Սահմանե՛ք առաջնահերթություններ և Ձեզ շրջապատե՛ք ճիշտ մարդկանցով. Մարիանա Քոչարյան

Երիտասարդ դասախոսը, որի հետ զրուցել ենք այս շաբաթ, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Մարիանա Քոչարյանն է։

Մարիանա Քոչարյանը ՀՊՏՀ-ում աշխատում է 2008 թվականից։ Ավարտել է ՀՊՏՀ-ն՝ տնտեսագետ-տեսաբանի մասնագիտությամբ, այնուհետև՝ ասպիրանտուրան։ Դասավանդում է մենեջմենթի հիմունքներ, ժամանակի կառավարում, սոցիոլոգիա, սոցիալական մենեջմենթ, հանրային կառավարման տեսություն և պատմություն, գործավարության և օֆիսի կազմակերպում և այլ առարկաներ։

Երկու ուսումնական ձեռնարկի և երեք մենագրության համահեղինակ է, ունի ավելի քան երկու տասնյակ գիտական հոդված։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է կառավարման արդի հիմնախնդիրները, հանրային կառավարումը, մարդկային ռեսուրսների կառավարումը։

Մարիանա Քոչարյանի հետ զրուցել ենք 21-րդ դարի կրթության, ուսուցիչների, ընտանիքն ու կարիերան համատեղելու՝ իր բանաձևի մասին։

–  Հարգելի´ Մարիանա, ողջունում եմ Ձեզ մեր հյուրասրահում։ Այսօր խոսելու ենք 21-րդ դարի կրթության մասին։ Եվ այսպես, մենք ապրում ենք տեխնոլոգիական դարաշրջանում, երբ փոփոխությունների արագությունը հսկայական է։ Այսպես կոչված Z սերունդը արմատապես տարբերվում է մեզանից տեխնիկական մտածելակերպով, աշխարհայացքով, ձգտումներով։ Ինչպիսի՞ն պետք է լինի 21-րդ դարի կրթությունը, որ բավարարի այդ սերնդի ձգտումները։

– Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Իրավացի եք, հասարակության սոցիալ-տնտեսական կյան­­­քում, շնորհիվ գիտատեխնիկական առաջընթացի, մեծացել է տեղեկատվական տեխնո­լո­գիա­ների դերը: Համաշխարհային միտումների ուսումնա­սիրութ­յան արդ­յուն­քում կարելի է պնդել, որ գիտելիքն ու հմտութ­յուն­ը, որոնք ձեռք են բերվում ուսումնական հաստատություններում, արագորեն ծերանում են, հետևաբար կրթական համակարգին առաջադրվում են որակապես նոր պահանջներ: Անհրաժեշտություն է առա­ջա­նում կրթու­թյան ոլորտում կատարելու ար­­մա­­տական փոփոխություններ՝ սերտորեն կապ­ված ՏՀՏ արդի միջոցների գործարկ­ման և տարածման հետ։ Արդյունքում ձևա­վոր­վում են կրթու­թյուն ստա­նա­լու սկզբուն­­քո­­րեն նոր մոտեցումներ, որոնք հիմնված են հա­մա­կարգ­­չային և հեռահաղորդակ­ցա­կան տեխ­նոլո­գիաների վրա:

Ուստի ժամանակակից կրթական համակարգի առաքելությունը պետք է լինի ոչ միայն սովորողներին գիտելիքով զինելը, այլև ան­դա­դար ինք­նակր­թության պահանջ ձևավորելն ու ինքնակրթության ունա­կութ­յուն զարգացնելը:

– Ինչպե՞ս սովորեցնել ուսանողներին սովորել, աղբյուրներ ուսումնասիրել, փնտրել տեղեկատվություն և, առհասարակ, ուսումնառությունն ավելի արդյունավետ կազմակերպել։

– Ինչպես դասավանդման գործընթացում, այնպես էլ առհասարակ կյանքում սովորեցնելու լավագույն տարբերակը համարում եմ սեփական օրինակով ցույց տալը՝ օրինակ ծառայելը: Այդ իսկ պատճառով դասախոսը ևս պետք է անընդհատ զարգանա, երբեք կանգ չառնի՝ բավարարվելով ունեցած ձեռքբերումներով: Ժամանակակից ուսանողներին սովորել կամ տեղեկատվություն փնտրել սովորեցնելու համար պետք է, նախևառաջ, հասկանալ ուսանողին և նրան մոտիվացնելու եղանակները, և շարունակական կապի մեջ գտնվել ուսանողի հետ: Կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ լսարանից ուսանողն առավելագույնը տանի իր հետ, սակայն չբավարարվի դրանով և անձամբ, տարբեր գործիքներով ուսումնասիրի տեղեկատվական աղբյուրներ և ամբողջացնի լսարանում ձեռք բերած գիտելիքը:

Շատ եմ կարևորում նաև ուսանող-դասախոս անմիջական, բայցև չափավոր շփումները լսարանից դուրս, ոչ ֆորմալ միջավայրում:

– Անհատականության ձևավորման գործում մեծ է ուսուցչի դերակատարությունը՝ անկախ նրանից, թե կրթական որ աստիճանում է սովորողը: Ունեցե՞լ եք արդյոք այդպիսի ուսուցիչներ և ինքներդ կրո՞ւմ եք այդ պատասխանատվությունը։

– Ոչ միայն կրթական գործընթացում, այլև կյանքում ուսուցչի դերակատարությունը անգնահատելի է: Ես այն երջանիկներից եմ, ով ունեցել է բազմաթիվ լավ ուսուցիչներ (ուսուցիչներ, դասախոսներ, կոլեգաներ, ընկերներ): Իմ ձեռքբերումների համար նրանց եմ պարտական նաև: Գիտակցելով, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ուսուցիչը ուսանողի՝ որպես մարդ, որպես մասնագետ ձևավորման գործում, փորձում եմ հնարավորինս պատասխանատու կերպով մոտենալ այս հարցին:

Իմ խորին համոզմամբ՝ դասախոսի գործառույթը չի սահմանափակվում միայն դասընթացի շրջանակում գիտելիքի փոխանցմամբ: Դասախոսի կարևորագույն խնդիրն է նաև դաստիարակել լավ մարդ, ազգային կայուն արժեհամակարգով և հայրենիքին պիտանի քաղաքացի: Անձամբ ես անչափ կարևորում եմ մարդկային բարձր որակները: Այն, ինչ ստացել եմ կյանքում իմ ուսուցիչներից, փորձում եմ սերմանել նաև ուսանողների մեջ՝ հայրենասիրություն, ընկերասիրություն, նվիրվածություն, սկզբունքայնություն և խոչընդոտներին դիմակայելու ու խնդիրները հաղթահարելու ուժ, կամք և հաստատակամություն: Բոլորիս քաջ հայտնի է, որ կյանքի տարբեր իրավիճակներում կարող ենք հայտնվել ակամայից թվացող անելանելիության կամ խոր հիասթափության մեջ: Ես փորձում եմ նրանց մեջ դաստիարակել կամային բարձր հատկանիշներ՝ այդ իրավիճակները լուծելի դարձնելու և պատվով դուրս գալու համար: Միշտ և ցանկացած հարցում բաց եմ ուսանողների առջև որպես ավագ ընկեր, խորհրդատու: Ամփոփելով հավելեմ՝ սիրում եմ ուսանողի ՄԱՐԴ տեսակը:

– Համավարակով պայմանավորված՝ առցանց կրթությանն անցումը մեզ որոշակի փորձառություն տվեց՝ դիտարկելու կրթության առցանց և անցանց տարբերակները: Ըստ Ձեզ՝ ապագայի կրթությունը վիրտուալ տիրույթ փոխադրվելու միտում ունի՞, թե՝ ոչ:

– Իհարկե, համավարակը և՛ փորձություն, և՛ փորձառություն էր մեզ համար, ինչի շնորհիվ հասկացանք, թե որքանով ենք պատրաստ առցանց կրթության, կարողացանք համեմատել կրթության առցանց և անցանց տարբերակները, բայց ես դեռ ատենախոսության վրա աշխատելիս եմ փաստել, որ առցանց կրթությունը այլևս իրողություն է, և համաշխարհային միտումները տանում են դեպի վիրտուալ կրթություն: 21-րդ դարն անհնար է պատկերացնել առանց հեռավար կրթության: Մինչև համավարակն էլ բազմաթիվ բարձրագույն ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ մեր երկրում, առաջարկում էին հեռավար կրթություն: Ուղղակի այս տիրույթում անհրաժեշտ է ՏՏ կիրառման բարձր արհեստավարժություն՝ բոլոր գործիքներին տիրապետելու համար և հարկ է ունենալ բարձր պատասխանատվությամբ, գիտակից, մոտիվացված ուսումնառողներ՝ կրթությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու համար:

Ժամանակի կառավարում, սոցիոլոգիա, սոցիալական մենեջմենթ դասավանդող կին գիտնական-մանկավարժի համար ինչպե՞ս է լուծում ստանում սոցիալական բոլոր դերերի համատեղումը: Կա՞ն բանաձևումներ, որոնք այլոց ևս կարող են օգտակար լինել:

– Սոցիալական բոլոր դերերի համատեղումը ներդաշնակ կյանքի գրավականն է: Իրականում այս բարդ համատեղումը հնարավոր է դառնում, երբ կողքիդ կա մշտապես աջակցող և ցանկացած հարցի ըմբռնումով մոտեցող ամուսին (կողակից), նաև օգնության են գալիս մասնագիտական ունակությունները: Բանաձևը շատ պարզ է՝ սահմանե՛ք առաջնահերթություններ և Ձեզ շրջապատե՛ք ճիշտ մարդկանցով (սա նաև այն հիմնական խորհուրդներից է, որ տալիս եմ իմ ուսանողներին):

– Վերջում՝ մի քանի բլից-հարց.

– Լավագույն ֆիլմը, որ երբևէ դիտել եք։

– Ուիլ Սմիթի գլխավոր դերակատարությամբ գրեթե բոլոր ֆիլմերը, մասնավորապես՝ «Հետապնդելով երջանկությունը»։

– Գիրք, որը վերընթերցելու պահանջ եք զգացել:

– Ալեքսանդր Դյումա. «Կոմս Մոնտե Քրիստո»։

– Երաժշտությունը Ձեր կյանքում։

– Իմ հանգստի և ճամփորդության կարևոր մասնիկն է։

– Ի՞նչը կարող է Ձեզ ուրախացնել։

– Ամեն մանրուք կարող եմ կարևորել և ուրախանալ դրանով։         

– Ի՞նչը կարող է Ձեզ զայրացնել։

– Մարդկային անտարբերությունը, անսկզբունքայնությունը։

– Ի՞նչն եք ամենից շատ արժևորում մարդկանց մեջ։

Ազնվությունը, նվիրվածությունը, կամեցողությունը, լավը տեսնելու ունակությունը։

Լուսանկարները՝ Մարիանա Քոչարյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *