Ուսումնառությունը դյուրին ուղիներ չի սիրում, ունի բազում խոչընդոտներ, որոնք պետք է հաղթահարել. Գոհար Կոստանյան

«Երիտասարդ դասախոս» շարքի այս շաբաթվա մեր զրուցակիցը ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնի դոցենտ Գոհար Կոստանյանն է։

Գոհար Կոստանյանը հաշվապահական հաշվառման մասնագետ է, տնտեսագիտության թեկնածու։ Դասախոսական 13 տարվա փորձ ունի։

Գիտնական-մանկավարժի հետ զրուցել ենք կրթության, մասնագիտության ընտրության, շարունակաբար սովորելու և կատարելագործվելու անհրաժեշտության մասին։

– Ողջունում եմ Ձեզ, հարգելի´ Գոհար։ Եվ այսպես, ֆինանսական հաշվառման ոլորտ. ինչո՞վ գրավեց թվերի աշխարհը դպրոցը նոր ավարտած երիտասարդ աղջկան։

– Չեմ  կարող ասել, որ դա սեր էր առաջին հայացքից, քանի որ դեռ 12 տարեկանում հորս հորդորով սկսեցի ուշադրություն դարձնել ֆինանսական աշխարհին, հետաքրքրվել՝ ինչպես և ինչ միջավայրում են գործում  ընկերությունները: Ու թերևս այդ տարիքից սկսած` հաստատուն քայլերով գնում  էի դեպի Տնտեսագիտական բուհ:  Կարծում եմ՝ իմ կյանքում ծնողներիցս ստացած լավագույն խորհուրդն էր դա, որին էլ հետևեցի:

– Կրթությունը սեփական ապագայի համար կատարած մեծագույն ներդրումն է. ո՞ր հասակում եք զինվել այդ գիտակցությամբ։

– Հետաքրքիր  և անհավատալի կարող է թվալ, բայց 8 տարեկանից եմ դա գիտակցել, երբ մայրս ինձ նվիրեց Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» գիրքը: Կարծես թե, հենց այդ տարիքում հասկացա, որ կարդալը իմ առջև կբացի բազում փակ դռներ, և որ սովորելը նպատակներին հասնելու լավագույն ուղին է:

– Եթե դեմ չեք՝ անդրադառնանք երիտասարդ սերնդի ուսումնառության գործընթացում տեղ գտած թերություններին։ Ի՞նչ հիմնական բացեր կնշեք։

– Սխալ կլինի ասել, որ դրանք գլոբալ թերություններ են, բայցևայնպես, գլխավոր թերությունը, իմ կարծիքով, ուսանողներին «թուղթ ու գրիչից» զրկելն է, քանի որ գրելը նրանց տալիս է ուշադրության կենտրոնացում տվյալ հիմնախնդրի վրա:

Իսկ բացերի շարքին կարելի է դասել երիտասարդության ստվար զանգվածի՝ կարդալ չսիրելը: Այսօրվա բազմազան տեղեկատվական  հոսքերում երիտասարդները փնտրում են տեղեկատվության ստացման  հեշտ ուղիներ: Իսկ ուսումնառությունը դյուրին ուղիներ չի սիրում, ունի բազում խոչընդոտներ, որոնք պետք է հաղթահարել: Կարդալը դրա առաջին գրավականն է:

– Դուք դասավանդում եք նաև առաջին կուրսերում և հնարավորություն եք ունենում դիտարկելու ուսանողի անհատական և մասնագիտական աճը: Այս օրերին բուհում հերթական թողարկումն  է, ի՞նչ զգացումներ են ուղեկցում Ձեզ՝ շրջանավարտների շարքում տեսնելով երբեմնի վախվորած առաջին կուրսեցիներին:

Այս հարցին կարելի է նույնիսկ մի փոքր հումորով մոտենալ: Ուսումնառության շրջափուլը  նմանվում է Դարվինի էվոլյուցիայի տեսությանը։ Երբ առաջին կուրսում տեսնում ես դեռ դպրոցական չարաճճիությունը չկորցրած երեխաներ ու հանկարծ 4-րդ կուրսում հպարտությամբ ու հուզմունքով հայտնաբերում ես հասուն, կյանքի թոհուբոհին նույնիսկ քեզանից ավելի պատրաստ երիտասարդների, այդ պահին հասկանում ես, որ նրանց կայացման գործում դու էլ մասնիկ ունես:

– Ի՞նչ կմաղթեք ՀՊՏՀ այս տարվա շրջանավարտներին:

– Կմաղթեմ նորանոր հաջողություններ ու բարձունքներ, ու որ ոչնչի առջև չընկրկեն, համոզված լինեն, որ ՀՊՏՀ-ն նրանց տվել է ամեն ինչ՝ լավ մարդ և  բարձրակարգ մասնագետ լինելու համար:

– Պրակտիկայում է  ծնվում մասնագիտական վարպետությունը։ Արդյո՞ք բուհը տալիս է անհրաժեշտ գիտելիք ու հմտություն՝ կյանքի ու աշխատանքի ասպարեզ մտնելու համար։

– Այս հարցին կպատասխանեմ իմ օրինակով: ՀՊՏՀ-ն իմ մայր բուհն է: Այստեղ ստացած գիտելիքն աննկատ պահեստավորվում էր և աշխատանքային գործունեության ընթացքում կայծակի նման փայլատակում ուղեղումս: Ու հանկարծ  գիտակցության մակարդակում հնչում էր. «Ինչ լավ է՝ ես սա  գիտեմ այս դասընթացից, ուռա, սա էլ այն առարկայի շրջանակում եմ սովորել…»: Ու սա տալիս էր անսահման վստահության հիմք՝ գործնական  վարպետություն ձեռք բերելու  ժամանակ:

Իսկ ինչ վերաբերում է բուն հարցին, ապա հաստատապես՝ այո:

– Շարունակ սովորելն ու կատարելագործվելը տեղում չդոփելու լավագույն միջոցն է։ Որքանո՞վ է կարևոր նոր կարողությունների ձեռքբերումը Գոհար Կոստանյանի համար, հաճա՞խ եք մասնակցում դասընթացների, ուսումնասիրում նոր ծրագրեր ու ձեռնարկներ։

– Կարծում եմ՝  մեր  գործունեության համար տեղում դոփելը՝ չկարդալը, նորությունների համար բաց չլինելը, կնշանակի մասնագիտական ինքնասպանություն: Դրա համար առաջին իսկ հնարավորության դեպքում մասնակցում եմ մասնագիտական վերապատրաստման դասընթացների: Իսկ մասնագիտական ձեռնարկներն ու ծրագրերը աննկատ շրջապատում են մեզ ամեն քայլին:

– Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը։ Դժվար օրվա ավարտին ի՞նչը կարող է Ձեզ հանգստություն և անդորր պարգևել։

– Ազատ ժամանակն անցկացնում եմ ընտանիքիս հետ, իսկ լավագույն անդորրը պարգևում է ընթերցանությունը:

– Կա՞ գիրք, որը վերընթերցելու պահանջ եք զգացել:

– Րաֆֆու «Սամվելը»։

– Լավագույն ֆիլմը, որ երբևէ դիտել եք։

–  Երկուսն են՝ «Աշնան արև» և «Մենք ենք, մեր սարերը»:

– Որո՞նք եք համարում Ձեր ուժեղ կողմերը։

– Առանց հիասթափության՝ ավարտին հասցնել ցանկացած ձեռնարկած գործ, թեկուզ պահանջվեն տարիներ:

– Իսկ թուլություննե՞րը։

– «Ոչ» ասել չկարողանալը։

– Ընկերների դերը Ձեր կյանքում։

– Եթե ունենալ ընկեր՝ եզակի թվով, ապա միայն հոգու ընկեր:

– Երազած աշխատանքը։

– Ես այն ամեն օր կատարում եմ:

– Ի՞նչն եք ամենից շատ արժևորում մարդկանց մեջ։

-Հավատարմությունը՝ խոսքին, գործին, մարդկանց:

Լուսանկարները՝ Գոհար Կոստանյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *