ՀՊՏՀ մարզական հաջողությունների հետքերով

Ամեն ինչ կանենք, որ ՀՊՏՀ-ն մեր մարզական հաջողություններով հպարտանալու շատ առիթներ ունենա․ Հովհաննես Գաբրիելյան

Լավագույն մարզական ավանդույթները ՀՊՏՀ-ում շարունակվում են։ Եռամյա դադարից հետո  Տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի «ՀՊՏՀ Երևան» թիմը վերադարձել է ՀՀ ֆուտզալի բարձրագույն խումբ։ Բարձրագույն խմբի 2021-2022 թթ․ մրցաշրջանում թիմն արդեն հասցրել է գրանցել առաջին հաջողությունը՝ առաջնության 2-րդ խաղում 3։2 հաշվով հաղթելով «Արարատ-Արմենիա»  թիմին։

Թիմի անցած ճանապարհի, հաջողությունների և առաջիկա ծրագրերի, ինչպես նաև ՀՀ ուսանողական մարզական 22-րդ խաղերի մասին զրուցել ենք ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչ, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, «ՀՊՏՀ Երևան» թիմի գլխավոր մարզիչ Հովհաննես Գաբրիելյանի հետ։

– Պարո´ն Գաբրիելյան, այս օրերին ընթանում է Հայաստանի ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնությունը, որտեղ մեր տղաները մարզական բարձր վարպետություն են ցուցաբերում։ Շնորհավորում եմ հատկապես գրանցած վերջին հաղթանակի կապակցությամբ։ Ես գիտեմ, որ հաղթել եք մի թիմի, որին նախորդ մրցաշրջանում պարտվել էիք: Ենթադրաբար, գերլարված խաղ է եղել ու կամային հաղթանակ։

– Իսկապես այդպես էր։ Այս առաջնությունում արդեն երկու խաղ ենք ունեցել։ Առաջին փուլում հանդիպեցինք նախորդ առաջնության երրորդ տեղի մրցանակակիր Արարատի «Արաքս»-ին։ Խաղն ավարտվեց 4։4 հաշվով։ Իսկ հոկտեմբերի 16-ին մեր մրցակիցը «Արարատ-Արմենիա» թիմն էր, որը նախորդ առաջնության փոխչեմպիոնն էր ու համալրված էր ուժեղ խաղացողներով։ Հաղթեցինք 3։2 հաշվով։ Գոլերի հեղինակ դարձան Հակոբ Դոքմանյանը, Մանվել Այվազյանը և Տիգրան Վարդանյանը։ Շնորհակալ եմ բոլոր տղաներին, նաև թիմի ավագ՝ ՀՊՏՀ ֆիզդաստիարակություն, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս Դավիթ Գրիգորյանին՝ ահռելի ջանքեր ներդնելու և սպասված հաղթանակին հասնելու համար։

ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը՝ «ՀՊՏՀ Երևան»-ը, հաղթանակների բավականին լավ պատմություն ունի տարիներ շարունակ փայլուն մասնակցություն է ունեցել հանրապետական և միջազգային խաղերին և ամրապնդել իր բարձր վարկանիշը: Ի՞նչն է ձեզ ոգեշնչում և տանում հաղթանակի։

-Սկսած 2014-2015 թվականներից թիմը հանդես է եկել ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբում՝ երկու անգամ դարձել է բարձրագույն խմբի չեմպիոն, երկու անգամ մասնակցել ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը, երեք անգամ մասնակցել եվրոպական ուսանողական առաջնություններին՝ լավագույնս ներկայացնելով թե՛ բուհը, թե՛ Հայաստանը։ 2016/2017 թթ․ մրցաշրջանից հետո թիմը դադարեց հանդես գալ բարձրագույն խմբում, 2 տարի հանդես էր գալիս սիրողական լիգաներում, այդ ընթացքում երկու անգամ դարձել է ֆուտզալի Ա լիգայի չեմպիոն։ Եվ ահա 2020/2021 և 2021/2022թթ․, եռամյա դադարից հետո, կրկին հանդես է գալիս բարձրագույն խմբում։ 2020-2021 թթ․ առաջնությունում թիմը թե՛ գավաթի խաղարկությունում, թե՛ բարձրագույն խմբում հասավ մինչև կիսաեզրափակիչ, բայց ափսոսանքով պետք է նշեմ, որ մրցանակային տեղեր չունեցանք։ Այս պահին մենք լի ենք վճռականությամբ։ Բոլորիս համախմբում է մեկ թիմի գաղափարը, բոլորս մեկ նպատակի ենք ձգտում, դա է, կարծում եմ, տղաների հաջողության գաղտնիքը։

-ՀՊՏՀ ուսանողներից և շրջանավարտներից կազմված թիմն այս տարի համալրվել է նոր ու պրոֆեսիոնալ խաղացողներով։ Թիմում տրամադրվածությունն այնպիսին է, որ բոլորը խիստ նպատակաուղղված են և միայն չեմպիոնության են գնում։

-Այո´, փորձառու և անդավաճան հնաբնակ խաղացողներին այս տարի միացել են Հայաստանի հավաքականի խաղացողներ, «ՀՊՏՀ Երևան» ՖԱ փորձառու խաղացող, ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնությունների բազմակի չեմպիոն Գոռ Սարգսյանը, Էդվարդ Մկրտչյանը և Տիգրան Վարդանյանը՝ բավականին ուժեղացնելով թիմի կազմը։ Հույս ունենք, որ առաջիկայում հաղթանակներով կուրախացնենք թե՛ մեր համալսարանին, թե՛ մեր երկրպագուներին։ Իհարկե, մեր վերադարձև ու նաև հաղթանակը այս մրցաշրջանում անհնար կլինեին առանց մեր աջակիցների։ Արդեն երրորդ տարին է՝ թիմի տիտղոսային հովանավորն է VBet ընկերությունը, դե իսկ մեր բուհն աջակցում է մեզ մշտապես, ինչի համար երախտապարտ ենք։ Ամեն ինչ կանենք, որ ՀՊՏՀ-ն հպարտանա մեզնով։

– Այս օրերին ընթացող ՀՀ ուսանողական մարզական 22-րդ խաղերին ևս ՀՊՏՀ-ն բարձր արդյունքներ է ցուցաբերել, մասնավորապես՝ հոկտեմբերի 15-ին ՀՖԿՍՊԻ-ում կայացած բազկամարտի առաջնությանը, որտեղ մեր թիմը ներկայացնում էր  ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի Արման Գուլյանը։

– Այո´, բազկամարտի առաջնությունում ևս փայլուն արդյունքներ ենք ցուցաբերել։ ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Գոռ Թաթոյանն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Նշեմ, որ ՀՀ ԿԳՄՍՆ և Ուսանողական մարզական ֆեդերացիայի համատեղ ջանքերով անցկացվող այս առաջնությանը մասնակցում էին ՀՀ 10 բուհերի շուրջ 150 ուսանող-մարզիկներ։ Ոգևորությունը մեծ է, հետևաբար՝ մրցակցությունը ևս։

-Դե ինչ, հաջողությունն ենք մաղթում ՀՊՏՀ-ն ներկայացնող մեր թիմերին՝ լիահույս, որ առաջիկայում ևս նոր հաղթանակներով կուրախացնեք թե՛ համալսարանին, թե՛ բազմաթիվ երկրպագուներին։

Ես էլ եմ շնորհակալ հարցազրույցի համար։

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *