Դասախոսի ամենաարժեքավոր հատկանիշը ուսանողների մեջ խանդավառություն առաջացնելն է. Գայանե Ավագյան

Այս հինգշաբթի զրուցել ենք ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Գայանե Ավագյանի հետ։

Գայանե Ավագյանը մակրոտնտեսագիտության ոլորտի մասնագետ է, տնտեսագիտության թեկնածու։ Գիտական հետաքրքրությունների շրջանակը լայն է՝ մակրոտնտեսական արդի հիմնախնդիրներ, ֆինանսատնտեսական ճգնաժամեր, արժութային ճգնաժամեր, պետական պարտքի կառավարում, տնտեսական քաղաքականություն,  տնտեսական շոկեր։ Դասախոսական 27 տարվա փորձ ունի, զուգահեռ զբաղվում է նաև գիտահետազոտական աշխատանքով, կազմակերպական, մեթոդական օժանդակություն է ցուցաբերում ուսանողներին՝ հետազոտությունների կատարման, ՀՀ-ում և արտերկրում գիտական ամենատարբեր միջոցառումներին մասնակցության հարցում, ինչպես նաև մասնագիտական հմտությունների և կարողությունների շրջանակն ընդլայնելու նպատակով ակտիվորեն մասնակցում է տարբեր դասընթացների և վերապատրաստումների։

Գայանե Ավագյանի հետ զրուցել ենք «Մակրոտնտեսական վերլուծություն» կրթական ծրագրի ընձեռած հնարավորությունների, ուսանողների հետ հարաբերությունների, բարեվարքության և շատ այլ հարցերի շուրջ։

Ինչպե՞ս սկսվեց Ձեր աշխատանքային կենսագրությունը ՀՊՏՀ-ում։

– Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հարցազրույցի հրավերի և նման հետաքրքիր ձևաչափով որոշ հարցերի շուրջ իմ մոտեցումները հանրությանը ներկայացնելու հնարավորության համար։ 

Համոզված եմ, որ դասախոս լինելն ինձ ճակատագրով էր վիճակված, քանի որ երազում էի բժիշկ դառնալու մասին։ Սակայն հանգամանքների բերումով ընդունվեցի ԵրԺՏԻ (ներկայիս ՀՊՏՀ)։

Համալսարանում աշխատում եմ 1994 թականից։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո երջանկահիշատակ Համազ Ղուշչյանը մեր բուհում աշխատելու պատվին արժանացրեց ինձ:  Պարզ հիշում եմ այն օրը, երբ առաջին անգամ լսարան մտա. հուզված էի, միևնույն ժամանակ՝ շատ հպարտ։ Ի դեպ, հիմա էլ ամեն անգամ նոր լսարանի հետ շփվելիս հուզվում եմ։

– Աշխատանքային հեռանկարի տեսանկյունից ի՞նչ գրավչություն ունեն ամբիոնի կողմից թողարկվող մասնագիտությունները (հատկապես՝ մագիստրատուրայում) և ո՞ր մասն է իրականանալի:

– «Մակրոտնտեսական վերլուծություն»  մագիստրոսական կրթական ծրագրի գրավչության օգտին են խոսում առանձին տարիների  ընդունելության արդյունքները։ Այս կրթական ծրագրի շրջանավարտները զգալի պահանջարկ ունեն ՀՀ պետական կառավարման գրեթե բոլոր մարմիններում և մշտապես զբաղեցրել ու զբաղեցնում են  պատասխանատու պաշտոններ (վարչության պետեր, փոխնախարարներ, նախարարներ, առաջատար մասնագետներ, գլխավոր մասնագետներ, ՀՀ կենտրոնական բանկի, Համաշխարհային բանկի ներկայացուցչության մակրոտնտեսագետներ և վերլուծաբաններ, ԱՄՀ-ի, ՄԱԿ-ի ներկայացուցչության տնտեսագետներ և հետազոտողներ, մարզպետներ, համայնքապետներ և այլն)։ Տնտեսության մասնավոր հատվածում ևս մեծ է պահանջարկը մեր մասնագիտության շրջանավարտների նկատմամբ։

Մակրոտնտեսագիտության ոլորտի մասնագետը մի կողմից՝ տիրապետում է պետական կառավարման մարմիններում մակրոտնտեսական քաղաքականության մշակման և իրականացման, տնտեսական վերլուծությունների հմտությունների, մյուս կողմից՝ օժտված է անհատական հետազոտական հատկանիշներ և բարձր որակավորում ունեցող տնտեսագետի ունակություններով, որոնք անհրաժեշտ են պետական և մասնավոր հատվածի հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների, միջազգային կազմակերպությունների գործընթացների կազմակերպման և ոլորտում մասնագիտական, հետազոտական, խորհրդատվական, փորձագիտական և կառավարչական գործունեություն ծավալելու համար։

– Յուրաքանչյուր դասախոս ունի դասավանդման իր ոճը, ձեռագիրը և, իհարկե, այն մոտեցումները, որոնցով հաղորդակցվում է ուսանողների հետ։ Ինչո՞վ է առանձնանում Գայանե Ավագյանը։

– Միանգամայն իրավացի եք։ Յուրաքանչյուր դասախոս ունի դասավանդման իր ոճը, ձեռագիրը, ուսանողների հետ հաղորդակցման իր մոտեցումները։ Դասավանդելիս փորձում եմ չառաջնորդվել համընդհանուր կարծրատիպային մոտեցումներով և կտրուկ դիրքորոշումներով։ Ամենակարևորը լսարանի հետ կապ հաստատելն է։ Հատկապես կարևորում եմ ուսանողների լավագույն հատկությունների զարգացումը՝ նրանց արժանիքները գնահատելու ճանապարհով։ Եթե նկատում եմ ուսանողի թեկուզ չնչին առաջընթացը, անկեղծորեն տալիս եմ իմ գնահատականը և շռայլորեն գովաբանում եմ։

Գայանե Ավագյանին լսարանում կարող ենք տեսնել և՛ պահանջկոտ դասախոսի,  և՛ հոգատար ու կարեկից ընկերոջ կերպարներով, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ուսանողին սթափեցնելու և դասապրոցեսում ներգրավվելու համար՝ խիստ, ընդառաջումների չգնացող անձի կերպարանքով։

– Իսկ ո՞րն եք համարում, առհասարակ, դասախոսի ամենաարժեքավոր հատկանիշը։

– Կարծում եմ, դասախոսի ամենաարժեքավոր հատկանիշը ուսանողների մեջ խանդավառություն առաջացնելն է։

– Ինչպե՞ս եք կարողանում հավասարակշռություն գտնել առօրյա կյանքում, աշխատանքում։ Ներդաշնակության հասնելու ի՞նչ գաղտնիքներ կբացահայտեք։

– Ես հաճույքով եմ կատարում աշխատանքային և առօրյա պարտականություններս։ Կարծում եմ՝ այս հարցում ինձ նաև օգնում են աշխատասիրությունն ու կանոնակարգվածությունը։ Երջանկության իմ բանաձևը կյանքում ճիշտ տեղը գտնելն ու ներդաշնակության հասնելն է՝ ընտանիքում, աշխատավայրում, ընկերների ու բարեկամների միջավայրում:  

Տարիների ընթացքում սովորել եմ վերահսկել իմ զգացմունքները, և այդ վերահսկողությունն ինձ տալիս է ազատության, ներդաշնակության և  երջանկության զգացողություն: Նաև փորձում եմ չհամեմատվել ուրիշների հետ, քանի որ  այդ պարագայում ներքին ներդաշնակության հասնել հնարավոր չէ։ Որքան քիչ է մարդն իրեն համեմատում ուրիշների հետ, այդքան իրեն ավելի հարմարավետ է զգում: Տեղին են աշխարհի ամենաերջանիկ մարդ ճանաչված տիբեթյան վանական Մատյե Ռիկարի խոսքերը՝ «Սեփական անձն ուրիշների հետ համեմատելը սպանում է երջանկությունը»։

– Ասում են՝ կյանքում կարևորը ձախողումներից օգուտ քաղելու կարողությունն է։ Ունե՞ք նման փորձառություն և ի՞նչ դասեր եք քաղել:

– Կրել եմ փոքրիկ պարտություններ, ընդունել սխալ որոշումներ, սակայն էական ձախողումներ չեմ ունեցել։ Պառճառն այն է, որ իմ տեսակով բավականին զգուշավոր և պայքարող մարդ եմ։ Ցավոք, կյանքը հարվածներ նույնպես հասցրել է՝ ստիպելով վերաիմաստավորել գործունեությունս ու որդեգրած արժեքներս։

Փորձի հետ հասկանում ես, որ պետք է ընդունել իրականությունը, երբեք չընկրկել խոչընդոտների առջև և շարժվել առաջ։ Արդեն երկար ժամանակ է՝ հենց այդպես էլ վարվում եմ։ Եվ պետք է ասեմ, որ կյանքիս փորձը սովորեցրել է, որ համբերությունը ամենալավ հատկություններից է, և եթե ինչ-որ բան նախատեսված է քեզ համար, և այն ուզում ես ամբողջ սրտով, հաստատ կստանաս։ Եթե քոնը չէ, աշխարհն էլ շուռ գա, չես ունենա։

– Փոքր-ինչ անդրադառնանք բարեվարքության թեմային։ Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Ձեր ուսանողին՝ խոսքի մշակույթից մինչև հագուկապ, վարվեցողություն, նիստուկաց։

– Բավականին ընդգրկուն հարց է։ Փորձեմ ներկայացնել իմ պատկերացումները: Թվարկվածներից հատկապես կարևորում եմ խոսքի մշակույթը։ Բոլոր ժամանակներում մարդն աշխատել է զարգացնել իր խոսքը` շատ լավ հասկանալով, որ այն իր ուժն է։ Գրագետ խոսքը ինտելեկտուալ մարդու այցեքարտն է, այն օգնում է հարաբերությունների հաստատման մեջ՝ հարգանք և վստահություն ներշնչելով անձի հանդեպ։ Մեր օրերում ուշադրություն են դարձնում ոչ միայն մարդու բնավորությանը և ունակություններին, այլ նաև արտաքինին. միայն ճաշակով հագնված և խնամված երիտասարդը կարող է դրական տպավորություն թողնել և վայելել շրջապատի համակրանքը: Այն, որ հագնվելու մշակույթը  հատկապես ուսանողության շրջանում էականորեն բարելավվել է, փաստ է:

Իսկ ուսանողի լավագույն կերպարն ինձ համար հարուստ բառապաշարով, էսթետիկ հագուկապով, բարեկիրթ վարվեցողությամբ և գեղեցիկ նիստուկացով անհատն է, որն ունի իր եսը, ինքնատիպությունը։

-Անուններով գիտե՞ք Ձեր բոլոր ուսանողներին։

– Կիսամյակի վերջում բոլորի անունները հիշում եմ։ Հիշում եմ նաև իմ նախկին ուսանողներից շատերի անունները։ Դեռ ավելին, նրանցից շատերի հետ պարբերաբար հանդիպում ենք։

– Ի՞նչը կարող է հուզել, բարկացնել ուսանողների հետ հարաբերություններում։

– Պահանջկոտ եմ  իմ առջև դրված նպատակի և վերջնարդյունքի նկատմամբ, ուստի անտարբերությունն ու անհետևողականությունը կարող են ինձ բարկացնել: Իսկապես, պետք է փորձել անել առավելագույնը։ Չի կարելի աշխատանքին իմիջիայլոց վերաբերվել: 

– Ի՞նչ կմաղթեք 21-րդ դարի ուսանողներին։

– Այս անհանգիստ աշխարհում ամենից շատ հարատև խաղաղությունն եմ կարևորում, ուստի 21-րդ դարի ուսանողներին  նախ խաղաղ երկինք եմ մաղթում։ Նաև՝ որ չկորցնեն երազելու կարողությունը և պայքարեն սեփական նպատակներն իրականություն դարձնելու համար։

Լուսանկարները՝ Գայանե Ավագյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *