Սովորեցնողի նպատակը պետք է լինի գիտելիքի ինտրիգային էությունը բացահայտելը, սովորողին սխրանքների մղելը. Լիլիթ Հակոբյան

«Երիտասարդ դասախոսը», որի հետ զրուցել ենք այս շաբաթ, ՀՊՏՀ լեզուների ամբիոնի ասիստենտ Լիլիթ Հակոբյանն է։

Լիլիթ Հակոբյանը ՀՊՏՀ-ում աշխատում է 2019 թվականից։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ։ ՀՊՏՀ-ում դասավանդում է «Հայոց լեզու և հայ գրականություն», 2020 թվականին հիմնադրել է ՀՊՏՀ գրամշակութային ակումբը։

2 ձեռնարկի և 7 գիտական հոդվածի հեղինակ է, շուրջ մեկ տասնյակի հասնող գրքերի, դասագրքերի խմբագիր։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է հայոց լեզվի պատմությունը, լեզվի զարգացման փուլերը, վերջին շրջանում նաև լեզվաբանության և արհեստական բանականության առնչությունները։

Համաշխարհային կրթական հեղինակավոր կառույցներից մեկի՝ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի՝ «Հայ և համաշխարհային գրականություն» առարկան դասավանդող առաջին հայ ուսուցիչն է, Վիեննայի միջազգային դպրոցի ուսուցիչ, «Քվանտ» վարժարանի հասարակության հետ կապերի պատասխանատու։ 

– Եկեք միասին վերհիշենք Ձեր կյանքի և գործունեության այն ժամանակաշրջանը, որը պայմանավորեց Ձեր մասնագիտական ճակատագիրը, այսինքն՝ նվիրվածությունը բանասիրությանը։ Ե՞րբ և որտեղի՞ց ծնվեց սերը հայոց լեզվի և գրականության հանդեպ։

– Անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ մասնագիտությանս ընտրությունը պատահական է եղել։ Ես այն երջանիկներից եմ, որ հնարավորություն եմ ունեցել միջնակարգ հիանալի կրթություն ստանալու՝ չնայած մութ, ցուրտ, բարդ ու ծանր ժամանակներին։ Մինչև 10-րդ դասարան գերազանց սովորում էի բոլոր առարկաները, ոչ միայն սովորում էի, այլ նաև մասնակցում տարբեր առարկաների (հայոց լեզու, գրականություն, պատմություն, մաթեմատիկա, աշխարհագրություն) օլիմպիադաների՝ արձանագրելով հաջողություններ։ Քանի որ 5 առարկայի օլիմպիադայի քաղաքային փուլերում միայն հայոց լեզվից և գրականությունից առաջին կարգ ստացա, որոշեցի մասնակցել միայն դրանց հանրապետական փուլին։ Մասնագիտության ընտրության հարցում մեծ դերակատարություն ունեցավ նաև հայոց լեզվի ուսուցչուհուս հանդեպ մեծ սերը։ Այնուհետև ընդունվեցի «Քվանտ» վարժարան, և հանդիպումը անվանի գրականագետ Վլադիմիր Կիրակոսյանի հետ ճակատագրական եղավ ինձ համար. նա՝ իմ կյանքի ամենամեծ ուսուցիչներից մեկը, դիվանագետ դառնալու մեծ ցանկություն ունեցողիս բարեկամաբար խորհուրդ տվեց ընտրել բանասիրությունը։ Ընտրեցի ու չեմ զղջում։ Շատ սիրում եմ իմ մասնագիտությունը և մեծ խանդավառությամբ եմ կատարում աշխատանքս։

– Ի՞նչ եք հասկանում լավ կրթություն ասելով։

– Լավ կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է հրաժարվել կաղապարային, դոգմատիկ մոտեցումներից, ապահովել կրթական գործընթացի ստեղծագործականությունը։ Անհրաժեշտ է ոչ թե սովորեցնողի մենախոսություն, այլ սովորողի և սովորեցնողի արդյունավետ երկխոսություն, այդ երկուսի փոխշահավետ համագործակցություն, որից սովորեցնողը նույնպես շատ բան կարող է սովորել: Հենց այդ համագործակցության շնորհիվ կզարգանան սովորողի շատ հմտություններ, խնդիրները միասին լուծելու կարողությունները:

Մի բան պիտի ասեմ, որը գուցե հակասական թվա․ այսօր սովորողին պետք է ոչ թե կրթել, այլ ոգևորել, ներշնչել։ Չափազանց կարևոր է կրթության հանդեպ խանդավառություն արթնացնելը։ Կրթական գործընթացի մասնակիցները՝ թե՛ սովորողը, թե՛ սովորեցնողը, պիտի համակված լինեն մեծ ոգևորությամբ։ Միայն այդ դեպքում ցանկալի արդյունքը երկար չի սպասեցնի։

Լավ կրթություն ասելով՝ հասկանում եմ ներդաշնակություն կրթության և աշխատաշուկայի առաջադրած պահանջների միջև։

– Ձեր կարծիքով՝ բուհական կրթությունն այսօր որքանո՞վ է արտացոլում ներկայիս սերնդի կարիքներն ու հետաքրքրությունները, ավանդական և նորարարական մեթոդները որքանո՞վ են լրացնում միմյանց։

– Դժվար է ասել՝ որքանով է արտացոլում, սակայն ակնհայտ է մի բան. այսօր խոր անդունդ է գոյացել կրթության և աշխատաշուկայի առաջադրած պահանջների միջև…

Շատերը կարծում են, որ ուսուցման ավանդական մեթոդները վաղուց սպառել են իրենց. անհրաժեշտ են նոր մեթոդներ, մյուսներն էլ հակառակն են պնդում՝ որպես ասածի վկայություն բերելով խորհրդային ժամանակաշրջանում թե´ հանրակրթության, թե´ բուհական կրթության արձանագրած նվաճումները:

Ես նշածս բևեռներից ոչ մեկին չեմ հարում, որովհետև համոզված եմ, որ երկուսն էլ ծայրահեղ են: Ինքս համալսարանական ուսումնառության տարիներին սովորել եմ շատ մեթոդներ, բայց դրանցից ոչ մեկը ամբողջությամբ չեմ կիրառել՝ համոզված լինելով, որ  սովորողի և սովորեցնողի համագործակցության դաշտում ոչ մի օրենք, ոչ մի օրինաչափություն լիարժեքորեն չի աշխատում:

Կարծում եմ՝ պետք է ներդաշնակորեն համադրել դասավանդման ավանդական ու ժամանակակից մեթոդները, ստանալ մի հետաքրքիր շաղախ՝ ավանդականի և նորի պահանջներին համապատասխան կրթություն, որտեղ սովորողը կրթական գործընթացի ոչ թե պասիվ ունկնդիրն է, այլ գործուն  մասնակիցը:

– Փոփոխությունների ի՞նչ ուղիներ եք Դուք տեսնում։ Ո՞րն է Ձեր ճանապարհային քարտեզը։

– Ճանապարհային իմ քարտեզը առավել քան պարզ է. պետք է հաշվի առնել ոչ միայն սովորեցնողի, այլև սովորողի ցանկությունները։

Ժամանակակից սովորողը շատ դեպքերում չափազանց գործնական է տրամադրված և ցանկանում է սովորել բաներ, որոնք պիտանի կլինեն իր համար (որոնցով կարող է գումար վաստակել), նույնիսկ մասնագիտության ընտրության հարցում ուղղորդվում է այդ մոտեցմամբ: Կարծում եմ՝ դա արդարացի պահանջ է:

Ի՞նչ պիտի անի ժամանակակից սովորեցնողը: Նա պիտի առաջարկի «պիտանի» գիտելիք՝ տեսականի և գործնականի համադրությամբ, և հիմնավորի փոխանցվող գիտելիքի «պիտանիությունը», կիրառելիությունը:

– Ուսանողների, աշակերտների  հետ ամենօրյա աշխատանքում ի՞նչ դիրքորոշում եք որդեգրում, ինչպե՞ս եք կառուցում Ձեր հարաբերությունները նրանց հետ:

– Ամեն ինչ շատ պարզ է. ոչ մի հատուկ բան չեմ անում, փորձում եմ լինել այնպիսի դասախոս, ուսուցիչ, ինչպիսին կցանկանայի ունենալ։ Այն դասախոսը չեմ, որ գիտի բոլոր հարցերի պատասխանները։ Ես անընդհատ նոր հարցեր ունեմ, ուսանողի փայլուն պատասխանից, գրագետ ու անմիջական խոսքից մեծապես ոգևորվում եմ, ուսանողներից շատ բան եմ սովորում։ Խորապես համոզված եմ, որ մեր դարում սովորելու աղբյուրները շատ են ու բազմազան, սովորեցնողի նպատակը պետք է լինի աշակերտին, ուսանողին ոգեշնչելը, սեփական ուժի նկատմամբ հավատ ներշնչելը, գիտելիքի գայթակղիչ, ինտրիգային էությունը բացահայտելը, սովորողին սխրանքների մղելը։ Աշակերտներիս, ուսանողներիս հետ հարաբերությունները փորձում եմ կառուցել հենց այս մոտեցումներով։

– Ինչպիսի՞ն են այսօրվա երիտասարդները։

– Այսօրվա երիտասարդները շատ սկզբունքային են, համարձակ, բարոյական բարձր նկարագիր ունեն, գիտեն՝ ինչ են ուզում և նպատակասլաց կերպով անշեղորեն գնում են դեպի իրենց ցանկությունների իրականացում։

– Թա՞նկ եք գնահատում Ձեր ուսանողական տարիները, կա՞ մի բան, որ բաց եք թողել այդ տարիներին և հիմա զղջում եք։

– Չափազանց թանկ եմ գնահատում, քանի որ այդ տարիներին ոչ միայն առիթ ու հնարավորություն եմ ունեցել լավ կրթություն ստանալու, հայագիտության կարկառուն դեմքերին (Գ. Ջահուկյան, Հ. Բարսեղյան, Ա. Սուքիասյան, Ռ. Ղազարյան և այլք) ճանաչելու, նրանց ուսանողը լինելու, այլև հիանալի ընկերներ ձեռք բերելու։ Թեև հարուստ չէինք, և կային շատ խնդիրներ, բայց անհոգ էինք։ Այդ տարիներին ձևավորվել է մի ջերմ բարեկամություն, որի քաղցր պտուղները վայելում եմ նաև այսօր։ Ուրախությամբ պիտի ասեմ, որ դա իմ կյանքի ամենաարդյունավետ շրջանն է. ոչինչ բաց չեմ թողել։

– Ժամանակը, բնականաբար, շատ բան է ջնջում մեր հիշողությունից։ Ի՞նչը երբեք չեք մոռանա։

– Այո՛, համաձայն եմ, շատ բան է ջնջում, պահում է միայն ամենածայրահեղ դրսևորումները՝ կյանքի լավագույն ու վատագույն դրվագները։ Կյանքն այդ առումով չափազանց առատաձեռն է գտնվել իմ նկատմամբ՝ ինձ տալով և՛ ցավոտ, ցավեցնող, դառը, և՛ ապրեցնող, վերածնող, ոգևորող ապրումներ։ Դժվարանում եմ առանձնացնել մեկ-երկուսը։

– Հիշո՞ւմ եք Ձեր կարդացած առաջին գիրքը։

– Փոքրածավալ գրքեր շատ վաղ տարիքից եմ կարդացել։ Առաջին լուրջ գիրքը կարդացել եմ չորրորդ դասարանում. Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպն էր։

– Իսկ վերջի՞ն գիրքը, որ կարդացել եք…

– Ցավոք, մեծ ծանրաբեռնվածության պատճառով չեմ հասցնում հաճախ կարդալ։ Վերջին գրքի՝ Մարկ Արենի «Բարի գործերի քաղաք» ստեղծագործության ընթերցումն ավարտել եմ մոտ մեկ ամիս առաջ։ Վերջին օրերին մեծագույն հաճույքով կարդում եմ ավագ գործընկերոջս՝ Զուխրա Երվանդյանի բանաստեղծությունների ժողովածուն։

– Իսկ Ձեր ուսանողները կարդո՞ւմ  են:

– Կարդում են, շատ են կարդում և ունեն գրական բարձր ճաշակ։ Վստահեցնում եմ, որ կարդացողները մեկը կամ երկուսը չեն։ Ասածիս վկայությունն այն է, որ հենց իմ դասավանդած առարկայի շրջանակում ուսանողները հաճախ ներկայացնում են այնպիսի գրքեր, որոնք ինձ էլ ծանոթ չեն (նման իրավիճակներում ուրախությամբ և կատակով արձագանքում եմ, որ վստահ էի, թե չունեմ չկարդացած գիրք, մինչդեռ դրանք կան ու շատ են)։ Եվ ուրախալին այն է, որ ոչ միայն պարտադիր գրականություն են կարդում, այլև իրենք են ընտրում գիրքը, ունեն կարծիք գրքի մասին և չեն վախենում այդ կարծիքը բարձրաձայնելուց։

ՀՊՏՀ տարբեր կուրսերում ընթերցասեր ուսանողներիս մեծ բանակը ստիպեց համալսարանում ստեղծել գրամշակութային ակումբ, որի շրջանակում պարբերաբար կազմակերպվում են գրքերի քննարկումներ, գրողների հետ հանդիպումներ:

– Ո՞րն է ներդաշնակության և խաղաղության Ձեր հանգրվանը:

– Բնությունն է ներդաշնակության ու խաղաղության իմ հանգրվանը, ժամերով կարող եմ առանձնանալ բնության գրկում, վայելել բնության լռությունն ու հմայքը…

Լուսանկարները՝ Լիլիթ Հակոբյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *