ԴԱՍԱԽՈՍԸ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱ ՀԱՍԿԱՆԱԼ ՈՒՍԱՆՈՂԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Երիտասարդ դասախոս» խորագրի այսօրվա զրուցակիցը ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Արթուր Առաքելյանն է։ Արթուր Առաքելյանը ձեռնարկությունների տնտեսագիտության և կառավարման ոլորտի մասնագետ է, տնտեսագիտության թեկնածու։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկուն է՝ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում և կառավարում, արդյունավետության գնահատում, ձեռնարկության հարկային և մաքսային հարաբերությունների կազմակերպում։ Ավելի քան 20 գիտական հրապարակումների հեղինակ է։

Արթուր Առաքելյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ է։ 2013 թվականից սկսել է դասախոսել ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի ամբիոնում (նախկինում՝ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոն)։ Դասավանդում է «Միկրոտնտեսագիտություն», «Ձեռնարկատիրության հիմունքներ», «Ձեռնարկության հարկային և մաքսային հարաբերությունների կազմակերպում», «Ներդրումային քաղաքականություն» առարկաները։ Դասախոսելուն զուգահեռ աշխատում է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում՝ որպես համակարգող փորձագետ։

Արթուր Առաքելյանի հետ զրուցել ենք դասախոսական աշխատանքի, գիտամանկավարժական գործունեության, գիտահետազոտական աշխատանքների արդյունքների և նոր ծրագրերի մասին:

– Շուրջ 8 տարի՝ սկսած 2013 թվականից, զբաղվում եք գիտամանկավարժական գործունեությամբ։ Ի՞նչ էական ձեռքբերումներով են արժևորվել այս տարիները։

– Այս տարիներն արժևորվել են, առաջին հերթին, այն գիտելիքով և փորձով, որոնք գիտամանկավարժական գործունեության ընթացքում կարողացել եմ փոխանցել ուսանողներին: Յուրաքանչյուր դասախոսի համար, կարծում եմ, արդեն իսկ մեծ ձեռքբերում է՝ տեսնել ուսանողի հաջողություններն ինչպես գիտության ոլորտում, այնպես էլ աշխատանքում:

– Տնտեսագետ դառնալը Ձե՞ր որոշումն էր, թե՞ ծնողների։ Ինչո՞վ Ձեզ հրապուրեց միկրոէկոնոմիկան։

– Տնտեսագետ դառնալու որոշումն ինքս եմ կայացրել՝ հետևելով ծնողներիս խորհրդին: Մասնագիտության ընտրության հարցում առաջնորդվել եմ այն սկզբունքով, որ ձեռքբերված գիտելիքները լինեն լիարժեք և համապարփակ՝ հնարավորություն տալով տիրապետելու ձեռնարկության տնտեսագիտության և կառավարման առավել լայն շրջանակի հմտությունների: Կարծում եմ՝ սպասումներն արդարացել են, ինչի համար խորապես շնորհակալ եմ ՀՊՏՀ ավագ սերնդի բոլոր դասախոսներին:

– Գիտահետազոտական աշխատանքների առումով նախորդ տարին արգասաբե՞ր էր։ Ի՞նչ նոր ծրագրեր եք պատրաստվում կյանքի կոչել։

– Ի թիվս մի քանի գիտական հոդվածների, երկարատև ամենօրյա աշխատանքի արդյունքում 2020 թվականին կարողացա ավարտին հասցնել և հրատարակել «Միկրոտնտեսագիտության հիմունքներ» դասախոսությունների նյութերի ժողովածուն: Վերջինիս կառուցվածքն ու բովանդակությունն այնպիսին է, որ, օգտագործելով այն որպես հիմք, կարելի է մշակել և ստեղծել միկրոտնտեսագիտության նոր ուսումնական ձեռնարկ, իսկ հետագայում նաև՝ դասագիրք:

Այս տարի միկրոէկոնոմիկայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի համատեղ ջանքերով և մասնակցությամբ կհրատարակվի «Սերվիս» ուսումնական ձեռնարկը:

Որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս՝ յուրաքանչյուրիս պարտքն է՝ լավագույնս ներկայացնել մեր համալսարանը միջազգային գիտական տարբեր հարթակներում: Ուստի, առաջիկա ծրագրերում գիտական հոդվածներիս հրատարակման աշխատանքների ակտիվացումն է՝ հատկապես միջազգային հեղինակավոր ամսագրերում:

– Ինչպիսի՞ն պետք է լինի 21-րդ դարի դասախոսը, ի՞նչ հմտություններ և հատկանիշներ պետք է ունենա, որ չդադարի հետաքրքիր լինել այս նոր դարաշրջանի ուսանողի համար:

– 21-րդ դարի դասախոսի կարևորագույն հատկանիշը, իհարկե, ժամանակակից գիտելիքն է: Արագ փոփոխվող աշխարհում և տեղեկատվության մեծածավալ հոսքերի, դրանց հասանելիության շարունակական բարձրացման պայմաններում դասախոսն ուղղակի պարտավոր է տիրապետել իր ոլորտի գիտական նորագույն ձեռքբերումներին: Ընդ որում՝ տիրապետել ոչ թե մակերեսային, այլ խորապես:

Միևնույն ժամանակ, պակաս կարևոր չէ այդ գիտելիքի փոխանցման ձևը: Ուսանողի համար մշտապես հետաքրքիր լինելու համար անհրաժեշտ է պարբերաբար կատարելագործել դասավանդման մեթոդները, օգտագործվող տեխնիկական միջոցները:

Դասախոսը պետք է կարողանա հասկանալ ուսանողի հոգեբանությունը:

 – Չնայած երիտասարդ տարիքին՝ Ձեր աշխատանքային փորձը բավականին հարուստ է. աշխատել եք որպես մարքեթինգի խորհրդատու, այնուհետև՝ բրենդ-մենեջեր, մարքեթինգի ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական, 2019-ից մինչ օրս Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում համակարգող փորձագետ եք։ Ո՞վ է մեր դիմաց՝ որոնո՞ղ Արթուր Առաքելյանը, մշտապես նոր բացահայտումների ձգտո՞ղ, թե՞…

– Գիտական և գիտամանկավարժական գործունեությունն իմ աշխատանքային կենսագրության մեջ մշտապես առաջնային տեղ է զբաղեցրել: Միևնույն ժամանակ, պետական և մասնավոր հատվածներում աշխատանքային փորձը հնարավորություն է տվել ինձ տեսական գիտելիքներս հարստացնելու փորձով և հմտություններով: Դրա շնորհիվ, դասախոսություններին զուգահեռ, մշտապես ուսանողներին առաջադրում եմ գործնական և իրավիճակային խնդիրներ՝ ակնկալելով դրանց լուծման հստակ ուղիներ: Այս մոտեցումն էապես նպաստում է ուսանողների գիտելիքների գործնական կիրառմանը և դրանց նյութականացման աստիճանի բարձրացմանը:

– Աշխատանքից զատ, ի՞նչ հետաքրքրություններ ունեք։ Որտե՞ղ եք նախընտրում ժամանակ անցկացնել, կտրվել առօրյայից ու աշխատանքից։

– Աշխատանքից հետո ժամանակի մեծ մասը նվիրում եմ ընտանիքիս: Մեծ ուշադրություն եմ դարձնում երեխաների ճիշտ դաստիարակությանը, քանի որ վստահ եմ, որ միայն այդ դեպքում է հնարավոր ապահովել նրանց կայուն ապագան:

Միևնույն ժամանակ, առօրյայից կտրվելու լավագույն միջոցներից է սպորտը: Եթե մարզասրահ այցելել չի հաջողվում, ապա գոնե երեկոյան զբոսանքը պարտադիր է:

– Սպորտը, ենթադրաբար, մեծ դեր ունի Ձեր կյանքում. վերևում Դուք նշեցիք, որ այն Ձեր հիմնական հետաքրքրությունն է։ Զբաղվո՞ւմ եք որևէ սպորտաձևով, թե՞ այն լոկ հետաքրքրություն է, որը բավարարում եք սոսկ իբրև երկրպագու կամ հանդիսատես։

– Այո, սպորտը մշտապես տեղ է գտել իմ առօրյայում, իսկ նախընտրելի սպորտաձևը լողն է եղել: Ուսանողական տարիներին սպորտային մարզումներին ավելի շատ ժամանակ էի հատկացնում: Ներկայիս աշխատանքային խիտ գրաֆիկի պայմաններում ուղղակի փորձում եմ օրակարգում պահել սպորտային թեթև պարապմունքները, քանի որ սպորտը դիտարկում եմ որպես ժամանակակից ապրելակերպի կարևորագույն բաղադրիչ:

– Գիտենք, որ սիրում եք նաև ճանապարհորդել։ Ի՞նչ է տալիս Ձեզ ճամփորդելը՝ ինքներդ Ձեզ ավելի լավ ճանաչելո՞ւ, հորիզոններն ընդլայնելո՞ւ, նոր մշակույթներ բացահայտելո՞ւ կամ միգուցե կյանքում ամեն ինչ նորովի արժևորելո՞ւ հնարավորություն…

– Այս հարցը, թերևս, որոշակիորեն պարունակում է նաև պատասխանը: Ի թիվս Ձեր կողմից մատնանշվածի, կարող եմ հավելել, որ ճանապարհորդությունը առօրյայից կտրվելու, մտքին խաղաղություն և պարզություն հաղորդելու լավագույն միջոցներից է:

– 2022 թ. ի՞նչ կմաղթեիք մեր բուհին և ուսանողությանը։

– Մեր ուսանողներին մաղթում եմ խաղաղություն, առողջություն և ուսումնական հաջողություններ: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը գիտակցի իր անհատական դերը պետության զարգացման գործում, ուսման մեջ և աշխատանքում մշտապես ձգտի բարձր պատասխանատվության և պրոֆեսիոնալիզմի:

Լուսանկարները՝ Արթուր Առաքելյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *