ՄԱՐՔԵԹԻՆԳԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍԵԼՈՒ ԵՎ ԿԵՐՏԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ Է․ ԳՐԻՇԱ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

«Երիտասարդ դասախոս» շարքի այս շաբաթվա մեր զրուցակիցը ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի դասախոս Գրիշա Ամիրխանյանն է։

Գրիշա Ամիրխանյանը մարքեթինգի ոլորտի մասնագետ է, տնտեսագիտության թեկնածու։ Դասախոսական 5 տարվա փորձ ունի։

Գրիշա Ամիրխանյանի հետ զրուցել ենք մարքեթինգի, նորարար մտածողության, հաջողության հասնելու ուղիների մասին։

– Հարգելի՛  Գրիշա, ողջունում եմ Ձեզ մեր տաղավարում, շնորհակալ եմ, որ չմերժեցիք հարցազրույցի առաջարկը։ Ամերիկացի մարքեթոլոգ, ավելի քան 55 մարքեթինգային գրքերի հեղինակ Ֆիլիպ Կոտլերը հետևյալ ձևակերպումն է տվել մարքեթինգի վերաբերյալ՝ «Մարքեթինգը ճշմարտության կրեատիվ օգտագործումն է»։ Համամի՞տ եք  և ունե՞ք արդյոք «մարքեթինգ» հասկացության Ձեր սեփական ձևակերպումը։

– Ես ևս շնորհակալ եմ հարցազրույցի հրավերի և հետաքրքիր ձևաչափի ընտրության համար: Կոտլերի ձևակերպման մեջ կրեատիվի օգտագործման հետ համաձայն եմ, բայց ճշմարտության մասով՝ ոչ այդքան: Մարքեթինգի ամբողջ գեղեցկությունը նաև «ոչ այնքան ճշմարիտի» կրեատիվ փոխակերպումն է ճշմարիտի: Մարքեթինգի վերաբերյալ Կոտլերը շատ հետաքրքիր այլ մտքեր էլ ունի, որոնցից ինձ համար թերևս ամենատպավորիչը և արդիականը  հետևյալն է՝ շուկան միշտ ավելի արագ է փոխվում, քան շուկայավարությունը: Ընդհանուր առմամբ, մարքեթինգի արագ փոխակերպման հետևանքով  բազմաթիվ սահմանումներ, կոնցեպտներ, գործիքներ,  որոնք արդիական էին 2 տարի առաջ, այսօր հնարավոր է՝ արդիական չլինեն: Ես մարքեթինգը կսահմանեմ որպես սպառողների վաղվա պահանջմունքները կանխատեսելու և դրանք կերտելու արվեստ:

– Մարքեթինգի բնագավառը հրապուրում է բազմաթիվ երիտասարդների։ Շատ ընկերությունների հաջողության գրավականը հենց մարքեթինգի մասնագետների ճիշտ ընտրությունն է։ Ի՞նչ համապատասխան որակներ ու հատկանիշներ պետք է ունենա երիտասարդը՝ լավ մարքեթոլոգ լինելու համար։

Մարքեթինգում հավասարակշռվում են ստեղծագործ ու նորարար միտքը և զարգացած վերլուծական կարողությունները, ինտուիցիան, էմոցիան և տրամաբանությունը: Երևի թե չկա այլ ոլորտ, որտեղ ակնկալվում է այդքան արագ և չափելի արդյունք, որքան մարքեթինգում: Մյուս կողմից, եթե դու չունես քննադատական մտածելակերպ, լավ հաղորդակցվելու և թիմում արդյունավետ աշխատելու  հմտություններ, մանրուքները չես կարևորում, ապա դժվար է դառնալ մարքեթինգի լավ մասնագետ: Ուրախալին այն է, որ նշածս բոլոր կոշտ և փափուկ հմտություններն անընդհատ հնարավոր է զարգացնել: Իսկ դա անելու լավագույն ժամանակահատվածը ուսանողական տարիներն են: Այսօր մարքեթինգի ոլորտում որակյալ կադրերի լուրջ պակաս կա ամբողջ աշխարհում: Ով պետք է այդ բացը լրացնի, եթե ոչ  ուսանողները:

– Կարիերայի կառուցումը շատերի համար կյանքի կարևոր նպատակներից մեկն է։ Ինչպե՞ս եք կառուցում Ձեր կարիերան, որո՞նք են այդ ճանապարհին Ձեզ առաջ մղող քայլերը:

– Չափազանց կարևոր է սիրել այն աշխատանքը, որը կատարում ես: Եթե էմոցիոնալ կապվածություն չձևավորվի անձի և նրա կատարած աշխատանքի միջև, ապա շատ դժվար կլինի ամբողջությամբ նվիրվել և երկարաժամկետ հեռանկարներ կառուցել այդ ոլորտում: Մյուս կողմից, աշխարհը շատ արագ է փոփոխվում, բազմաթիվ մասնագիտություններ վերանում են կամ կորցնում իրենց արդիականությունը, ստեղծվում են նորերը: Ուստի անհրաժեշտ է անընդհատ ձեռքը պահել այդ փոփոխությունների զարկերակի վրա և կարողանալ արագ կողմնորոշվել: Օրինակ՝ թվային մարքեթինգը վերջին տասնամյակում «սպանեց» ավանդական մարքեթինգի որոշ ուղղություններ, սակայն մինչև 2025 թվականը թվային մարքեթինգի շատ ուղղություններ ամբողջովին կավտոմատացվեն՝ գործազուրկ դարձնելով այս պահին թրենդային համարվող որոշ մասնագիտություններ ունեցողներին, եթե վերջիններս չհասցնեն հարմարվել զարգացման նոր միտումներին:

– Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին, որոնք հաջողության են ձգտում, ինչպե՞ս հասնել բաղձալի արդյունքին։

– Առաջին հերթին՝ սահմանել, թե ինչ է իրենց համար հաջողությունը, և դա չափելի դարձնել: Հետո այդ հաջողությանը հասնելու ճանապարհին երբեք չվախենալ սխալվելուց: Մեր հասարակության մեջ, ցավոք, սխալվելու նկատմամբ մեծ վախ կա, ինչն էլ ոչ թե օգնում է ճիշտ ուղղությամբ շարժվել, այլ, ընդհակառակը, կասեցնում է շարժումը:

– Ուսանողների մասնագիտական աճի և զարգացման համար ի՞նչ մոդելներ եք կիրառում։ ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետն ավարտած ուսանողը պատրա՞ստ է շուկա մտնելու և արդյունք ու առաջընթաց ապահովելու։

– ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետն ավարտած ուսանողը, ով միայն գնահատականի կամ Կարմիր դիպլոմի  համար չի սովորել, վստահաբար պատրաստ է մտնել աշխատաշուկա: Համալսարանում ստացած գիտելիքները, ձեռք բերած հմտությունները թույլ են տալիս աշխատաշուկայում վստահ սկսել իրենց քայլերը: Ինձ համար չափազանց ուրախալի է նաև, որ ամեն տարի, նախորդ տարվա համեմատ, էլ ավելի շատ ուսանողներ եմ տեսնում, որոնք սովորելուն զուգահեռ են փորձում  կայանալ  աշխատաշուկայում՝ կլինի դա կամավորության, փորձառության, թե վճարովի աշխատանքի ձևաչափով:  Իսկ մասնագիտական աճ ու զարգացում ապահովելու համար ուսանողը պետք է տեղյակ լինի աշխատաշուկայի նորագույն պահանջներին և շարժվի դրանց համահունչ:    

  

– Բազմաթիվ կարճաժամկետ դասընթացներ այսօր բավականին գրավիչ ապագա են խոստանում։  Ձևավորված կարծիք կա, թե ինչու սովորել 4-5 տարի, եթե, ասենք, հնարավոր է մի քանի ամսում կամ նույնիսկ շաբաթում տիրապետել տվյալ մասնագիտությանը։ Ակադեմիական կրթությունն այսօր որքանո՞վ է ապահովում ժամանակի պահանջներին համապատասխան գիտելիք։

– Ուսանողների հետ էլ հաճախ է առիթ լինում քննարկելու այս խնդիրը: Այսօր հնարավոր է մասնակցել տարբեր թրեյնինգների, արդյունքում ձեռք բերած հմտության շնորհիվ  աշխատանք գտնել: Մարքեթինգի ոլորտում նշվածի ցայտուն օրինակը թվային մարքեթինգի տարբեր ուղղություններում՝ SEO, SMM, կազմակերպվող դասընթացներն են, որոնց արդյունքում ցանկացած այլ մասնագիտության տեր մարդ սկսում է, օրինակ, սոցիալական ցանցերում էջեր վարել, գովազդ տեղադրել կամ կոնտենտ գրել: Բայց վստահեցնում եմ՝ այդ ոլորտներում երկարաժամկետ հաջողության ձգտող երիտասարդները վաղ թե ուշ զգալու են հիմնարար կրթության պակասը և տարբեր եղանակներով փորձելու են լրացնել այդ բացը՝ լինի դա ինքնակրթությամբ, թե համալսարանական կրթությամբ: Ի վերջո, ակադեմիական կրթության վերջնարդյունք պետք է լինեն գիտելիքը, հմտությունը, կարողությունը և դրանք համադրաբար կիրառելու ունակությունը: Սակայն այս դիլեմայի լավագույն լուծումը երկուսի համադրությունն է: Կարճաժամկետ դասընթացները կարող են ակադեմիական կրթության բացերը լրացնել և´ սովորելու, և´ աշխատելու տարիներին՝ ապահովելով շարունակական կրթություն:

– Ինչպե՞ս եք մոտիվացնում Ձեր ուսանողներին. գաղտնիքներ կբացե՞ք։

– Կրթական գործընթացի արդյունավետությունն ապահովելու համար ուսանողների մշտական մոտիվացիան կարևորագույն բաղադրիչ է: Սակայն ուսանողները տարբեր են իրենց պատկերացումներով, իրենց երազանքներով ու պահանջմունքներով, այդ թվում և՝ կրթական պահանջմունքներով։ Ուստի չկա մոտիվացնելու միջոց, որ հավասարապես արդյունավետ կլինի բոլոր ուսանողների համար: Միևնույն ժամանակ, չկա ուսանող, ում հնարավոր չլինի մոտիվացնել: Թե որքանով է դա ինձ հաջողվում, թող ուսանողներս գնահատեն: Այնուամենայնիվ, իմ մեթոդներից կառանձնացնեմ փոխանցվող գիտելիքների կիրառականության շեշտադրումը: Երբ ուսանողներին կարողանում ես ցույց տալ, որ այն, ինչ ինքը սովորեց, կարողանալու է կիրառել իրական միջավայրում X խնդիրը լուծելու համար և օրինակներով դա հիմնավորում ես, նրանք շատ ավելի ոգևորված և ուշադիր են լինում թե՛ դասի ժամանակ, թե՛ հանձնարարությունները կատարելիս և թե՛ ինքնակրթվելիս:

– Իսկ ի՞նչն է Ձեզ մոտիվացնում։

– Անընդհատ նոր բան սովորելը: Դասավանդելը, թերևս, դրա լավագույն միջոցն է:  Գաղտնիք չէ, որ նոր գիտելիք, ինֆորմացիա կամ հմտություն յուրացնելու լավագույն ձևը դրանք այլոց փոխանցելն է, իսկ փոխանցելու լավագույն տեղը՝ լսարանը: Ինձ մոտիվացնում է նաև ինքս ինձ մարտահրավերներ նետելը, նոր բաներ փորձելու միջոցով կամքը և ուղեղը մշտապես մարտունակ պահելը:

– Որտե՞ղ եք ամենից հաճախ լինում աշխատանքից դուրս։ Կա՞ մի անկյուն, որտեղ սիրում եք ժամանակ անցկացնել, կտրվել առօրյա հոգսերից։

– Կարող եմ ձանձրալի մարդ թվալ, բայց ինձ համար ամենասիրելի անկյունը տան իմ աշխատասենյակն է, որտեղ փորձում եմ կտրվել առօրյայից և աշխատանքից, մտածել ապագա ծրագրերի մասին, ընթերցել կամ ուղղակի շախմատ խաղալ:

Լուսանկարները՝ Գրիշա Ամիրխանյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *