Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին

Լիանա Շահբազյան

Լիանա Շահբազյանը դեռևս հոգով ու մտքով բուհում է, թեև կես տարի առաջ ավարտել է և որպես դիպլոմավորված մագիստրոս աշխատանքային ակտիվ շրջափուլ սկսել «ՄԱՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում: Իրապես, դժվար է հրաժեշտ տալ մի հաստատության, որը շուրջ 6 տարի կրթել, դաստիարակել, զարգացրել է քեզ, որտեղ հարազատ մթնոլորտ է, ջերմ ու բարյացակամ մարդիկ:

«Կառավարում» մասնագիտության բակալավրիատի շրջանավարտը, ապա նաև «Գործարար վարչարարություն» մասնագիտության մագիստրոսն անկեղծանում է՝ Տնտեսագիտական համալսարանը հիմնարար գիտելիք է տվել, ձևավորել է նաև նեղ մասնագիտական հետաքրքրություններ, հետազոտական աշխատանքի հմտություններ և անգնահատելի փորձ է փոխանցել, որոնք սկզբում հաջողությամբ են պսակվել «Էլեկտրոնային առևտրի հիմնախնդիրները և զարգացման միտումները» ավարտական աշխատանքում, ապա՝ «Թվային տնտեսությունների զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում» մագիստրոսական թեզում:

Ուսումնառության մի շրջափուլ էլ բակալավրիատի 3-րդ կուրսեցու համար «Էրազմուս+» ծրագրով Բելգիայի Հասելթի համալսարանում սովորելու հնարավորությունն էր, որը դարձավ նոր գիտելիքի յուրացման, ինքնաճանաչողության, ինքնակազմակերպման և, իհարկե, ինքնուրույն կյանքի հնարավորություն, թույլ տվեց ավելի սկզբունքային ու համարձակ լինել:

«Հասելթում սովորելն ինձ առավել մոտիվացված է դարձրել ուսումնառության հարցում, առավել ուղղորդել դեպի գիտություն: Ուստի այսօր մի նոր ընտրության, նոր որոշման առջև եմ կանգնած՝ կրթությունս շարունակել հարազատ համալսարանի ասպիրանտուրայում կամ արտերկրում»,-ասում է Լիանան: Նա համոզված է՝ պետք է սեփական առաջընթացի բարձր նշաձող սահմանել և ռիսկի դիմելու վճռականություն ունենալ, քանի որ հաջողությունը սիրում է համարձակներին: Բայց վստահ է՝ ռիսկը պետք է կշռադատված լինի, հակառակ դեպքում՝ նոր հնարավորություններ չեն բացվի:

Միաժամանակ, վճռականություն և համարձակություն գովերգող Լիանան խոր ու երազող հոգի ունի, պոեզիայի և ասմունքի մեծ սիրահար է։

Ահա ևս մեկ դիմանկար: Այսպիսին են ՀՊՏՀ-ական ուսանողներն ու շրջանավարտները՝ մասնագիտական հմտություններով օժտված, միևնույն ժամանակ՝ խորապես մշակութային, որոնք կարող են զգացմունքային կերպով սիրել ու կարոտել հարազատ բուհը և ռացիոնալ կերպով քաղել նրանից առավելագույնը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *