Տիգրան Բաղդասարյան. «Ցանկացած դժվարություն հաղթահարելի է, պարզապես ցանկություն է պետք»

Համառոտ տեղեկանք

Տիգրան Բաղդասարյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 19-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում: Սովորել է N 1 հիմնական դպրոցում, այնուհետև Վիտալի Ջահանգիրյանի անվան N 11 ավագ դպրոցում:

2017 թվականին ընդունվել է ՀՊՏՀ մարքեթինգի ֆակուլտետ՝ «Մարքեթինգ» մասնագիտությամբ: Այժմ նույն ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող է:

Բանակ զորակոչվել է 2019 թվականի հունվարի 29-ին: Ծառայել է Խոջալուի տանկային բրիգադում, եղել է հրետանավոր, հրետանային դասակի հրամանատարի տեղակալ: Պատերազմի օրերին կռվել է Ջրականում (Ջաբրայիլ)։

–Ինչպե՞ս որոշեցիք ընդունվել ՀՊՏՀ, և ինչո՞ւ հենց «Մարքեթինգ» մասնագիտությամբ։

–Երկար ժամանակ որոնումների մեջ էի, թե որ համալսարանում սովորել։ Ըստ վարկանիշի՝ տնտեսագիտական ուղղվածություն ունեցող բուհերից լավագույնը մեր համալսարանն է։ Տատանվում էի երկու մասնագիտությունների միջև՝ ֆինանսնե՞ր, թե՞ մարքեթինգ։ Դիմումս լրացնելիս ընդունող հանձնաժողովի աշխատակիցն ասաց, որ մարքեթինգ մասնագիտությունը ստեղծարար մտքի տեր մարդկանց համար է։ Կատարեցի ընտրությունս և այժմ մեկ գրամ անգամ չեմ փոշմանում։

–Ուսումը շարունակել եք ծառայությունից հետո։ Դժվար չէ՞ր հարմարվել նոր կուրսին, կրկին վերադառնալ ուսանողական և ուսումնական առօրյային։

–Դժվար էր, հատկապես՝ պատերազմական գործողություններից հետո. անհրաժեշտ էր մի պահ կանգ առնել, նայել հետ, սթափվել ու առաջ շարժվել։ Մենք կորցրել ենք մեր ընկերներին, մահին դեմ դիմաց ենք կանգնել, բայց, ինչպես ասում են՝ թունելի վերջում մի լույս վառվում է։

Պատերազմից հետո համալսարանում ինձ համար ամենալուսավոր մարդը ընկեր Դադայանն է։ Դժվար էր սովորել, վանել վատ մտքերը: Անտեսել էի դասերս, որովհետև մտքերս պատերազմի դաշտից չէին կտրվում։ Իսկ ընկեր Դադայանն իր վրա վերցրեց ինձ սթափեցնելու, մոտիվացնելու, լսելու, օգնելու, հասկանալու բարդ գործը։ Ես չեմ կարող բառերով նկարագրել այն ոգևորությունը, որն ընկեր Դադայանն ապրում էր անգամ ամենափոքր հաջողությանս դեպքում։ Իսկ այդ ամենը էլ ավելի պարտավորեցնող էր։ Որոշ ժամանակ անց առաջադիմությունս  բարձրացավ, անգլերեն սովորեցի ու հենց նրա խորհրդով դիմեցի «Էրազմուս +» ծրագրին։ Անհաջողություններ, իհարկե, եղան, բայց չկոտրվեցի։ Այժմ ծրագրի շահառուներից եմ, ուսումս շարունակելու եմ Խորվաթիայի Յոսիպ Յուրայ Շտրոսմայեր Օսիյեկի համալսարանում։ Ու այս ամենը՝ իմ սիրելի ընկեր Դադայանի շնորհիվ։ 

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ երախտագիտությունը հայտնել սիրելի դասախոսիս։  Ընկե´ր Դադայան, Ձեր շնորհիվ ես հասկացա, որ ցանկացած դժվարություն հաղթահարելի է, պարզապես ցանկություն է պետք։ Ձեր նվիրումը աշխատանքին, մարդկանց օգնելու, սատար կանգնելու պատրաստակամությունը անչափ մեծ են։ Ձեր շնորհիվ ես վերագտա ինձ և ինչու ոչ՝ նաև իմաստը ցանկացած  նոր օրվա:

–Եթե մի փոքր հետ գնանք ժամանակագրորեն. հե՞շտ էր Ձեզ համար հարմարվել զինվորական կյանքին։

 –Հայրս փոխգնդապետ է, մանկությունս և պատանեկությունս անցել է զինվորականների մեջ, նրանց  դաստիարակությունն եմ ստացել ու զինվորական կյանքին հարմարվելու խնդիր չի առաջացել։

–Ասում են, թե զինվորականների որդիները հակված են շարունակելու իրենց հոր գործը։ Ունեցե՞լ եք կամ ունե՞ք նման մտադրություն։

–Այո՛, իրավացի եք, ապրել զինվորականի ընտանիքում ու չմտածել զինվորական դառնալու մասին՝ գրեթե անհնար է։ Հիշում եմ դեռ 5-6 տարեկան էի, երբ հերթական անգամ դրեցի հորս զինվորական գլխարկն ու շատ վստահ ձայնով ասացի, որ արդեն զինվոր եմ, գնում եմ ծառայելու ու հորս նման միշտ համազգեստ եմ հագնելու, պաշտպանելու եմ հայրենիքս։ Հայրս մեղմաբար շոյեց գլուխս ու ասաց․ «Դու հայրենիքին արժանի զինվոր կլինես»։

Արդեն ծառայում էի, երբ հասկացա, որ սովորելով ու դառնալով լավ մասնագետ ավելի շատ օգուտ կարող եմ տալ հայրենիքիս։ Իսկ հայրենիքին ծառայելը ո´չ գործ է, ո´չ մասնագիտություն, այն կոչում է, որը ոչ բոլորը կարող են կրել։

–Արդարացրի՞ք Ձեր հոր սպասելիքները։

–Կարծում եմ՝ այդ մասին միայն նա կարող է ասել։

–Որքան տեղյակ ենք՝ Դուք զինվորական պարգևների եք արժանացել։

–Այո´, բազմաթիվ շնորհակալագրեր, հավաստագրեր եմ ստացել, 4 մեդալ՝ Բանակի գերազանցիկ, Քաջարի մարտիկ, 3-րդ կարգի հրետանավոր, ներկայացված էի նաև Մայրական երախտագիտություն և Լավագույն մարզիկ մեդալներին։ Եղել եմ ավագ սերժանտ։

–Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք։

– «Ոչինչ հավերժ չէ»։ Պարզապես պետք է գիտակցել այդ պարզ փաստը ու առաջ շարժվել, ապրել՝ ինչքան էլ որ դժվար լինի։ Շատ դժվար է, այո´, շատ են կորուստները, բայց տեղում կանգնելով մենք չենք սփոփի մեր ցավը։ Մեր զոհված ընկերները կիսատ թողած երազանքներ ունեն, որոնք մենք  պետք է իրագործենք։

–Ի՞նչ նպատակներ կամ երազանքներ ունեիք մինչև ծառայության մեկնելը և վերանայե՞լ եք արդյոք դրանք:

–Ինչպես ասացի, փոքր տարիքում երազանքս զինվորական դառնալն էր, հետո նպատակ դրեցի սովորել ու լավ մասնագետ դառնալ։ Գիտե՞ք, երբ վերհիշում եմ ինձ ու իմ երազանքները մինչ ծառայությունը, պարզապես հասկանում եմ, որ այն ժամանակ ամեն ինչին  մատների արանքով եմ նայել, բավարար չափով լուրջ չեմ վերաբերվել: Հիմա բոլորիս երազանքը մեկն է՝ խաղաղություն, իսկ նպատակս էլ առանձնակի չի փոխվել՝ պարզապես առաջ եմ շարժվում ավելի հասուն, հաստատակամ քայլերով։

–Շնորհակալություն, զրույցի համար, մաղթում ենք Ձեզ ուսումնառության հետաքրքրական ու բովանդակաշատ ժամանակաշրջան Խորվաթիայում:

Հ.Գ. Մինչ մեր հարցազրույցը պատրաստվում էր հրապարակման, Տիգրանը մեկնեց Խորվաթիա և սկսեց ուսումնառության մի նոր շրջափուլ: Ներկայացված վերջին նկարը Օսիյեկից է:

Նյութը պատրաստեցին Մարգարիտա Խաչատրյանը, Մարիամ Հարությունյանը, Վարդուհի Գալստյանը և Անի Դեգեմոնյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *