ԵՐԲԵՄՆ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ԳՏՆՈՒՄ ԼԱՎ ՄԱՍՆԱԳԵՏԻՆ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժինը այս տարի ևս շարունակելու է ներկայացնել Տնտեսագիտական մայր բուհի երիտասարդ ու խոստումնալից դասախոսներին։

«Երիտասարդ դասախոս» նախագիծը ՀՊՏՀ բլոգում կշարունակի ամեն հինգշաբթի ձեզ պատմել իրենց գաղափարներին հավատացող, համոզմունքներում ամուր և ունեցած ողջ ներուժն ու կարողությունները նորարարական կրթական նախագծերի և գաղափարների իրականացմանը ծառայեցնելու պատրաստ երիտասարդ գիտնական-դասախոսների մասին։

2022-ի առաջին հարցազրույցը ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի երիտասարդ դասախոս Հարություն Մովսիսյանի հետ է։ Հարություն Մովսիսյանը երկրաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է հանքավայրերի երկրաբանությունը, ծագումնաբանությունը (մետաղածնություն), որոնումը և հետախուզումը, հանքարդյունաբերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները երկրաբանության և հանքարդյունաբերության ոլորտում։

2006 թվականին ճանաչվել է ԵՊՀ լավագույն ուսանող, արժանացել արծաթե հուշամեդալի։ 2020 թվականին բնագիտական անվանակարգում արժանացել է ԵՊՀ Դասավանդման գերազանցության մրցանակի։ Դասախոսական առավել քան 10 (սկսած 2008 թվականից) տարվա փորձ ունի։ ՀՊՏՀ-ում դասավանդում է «Ընդերքի էկոնոմիկա» և «Երկրաբանություն»։ 2020 թվականից զբաղեցնում էՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը:

Հարություն Մովսիսյանի հետ զրուցել ենք երկրաբանության, դասախոսական աշխատանքի, Հայաստանում գիտական մտքի զարգացման հեռանկարների մասին։

-Մեկնաբանեք, խնդրեմ, թե որքանով են աղերսվում երկրաբանի, բնապահպանի, բնօգտագործման տնտեսագետի մասնագիտությունները:

– Ամենաուժեղ կապերով (ժպտում է)։ Երկրաբանությունն այնպիսի գիտություն է, որն առնչվում է թե՛ գիտության բոլոր ուղղությունների և թե՛ փիլիսոփայության և տիեզերագիտության հետ․ այս կապերի մասին անվերջ կարելի է խոսել: Երկրաբանությունն ինքն արդեն իսկ լայն գիտություն է և ներառում է տարբեր ուղղություններ՝ քարտեզագրություն, մետաղածնություն, երկրաֆիզիկա, երկրաքիմիա, միներալագիտություն, հրաբխագիտություն, ապարագիտություն, շերտագրություն, սեյսմոլոգիա, ինժեներական երկրաբանություն, հիդրոերկրաբանություն, հանքային երկրաբանություն, հանքավայրերի որոնում և հետախուզում: Երկրաբանության շնորհիվ բնական ռեսուրսներից նաև հանքային ռեսուրսներն են հայտնաբերվում՝ օգտակար հանածոների հանքավայրերը, որոնք էլ հետագայում հանդիսանում են ընդերքօգտագործման օբյեկտներ: Հանքավայրերը մի կողմից երկրաբանական միավորներ են, մյուս կողմից՝ տնտեսագիտական, քանի որ, մինչ դրանց շահագործումը, հաշվի առնելով մի շարք գործոններ, այդ թվում՝ երկրաբանական, լեռնատեխնիկական, տնտեսաաշխարհագրական, տնտեսագիտական և բնապահպանական, իրականացվում է հանքավայրերի երկրաբանական-տնտեսագիտական գնահատում: Կարծում եմ՝ սա բավական է՝ հասկանալու այս տարբեր ուղղությունների սերտ կապերը:

– Որքանո՞վ է այսօրվա ուսանողին հրապուրում «Բնօգտագործման տնտեսագիտությունը», և արդյո՞ք այս մասնագիտությամբ շրջանավարտները կարողանում են աշխատանք գտնել Հայաստանում, այս ոլորտում կադրերի պահանջարկ կա՞։

– «Բնօգտագործման տնտեսագիտությունը» հետաքրքիր մասնագիտություն է և, կարծում եմ, բավականաչափ հետաքրքրում է դիմորդներին և ուսանողներին: Բնօգտագործումը լայն հասկացություն է և ընդգրկում է բնական բոլոր ռեսուրսների՝ ջրային, հողային, անտառային, ընդերքի (օգտակար հանածոներ, մետաղական և ոչ մետաղական, պինդ, հեղուկ, գազային) և այլն, օգտագործման խնդիրները՝ սերտ կապակցված տնտեսագիտական տարբեր հարցերի հետ: Բնականաբար, ուղղությունների այս լայն շրջանակը ուսանողին ինչ-որ առումով պետք է հետաքրքրի, հատկապես, որ այն կապված է տնտեսության հիմնական ճյուղերի հետ: Այս մասնագիտությամբ և, առհասարակ, բոլոր մասնագիտություններով էլ բարձրորակ կադրերի պահանջարկ միշտ կա թե՛ Հայաստանում և թե՛ ամբողջ աշխարհում: Աշխատանք գտնելը, ճիշտ է, հեշտ գործ չէ, սակայն երբեմն աշխատանքն է գտնում լավ մասնագետին, իսկ մասնագետ էլ դառնում են ոչ միայն սովորելով, այլև աշխատանքով: Կարծում եմ՝ սխալ մոտեցում է, երբ լավ աշխատանքի որոնման ճանապարհին շատերը պարզապես չեն աշխատում: Լավ աշխատանքի անցնելու համար  հարկավոր է լավ սովորել, այնուհետև կամ զուգահեռ աշխատել ոլորտում, խորամուխ լինել, տեղեկանալ ոլորտի առանձնահատկություններին և խնդիրներին, աշխատել՝ զբաղեցնելով կրտսեր մասնագետի պաշտոններ և աստիճանաբար զարգանալ, ինքնակատարելագործվել և անցնել երազած կամ ցանկալի «լավ աշխատանքին»: Կարծում եմ նաև, որ այդ աշխատանքին հասնելուց հետո պետք չէ բավարարվել ձեռքբերածով և սահմանափակվել: Անհրաժեշտ է մշտապես աշխատել և բարելավել գիտելիքները՝ բարձր արդյունավետություն ցուցաբերելու համար:

Բնօգտագործման տնտեսագետի պահանջարկն աշխատաշուկայում իր ուրույն տեղն ունի, միաժամանակ միջմասնագիտական ուղղվածությամբ այն առնչվում է տարբեր ոլորտների հետ, ինչպես նաև կարևոր նշանակություն ստանում պետական կառավարման համակարգում տնտեսության տարբեր ճյուղերի արդյունավետ կառավարման, բնական ռեսուրսների ռացիոնալ և համալիր օգտագործման, երկրի տնտեսության և կայուն զարգացման ապահովման համար:

– Ինչո՞վ Ձեզ հրապուրեց երկրաբանի մասնագիտությունը, ե՞րբ հասկացաք, որ դա հենց այն ոլորտն է, որտեղ կցանկանայիք մասնագիտանալ և կայանալ։

– Երկրաբանություն մասնագիտությունն ինձ հրապուրեց բնության հետ սերտ կապով, լեռներով, գետերով ու լճերով, տիեզերքով, այնուհետև ուսման տարիներին ավելի ու ավելի խորացավ այն համոզմունքը, որ ընտրությունս ճիշտ է, և երկրաբանությունը հենց այն ոլորտն է, որում կցանկանայի մասնագիտանալ։ Դրան առավել նպաստեցին ուսումնական և մասնագիտական պրակտիկաները, աշխատանքը մասնագիտությամբ:

– Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում ամբիոնը երիտասարդ հետազոտողներին՝ տեսական, գործնական և կիրառական գիտելիքների ձեռքբերման առումով։

– Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնը համալրված է ոլորտում կայացած մասնագետներով, որոնք, բացի դասավանդելուց, նաև մասնագետներ են, հետազոտողներ, աշխատում (աշխատել) են տարբեր կազմակերպություններում, ունեն կուտակած մեծ և հարուստ փորձ, որը կարող են և պատրաստ են փոխանցել երիտասարդներին: Մասնագիտական կրթական ծրագրերը (բակալավր, մագիստրատուրա) մշակված են այնպես, որ հնարավորություն են տալիս ուսանողներին ստանալու այն ամենը, ինչն անհրաժեշտ է ապագա մասնագետին հարուստ տեսական գիտելիքներ և գործնական կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու համար՝ պարտադիրհաշվի առնելով նաև աշխատաշուկայի պահանջները:

– Ինչպե՞ս եք պատկերացնում երկրաբանության ապագան Հայաստանում։ Գիտական մտքի կայացման և զարգացման ի՞նչ հեռանկարներ են ուրվագծվում։

– Գիտական միտքը հնարավոր է զարգացնել երկրաբանության բնագավառում նվիրյալ մասնագետների միասնական ջանքերով։ Հայաստանում, կարծում եմ, ունենք երկրաբանության գիտական մտքի զարգացման և կայացման լավ հեռանկարներ, քանի որ կան գիտնականներ, որոնք պատրաստ են իրենց գիտելիքն և փորձը փոխանցել, և երիտասարդներ, որոնք պատրաստ են վերցնել փոխանցված գիտելիքն ու զարգացնել՝ նոր գաղափարներ առաջ տանելու համար:

– Ի՞նչ հետաքրքրություններ ունի Հարություն Մովսիսյանը՝ երկրաբանությունից զատ։ Շա՞տ ժամանակ եք տրամադրում աշխատանքին։

– Հետաքրքրություններս սահմանափակված են աշխատանքից հետո ազատ մնացած ժամանակով։ Ցավոք, վերջինս սահմանափակ է և թույլ չի տալիս թե՛ երկրաբանության և թե՛ այլ ոլորտներում իմ հետաքրքրություններին ժամանակ տրամադրել: Աշխատանքը պահանջում է պատասխանատվության բարձր գիտակցություն, իսկ զբաղեցված պաշտոնը՝ է´լ ավելի բարձր պատասխանատվություն:

– Հայաստանում Ձեր ամենասիրելի վայրը…

– Կոնկրետ վայր չեմ ցանկանա առանձնացնել, քանի որ Հայաստանի ամեն մի անկյունն ինձ համար յուրահատուկ է. Լոռին ու Տավուշը` իրենց անտառային բնությամբ, Վայոց ձորը` իր խոր և կտրատված կիրճերով, Սյունիքը` բարձր լեռներով և ցածրադիր գոտիներով, կիրճերով և այլն: Ամեն մի անկյունում կարելի է գտնել բնության, այդ թվում` երկրաբանական մի յուրահատուկ հրաշալիք, և հնարավոր չէ դրանց միջև դնել տարանջատումներ:

– Դասախոսելը Ձեզ համար լոկ աշխատա՞նք է, թե՞…

– Սկզբնական շրջանում դասախոսելը, միգուցե, լոկ աշխատանք էր, սակայն տարիների ընթացքում այն արդեն մասնագիտություն է, հետաքրքրության և կյանքի կարևոր ու հաճելի ուղղություն:

– Շնորհակալություն հարցազրույցի համար։

Լուսանկարները՝ Հարություն Մովսիսյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *