Բարև սեր իմ․․․

Նամակ Հայկ Ասատրյանին

Բարև սեր իմ…

քեզ շատ նամակներ չեմ գրի, ուզում եմ հանգիստ լինես, հանգստանաս աշխարհից…

Հայկ կոտրվել եմ…թույլ եմ, անասելի թույլ…

ուղղակի ուզում եմ շնորհակալ լինել…ամեն պահի համար, ամեն բառի ու ժպիտի համար, քո տեսակի, մտքերի, քայլերի, Քեզ համար, որ թույլ ես տվել Քեզ սիրել…

Շնորհակալ եմ, որ ինձ ես ընտրել…որ ինձ երջանիկ՝ սիրով, հոգատարությամբ, վստահությամբ, կարոտով, անակնկալներով, սպասումով լի օրեր ես նվիրել…

Հայկ, իմ հարազատ

Այդպես էլ մատանի չդրեցիր մատիս,

այդպես էլ ինձ ամուսնության առաջարկ չարեցիր, այդպես էլ հարմար տուն, իմ ու արդեն քո երազած փայտե տունը չկառուցեցինք…

Հայկ, չգիտեմ ինչ գրեմ, չգիտեմ…էնքան ասելու բան ունեմ,

էնքան երջանիկ եմ եղել..

ես չգիտեմ ինչ կլինի հետո, ես չգիտեմ, բայց ուզում եմ իմանաս, Դու իմ սերն ես, ու ես էն երջանիկներից եմ, ով Սիրել ու Սիրվել է…ու սիրվել է Լավագույնի կողմից…

ես գիտեմ, որ ինձ մենակ չես թողել, Գիտեմ..

Գիտեմ, որ հենց էնպես չես ինձ՝ Արցախցուս ընտրել, Գիտեմ, որ ուզում էիր ինձ երջանկացնել ու ամեն ինչ դրա համար ես արել ու անում…

Շնորհակալ եմ, որ ինձ Քո Տուն ես տարել..որ կռվել ու պայքարել ես Իմ Տան համար, Հայրենիքի համար…

Միշտ Դու ես ինձ ծաղիկներ նվիրել, հիմա իմ հերթն է Քեզ Ծաղիկներ բերելու…

իմ կյանքի ամենաերջանիկ օրերը Դու ես ինձ նվիրել, սեր ես նվիրել, ազատություն ու ԿԱՐՈՏ, որը ոչ մեկից ու ոչ մի պարագայում չեմ առնի…

Ես սիրեցի քեզ

…Անսպասելի, Պատահական…

Քեզ սիրեցի մի վայրկյանում՝ Պահի տակ

…սիրեցի կապույտ վանդակավոր վերնաշապիկդ ու ինձ պես փոքրամարմին լինե՜լդ սիրեցի՝ առանց մտածելու հետոյի մասին…

…Սիրեցի Պահը ու ուժեղ մատներդ, չնայած ես երկար մատներ էի սիրում…

…սիրեցի լինելդ այդ պահին ու լինելդ հետո…

Ես սիրեցի Քեզ առանց ճանաչելու…բայց վստահ լինելով, որ լավագույնն ես

իմ Լավագույնը…

սիրեցի ուղղակի…

առանց երկար-բարակ մտածելու…

Սիրեցի Պահը, որի մեջ դու էիր, մենք, ոզնին ու աղվեսը, իմ արդեն հաղթահարած վախերը, Փայտե տնակը ու իրականացած երազս, Լինել մի տեղ, որտեղից չուզենամ փախչել..

…Դու իմ Տունը պիտի դառնայիր ու իմ ամուսինը, ում վերնաշապիկները բոլոր ու վանդակավոր ես պիտի արդուկեի՝ ինձ ու քեզ ծանոթ Պահի մասին մտածելով…

Սրբուհի Բալայան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *