Երազանքները դարձնում եմ նպատակ և գնում դրանք իրականացնելու ճանապարհով. Հերմինե Պողոսյան

«Երիտասարդ դասախոս» շարքի այս հարցազրույցը ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի դասախոս, որակի բաժնի գլխավոր մասնագետ Հերմինե Պողոսյանի հետ է։

Հերմինե Պողոսյանը մարքեթինգի ոլորտի մասնագետ է՝ դասավանդման 3 տարվա փորձով։ Զուգահեռ դասախոսում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում։

Գիտական հետաքրքրությունների շրջանակը լայն է՝ մարքեթինգ, մարքեթինգի հոգեբանություն, նեյրոմարքեթինգ, բիզնես ռազմավարություններ, մոդելներ և այլն։ Միաժամանակ Marketing Surgeon մարքեթինգային գործակալության հիմնադիրն է։

Հերմինե Պողոսյանի հետ զրուցել ենք մարքեթինգի, ռեսուրսների կառավարման, փոփոխությունների անհրաժեշտության և իր անձնական հետաքրքրությունների շուրջ։

– Հարգելի´ Հերմինե, ողջունում եմ Ձեզ մեր հյուրասրահում։

ՀՊՏՀ-ում Դուք դասավանդում եք շուրջ 3 տարի։ Ինչպե՞ս խաչվեցին Ձեր և Տնտեսագիտականի ուղիները, սա այն աշխատա՞նքն է, որի մասին երազել եք։

– Փոխադարձաբար ողջունում եմ Ձեզ և շնորհակալ եմ հարցազրույցի համար։

ՀՊՏՀ-ի հետ առաջին հանդիպումս եղել է 2015 թվականին, ՀՊՏՀ-ն երրորդ բուհն է, որտեղ ուսանել եմ, մինչ այդ սովորել և ավարտել էի ԵՊՀ-ն և ՀՊՄՀ-ն։ Առաջին մասնագիտությամբ հոգեբան եմ, սակայն, 17 տարեկանից սկսած, աշխատել եմ մարքեթինգի, վաճառքի, PR-ի ոլորտում: Ունեի գիտելիք, աշխատանքային փորձ, հմտություններ, բայց մասնագիտական կրթություն չունեի և որոշեցի այդ բացը լրացնել։ Ընտրեցի ՀՊՏՀ-ն՝ որպես պետական միակ տնտեսագիտական բուհ: 2015-2017 թվականներին սովորեցի և ավարտեցի ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը՝ որպես կոմերցիայի մագիստրոս՝ «Մարքեթինգային հաղորդակցություններ» մասնագիտությամբ։ 2 տարի անց այստեղ դասավանդելու առաջարկություն ստացա, մտածեցի՝ ինչո՞ւ ոչ, կարելի է փորձել աշխատել նաև որպես դասախոս և ահա քայլում եմ այդ ճանապարհով։

– Ունե՞ք  չիրականացած երազանքներ։

– Երազանքն ինձ համար ռոմանտիկայի ոլորտից է, ես ինձ ռեալիստ մարդ եմ համարում և հետևաբար երազանքները դարձնում եմ նպատակ և գնում դրանք իրականացնելու ճանապարհով:

– Երբևէ չե՞ք երազել, օրինակ, անհնարինի և անհավանականի սահմաններում։

– Մարդը բավականին լուրջ ներուժ ունի, բայց շատ հաճախ չի գնում ինքնաբացահայտման, ներուժի օգտագործման ճանապարհով․ մանավանդ մեր օրերում գնալով ավելի ենք հասկանում, որ այս թվային ու տեխնոլոգիական զարգացման դարաշրջանում շատ քիչ բան կա, որ կարող ենք որակել անհնար կամ անհավանական։ Իմ երազանք-նպատակներն էլ այդ անհնար-անհավանականի և հնարավոր-հավանականի սահմաններում են։

– Անդրադառնանք կրթական թեմաներին։ Կրթության կազմակերպման և կառավարման հարցերում, ըստ Ձեզ, կա՞ վերանայման անհրաժեշտություն և ի՞նչ ուղղություններով։

– Մարքեթինգում դասական դարձած մի արտահայտություն կա՝ ձեռքը պահել զարկերակին։ Կարծում եմ՝ կրթությունն այն ոլորտն է, որը թելադրում է ձեռքը մշտապես պահել զարկերակին և ապահովել ժամանակի պահանջներին համահունչ կրթություն՝ իր հետևից շղթայաբար տանելով մարդկանց, հասարակություններ, քաղաքակրթություններ։ Ինձ համար կրթությունը բոլոր հարցերի և խնդիրների հիմնական բանալին է։ Ճիշտ է, ակադեմիական կրթության դեպքում խնդիրը մի փոքր բարդ է, այն շատ ճկուն լինել չի կարող. կան գործընթացներ, որոնք փոքր-ինչ դանդաղ են զարգանում, չեն կարող արագ փոփոխվել՝ հաշվի առնելով ներքին ու արտաքին մի շարք գործոններ, բայց մենք պետք է փորձենք հնարավորինս ճկուն լինել, որովհետև ներկայիս սերնդի պահանջները մի փոքր այլ են։ Դասախոսը պետք է շատ աշխատի իր վրա, պետք է նվազագույնը մեկ քայլ առաջ լինի ուսանողից։

– Այսօր արդիական է ռեսուրսները  (ֆինանսներ, ժամանակ) գրագետ կառավարելու խնդիրը։ Այս հարցին անդրադառնո՞ւմ եք արդյոք լսարանում:

– Այո, բայց առավելապես ժամանակի կառավարման մասին եմ խոսում։ Մեր այս դինամիկ կյանքում ժամանակը և դրա կառավարումը շատ կարևոր է, դա այն ռեսուրսն է, որը երբեք չի վերադառնում. մենք անընդհատ սպառում ենք այդ ռեսուրսը։ Հետևաբար, պետք է փորձենք դա անել օպտիմալ կերպով՝ տարբերակելով առաջնայինը երկրորդայինից։

– Մարքեթինգի հետ առնչվում ենք բոլորս՝ ամենուր և ամեն օր։ Մարքեթինգի իմացությունը օգնո՞ւմ է Ձեզ՝  ավելի ճկուն լինելու առօրյայում։

– Իրոք, մարքեթինգն օգնում է լինել ավելի ճկուն, իրազեկ, արագ կողմնորոշվող։ Հիշում եմ, երբ տարիներ առաջ քննարկում էինք տարբեր մարքեթինգային օրինակներ, գործիքներ, ուսանողներից մեկը հարցրեց՝ «Ընկե´ր Պողոսյան, իսկ Ձեզ հե՞շտ է ապրելը, երբ Դուք գիտեք այդ ամենը»։ Իրականում, երբ սովորում ես կառավարել և արդյունավետ տնօրինել առօրյա խնդիրներդ, շատ ավելի դյուրին է դառնում կյանքդ։

– Համաձայն Գերմանիայի մարքեթինգի համալսարանի տվյալների՝ գոյություն ունի մոտ 2000 սահմանում, թե ինչ է մարքեթինգը։  Ո՞րն է մարքեթինգ հասկացության Ձե´ր սահմանումը։

– Ինձ համար մարքեթինգը դարձել է մտածողության ձև։ Անգլերենում մի շատ լավ բառ կա՝ mindset․ ինձ համար մարքեթինգը այդ mindset-ն է։ Եվ հենց այդ մտածողության ձևն է, որ քեզ՝ որպես մարքեթոլոգ, օգնում է ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում ճիշտ պրոդուկտով լուծել խնդիրը։

– Այս պահին Ձեր ուսանողներին խորհուրդներ տալու հնարավորություն ունեք։ Որո՞նք են այն երեք հիմնական խորհուրդները, որոնք կցանկանայիք հասցեագրել նրանց։

– Մենք՝ հայերս, շատ ենք սիրում խորհուրդ տալ։ Խորհուրդը միայն խոսք չէ, խորհուրդը նաև գործ է, գործողություն, և խորհուրդ տվողն առնվազն պետք է այն փորձած լինի։ Եթե այս տրամաբանությամբ մոտենանք հարցին, ապա խորհուրդներս հետևյալն են՝ 1. միշտ նայել առաջ և երբեք չընկրկել, ու չվախենալ նորը փորձելուց, 2. շատ կարդալ ու միշտ, 3. լինել համարձակ և թույլ չտալ, որ որևէ մեկի խորհուրդը կաշկանդի որևէ միտք կամ գործողություն, փորձել ինքնակատարելագործվել լավագույնս։

– Ձեզ ճանաչողները փաստում են, որ միօրինակությունից հոգնող, կյանքը փակ շղթայի՝ աշխատանք-տուն, շրջանակից դուրս դիտարկող վառ ու հետաքրքիր անհատականություն եք։ Ճի՞շտ է արդյոք: 

– Շնորհակալ եմ նման բնորոշումների համար։ Թերևս, այո, ճիշտ է։ Ես այդպիսին եմ, որովհետև միշտ նայում եմ առաջ, երբեք չեմ փորձում դոփել տեղում և բաց եմ ցանկացած փոփոխության համար։ Ինձ համար «մարտահրավեր» կոչվածը միայն դրական նոտաներ ունի։ Ցանկացած մարտահրավեր դարձնում եմ ոչ թե փորձանք, այլ փորձություն, իսկ հետո հաղթահարում այդ  փորձությունը։ Երևի թե դա է նաև պատճառներից մեկը, որ հիմա, երբ հետ եմ նայում իմ աշխատանքային կարիերային (իսկ ես աշխատում եմ 17 տարեկանից), տեսնում եմ, որ միակ ոլորտը, որտեղ չեմ աշխատել՝ ավիացիան է, մյուս բոլոր ոլորտներում աշխատել եմ՝ սննդի, շինանյութի, հագուստի, բանկային, հեռուստատեսության, ոսկերչության, դեղագործության, ներդրումների և այլ։

-Նշեցիք, որ բաց եք փոփոխությունների համար։ Հեշտությա՞մբ եք հարմարվում դրանց, պատրա՞ստ եք փոփոխությունները գրկաբաց ընդունել այն դեպքում, երբ հեռանկարն այնքան էլ պարզ չէ, իսկ երբեմն՝ մշուշոտ։

– Հոգեբանության մեջ կա մի մեթոդ, որը հնարավորություն  է տալիս արագ գնահատելու փոփոխությունների նկատմամբ մարդու ճկունությունը․ միանգամայն անծանոթ միջավայրում, սեղանի շուրջ, որտեղ կան և´ ծանոթ ուտեստներ, և´ անծանոթ, հետևում են, թե ով ինչից է օգտվում առաջինը։ Ես միշտ ընտրում եմ այն, որն ինձ անծանոթ է։ Նույն տրամաբանությունը նաև իմ կյանքում է, որովհետև հակված եմ մտածելու, որ յուրաքանչյուր փոփոխություն իր հետ բերում է հնարավորություն, որ դու այդ փոփոխությունը հաղթահարելուց հետո կլինես մեկ քայլ առաջ, մեկ մակարդակ բարձր։ Բրենդինգում ունենք 12 արքետիպեր, դրանցից մեկը՝ explorer՝ հետազոտող/բացահայտող արքետիպն է: Այն ինձ շատ բնորոշ է․ ես ինձ համարում եմ հենց այդ արքետիպի կրող, ով անընդհատ բացահայտում է աշխարհը։

– Գիտենք, որ ճամփորդությունների սիրահար եք

– Այո, կարելի է ասել, որ ճամփորդելը իմ հոգու ներդաշնակության գագաթնակետն է։ Ես միշտ սիրում եմ կրկնել, որ եթե ունես նույնիսկ մի փոքր հնարավորություն, ապա անպայման պետք է ճամփորդես, որովհետև այս աշխարհում այնքան բան կա տեսնելու, սովորելու, զգալու, բացահայտելու, որ մի ամբողջ կյանքը նույնիսկ բավարար չէ։ Միշտ փորձում եմ ցանկացած առիթ օգտագործել և ճամփորդել։ Այդ որոշմանը հանգեցի հատկապես 30 տարեկանից հետո, երբ որոշեցի, որ մարդ տարվա մեջ պետք է առնվազն երկու անգամ ճամփորդի՝ մեկը պետք է լինի ճանաչողական ճամփորդություն, մյուսը՝ ժամանցային, ծովափնյա։

– Ո՞ր երկրներում եք եղել և ի՞նչն է ամենից շատ տպավորել Ձեզ։

– Ինձ համար շատ տպավորիչ էր Իսրայել կատարած ճամփորդությունը։ Եղել եմ Իսրայելի 7 տարբեր քաղաքներում, դա ավելի շատ ուխտագնացություն էր: Դեռևս 27-28 տարեկանում որոշել էի՝ 33 տարեկանում լինել Իսրայելում և քայլել Երուսաղեմի փողոցներով։ Դրա համար շատ բան եմ զոհաբերել՝ աշխատանք եմ փոխել, աշխատանք եմ կորցրել, բայց չեմ զղջում։ Տպավորիչ էին նաև դեպի Եգիպտոս, Հունաստան, Հորդանան, ԱՄԷ, Ստամբուլ, Սանկտ Պետերբուրգ և բազմաթիվ այլ ճամփորդությունները։ Ջերմությամբ եմ հիշում հատկապես Արևմտյան Հայաստանը. տեսա Անին, Կարսը, Վանը, Բայազետը և այն պատմական վայրերը, որոնց ծանոթ էի միայն գրքերից և երգերից։ Այն էմոցիաները, որ այնտեղ ապրել եմ, բառերով հնարավոր չէ նկարագրել։ Թերևս, միայն ցանկանամ, որ յուրաքանչյուր հայ գոնե մեկ անգամ Արևմտյան Հայաստան այցելելու հնարավորություն ունենա:

– Ի՞նչ են տալիս ճամփորդությունները՝ անհատականության ձևավորման, մարդու մտավոր ու հոգևոր զարգացման տեսանկյունից։

– Իրականում շատ մեծ փորձ է. միանգամայն նոր մշակութային և մարդկային միջավայրում պիտի դրսևորես քեզ, այսինքն՝ ինքդ քեզ բացահայտես նորովի։ Ճամփորդությունները բավականին մեծ ազդեցություն են ունեցել թե´ աշխարհայացքիս ձևավորման, թե´ փորձություններ հաղթահարելու ունակություններիս զարգացման վրա։ 

– Ո՞րն է Ձեր ճամփորդությունների հաջորդ կանգառը։

– Մի քանի վայրեր կան, որ իմ առաջնային ծրագրերում են՝ Սինգապուրը (ցանկանում եմ իմ աչքերով տեսնել Սինգապուրյան «հրաշքը»), Մարոկկոն, Հնդկաստանը և Բրազիլիան։ Ինձ միշտ ավելի հետաքրքրել են հին կամ հնագույն քաղաքակրթություն ունեցող երկրները, որոնք գուցե այսօր առաջատար և զարգացած երկրների շարքում չեն, բայց բազմադարյա մշակույթ ու պատմություն ունեն։

– Վերջում՝ մի քանի բլից-հարց.

– Լավագույն ֆիլմը, որ երբևէ դիտել եք։

– Լավագույն ասել մի փոքր կդժվարանամ, թերևս, առավել տպավորիչ երեքն են՝ «Սատանայի փաստաբանը», «Լայն փակված աչքերով», «Մի՛ նայիր վերև»:

– Գիրք, որը վերընթերցելու պահանջ եք զգացել:

– Աստվածաշունչ. մշտապես կա այդ անհրաժեշտությունը։

– Երաժշտությունը Ձեր կյանքում։

– Ես ինձ համարում եմ երաժշտական մարդ, ստացել եմ նաև երաժշտական կրթություն, ունեմ բացարձակ երաժշտական լսողություն։ Սիրում եմ ջազ, ռոք, բլյուզ, դասական։

– Ի՞նչը կարող է Ձեզ ուրախացնել։

– Իրականում՝ շատ բաներ կարող են ինձ ուրախացնել, անգամ՝ փոքրիկ, օրինակ՝ բնության զարթոնքը, մարդկային բարի արարքները, չկոտրվող և կյանքին լավատեսորեն նայող մարդը, սովորելու ձգտում ունեցող և կիրթ ուսանողը և այլ։

– Ի՞նչը կարող է Ձեզ զայրացնել։

– Ինչքան ուրախացնող բան կա, այնքան էլ՝ զայրացնող։ Կարող եմ զայրանալ, երբ օրինակ փողոցում ծխում են ու ծխախոտը նետում ոչ աղբամանի մեջ, երբ անկարգապահ են, երբ աշխատանքի հանդեպ ցուցաբերում են անպատասխանատու մոտեցում, անպարտաճանաչ են և այլ…

– Ի՞նչն եք ամենից շատ արժևորում մարդկանց մեջ։

– Մարդ լինելը։

Լուսանկարները՝ Հերմինե Պողոսյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *