Վահրամ Ոսկանյան. արվեստագետի հոգով ապագա տնտեսագետը

Սիրելի´ ընթերցող, սիրով ձեզ ենք ներկայացնում ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի «Մարքեթինգ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Վահրամ Ոսկանյանին և նրա բանաստեղծությունները: Վահրամը ՀՊՏՀ մշակութասեր հանդիսատեսին ծանոթ է մեր ուսանողների մասնակցությամբ բեմադրված «Իմ անուշ տղա» ներկայացումից, որում մարմնավորում էր նկարիչ Դավթի կերպարը:

Ուշագրավն այն է, որ Վահրամն իրականում էլ ստեղծագործական ներշնչանքով օժտված երիտասարդ է, որին մանուկ հասակից հմայել է արվեստի աշխարհը՝ բազմակերպ ու գունեղ դրսևորումներով: Նա իր ուժերը փորձել է գեղանկարչության, քանդակի, այսօր արդեն՝ լուսանկարչության մեջ և բեմարվեստում: Սովորում է նաև Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայում:

«Ինձ համար ներշնչանքի աղբյուր է ամեն գեղեցիկ բան, որ գտնում եմ իմ շրջապատում՝ արվեստում, բնության մեջ, մարդկային փոխհարաբերություններում… Կարծում եմ՝ ներշնչանքն ու ստեղծագործական որոնումները ժամանակի ընթացքում փոխակերպումների են ենթարկվում, նոր ոգևորություն և լիցքեր փոխանցում մարդկանց՝ արվեստի ուժը դարձնելով հարատև»,- ասում է Վահրամը:

Առաջին գրական-բանաստեղծական փորձերը նա կատարել է երեք տարի առաջ և, ինչպես կհամոզվեք, օրեցօր իր գրվածքներն օժտել է անկեղծ հուզականությամբ, խոհերով ու պատկերներով:

                 Ձյունե թագուհին

Կուզեի քեզ հետ ապրել այս աշունը ևս, որովհետև մենք սիրո աշուն չունեցանք․ մեր սիրո աշունն ամառն էր։

Եվ մենք չգրկեցինք իրար՝ ցուրտը որպես պատճառ ընտրելով,

ինչպես տերևներն են փարվել այս հողին սառած՝

մեջքները գալիք ձյանը պարզելով։

Դու ձյունն ընտրեցիր որպես ապաստան

ու ձյունն ես գրկել գարնան արևին

գուցե ակամա՝ քո բարակ մեջքը ընդմիշտ դեմ տալով։

Իսկ նա հալչում է, և դու թրջվում ես ու դեռ զարմանում,

որ սրտեր այրող ամառները այդ,

քո հոգին վաղուց էլ չեն ջերմացնում։

                                      ***

Հիմա փակել ես սենյակիդ պատուհանը

թավ վարագույրով, որ ես չտեսնեմ, բայց մոռացել ես,

որ սենյակիդ դուռը փողոց է բացվում:

Քեզ, հավանաբար, խաբված ես զգում՝

խաչված ու լքված։

Բայց բանն այն է, իմաստո՛ւն օրիորդ,

որ թույլ չես տալիս

ինձ դուռդ ծածկել։ Թեկուզև՝ դրսից. ես չեմ տրտնջա։

Որովհետև սխալ ճակատ ես թշնամուդ պարզել

ու սխալ թիկունք` քո բարեկամին։

                                ***

Կկտրվենք մենք սարդոստայնից այն,

Ուր թավալվում են այս անբախտ մարդիկ,

Կտրվենք միայն մեր երազներին,

Ու մենք էլ մի փուչ երազ կդառնանք։

Կպոկվենք մեր հին հուշերից նաև,

Որոնք մեզ կապում ու բաժանում են,

Որոնցից կախված ապրում ենք այս հին

Ու արդեն լսված տխուր մեղեդին։

                                  ***

Երևի միայն իմ ժամացույցն է,

որ ժամսլաքը րոպեի տեղը՝ իր գործը թողած,

կիրակիներն իրարից զատող

այդ չարաբաստիկ շաբաթն է ցուցում։

Հիսունութ, հիսունինը․․․

Ու այդ անիծյալ վաթսուներորդը,

որից հետո, վերքդ` հազիվ սպիացած, նորից է բացվում։

Ու, ցավոք, միայն իմ օրացույցն է,

որ վանդակներում, քսանչորս ժամանոց ակնթարթից զատ,

կյանքից զուրկ ու փուչ ամբողջ տարի է շղթայած պահում։

Քսանինը, երեսուն․․․

Ու թե բախտն այս անգամ ևս ինձ մեջքը պարզի,

երեսունմեկն էլ ամսվա վերջում

ականջահաճո անեծքը  «բարի»  գիշերվա մասին

դեմքիս կճառի։

                             ***

Նույնիսկ սիրելի հայելիդ, չդիմանալով հայացքիդ անտարբերությանը,

անճարությունից գլուխը կորցրած՝ հատակին ծեփվեց․

ա՜խ այդ հայացքը․․․

Սկսեցիր բարակ մատներովդ հավաքել ապակու փշուրներն ու

համառորեն դրանք փորձել միացնել՝

նորից հայելու արտացոլանքում

գեթ մեկ անգամ դեմքդ գտնելու համար․

ա՜խ այդ մատները․․․

Ի զարմանս քեզ ու ի դժբախտություն ինձ՝

ամեն կտորին իմ աչքերն էին․

նորից նույն սիրով ու կարեկցանքով

աչքերիդ փայլն էին փնտրում անաղմուկ։

Ի դժբախություն քեզ ու ի զարմանս ինձ՝

աչքերդ լուսե առաջվա կայծն էլ չունեն, սիրելի՜ս․

ա՜խ այդ աչքերը․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *