Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին

Նշան Ղազարյան

Նշանը Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից է։ Տնտեսագիտական համալսարան է ընդունվել 2014 թվականին՝ «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ (կրթական ծրագիրը՝ միջազգային տնտեսագիտություն): Այսօր՝ 2022-ին՝ ութ տարի անց, մեր առջև հասուն ու խոհուն, սակավախոս ու վճռական մի երիտասարդ է՝ ուսած գիտելիք ու կենսափորձ: Բուհում մեկ կիսամյակ սովորելուց հետո Նշանը զորակոչվել է բանակ, «ապրիլյանի» ծանր օրերին Ջաբրայիլում է եղել։ Բակալավրիատն ավարտել է գերազանցությամբ, ավարտական աշխատանքը նվիրված էր հայ-վրացական տնտեսական համագործակցությանը, իսկ օրերս ամփոփիչ ատեստավորման պատասխանատու փուլն է հաղթահարել մագիստրոսական թեզի փայլուն պաշտպանությամբ և… անվրեպ՝ 20-ից 20: Ապագա միջազգայնագետի ուշադրության առանցքում այս անգամ հայ-իրանական տնտեսական համագործակցության հեռանկարներն էին։

Ահա և հետևում մնացին խենթ ու խելառ, անհոգ ու բովանդակաշատ ուսանողական օրերը։ Որքան բան տվեց համալսարանը՝ հրաշալի դասախոսներ, գիտելիք, փորձ, ամուր ընկերություն: Կուրսընկերներ Սերգեյի ու Ռոբերտի հետ ջերմ, անշահախնդիր հարաբերությունները շարունակվում են մինչ օրս. ապագա ծրագրերն էլ, կամա թե ակամա, առանց մեկը մյուսի չեն պատկերացնում։

Երևի թե, Նշանը շարունակեր խորամուխ լինել միջազգային տնտեսության թեմաներում կամ ընդուներ տարբեր բանկերից ու նախարարություններից ստացած աշխատանքի բազում առաջարկներից մեկը, եթե մի գեղեցիկ օր ձեռքը չվերցներ Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքն ու դրանից ոգեշնչված՝ չորոշեր, որ սեփական բիզնեսն է հիմնելու։ Արդյունքում այսօր ուսումնասիրում է «խելացի գյուղատնտեսություն», բայց և չի բացառում, որ ուսումը կշարունակի ասպիրանտուրայում, ինչից կարելի է հետևություն անել, որ մի օր, գուցե, բուհ մտնի որպես դասախոս։

Այնուհանդերձ, իրադարձություններից առաջ չանցնենք ու փաստենք,  որ համալսարանն այսօր նախապատրաստում է իր նոր թողարկումը՝ մասնագիտական կյանք ճանապարհելով Նշանին, նրա նման փայլուն ուսանողներին և հավատալով նրանց կայացմանն ու վերելքին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *