Մեր շնորհալիները. Լուսյա Մանուչարյան

…. և ինչ-որ անգամ եթե տեսնես, որ ծառերը ծաղկեցին հենց այն ժամանակ, երբ լուսինն ու արևը նկատեցին իրար, իմացիր, որ դա իմ տողերի ծնունդն է սպասված։

  Բարև, ընթերցո´ղ, ստանդարտներից դուրս՝ մտքերից կախված, ես ստեղծագործում եմ։ Արի ծանոթանանք՝ ես Լուսյան եմ, ով անասելի շատ սիրում է գարունը, աշունը, ամառն ու ձմեռը ու հատկապես դրանցում եղած՝ ներկապնակով ներկած գույները բազում։ Հաա՜, մոռացա ասեմ՝ դրանցից ստացած մուսան էլ եմ շատ սիրում։

   Ես գրում եմ, ստեղծագործում եմ՝ այս աշխարհում իմ ասելիքը ունենալու և մարդկանց հետ դրանցով խոսելու համար։ Եկեք ծանոթանանք իմ մի քանի ստեղծագործություններին, որոնք գրվել են ի խորոց սրտի և ի հեճուկս բոլոր չարությունների։

***

Երանի գային-անցնեին անդարձ

Շշուկները քո՝ բախտից անտեղյակ,

Երանի երբեք դու չդառնայիր

Դեպի իմ կողմ՝ բախտից խռոված։

Ասա դու ինձ հստակ կերպով՝

Կարո՞ղ են արդյոք աշխարհում լինել

Մարդիկ երեսպաշտ, մարդիկ անամոթ:

Չէ´, սխալվեցի՝ դո՛ւ ես այդպիսին։

Դո՛ւ, որ քո ձայնով ինքնաբերաբար

Սրտիս ռիթմերն ես ռեժիմից շեղում

Ու քո հայացքով՝ գերող ու կալող

Իմ աշխարհին ես փոթորիկ բերում։

Էս ի՜նչ տեսակ մարդ դուրս եկար դու՝

Բովանդակ աշխարհիս բաղկացուցիչ մաս,

Հանճարեղ մտքիս զորավոր մուսա,

Արևոտ օրվա հովացնող քամի…

Էս ի՜նչ տեսակ ես. ես դեռ չգիտեմ։

***

Դու

Դու ամեն րոպես քեզանով լցրու,

Որ րոպեի մեջ վայրկյանը շտապող

Ու վայրկյանի մեջ մտքերդ քաոս

Երբեք ու երբեք ի չիք չդառնան։

Եվ գուցե մի օր ես քեզ պատահեմ

Արդեն չշտապող վայրկյանների մեջ,

Դու այդ ժամանակ միգուցե ըզգաս,

Որ ինձ պատկանող քո այդ վայրկյանը

Ոչ մի անգամ էլ իմը չի լինի։

***

Եսքեզհամար

Ես քեզ համար երկինք կթռչեմ

Ու ոչ թե բյուրավոր աստղեր կբերեմ,

Այլ ամբողջ տիեզերքը գրկումս պահած՝

Կգամ քո դուռը, դու՝ ի´մ տիեզերք։

Ես քեզ համար կոչնչանամ,

Թափանցիկ ու աներևույթ կդառնամ,

Հանկարծ օրվա մեջ հյուրդ կլինեմ՝

Գեթ մի պահ քեզ կըմբոշխնեմ։

Ես քեզ համար կրակ կդառնամ,

Բայց ոչ թե դյութիչ աչքալույս դեմքով

Նայես բոցաշունչ, անշեջ կրակին,

Այլ ներսումդ զգաս վառող էությունս։

Ես քեզ համար ամեն ինչից մի քիչ կդառնամ.
Սեր կդառնամ, սիրահույս ու սիրալույս կդառնամ,

Սեր կդառնամ, տիրացուդ ու տիրակալդ կդառնամ,

Դեր կդառնամ, կյանքիդ պիեսի գլխավոր դերը կխաղամ:

Ես քեզ համար ամեն ինչից մի քիչ կդառնամ….

***

  …. Ու ինձ թվաց,

Որ ես պարզապես ապրել գիտեմ,

Ինձ թվաց, թե մինչև վերջ կռվել գիտեմ,

Ինձ թվաց, թե մեր միջի սառնասիրտն եմ,

Բայց ես իրականում ոչինչ չգիտեմ։

Եթե հանկարծ գրամի չափով 

Գրամից էլ քիչ հոգի-խիղճ ունեք,

Խոնարհվեք նրա շիրիմի առաջ,

Ծնկաչոք աղոթեք, շնորհակալ եղեք,

Ներում հայցեք ու հպարտացեք,

Որ նրա կյանքը ձեզ է պատկանում։

….ու ինձ թվաց…

….բայց իրականում ինձ միայն թվաց, որ դու ապրում ես այս փուչ աշխարհում…

***

Փոխանցեքնրան

Փոխանցեք նրան,

Որ ես այստեղ եմ,

Որ թխպոտ օրվա մեջ

Ես նրա լույսն եմ։

Փոխանցեք նրան,

Որ կարոտել եմ,

Թեկուզ արդեն 

Քար-քարացել եմ:

Փոխանցեք նրան,

Որ հեռվից հեռու

Օծանելիքի բույրից 

Սիրտս է տրոփում։

Չմոռանաք փոխանցել 

Միայն թե վերջում, 

Որ օդում պարուրված

Ու օդով շնչող

Մարդու համար

Սիրտ սառեցնելը

Ու այդ սրտով

Լույս արձակելը

Հեշտ չէ անկասկած։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *