Մենուա Բաղդասարյան. «Եթե հարկ լինի ևս մեկ անգամ անցնել այդ ամենի միջով հանուն հայրենիքի և պաշտպանել հայրենի հողը թշնամիներից, ես պատրաստ եմ»

Համառոտ տեղեկանք

Ծնվել է 2001 թ. հունվարի 1-ին Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում: Ծառայության է զորակոչվել 2019 թ. հուլիսի 24-ին, ծառայել է Ասկերանի շրջանում: Սովորում է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի կառավարում մասնագիտության 1-ին կուրսում:

–  Ի՞նչ նպատակներ կամ երազանքներ ունեիք մինչև ծառայության մեկնելը, փոխվե՞լ են արդյոք դրանք պատերազմից հետո։

– Մինչ բանակ զորակոչվելը ցանկանում էի ընդունվել համալսարան և դառնալ լավ մասնագետ։ Այժմ այդ նպատակիս իրագործման ճանապարհին եմ։ Պատերազմից հետո ունեմ մեկ այլ նպատակ` ցանկանում եմ հիմնել զենքերի արտադրամաս,  քանի որ հասկանում եմ, որ Հայաստանը պատերազմող երկիր է, և մեզ ռազմամթերք շատ է անհրաժեշտ։

–Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել Ձեր այս նպատակն իրագործելու համար։

– Առայժմ հավաքում եմ համախոհների թիմ և ուսումնասիրում եմ այդ ոլորտը։

– Անձամբ Ձեզ համար որքանո՞վ էր կորստաբեր այս պատերազմը։

– Զինակից, ծառայակից ընկերներ, բարեբախտաբար, չեմ կորցրել։ Բայց պատերազմի օրերին ծանոթացել և մտերմացել եմ շատ կամավորների հետ, որոնցից մի քանիսը զոհեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի։

Ի՞նչ է հայրենասիրությունը` ըստ Ձեզ։

– Հայրենասիրությունը, իմ կարծիքով, սկսվում է մեր տնից, ընտանիքից։ Մենք պետք է սիրենք և պաշտպանենք մեր մի բուռ հողը։

Իսկ պատերազմից հետո փոխվե՞լ են Ձեր պատկերացումները

հայրենասիրության վերաբերյալ։

– Տեսնելով պատերազմի արհավիրքը՝ իմ մեջ միայն ավելացել է սերն առ հայրենիք։ Եվ եթե հարկ լինի ևս մեկ անգամ անցնել այդ ամենի միջով հանուն հայրենիքի և պաշտպանել հայրենի հողը թշնամիներից, ես պատրաստ եմ։

Ի՞նչ եք մտածում այն մարդկանց մասին, որոնք ցանկանում են ընդմիշտ լքել հայրենիքը։

–Ես ցանկանում եմ, որ նրանք իրենց կողքին ունենան լավ ընկերներ, որոնք կտան ճիշտ խորհուրդներ, քանի որ հայրենիքը լքելու պատճառը դժվարություններն են, որոնցից փորձում են փախչել։ Եթե որոշումների ընդունման պահին իրենց կողքին լինեն ճիշտ մարդիկ, ապա կարող են հետ պահել։ Բայց, ամեն դեպքում, ամեն մարդ ինքն է իր գլխի տերը։

Դուք հնարավորության դեպքում ընդմիշտ կլքե՞ք Հայաստանը։

–Ես հնարավորություն միշտ ունեցել եմ և ունեմ, բայց չեմ ցանկանում լքել հայրենիքս։ Քանի որ, եթե բոլորս հեռանանք, մեր երկիրը է՛լ ավելի կթուլանա, ու ժամանակի ընթացքում հայրենիքը կորցնելու վտանգը ավելի կմեծանա։

Ո՞վ կամ ի՞նչն էր օգնում Ձեզ մեղմացնել հոգու՝ պատերազմի պատճառով առաջացած ցավը։

–Ինձ շատ օգնել են իմ ընկերները, և ես երջանիկ եմ, որ ողջ-առողջ են և այժմ էլ կողքիս են։ Ընկերներս ցանկացած իրավիճակում պատրաստ են թիկունք լինել։

Ծառայության մեկնելիս կա՞ր ներքին վախ, որ կհայտնվեք պատերազմական իրավիճակում։

–Ո՛չ, երբեք չեմ մտածել այդ մասին, բայց մեզ միշտ նախապատրաստել են և կոփել թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Այդ իսկ պատճառով մենք պատրաստ էինք պատերազմին։

Ի՞նչ ապրումներ Ձեզ փոխանցեց պատերազմի լուրը։

–Չեմ թաքցնի, սկզբում մի փոքր խուճապի էի մատնվել, բայց քանի որ ավագ սերժանտ էի և դիրքի ավագ, փորձում էի հնարավորինս հանգստություն պահպանել, որպեսզի ոգևորեմ տղաներին։

Ասում են, որ բանակում հաստատված ընկերությունն ամենաամուրն է և շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում։ Իսկ դուք կապ պահո՞ւմ եք Ձեր զինակից ընկերների հետ։

–Այո՛, ես ձեզ հետ լիովին համաձայն եմ։ Իմ բոլոր զինակից ընկերները, ովքեր արդեն զորացրվել են, նաև նրանք, ովքեր այժմ ծառայության մեջ են, ինձ համար շատ թանկ են։ Մեր կապը կա, և հուսով եմ՝ այն դեռ երկար կշարունակվի։ Մենք միասին անցել ենք բարդ փորձությունների միջով, և այդ հիշողությունները կապում են մեզ։

Ի՞նչ կմաղթեք ծառայության մեկնող տղաներին։ Ի՞նչ կարևոր բան կա, որ պետք է նրանք իմանան մինչ ծառայության մեկնելը։

–Մաղթում եմ, որ նրանք ծառայեն խաղաղ երկնքի տակ։ Ամենակարևորն այն է, որ նրանք պատրաստ լինեն ծառայությանը: Կյանքի այս շրջանը սովորեցնում է դիմակայել դժվարություններին։

–Կպատմե՞ք որևէ դեպք պատերազմի օրերից,  որն առանձնակի է տպավորվել:

–Նորակոչիկները նոր էին բարձրացել դիրքեր, ոմանք անգամ կարգին կրակել չգիտեին։ Ամեն ինչ սովորեցին սեփական փորձով՝ պատերազմի դաշտում։ Սկզբում տագնապը մեծ էր, չեմ թաքցնի՝ մեր սրտում կար վախի զգացում։ Բայց շուտ հասկացանք, որ պետք է հավաքվենք, համախմբվենք, որպեսզի կարողանանք դուրս գալ այդ դժվարին իրավիճակից։ Շուտ հարմարվեցին նաև նորակոչիկները, ամեն ինչ շուտ սովորեցին, ու մեկս մյուսին թիկունք դարձանք։  Մի տղա կար Արարատից, անունը Ռոբերտ էր, ով շատ-շատ էր վախենում: Մի անգամ առանց կասկայի ու բռոնի ժիլետի էի, սնարյադն ընկավ պոստի մեջ, ինքը, այդքան վախենալով, եկավ ինձ գցեց գետնին, պառկեց վրաս, որ ինձ պաշտպանի։ Զարմացած էի՝ որտեղից իր մեջ այդքան ուժ գտավ ու պատրաստ էր ավագ ընկերոջ համար գնալ մեծ զոհողության։ Հիմա ես իրեն կյանքովս եմ պարտական։ Առհասարակ, պատերազմի դաշտում մեկը մի քայլ անելիս մտածում է՝ ոնց առաջին հերթին չվնասի մյուսներին, հետո նաև օգնի ու սատար կանգնի։

Նյութը պատրաստեցին Մարգարիտա Խաչատրյանը, Մարիամ ՀարությունյանըՎարդուհի Գալստյանը և Անի Դեգեմոնյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *