Նամակ քույրիկից

Նվիրվում է ՀՊՏՀ հերոս ուսանող Սերյոժա Ղուկասյանի հիշատակին

Բա´րև, ԱԽՊԵ´ՐՍ…

Երկար մտածում էի, թե ինչ գրեմ, մի քանի անգամ գրեցի ու ջնջեցի, որովհետև շատ դժվար է գրել եղբոր մասին ու առավել դժվար է գրել հերոս եղբոր մասին… բայց  հավաքեցի մտքերս ու սկսեցի գրել…

Երկար չեմ գրի, որովհետև այն, ինչ ասելու եմ, դու գիտես, միայն դո´ւ գիտես սիրուս չափը, ավելի ճիշտ՝ այն այլևս չափ չունի, իմ սերն անչափ է քո հանդեպ, ես ՊԱՇՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՍԵ´ՐՍ: Դու գիտե՞ս, թե ինչքան շատ եմ քեզ սիրում, դու գիտե՞ս, թե ինչքան թանկ ու կարևոր մարդ ես իմ կյանքում…

Գիտե՞ս, հիմա մոտդ եմ գալիս ու քայլում եմ այն նույն ճանապարհներով, որոնցով միշտ միասին էինք քայլում, ու ես հիմա մտածում եմ, որ մի օր նորից կգաս ու իրար հետ կքայլենք… ու էլ մենակ չեմ լինի: Հազարների մեջ ես մենակ եմ, այնքան ցավալի է այդ մենակությունը…

ԱԽՊԵ´ՐՍ, այնքան նմանություններ եմ գտնում իմ ու քո մեջ, դե հա, բոլորն էլ ասում են՝ շատ նման ենք, չէ՞ որ հարազատ քույրդ եմ…

Այնքան եմ ուրախանում, որ այդպես են ասում, ուզում եմ ավելի շատ նմանվել քեզ, բայց ախր հետո հասկանում եմ, որ չեմ կարող, որովհետև քո տեսակն ուրիշ էր…

Միշտ զգում եմ կարիքդ, ՄԻ´ՇՏ…

Շնորհակալ եմ, որ ինձ բախտ է վիճակվել լինել հենց քո քույրը… ես հպարտ եմ, որ իմ երակներում քո արյունն է հոսում, ՍԵ´ՐՍ…

Կգամ… մի օր անպայման կգամ, առաջվա նման քեզ շատ ամուր կգրեմ ու ձեռքդ բաց չեմ թողնի…ԵՐԲԵ´Ք…

Կգամ ու կբերեմ իմ պատրաստած թխվածքները, որոնք դու ամենաշատն էիր սիրում, էլի կծիծաղես ու կասես, որ համեղ չէր, բայց հետո կժպտաս, ու կհասկանամ, որ հերթական կատակն էր…

Կգամ ու քո սիրած կապույտ վերնաշապիկն էլ հետս կբերեմ, որը միշտ հագնում էիր…

Կբերեմ նաև այն հին ժպիտս, որը միայն քո կողքին էր ու այդքան ուրիշ, որովհետև դու էիր ուրիշ, բայց դու գնացիր ու քեզ հետ տարար իմ անկեղծ ժպիտը…

ՍԵ´ՐՍ, գիտե՞ս, ես հիմա էլի ժպտում եմ, բոլորին ժպտում եմ, բայց ներսումս փոթորիկ է, խառնաշփոթ, ոչ ոք չի կարող հասկանալ, թե ինչ է կատարվում իմ սրտում…

Սիրում եմ քեզ ամենաուրիշ ու ամենամաքուր սիրով, իմ կյանքի ամենալուսավո´ր ու ամենաթա´նկ մարդ…

ԱԽՊԵ~ՐՍ…   

Սուս Ղուկասյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *