Տնտեսագիտականն ինձ համար հարազատ կրթօջախ է, հեղինակավոր ուսումնական հաստատություն և սիրելի աշխատավայր. Վարսիկ Տիգրանյան

«Երիտասարդ դասախոս» խորագրի այս հարցազրույցը ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի ավագ դասախոս Վարսիկ Տիգրանյանի հետ է։

Վարսիկ Տիգրանյանը մակրոտնտեսագիտության ոլորտի մասնագետ է, տնտեսագիտության թեկնածու։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկուն է՝ մակրոտնտեսական հիմնախնդիրներ, տնտեսական ցիկլեր, տնտեսական քաղաքականություն, մակրոտնտեսական մոդելավորում, զբոսաշրջություն, տնտեսական ինտեգրացիա, տնտեսագիտական ուսմունքների էվոլյուցիա:

Դասախոսելուն զուգահեռ զբաղվում է գիտահետազոտական աշխատանքով, մասնագիտական հմտություններն ու կարողությունները ընդլայնելու նպատակով մասնակցում է տեղական և միջազգային վերապատրաստումների ու դասընթացների:

Վարսիկ Տիգրանյանի հետ զրուցել ենք ՀՊՏՀ-ի, մասնագիտության ընտրության, երիտասարդ սերնդի, ուսանող-դասախոս հարաբերության մասին։

– Ձեր մասնագիտական կենսագրությունը սկիզբ է առնում ՀՊՏՀ-ից. ավարտել եք գերազանցության դիպլոմով, մակրոէկոնոմիկայի ամբիոնում եք երկար տարիներ: Ի՞նչ է Ձեզ համար Տնտեսագիտական համալսարանը՝ գուցե՝ ավելին, քան պարզապես կրթօջախ և աշխատավա՞յր:

– Ծնվել և մեծացել եմ տնտեսագետ-գիտնականի ընտանիքում: Հորս՝ Իշխան Տիգրանյանի աշխատանքային ուղին հազարավոր թելերով կապված է տնտեսագիտական համալսարանի հետ: Վաղ տարիքից լսել եմ «Ժողինստիտուտի» և նրա ականավոր ներկայացուցիչների մասին, ծնողներիս հետ միասին ուրախացել այդ տարիներին դեռևս նորաստեղծ, բայց իր կայացման ճանապարհը հաջողությամբ կերտող բուհի առաջընթացով: Ուստի Տնտեսագիտականն ինձ համար հարազատ կրթօջախ է, հեղինակավոր ուսումնական հաստատություն և սիրելի աշխատավայր:

– Ինչո՞վ էր պայմանավորված տնտեսագիտության ընտրությունը, և արդյո՞ք այլ երազանք չեք փայփայել:

– Դպրոցական տարիներին գերազանց առաջադիմություն ունեի բոլոր առարկաներից: Շնորհիվ հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչուհուս` տիկին Հովհաննիսյանի, ուզում էի բանասեր դառնալ: Հաճախում էի դաշնամուրի և մի պահ նույնիսկ մտածում էի երաժշտության ուղղությամբ շարունակել: Երբ վերջին դասարանում պետք է ընտրություն կատարեի, հայրս ասաց. «Ուզում եմ, որ տնտեսագետ դառնաս. դա քեզ արյամբ է տրված»: Մայրս էլ մասնագիտությամբ հաշվապահ է: Չհակառակվեցի հորս հորդորին, ինչի համար էլ ուրախ եմ: Հետո ընտանիք կազմեցի, ամուսինս հաշվապահ-տնտեսագետ  է, և զբաղվեցինք բիզնես գործունեությամբ։ Դա հնարավորություն տվեց շփվելու հասարակության լայն շերտերի հետ, դառնալ ավելի ճկուն, վստահ, ի վերջո վերադարձա հարազատ բուհ և արդեն 12 տարի է՝ աշխատում եմ այստեղ:

– Ձեզ փոքր-ինչ ճանաչելով կարող ենք եզրակացնել, որ շատ եք կարևորում մարդկային փոխհարաբերություններում գործընկերային վստահության, փոխօգնության, մասնագիտական համերաշխության հարցերը։ Իսկ որո՞նք են այն հիմնարար արժեքները, սկզբունքները, որոնց երբեք չեք դավաճանի։

– Երբեք չեմ անցնի կարմիր գծերը, չեմ դավաճանի իմ սկզբուններին, որոնք ձևավորվել են տարիների փորձառութամբ՝ աշխատանքում, մարդկանց հետ փոխհարաբերություններում: Աշխատում եմ լինել հնարավորինս անկեղծ, ազնիվ ու արդարամիտ:

– Ուսանող-դասախոս հարաբերություն. ի՞նչը կարող է կամրջել, և ի՞նչը կարող է խաթարել այդ հարաբերությունները:

– Ուսանող-դասախոս հարաբերությունները կարող է կամրջել անկեղծ շփումը, միաժամանակ՝ ակադեմիական արժեքներով առաջնորդվելը,  հնարավորություններիդ շրջանակում առավելագույն գիտելիք փոխանցելը: Երբ համակ ուշադրությամբ լսում են խոսքս ու հարցեր տալիս, հասկանում եմ, որ պատասխանատու եմ յուրաքանչյուր ասածիս համար: Այդ հարաբերությունները խաթարել կարող է օբյեկտիվության բացակա­յությունը, որովհետև ուսանողները շատ զգայուն են և լավ գիտեն իրենցից յուրաքանչյուրի հնարավորությունները:

– Մասնագիտական գործունեության ընթացքում եղե՞լ են իրավիճակներ, երբ ինչ-որ բան ազդել է Ձեր օբյեկտիվության վրա։ 

– Իրավիճակներ, որպես այդպիսիք, չեն եղել: Ակադեմիական միջավայրը գիտելիքի փոխանցում և անձնային աճ է ապահովում, և դասախոսը պետք է առաջնորդվի այդ նպատակադրումներով: Կարծում եմ՝ շատ հաճախ որպես դասախոսի օբյեկտիվության չափանիշ է դիտարկվում գնահատման գործընթացը, սակայն ինձ համար այն փոքր-ինչ երկրորդական է, առաջնայինը ուսանողին զարգացման ճանապարհ ցույց տալն է և գիտելիքի ամրապնդումը:

– Այսօրվա ուսանողը, հավանաբար, Ձեր զավակների սերնդակիցն է, և Դուք հնարավորություն ունեք համակողմանիորեն ճանաչելու նրան: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է այս սերունդը պատրաստ՝ կրելու ապագայի պատասխանատվությունն ու բեռը:

– Այո´, իմ երկու որդիները գրեթե ուսանողներիս տարեկիցն են։ Այսօրվա երիտասարդությունը առաջադեմ է, հայրենասեր, բանիմաց, ստեղծագործող ու նպատակասլաց: Պարզապես պետք է հարգել նրանց ազատությունը, ոգևորել, քաջալերել գաղափարները և հնարավորինս աջակցել: Այդ պարագայում նրանք կկրեն ապագայի և՛ պատասխանատվությունը, և՛ բեռը:

– Վերջում՝ մի քանի բլից-հարց

– Լավագույն ֆիլմը, որ երբևէ դիտել եք։

Ավստրալացի կին գրող Քոլին Մակքալոուի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Թփերում երգող թռչունները» ֆիլմը:

– Գիրք, որը վերընթերցելու պահանջ եք զգացել:

– Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպը:

– Երաժշտությունը Ձեր կյանքում։

– Նախ՝ հոգևոր սնունդ, իսկ վերջին տարիներին դարձել է առօրյայիս մի մասը: Որդիս երգարվեստում է, ինչը տաք գույներ է հաղորդում առօրյայիս: 

– Ի՞նչը կարող է Ձեզ ուրախացնել։

– Ընտանիքիս և հայրենիքիս ձեռքբերումները:

– Ի՞նչը կարող է Ձեզ զայրացնել։

– Անտարբերությունը, կասկածամտությունը, չարակամությունը, սահմանափակ մտածողությունը:

– Ի՞նչն եք ամենից շատ արժևորում մարդկանց մեջ։

– Լավատեսությունը, առաջ նայելու կարողությունը, անաչառությունը: 

Լուսանկարները՝ Վարսիկ Տիգրանյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *