի է գնահատանքի: Փոքրածավալ նյութ’ ահռելի ասելիքով: Կեցցես:

    1. Շնորհակալություն պետք է ասեմ այս մի քանի ակնթարթի համար։
      Հրաշալի գործ է։Շատ գեղեցիկ էր:

  2. Ամեն ինչն այս կյանքում անցողիկ է: Յուրաքանչյուրին մեծ փորձություն ուղարկելով՝ Նա վստահ է, որ կարող են հաղթահարել։ Միայն թե առաջ ընթանալ է պետք։

  3. Հզոր բառապաշար, գեղեցիկ համեմատություններ, անասելի մեծ ցավ ու ապրումներ։ Ապրես, աղջիկս։

  4. Ուշագրավ պատմություն էր հագեցած նկարագրություններով և ականջ շոյող բառապաշարով։

  5. Չափազանց գեղեցիկ էր գրված,սակայն լիապես չկարողացա ըմբռնել իմաստը ,քանի որ չափից շատ էին հարցերը ինձ համար ….կցանկանայի ,որ ավելի շատ ուշադրություն դարձնեիք այդ հարցերի պատասխանները տալուն պատմվածքում։

  6. Մեր կյանքը բաժանված է փուլերի,որոնք առանձին-առանձին մեզանից պահանջում են ապրե՛լ։
    Ապրել խաղաղության մեջ,պատերազմի,ապրել մեկի համար կամ էլ հանուն մեկի ապրելու համար,ապրել ապրելով։
    Պատմության մեջ գտա կորստի,ցավի,սպասումի,բերկրանքի,հիասթափության և վերջում ափսոսանքի պահեր….
    Հենց դրանով այս պատմությունն ինձ համար դարձավ դասագիք՝պատմող կյանքի սև ու սպիտակ էջերի մասին։

  7. Շատ խորն իմաստ պարունակող տողեր, մտորելու տեղիք է տալիս։

  8. Շատ լավն էր։ ❤️Կարևորը կարելի է մեծ դաս քաղել այս ամենից։👏👌 Սիրեք և գնահատեք ամեն մի ակնթարթը։😍🙈

  9. Անչափ հուզիչ և իրական պատմութուն։Ինչպես հեղինակն է կարծում,այո,ցավոք այսօր շատերը կյանքից չեն ստանում այն ամենը,ինչին արժանի են։Գրագետ մոտեցում։Հուզվեցի։

  10. Մարմինս փշաքաղվեց, ասում է -աշխարհում բոլոր կոշիկներնեն վաճառվում:Հուզիչ էր:Երանի միայն լինեին հորինված, այլ ոչ իրական ,ապրես հեղինակ , մտքիդ թռիչքին անսահմանություն , իսկ մեզ բոլորիս և այս աշխարհին խիստ խաղաղություն:

Leave a Reply to Hovo Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *