ՄՇՏԱՊԵՍ ՓՈՐՁԵԼ ԵՄ ԼԻՆԵԼ IDEA HUNTER․ ՀԱՅԿ ԲԵՋԱՆՅԱՆ

«Երիտասարդ դասախոս» շարքի հաջորդ հարցազրույցը ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դասախոս Հայկ Բեջանյանի հետ է։ 

Հայկ Բեջանյանը պետական ֆինանսների կառավարման ոլորտի մասնագետ է, տնտեսագիտության թեկնածու։ Դասախոսական 4 տարվա փորձ ունի։ Դասախոսելուն զուգահեռ զբաղվում է նաև գիտահետազոտական աշխատանքով, աշխատում է պետական կառավարման համակարգում։ 

Հայկ Բեջանյանի հետ զրուցել ենք բանկային գործի, բուհական կրթության, երիտասարդների կայանալու հնարավորությունների մասին։ 

Ողջո´ւյն, Հայկ, կուզեի մեր զրույցն սկսել կրթության ոլորտում իրականացվող պետական ծրագրերի վերաբերյալ Ձեր գնահատականից։ Որքանո՞վ են այդ գործընթացներն արդյունավետ։

– Ողջունում եմ Ձեզ և ընթերցողներին, շնորհակալ եմ հարցազրույցի այս հետաքրքիր ձևաչափի համար։ Եթե խոսենք համակարգային բարեփոխումների մասին, ապա պատկերը ոչ միշտ է  գոհացնող։ Մենք հաճախ զբաղվում ենք առանձին ծրագրերի իրականացմամբ՝ մոռանալով համակարգի բարեփոխման մասին։ Սա նույնն է, որ հիվանդ մարդու համար նոր հագուստ գնես և ցույց տաս, թե որքան գեղեցիկ է արտաքնապես։ Իսկ մեր կրթական համակարգը շատ հիվանդություններ ունի, և այստեղ բոլորը մեղավորներին փնտրում են իրենցից դուրս. գիտության ոլորտի մասնագետները՝  կրթության ոլորտում, դպրոցը՝ հասարակության մեջ… և այդպես շարունակ: Մինչդեռ, առողջանալու կարիք ունեն նշված ոլորտներից բոլորը, և դա պետք է անեն առանց մյուսների վրա մեղքը բարդելու։ Իհարկե, սրանք իրարից անջատ չեն կարող զարգանալ, բայց փոփոխությունների շղթան պետք է սկսվի որևիցե կետից, և այդ կետում հստակ ձևավորվի ժամանակակից առաջարկ ու պահանջարկ, որից հետո մյուս ճյուղերը ստիպված կլինեն վերափոխվել և համապատասխանել այդ առաջարկին և պահանջարկին։ 

Ինչպե՞ս է զարգանում բուհաշխատաշուկա համագործակցությունը։ Մրցունակ և կիրառական հմտություններով ու կարողություններով օժտված մասնագետները հեշտությա՞մբ են աշխատանք գտնում Հայաստանում։

– Եթե հարցը դիտարկենք զուտ մեր համալսարանի շրջանակներում, ապա զարգացումները բավականին դրական կարելի է համարել, ինչը, սակայն, չի կարելի ասել ամբողջ բարձրագույն կրթական համակարգի և աշխատաշուկայի վերաբերյալ։ Իհարկե, այս խնդիրը նախ և առաջ գալիս է աշխատաշուկայի խիստ բևեռացվածությունից և մի շարք ոլորտներում առանձին որակավորում պահանջող աշխատատեղերի սակավությունից կամ իսպառ բացակայությունից։ Հետևաբար, շատ բան կախված է նաև այն հանգամանքից, թե ինչ ոլորտի մասնագետ է, և արդյոք այդ ճյուղը զարգացած է մեր երկրում։ Կարծում եմ՝ լավագույն մասնագետները միշտ էլ գտնում են իրենց աշխատատեղը շուկայում։ 

Հպարտությամբ պետք է նշեմ նաև, որ մեր ամբիոնում մասնագիտացողների գերակշիռ մասնաշխատանքի է անցնում անգամ մինչև բուհն ավարտելը։ Իսկ սա նշանակում է, որ նրանց մասնագիտական ներուժը և համալսարանում ստացած գիտելիքները առնվազն բավարարում են շուկայի պահանջները։

Ձեր խոսքից կարելի՞ է ենթադրել, որ հայաստանյան  կրթության ոլորտում, աշխատաշուկայում մասնագիտական կայացման հնարավորությունները քիչ չեն։

– Եթե հաշվի առնենք գլոբալացման արդի միտումները, համացանցի ստեղծած հնարավորությունները, կարելի է ասել, որ կրթության ոլորտում այսօր պայմանները բոլորի համար հավասար են։ Տարիներ առաջ, երբ ես ուսանող էի, այժմ իմ ավագ ընկեր,  իսկ այն ժամանակ վիճակագրության իմ դասախոս Մանուկ Մովսիսյանը, ով այսօր կառավարման ֆակուլտետի դեկանն է,  մի այսպիսի հետաքրքիր ձևակերպում արեց դասին. «Կար ժամանակ, երբ մենք էինք գնում գրադարան Քեյնսի գրքի հետևից, հիմա դուք հանգիստ նստում եք, գիրքն է գալիս ձեզ մոտ։ Բայց սա դեռ վերջը չէ, կանցնեն էլի տասնամյակներ, ու միգուցե անձամբ Քեյնսը այն աշխարհից գա ձեզ մոտ ու սկսի բացատրել իր հայտնի տեսությունը»։ Սա, ըստ էության, իմ լսած լավագույն բնութագրումն է իրավիճակի զարգացումների։ Եթե նախկինում ուսանողները ստիպված էին գրադարան այցելել, ժամերով կամ երբեմն ամիսներով սպասել գրքերի հերթերի մեջ, ապա այսօր ընդամենը ստեղնաշարի մի քանի հարված, և դու ունես այն, ինչ քեզ պետք է լավ մասնագետ դառնալու համար։ Մնում է միայն ջանք ու եռանդ չխնայել և նվիրումով վերաբերվել ուսմանը, որովհետև այս լայն հնարավորությունները բոլորի համար են: Եվ եթե ուզում ես դառնալ աշխատաշուկայում մրցունակ մասնագետ, ուրեմն պետք է իմանաս ավելին, քան մրցակիցներդ, կարդաս գոնե մի գիրք ավելի, քան մրցակիցներդ:  Հետևաբար, օրական պետք է քնես կամ հանգստանաս մեկ ժամ պակաս, քան մյուսները։ Այս կյանքում և հատկապես կրթության և գիտության ոլորտում ոչինչ հեշտ չի տրվում։

Բանկային ոլորտում աշխատելու հեռանկարն այսօր շատ երիտասարդների է գայթակղում։ Ի՞նչ գիտելիք ու հմտություն պետք է ունենա համապատասխան ֆակուլտետն ավարտած ուսանողը՝ ոլորտում պահանջված աշխատակից դառնալու համար։

– Բանկային ոլորտում և ընդհանուր ֆինանսական համակարգում աշխատանքը    ամբողջ աշխարհում ամենագրավիչներից մեկն է համարվում, և այս առումով մեր երկիրը բացառություն չէ։ Ավելին, ֆինանսաբանկային համակարգն այսօր Հայաստանում ամենակայացածներից մեկն է, և դա տեսանելի է անգամ անզեն աչքով։ Սա չի կարող չգրավել երիտասարդներին։ Իհարկե, կարևոր են նաև աշխատանքային պայմաններն ու մրցունակությունը այլ ոլորտների համեմատությամբ։ 

Ֆինանսական ոլորտում աշխատանքային գործունեություն սկսելու համար ամենակարևոր ունակությունը վերլուծական մտածելակերպն է, ինչը  մասնագիտական հաջողությունների գրավականն է։ Մասնագիտության գրավչության տեսանկյունից կարևոր է, որ այս ոլորտում սեփական ուժերով հաջողության հասնելու շանսերն առավել մեծ են։ 

Հայաստանի ֆինանսաբանկային համակարգը վերջին տարիներին զգալի փոփոխությունների է ենթարկվել։ Ինչպիսի՞ն է ոլորտի՝ Ձեր գնահատականը։

– Այս զարգացումները ևս բացառություն չեն մեր երկրի համար, և հիմնականում բխում են համաշխարհային տնտեսական զարգացումներից։ Եթե նախկինում ֆինանսաբանկային համակարգը տնտեսության մեջ առավելապես ածանցյալ գործառույթներ էր իրականացնում, ապա այսօր արդեն բանկերի միջնորդավորված գործունեության և ֆինանսական գործիքների ճիշտ կիրառման արդյունքում հնարավոր է տնտեսության իրական հատվածում էական առաջընթաց արձանագրել։ Իհարկե, այս հանգամանքը ինչպես լայն հնարավորություններ է ընձեռում, այնպես էլ լուրջ սպառնալիքներ կարող է պարունակել։ 

Խոսելով հայաստանյան բանկային համակարգի մասին՝ պետք է առաջին հերթին ընդգծենք ոլորտի կայունությունն ու հուսալիությունը, ինչը երկարաժակետ հեռանկարում դրական զարգացումներ ունենալու կարևոր նախապայման է։ 

Վերադառնանք բուհին։ Յուրաքանչյուր դասախոս ուսանողներին գրավելու և լսարանում «պահելու» իր մեթոդներն ունի։ Ի՞նչ նոր մոտեցում եք ինքներդ բերել բուհ։ Ի՞նչ է պետք անել, որ ուսանողը հաճախի համալսարան և ի՞նչ ակնկալիքով:

– Անգլերեն մի արտահայտություն կա՝ Idea hunter, բառացի թարգմանությամբ՝ «գաղափարների որսորդ»: Ասված է այն մարդկանց մասին, որոնք մշտապես և ամենուր զբաղված են գաղափարների այսպես կոչված «գողությամբ» և դրանք կիրառության մեջ դնելով։  Մասնագիտական աշխատանքիս ընթացքում բազմիցս եղել եմ տարբեր երկրներում, մասնակցել միջազգային տարբեր ծրագրերի, առիթ եմ ունեցել ունկնդրելու աշխարհի լավագույն դասախոսներին և դասավանդել տարբեր համալսարաններում: Այս ողջ ընթացքում մշտապես փորձել եմ լինել  Idea hunter և բոլոր իրավիճակներում մտածել եմ այս կամ այն գաղափարը, մոտեցումը կամ քեյսը Հայաստանում տեղայնացնելու մասին։ Դա կարող է լինել որևէ դասախոսության ընթացքում լսած տեքստ կամ սլայդի որևէ նկար, խոշոր ծրագիր կամ նախագիծ: Շատ հաճախ ուսանողի սերը դեպի համալսարան և դեպի առարկան կամ դասախոսը պայմանավորված է առաջին հայացքից չնչին թվացող հանգամանքներով, և այդ մանրուքներն են մոտիվացնում ուսանողին՝ գալ կամ չգալ համալսարան։ 

Մի պատմություն պատմեմ իմ ուսանողական տարիներից։ Առաջին կուրսում և հատկապես առաջին դասաժամին ուսանողների հաճախելիությունը տարբեր էր, բացառությամբ չորեքշաբթի օրվա առաջին դասի, երբ ամբողջ կուրսը՝ հիվանդ, թե առողջ, քնած, թե արթուն, մի մարդու նման 8։30-ին նստած էր իր տեղում։ Գիտե՞ք ինչու, որովհետև րոպեներ անց լսարան էր մտնելու լուսահոգի Լավրենտի Անանյանը, իր խոսքերով ասած՝ «ժիվոյ պրոֆեսորը» և դասի առաջին վայրկյանից սկսած՝ իր քաղցրախոս հումորներով ստիպելու մեզ 80 րոպե շարունակ ժպտալ ու ծիծաղել։ Մեր կուրսում ոչ ոք չէր ուզում ուշանալ և բաց թողնել  հումորի առավոտյան չափաբաժինը և, ինչո՞ւ չէ, նաև չդառնալ անանյանական սուր հումորի հերթական թիրախը։ Այդ 80 րոպեների ընթացքում ոչ ոք հեռախոսին չէր նայում, րոպեները չէր հաշվում, չէր խոսում և այլ բաների մասին չէր մտածում, որպեսզի հանկարծ բաց չթողներ նրա ինքնատիպ հումորը կամ սուր խոսքը։ Ողջ դասի ընթացքում լսարանը սևեռված էր պրոֆեսոր Անանյանի ամեն մի բառին ու խոսքին, իսկ նա էլ կարողանում էր «Տնտեսականպատմություն» առարկան համեմված մատուցել մեզ։ Անկեղծ եմ ասում, անցել են մեկ տասնյակից ավելի տարիներ, բայց ես բառացի հիշում եմ այդ դասախոսությունները։ 

Սա ընդամենը մեկ օրինակ է, թե ինչպես անել, որ ուսանողը գա համալսարան։ Այդպիսի օրինակները բազմաթիվ են և բազմատեսակ։ 

Երբ ես դպրոցական էի, հայրս ինձ և եղբորս միշտ մի խորհուրդ էր տալիս՝ սովորեք այնպես, որ ձեր սովորածը ձեզ պետք գա։ Եթե դպրոցականի դեպքում սա առավել խրատական է հնչում, ապա համալսարանական կրթության դեպքում լիովին արտացոլում է ամբողջական պատկերը։ Ուսանողը կգա համալսարան, եթե զգա, որ ստանում է այն գիտելիքը կամ տեղեկատվությունը, որն իրեն պետք է կամ պետք կգա։ Լինելով դասախոս, ուսանողներին դասընթացի նյութը փոխանցելուն զուգահեռ, փորձում եմ նաև իրազեկել, թե երբ և որտեղ է իրենց պետք գալու այդ գիտելիքը, այդ դասը կամ առհասարակ տվյալ առարկան։ Այսօրվա ուսանողը ընտրության լայն հնարավորություն ունի, և այդ հնարավորություններից նա ընտրում է այն, ինչն իր կարծիքով ամենակարևորն է։ Մեր խնդիրը լսարանում պետք է լինի ոչ միայն անհրաժեշտ գիտելիք փոխանցելը, այլև ուսանողներին ուղղորդելը, որպեսզի այս անսահման հնարավորությունների մեջ ճիշտ ընտրություն կատարեն։ 

Ուսանող տարիների Ձեր օրինակը տպավորիչ է, երբ Դուք ոչ միայն գաղափարակիր էիք, այլ նաև գործնական մեծ ջիղ ունեցող երիտասարդ։ Այն ժամանա՞կ էր ավելի հեշտ լսելի դարձնել ուսանողի ձայնը, թե՞ այսօր։ Ու թեև  սերնդային տարբերությունը Ձեր և ներկայիս ուսանողների միջև այնքան էլ մեծ չէ, այնուամենայնիվ, այն զգալի՞ է

– Համամիտ եմ՝ շատ ժամանակ չի անցել, բայց իրականում կարծում եմ, որ շատ բան է փոխվել, և առաջին հերթին խոսքը ոչ միայն հնարավորությունների փոփոխությունների մասին է, այլև արժեքների փոփոխությունների։ Այն ժամանակ չկային համացանցի և ինքնադրսևորվելու, թեկուզև սեփական խոսքը կամ մտքերը հանրայնացնելու այսքան մեծ հնարավորություններ։ Հիմա սոցիալական ցանցերը ներխուժել են ուսանողական կյանք և դարձել դրա առանցքը։ Ամեն ուսանող կարող է հրապարակայնորեն ասել, թե ինչ է մտածում, ինչ է պահանջում կամ ցանկանում, և վայրկյանների ընթացքում ողջ բուհը, երիտասարդությունն ու հանրությունը կիմանան այդ մասին։ Մեր ժամանակ ինքներս պետք է վաստակեինք այդ իրավունքը, որ մեզ լսեն, պարզապես լսեն, թե ինչ ենք ասում կամ մտածում։ Այդ իրավունքը պետք է վաստակեինք սեփական անձի նկատմամբ հարգանք ներշնչելու ճանապարհով, պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները նախ պետք է գնահատեին ու հարգեին քեզ որպես մարդ ու երիտասարդ, նոր միայն լսեին քո խոսքը։ Եվ դրանից հետո, երբ քո ձայնը լսելի էր, դու պետք է փորձեիր իրականություն դարձնել քո գաղափարը կամ պահանջը, այսինքն՝ անեիր այնպես, որ ոչ միայն պարզապես լսեին քեզ, այլ նաև անեին քո ասածը։ Այս առումով, «լսել» բառի հետ կապված ռուսերենում մի հետաքրքիր հարանունություն կա` «слушать» և «слышать»։ Կարծում եմ, որ այդ տարիներին մեր ձայնը լսելի էր մատնանշված երկու իմաստներով էլ, հետևաբար, մեր խոսքի արժեքն էլ ավելի ծանրակշիռ էր, և մեր պատասխանատվությունն էլ այդ խոսքի նկատմամբ՝ ավելի բարձր։

Ինչպիսի՞ն է Հայկ Բեջանյանը աշխատանքից դուրս։ Ձեզ հաճախ որտե՞ղ և ու՞մ հետ կարելի է տեսնել։

– Ես երբեք չեմ ընդունել երկակիություններ և ինքս էլ երբեք չեմ եղել երկակի մարդ։ Տանը, թե աշխատավայրում ես նույն մարդն եմ, նույն սկզբունքներով և միևնույն մոտեցումներով։ Հայկ Բեջանյանը մեկ տեսակ է, և այդ տեսակին կարելի է հանդիպել ամենուր՝ լսարանից մինչև աշխատավայր, Երևանի կենտրոնից մինչև հեռավոր բարձրլեռնային շրջան կամ արտասահմանյան որևէ երկիր, և կապ չունի, թե որտեղ կհանդիպեք, միևնույն է, դուք զրուցելու եք նույն մարդու հետ։ Վերջին տարիներին ժամանակիս գերակշիռ մասն անցկացնում եմ աշխատավայրում, կարծում եմ՝ ինձ հասակակից, ապագայի հետ հեռանկարներ կապող մարդու համար մեծ ճոխություն կլինի օրը ընդամենը 7-8 ժամ աշխատելը։ Ցավոք, այդ պատճառով շատ ժամանակ չեմ ունենում հաճախ ճամփորդելու, նախասիրություններով զբաղվելու, ընկերներիս հանդիպելու, գյուղ գնալու և ծնողներիս հետ երկար ժամանակ անցկացնելու համար։ 

Լուսանկարները՝ Հայկ Բեջանյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *