Որտեղ՝ ես, այնտեղ՝ դրայվ, որտեղ՝ դրայվ, այնտեղ՝ ես. Ալբերտ Հայրապետյան

Անձնական ու անանձնական հարցերի շուրջ «Երիտասարդ դասախոս» շարքի այս հարցազրույցը ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս Ալբերտ Հայրապետյանի հետ է։

Ալբերտ Հայրապետյանը միջազգային տնտեսագիտության ոլորտի մասնագետ է, տնտեսագիտության թեկնածու։ Երեք տարվա գիտամանկավարժական գործունեության փորձ ունի։ Գիտական հետաքրքրությունների լայն շրջանակից կարելի է առանձնացնել տարածաշրջանային ինտեգրման հիմնախնդիրները, միջազգային առևտուրը և միջազգային իրավունքը։

Ալբերտ Հայրապետյանը ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող է, ավելի քան 15 գիտական հոդվածի և 6 հետազոտության հեղինակ։

– Հարգելի´ Ալբերտ, ողջունում եմ Ձեզ «Երիտասարդ դասախոս»-ի հյուրասրահում։ Չնայած Ձեր երիտասարդ տարիքին՝ բուհում Ձեզ շատերն են ճանաչում՝ թե՛ ուսանող, թե՛ դասախոս, թե՛ աշխատակից։ Ինչո՞վ է դա պայմանավորված՝ Ձեր անմիջական շփումներո՞վ, սոցիալական կայքերում ակտիվությա՞մբ, Ձեր էքսցենտրիկությա՞մբ միգուցե։

– Նախ՝ շնորհակալ եմ հարցազրույցի հրավերի համար։ Այն հանգամանքը, որ այս բուհում և՛ ուսանել եմ, և՛ աշխատել (ու շարունակում եմ աշխատել), արդեն իսկ բավարար է, որ շատերն ինձ ճանաչեն։ Դրան գումարվում է նաև այն, որ չափազանց ակտիվ եմ և թույլատրված ու հասանելի բոլոր միջոցներով մշտապես պատրաստ՝ պայքարելու այն ամենի համար, ինչ ճիշտ եմ համարում, այդ թվում նաև, ինչպես նշեցիք, հանրայնորեն՝ սոցիալական ցանցերում։ Շատերը սա երիտասարդական էնտուզիազմի հետ են կապում, մինչդեռ, ես բոլորովին համաձայն չեմ. տասնյակ տարիներ անց էլ ես ինձ այլ կերպ չեմ  պատկերացնում։

– Դուք աշխատում եք նաև ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում, ավագ հետազոտող եք։ Եթե ընտրության առջև կանգնեք՝ որի՞ն կտաք նախապատվությունը՝ գիտությա՞նը, թե՞ մանկավարժությանը։

– Շատ դժվար ընտրություն կլինի իրականում, բայց հավանաբար՝ մանկավարժությանը։ Առանց ուսանողների հետ շփման՝ իմ կյանքը չեմ պատկերացնում. նրանք ավելի են երիտասարդացնում, մոտիվացնում։ Ոչ բոլորին է հայտնի, որ ՀՊՏՀ-ում դասավանդելու համար CERGE-EI-ի կողմից դասավանդման կրթաթոշակ (Teaching Fellowship) եմ ստացել։ Վերջերս ուսանողների գնահատման արդյունքներին ծանոթացա և հպարտությամբ պետք է նշեմ, որ իմ արդյունքներն ավելի բարձր են, քան 199 կրթաթոշակառուների միջին ցուցանիշը։ Ինչ վերաբերում է գիտահետազոտական գործունեությանը, ապա միայն դրանով զբաղվելը, իմ կարծիքով, ինքնամփոփություն է հասունացնում՝ նպաստելով հասարակությունից մեկուսանալուն։ Իսկ այդպիսի կյանքը իմ խառնվածքի հետ անհամատեղելի է։ Որտեղ՝ ես, այնտեղ՝ դրայվ, որտեղ՝ դրայվ, այնտեղ՝ ես։

– Դուք ակտիվորեն ներգրավված եք ՀՊՏՀ-ում իրականացվող մի շարք դրամաշնորհային ծրագրերում։ Մի փոքր կմանրամասնե՞ք։ Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը։

– Այո՛, իմ գործուն մասնակցությամբ ԵՄ ֆինանսավորմամբ ՀՊՏՀ-ում իրականացվեց Jean-Monnet Module ծրագիրը, իսկ ներկայումս էլ Jean-Monnet Network ծրագիրն է իրականացվում եվրոպական մի շարք համալսարանների հետ համատեղ։ Հաջողության գաղտնիքը մեկն է՝ աշխատանք և մոտիվացիա։ Երբ Եվրոպայում ուսումնառությունս ավարտեցի, շատերը զարմացան, որ եվրոպական արժեքներով տոգորված ու ոգևորված երիտասարդը հայրենիք է վերադառնում։ Այնտեղ` College of Europe-ում, ինչպես և ՀՊՏՀ-ում, ինձ շատերն էին ճանաչում։ Հիշում եմ, որ ընկերներիցս մեկն ինձ ասաց, որ իմ այս բնավորությամբ Կովկասում ինձ դժվար է լինելու, անընդհատ կարոտելու եմ Եվրոպան։ Պատասխանեցի՝ գնում եմ, որ Եվրոպան հետս տանեմ Հայաստան, որ Հայաստանը մոտեցնեմ Եվրոպային։ Դե, ինչպես տեսնում եք, ինչ և որքան կարողանում եմ՝ անում եմ։ Եթե ավելի շատ լծակներ ունենամ, ավելին կանեմ։

– Եթե չլիներ տնտեսագիտությունը, հետևաբար՝ դասախոսի և գիտնականի գործունեությունը, որն անում եք ներշնչանքով և նախանձախնդրորեն, կա՞ այլ ոլորտ, որ կարող էր Ձեզ հետաքրքրել, որտեղ, կարծում եք, կարող էիք դրսևորել Ձեզ։ Այլ կերպ ասած՝ մասնագիտությունից բացի, ի՞նչը կարող է ոգեշնչել Ձեզ նոր ստեղծագործական խիզախումների։

– Տարրական դասարանների ուսուցչուհիս՝ ընկեր Վարդանյանը, միշտ ասում էր, որ երբ մեծանամ, լավ դերասան եմ դառնալու։ Հիմա երբեմն զղջում եմ, որ այդ ուղիով չգնացի։ Հատկապես հիացած եմ խորհրդային ֆիլմաշխարհի գլուխգործոցներում խաղացած դերասանների՝ Նիկուլինի, Կուրավլյովի, Վիցինի, Լեոնովի, Դեմյանենկոյի, Միրոնովի և մնացած մեծությունների խաղով։ Իսկ «Օստապ Բենդերի» դերում Արչիլ Գոմիաշվիլու խաղն ինձ ուղղակի խենթացնում է, ստիպում ամեն ինչից կտրվել և մոռանալ ամեն ինչի մասին։ Նայում եմ ու մտածում՝ մի՞թե ես չէի կարող։ Ժամանակ առ ժամանակ ցանկություն է առաջանում գնալու թատրոն, ծեծելու տնօրենի դուռը և ասելու. «Ներեցե՛ք, պարո՛ն, դերասանին ամսական որքա՞ն եք վճարում։ Ձեր վճարածի չափ ե՛ս եմ պատրաստ վճարել, միայն թե իմ ուզած դերը տվեք՝ խաղամ»։ Չի բացառվում, որ մի օր այդպես էլ կանեմ, երևի պահը դեռ չի հասունացել։ Ես, համենայն դեպս, ինքս ինձնից ամեն տեսակ խենթ բան սպասում եմ։

– Ո՞րն է գիտնական-մանկավարժի կարիերայի աճի գագաթնակետը՝ ըստ Ձեզ։

– Գագաթնակետը ուսանողների գնահատանքն ու շնորհակալությունն է։ Քեզ գնահատված ես զգում, երբ արդեն իսկ շրջանավարտ դարձած ուսանողը, ծննդյանդ օրը շնորհավորելով, ասում է, թե որքան ես իրեն մոտիվացրել, որ հաջողությունների հասնի, և թե որքան բան է քեզնից սովորել։ Մի՞թե գիտնական-մանկավարժի կյանքում կարող է սրանից ավելի մեծ կարիերայի աճ լինել։ Կարծում եմ՝ ոչ։

– Ձեր ոլորտում և ընդհանրապես տնտեսագիտության մեջ ո՞րն է եղել ամենամեծ գիտական ձեռքբերումը, որը հիացրել է Ձեզ, ոգեշնչել, մոտիվացրել։

– Եթե անկեղծ, ապա տնտեսագիտության մեջ չկա այնպիսի ձեռքբերում կամ հայտնագործություն, որ անձամբ ինձ մոտիվացրել է՝ արարելու ու ստեղծագործելու: Սակայն իրենց պարզությամբ և միաժամանակ հանճարեղությամբ ինձ միշտ հիացրել են Ռիկարդոյի «Համեմատական առավելությունների տեսությունը» և բազմարկչի (մուլտիպլիկատորի) էֆեկտը։

– Ուսանող-դասախոս փոխհարաբերություններում ե՞րբ եք Ձեզ ավելի հարմարավետ զգացել՝ որպես ուսանո՞ղ, թե՞ որպես դասախոս։

– Երկու դեպքում էլ։ Ես այն կարծիքին չեմ, որ դասախոսներն ու ուսանողները բարիկադների տարբեր կողմերում են։ Ի վերջո, մի՞թե մեր նպատակը նույնը չէ՝ որ գիտելիքն ու ինֆորմացիան փոխանցվեն։ Սակայն, պետք է նշեմ, որ որպես ուսանող՝ ինձ լսարանի տեր ու տիրակալն էի համարում՝ համոզված, որ դասախոսը ներս է մտել՝ ինձ ծառայելու։ Այո՛, ճիշտ լսեցիք՝ ծառայելու։ Այժմ էլ ուսանողին ծառայելու  նույն հավատամքով ու համոզմունքով ե´ս եմ մտնում լսարան: Նշեմ նաև, որ, որպես ուսանող, չափազանց պահանջկոտ եմ եղել, ծայրաստիճան կոնֆլիկտային, հարաբերություններս հարթ չէին հատկապես ավագ սերնդի դասախոսների հետ. տարբեր սերունդներ էինք ներկայացնում, տարբեր մտածելակերպեր։ Սակայն, որպես դասախոս, չեմ հիշում, որ որևէ ուսանողի հետ կոնֆլիկտ ունեցած լինեմ, և կարծում եմ, որ շատ ավելի մեղմ ու լիբերալ եմ գնահատելիս, քան առաջին հայացքից կարող է թվալ։

– Լսարանում Ձեզ համար կա՞ն փակ թեմաներ, այսպես ասած՝ տաբու, որի վերաբերյալ երբևէ ո՛չ Դուք եք խոսում, ո՛չ ուսանողներին եք թույլ տալիս արտահայտվել։

– Այո՛, կան։ Տեսեք, ես լիբերալ մարդ եմ, սակայն կարծում եմ, որ դասախոսը պետք է մնա իր դասի թեմայի շրջանակներում, իր քաղաքական համոզմունքներն, օրինակ, չփաթաթի ուսանողների վզին։

Եվ, այո՛, կան թեմաներ, որոնց շուրջ ուսանողներին էլ թույլ չեմ տա լսարանում արտահայտվել, նույն քաղաքական թեմաների շուրջ, օրինակ։ Չեմ հանդուրժի նաև ռասիզմի, սեքսիզմի, քսենոֆոբիայի և առհասարակ այլատյացության ցանկացած դրսևորում: Բայցև վստահաբար պնդում եմ, որ մեր բուհում այդպիսի խնդիր չկա և, հավանաբար, երբեք էլ չի եղել։

– Վերջերս Ձեզ հաճախ կարելի է տեսնել մարզասրահներում։ Որքանո՞վ եք կարևորում «Առողջ մարմնում՝ առողջ հոգի» կարգախոսը։ Եվ ընդհանուր առմամբ, ի՞նչ հարաբերությունների մեջ են Ալբերտ Հայրապետյանը և սպորտը։

– Ինչպես արդեն նշեցի, պերֆեկցիոնիստ եմ և ամեն հարցում եմ ձգտում կատարելության։ Չես կարող լավ և արդյունավետ աշխատել, եթե չունես առողջ մարմին։ Գաղտնիք չէ, որ նստակյաց աշխատանքը ողնաշարային ու հոդային ցավերի է հանգեցնում։ Մարզասրահներում փորձում եմ այդ ամենը, այսպես ասած, «կոմպենսացնել», որպեսզի հաջորդ օրը նույնքան էնտուզիազմով գամ բուհ և կարողանամ աշխատել։ Նաև էքստրեմալ սպորտի սիրահար եմ․ սիրում եմ զիփլայն, վերջերս թռա պարապլանով, անգամ բանջիջամփինգ եմ արել։ Հաջորդիվ ուզում եմ սքայդայվինգ փորձել և վեյքբորդինգ անել։ Կուռքեր չունեմ, սակայն միշտ ներշնչվել եմ Ֆելիքս Բաումգարտներով՝ մարդ, որն անգերազանցելի է վտանգավոր հնարքների կատարումով։

– Այս հարցազրույցը մեզ համար նորովի բացահայտեց Ալբերտ Հայրապետյանին։ Ի հավելումն՝ ևս մեկ հարց՝ ի՞նչ երազանքներ ունեք։

– Այս հարցը երկու մասի կբաժանեի՝ անձնական և անանձնական։ Անձնական երազանքս կարևոր, հիշարժան ու իմաստալից գործերով սերունդների հիշողությունների մեջ մնալն է, անանձնականը՝ խաղաղ մոլորակ և հզոր ու բարեկեցիկ Հայաստան ունենալը։ Այսօր Հայաստանը բոլորիս ու ամենքիս կարիքն ունի, պետք է ծառայենք մեր երկրին՝ ամենքս մեր գործով։

– Վերջում՝ մի քանի բլից-հարց.

– Լավագույն ֆիլմը, որ երբևէ դիտել եք։

– «Ամադեուս» (ռեժիսոր՝ Միլոշ Ֆորման)։

– Գիրք, որը վերընթերցելու պահանջ եք զգացել:

– Սթիվեն Հոքինգի «Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին»։

– Երաժշտությունը Ձեր կյանքում։

– Առանց երաժշտության իմ կյանքը չեմ պատկերացնում։ Դասական և ֆոլք երաժշտության սիրահար եմ։ Մեկ էլ մի արտասովոր երաժշտական նախընտրություն ունեմ՝ հիմներ լսել եմ սիրում։ Անգիր գիտեմ աշխարհի ավելի քան 40 երկրների հիմների երաժշտությունները։

– Ի՞նչը կարող է Ձեզ ուրախացնել։

– Այն բոլոր իրողությունները, որոնք ես դրական եմ համարում։

– Ի՞նչը կարող է Ձեզ զայրացնել։

– Երեսպաշտությունն ու բամբասանքը։

– Ի՞նչն եք ամենից շատ արժևորում մարդկանց մեջ։

– Ազնվությունն ու պատասխանատվությունը։

Լուսանկարները՝ Ալբերտ Հայրապետյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *