ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ԵՎ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԵՏ ՇՓՈՒՄԸ ԻՆՁ ՄՂՈՒՄ ԵՆ ՄՇՏԱՊԵՍ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵԼՈՒ. ՄԱՐԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Երիտասարդ դասախոս» խորագրի այս հարցազրույցը ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դասախոս Մարինե Առաքելյանի հետ է։ Մարինե Առաքելյանը ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը, ապա մագիստրոսական կրթությունը շարունակել Շվեդիայի Լունդի համալսարանում։ 2009 թվականից մինչ օրս դասավանդում է ՀՊՏՀ կառավարման ամբիոնում։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է հակաճգնաժամային կառավարման հիմնահարցերը,  տնտեսական աճի ապահովման հիմնախնդիրները, կառավարման արդյունավետության գնահատումը, զբոսաշրջության ոլորտի զարգացման արդի միտումներն ու հեռանկարները և այլն:

ՀՊՏՀ-ում դասավանդում է «Հակաճգնաժամային կառավարում», «Մենեջմենթ», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտներ», «Զբոսաշրջության ներածություն», «Զբոսաշրջության մենեջմենթ» առարկաները։ Դասախոսելուն զուգահեռ շուրջ  8 տարի աշխատել է պետական ոլորտում, այնուհետև ղեկավարել է  «Տնտեսական զարգացման և նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, ներկայումս աշխատանքային գործունեությունը շարունակում է լոգիստիկ ընկերությունում։

Մարինե Առաքելյանի հետ զրուցել ենք համալսարանական միջավայրի, դասախոսական աշխատանքի, գիտությամբ զբաղվելու մոտիվացիայի մասին։

– Հարգելի´ Մարինե, շնորհակալ ենք հարցազրույցի մեր առաջարկը չմերժելու համար։ 2009 թվականից Դուք ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դասախոս եք, բայց ՀՊՏՀ-ի հետ կապը շատ ավելի խորքերից է գալիս, երբ 2001 թվականին առաջին անգամ ոտք դրեցիք Տնտեսագիտական մայր բուհ։ Ի՞նչ զգացողություններ եք ունենում ամեն անգամ լսարան մտնելիս և արդյոք հե՞շտ է աշխատել այն գործընկերների հետ, որոնք ժամանակին  Ձեր դասախոսներն են եղել։

– Ես եմ շնորհակալ նման հետաքրքիր ձևաչափով նախաձեռնությանը ինձ մասնակից դարձնելու համար: Իրավացի եք, ՀՊՏՀ-ի հետ կապը շատ խորքերից է գալիս,   համալսարանում ուսանելու տարիները հիշարժան են, ավելին՝ դարձել են  մասնագիտական ձեռքբերումներիս հիմնաքարը: Կրթության կարևորությունը գիտակցել եմ դեռ վաղ տարիքից, և համամիտ եմ, որ կրթությունն ամենահզոր զենքն է, որ մենք կարող ենք օգտագործել աշխարհն ավելի լավը դարձնելու համար: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ինձ դասավանդած դասախոսների հետ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա, և շատերի հետ այսօր ընկերական հարաբերություններ եմ կառուցել:

Իրականում Տնտեսագիտական մայր բուհում դասավանդելը միաժամանակ և՛ պատիվ է, և՛ մեծ պատասխանատվություն: Չեմ չափազանցի, եթե ասեմ, որ դասավանդումն ինձ համար սոսկ աշխատանք չէ, այն իմ գործունեությունից անբաժան է: Ամեն անգամ լսարան մտնելիս գիտակցում եմ ուսանողներին ուսումնական գործընթացին լիարժեք ինտեգրելու և դեպի գիտելիքը կողմնորոշելու իմ առաքելությունը:

– Ի՞նչ նոր մոտեցում եք ինքներդ բերել բուհ։ Ի՞նչ է պետք անել, որ ուսանողը սիրով հաճախի համալսարան, ի՞նչ ակնկալիք պետք է նա ունենա բուհից։

– Բազմաթիվ գործոններ կան, որոնք ուսանողին մղում են սիրով հաճախելու համալսարան: Իմ կարծիքով՝ մեծ ազդեցություն ունեն ոչ միայն առարկայական ծրագրերի բովանդակությունը, այլ նաև դասախոսների մասնագիտական և անձնային հատկանիշները: Իրականում դասախոսը պետք է ուսանողին փոխանցի ակադեմիական գիտելիք և ապահովի այնպիսի կրթություն, որը կբավարարի աշխատաշուկայի պահանջները: Դասապրոցեսին մեծ թվով ուսանողներ ներգրավելու նպատակով դասախոսությունները  կազմակերպում եմ խմբային քննարկումների, ուղեղային գրոհի, բանավեճերի ձևաչափով՝ խթանելով ուսանողների վերլուծական կարողությունները, անձնական մոտեցումն ու քննադատական մտածողությունը:  Կարևոր եմ համարում  այսօրվա ստացած գիտելիքի և հետագայում աշխատավայրում այն կիրառելու անհրաժեշտության ըմբռնումը ուսանողի կողմից, ինչն էապես մեծացնում է նրանց հետաքրքրությունը առարկայի հանդեպ: Պարբերաբար անցկացվող թեստերի միջոցով էլ փորձում եմ ամրապնդել գիտելիքը, զարգացնել կարողություններն ու հմտությունները և վեր հանել առկա բացերը:

– Գիտությամբ հետաքրքրվող երիտասարդները շա՞տ են։

– Պետք է արձանագրեմ, որ գիտությամբ հետաքրքրվող երիտասարդները շատ չեն, բայց միևնույն ժամանակ փաստեմ, որ բուհում սովորում են հրաշալի ուսանողներ, որոնք ունեն մասնագիտական մեծ ներուժ՝ անձնային հատկանիշներ, համակողմանի մտածելակերպ և կարողություններ, որի բացահայտումը և զարգացումը ամենօրյա բարեխիղճ և հետևողական աշխատանք է ենթադրում:    

–Ինքներդ, որպես դասախոս, ի՞նչ ջանքեր եք գործադրում՝  նպաստելու ուսանողների մասնագիտական, աշխատանքային և, ինչու չէ, անձնային հատկանիշների, որակների զարգացմանը։

-Շատ եմ կարևորում արտալսարանային շփումները և ուսանողների համար ավագ ընկեր  լինելու գաղափարը՝ շարունակաբար մասնագիտական օժանդակություն ցուցաբերելով ինչպես դասընթացի շրջանակում, հետազոտական աշխատանքներում, այնպես էլ հետագա մասնագիտական գործունեությանը վերաբերող հարցերում:  

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը ղեկավարելու ժամանակաշրջանում իրականացնում էինք մի շարք ծրագրեր և հանդիպումներ ուսանողների հետ, սիրով ընդունում էինք պրակտիկանտներ՝  փորձելով նրանց  ներգրավել կենտրոնի վերլուծական աշխատանքներում: Ի թիվս մի շարք ծրագրերի՝ պարբերաբար իրականացրել ենք փոքր դրամաշնորհների մրցույթ՝ խթանելով խոստումնալից ուսանողների կողմից տնտեսական վերլուծությունների և հետազոտությունների իրականացումը: Հպարտությամբ եմ նշում, որ մեր համալսարանի ուսանողներից շատերը հաղթող են ճանաչվել մրցույթում՝ ստանալով դրամաշնորհ, իսկ լավագույն հոդվածները տպագրվել են կենտրոնի «Թվերն ու արդյունքները» պարբերականում, ինչը բավական հզոր խթան էր ուսանողներին մոտիվացնելու համար:

– Ըստ Ձեզ՝ ե՞րբ է ի հայտ գալիս ուսանողի՝  գիտահետազոտական աշխատանքով զբաղվելու կարողությունը  և ի՞նչ մեթոդներով ու մոտեցումներով է հնարավոր այն զարգացնել:

Ըստ իս, ուսումնական գործընթացում առանցքային նշանակություն ունեն պարբերաբար հանձնարարվող անհատական և խմբային աշխատանքները, որոնց շնորհիվ նկատելի են դառնում ուսանողների՝ գիտական աշխատանք կատարելու, տեղեկատվության հսկա ծավալների պայմաններում  ինքնուրույն եզրահանգումներ անելու կարողությունները:  Այնուհետև ձեռք բերված գիտելիքներն ու վերլուծական կարողությունները ժամանակի ընթացքում պետք է զարգացնել հետազոտություններով: Ուսանողներին մոտիվացնելը իսկապես մարտահրավեր է, և այն կախված է բազմաթիվ գործոններից:  Որպես ՈՒԳԸ կառավարման ֆակուլտետի համակարգող՝ ամենօրյա առցանց հանդիպումներ եմ ունենում ուսանողների հետ՝ ներկայացնելով գիտահետազոտական աշխատանքի պլանավորման նրբությունները, կառուցվածքային և բովանդակային պահանջները, տեղեկատվական մեծածավալ հոսքերը ճիշտ ֆիլտրելու գործիքակազմը  և, որ ամենակարևորն է, ուղղորդում եմ նրանց վստահել իրենց ուժերին և չվախենալ սխալվելուց:   Միշտ սիրում եմ մեջբերել Ֆրանկլին Ռուզվելտի խոսքերը. «Միակ խոչընդոտը մեր վաղվա ձեռքբերումների ճանապարհին մեր այսօրվա կասկածներն են»

Դուք ուսանել եք նաև Շվեդիայի Լունդի համալսարանում։ Պատմեք, խնդրեմ, այդ փորձառության մասին. ի՞նչ տեղաշարժեր է Ձեր մտածելակերպում առաջ բերել այդ ուսումնառությունը, արդյո՞ք այսօրվա երիտասարդի համար կարևոր է դրսում սովորելը։

– Տնտեսագիտական համալսարանում ուսանելու տարիներին UGRAD ծրագրի շրջանակներում հնարավորություն ընձեռվեց մեկ տարի (2002-2003 թթ.)  սովորել ԱՄՆ-ում, ինչը կանխորոշեց իմ հետագա որոշումը՝ հետբուհական ուսումս շարունակել արտերկրում: Ընտրությունս կանգնեց Շվեդիայի Լունդի համալսարանի վրա (International and Development Economics մասնագիտացմամբ), որտեղ տնտեսագիտության մագիստրոսական ծրագիրը 1 տարի տևողությամբ էր և բավական հավակնոտ: Շվեդիայում սովորելն ինձ համար ոչ միայն  մասնագիտական մեկնակետ էր, այլ նաև անձնային որակների բացահայտման եզակի հնարավորություն: Իրականում այն փոխեց իմ կյանքի հունը՝ սովորեցնելով  ճիշտ առաջնահերթություններ սահմանել, չվախենալ ձախողումից և հաղթահարել այլ երկրում ապրելու և սովորելու դժվարությունները։ 

Արտերկրում սովորելն այլևս անհասանելի չէ։ Այսօր մեր բուհը ևս ունի կրթական և գիտական կապեր աշխարհի մի շարք համալսարանների հետ, և յուրաքարնչուր ուսանող կարող է օգտվել ընձեռված հնարավորությունից՝ կատարելագործելու իր մասնագիտական կարողությունները, ձեռք բերելու նոր ընկերներ և ընդլայնելու մտահորիզոնը:

– Ձեր կենսագրությանը ծանոթանալիս նկատեցինք, որ նաև պետական ապարատում աշխատելու փորձառություն ունեք։ Հիմա և՞ս շարունակում եք համատեղել գիտամանկավարժական գործունեությունը վարչական աշխատանքի հետ։ Դա օգնո՞ւմ, թե՞ խոչընդոտում է դասախոսական աշխատանքին, գիտությամբ զբաղվելուն։

– Այո՛, ինչպես արդեն նշեցի, շուրջ 8 տարի աշխատել եմ պետական ապարատում, ներկայումս ևս դասավանդումը համատեղում եմ վարչական աշխատանքի հետ:  Միանշանակ, դրանք միմյանց փոխլրացնում են, քանի որ պրակտիկ փորձն է այն զինանոցը, որը հնարավորություն է տալիս իմ կողմից դասավանդվող ցանկացած առարկա ներկայացնել կոնկրետ իրավիճակային օրինակների պրիզմայով՝ տվյալ առարկայի նկատմամբ ձևավորելով ուսանողների հետաքրքրությունը և միաժամանակ նպաստելով նրանց վերլուծական կարողությունների զարգացմանը:

– Շա՞տ ժամանակ եք տրամադրում աշխատանքին։

– Վարչական աշխատանքն ու դասավանդումնամենօրյա հետևողական աշխատանք են պահանջում, ուստի նաև՝ բավականաչափ ջանք ու ժամանակ: 

– Ընտանիքը չի՞ տուժում դրանից։ Գտե՞լ եք մի բանաձև, որը Ձեզ օգնում է համատեղել աշխատանքն ու ընտանիքը և անել այնպես, որ ո´չ մեկը տուժի, ո´չ՝ մյուսը։

– Իրականում շատ բարդ և բազմաշերտ հարց եք տալիս (ժպտում է): Եթե անկեղծ լինեմ, ընտանիքն ինձ համար միշտ եղել է և կմնա իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու առաջնահերթությունը, բայց, միևնույն ժամանակ, դասավանդումը և ուսանողի հետ շփումը ինձ մղում են մշտապես կատարելագործվելու:  Իհարկե, չեմ գտել այն  ունիվերսալ բանաձևը, որը միշտ կիրառելի է, բայց փորձում եմ իմ ժամանակն արդյունավետ կառավարել և բացթողնվածը լիարժեք լրացնել հանգստյան օրերին: 

Լուսանկարները՝ Մարինե Առաքելյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *