Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին

Անի Եղոյան

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի մագիստրոս Անի Եղոյանի՝ «Կրիպտոակտիվների շուկայի զարգացման հիմնախնդիրները և հեռանկարները ՀՀ-ում» թեմայով մագիստրոսական թեզը ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամները միաձայն «Գերազանց» գնահատեցին։

Անին ՀՊՏՀ մագիստրատուրայի այս տարվա շրջանավարտներից է։ Բակալավրիատ ընդունվել է 2016-ին՝ «Ֆինանսներ» մասնագիտությամբ, ապա դիմել մագիստրատուրա՝ «Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում» մասնագիտությամբ։ Բակալավրիատում սովորելու տարիներին սկսել է հետաքրքրվել արժեթղթերի շուկայով. գրեթե ոչինչ չգիտեր այս ոլորտի մասին ու որոշեց՝ մագիստրատուրայում կխորացնի իր գիտելիքը հենց այս ուղղությամբ։ Գերազանց առաջադիմությամբ սովորեց և օրերս էլ, ինչպես ասացինք, փայլուն պաշտպանեց թեզը։

Ուսմանը զուգահեռ Անին գրեթե միշտ աշխատել է, մասնագիտական ունակությունները զարգացրել ԱՄՆ ֆոնդային շուկաներում։ Այս տարվա ապրիլից աշխատում է «Կոկա Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունում՝ որպես ֆինանսական վերլուծաբան։

Չի բացառում՝ միգուցե ասպիրանտուրա դիմի, սեփական բիզնես հիմնելու գաղափարը ընկերուհու՝ Անահիտի հետ փորձի կյանքի կոչել։ Զուգահեռ պատրաստվում է դասընթացներ վարել՝ արժեթղթերի շուկայի հիմնարար գիտելիքներ փոխանցելով նորաթուխ ֆինանսիստներին։

Արժեթղթերից ու ֆինանսներից բացի, Անին այլ հետաքրքրություններ ևս ունի՝ սիրում է սպորտ, հատկապես՝ լող, հաճախ է ճամփորդում, ակտիվ հանգստի սիրահար է։

Այս ամենով հանդերձ՝ Անի Եղոյանը անչափ համեստ, հուզական, նույնիսկ փոքր-ինչ ամոթխած աղջիկ է, բայցև հաստատակամ՝ իր նպատակներին հասնելու և կյանքում իր տեղը գտնելու հարցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *