Հասմիկ Ֆռանգյան
Ահա ևս մեկ դիմանկար, և կեզրափակենք ՀՊՏՀ բակալավրիատն ու մագիստրատուրան ավարտողների մասին մեր հակիրճ, բայց խոսուն դիմանկարների շարքը: Շատ ու շատ արժանավորների, որոնց մասին չպատմեցինք այս շարքում, ոչ թե անտեսեցինք, այլ չանդրադարձանք սոսկ ժամանակի սղության պատճառով:
Հասմիկ Ֆռանգյանի հետ աշխատում ենք շուրջ 5 ամիս: Խոհեմ, բանիմաց, համեստ և պատրաստակամ երիտասարդ մասնագետը ներդաշնակորեն հարմարվեց ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատանքային մթնոլորտին: Տնտեսագիտական համալսարանը, հետամուտ լինելով բուհի լավագույն ուսանողների համար որպես թիվ 1 գործատու հանդես գալու նախաձեռնությանը, կրկին հրաշալի ընտրություն կատարեց, իսկ մեզ հնարավորություն ընձեռեց վայելելու խելացի ու հմայիչ Հասմիկի գործընկերությունը:
Հասմիկն ավարտեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի «Մարքեթինգ» մասնագիտությամբ և գերազանցության Կարմիր դիպլոմի իր արժանավորությունն ապացուցեց ավարտական աշխատանքի փայլուն պաշտպանությամբ՝ «Թվային մարքեթինգի առանձնահատկությունները բժշկության ոլորտի ընկերություններում («Ավանտա» նորարարական բժշկության կենտրոնի օրինակով)» թեմայով: Ասենք, որ թեմայի ընտրությունը պատահական չէր, այլ գիտակցված և հետևողական: Իրեն հետաքրքրող ոլորտի վերաբերյալ Հասմիկը հետազոտական աշխատանք է կատարել՝ համադրելով ՀՊՏՀ-ում ձեռք բերած համակողմանի գիտելիքն և աշխատանքային փորձը: «Իրականում կուզենայի բժշկական մարքեթինգում հմտանալ, որովհետև ոլորտն իսկապես մարքեթինգի կարիք ունի, միաժամանակ զարգանում են և´ թվային գործիքները, և´ արհեստական բանականությունը: Բուժհաստատություններում Ռոբին ռոբոտի առկայությունը դրա վառ օրինակն է»,- ասում է Հասմիկը, բայցև անելիքների վերաբերյալ դեռևս չի շտապում որոշում ընդունել: Հաստատ գիտի՝ ուզում է մի բան փոխել մարդկանց կյանքում՝ դեպի դրականը, բարին, գունեղը. «Մարքեթինգն ընտրել եմ, որովհետև ստեղծագործական երանգ ունի: Կցանկանամ լինել, օրինակ, որևէ ընկերության կրեատիվ դիրեկտոր, բրենդինգային ընկերություն ղեկավարել, գուցե նաև՝ շարունակել բժշկական մարքեթինգում խորամուխ լինել»:
Հասմիկը ստեղծագործական ու ինքնատիպ անհատականություն է (սովորել է Արթիկի գեղարվեստի դպրոցում), զբաղվում է գրաֆիկական դիզայնով, հետաքրքրված է ճապոնական մշակույթով, արժեհամակարգով և հատկապես անիմեով:
Այսօր էլ նա որոնումների մեջ է, ստեղծագործական փնտրտուքի ու ինքնահաստատման ճանապարհին, որը, համոզված ենք, կպսակվի բարու, գեղեցիկի և օգտակարի դաշինքով:
Կանաչ ճանապարհ՝ մեր ուշիմ ու շնորհաշատ գործընկերոջը և ՀՊՏՀ բակալավրիատի ու մագիստրատուրայի բոլոր շրջանավարտներին: