Երջանիկ է այն մարդը, որը սիրով և ստեղծագործաբար է կատարում իր աշխատանքը. Անուշ Թումանյան

«Երիտասարդ դասախոս» խորագրի այս հարցազրույցը ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի դասախոս Անուշ Թումանյանի հետ է։

2005 թվականին ոսկե մեդալով ավարտել է Հրազդանի Պարույր Սևակի անվան N8 միջնակարգ դպրոցը, 2009 թվականին՝ ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը՝ տեղեկատվական համակարգեր ըստ կիրառման ոլորտների մասնագիտությամբ, 2011 թվականին՝ «Կառավարման տեղեկատվական համակարգեր» մասնագիտության մագիստրատուրան, 2015 թվականին՝ ՀՊՏՀ հեռակա ասպիրանտուրան՝ «Մաթեմատիկական տնտեսագիտություն» մասնագիտությամբ։

2021 թվականից տնտեսագիտության թեկնածու է։

Անուշ Թումանյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, ուսանողների հետ հարաբերությունների, մասնագիտական աճի և այլ հարցերի շուրջ։

– Ինչպիսի՞ն էին Ձեր ուսումնառության տարիները, ինչո՞վ էին առանձնահատուկ, և ինչպիսի՞ ուսանող էիք Դուք:

-Ինձ համար շատ «քաղցր» տարիներ էին։ Կարծում եմ՝ բոլորն էլ իրենց ուսանողական տարիները սիրով են հիշում։ Մեր կուրսը լավ կուրս էր. ունեինք 15 անվճար սովորող ուսանողներ՝ մեկը մյուսից խելացի, աշխատասեր, համեստ, նպատակասլաց։ Երկրորդ կուրս էինք փոխադրվել, երբ սեպտեմբերի 1-ին ֆակուլտետի դեկանը՝ լուսահոգի Զաքար Կիրակոսյանը, մտավ լսարան և հայտարարեց, որ փոխատեղման կարգ է գործում, և առաջին կուրսի քննությունների արդյունքներով՝ անվճար սովորող մեր տղաներից մեկն անցել է վճարովի ուսուցման համակարգ։ Այդ օրվանից սկսած՝ բոլորս մտանք մրցապայքարի մեջ՝ մեր անվճար տեղերը պահպանելու համար։

Իմ ուսումնառության տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաները դեռևս այսքան զարգացած չէին. անհատական աշխատանքները ձեռագիր տարբերակով էինք ներկայացնում, իսկ նրանք, ովքեր համակարգիչ ունեին (ինչը շատ թանկ հաճույք էր), «անհատականները» պահում էին floppy disk-երի վրա։ Որպես օպերացիոն համակարգ՝ ուսումնասիրում էինք МS Dos, HTML-ի ծրագրային կոդերը գրատախտակին էինք գրում։ Սոցիալական ցանցերից ok.ru-ն նոր էր ստեղծվել, և ընկերների հետ շփվելու համար այցելում էինք համակարգչային վճարովի սենյակներ, քանի որ չունեինք բջջային հեռախոսներ, համակարգիչներ, ինչպես նաև համացանցային հասանելիություն:

Միշտ գիտակցել եմ, որ կրթությունն է հաջողության հասնելու հիմնական գրավականը։ Պարտաճանաչ ուսանող եմ եղել, միշտ գերազանց եմ սովորել, դպրոցն ավարտել եմ ոսկե մեդալով, և՛ բակալավրիատը, և՛ մագիստրատուրան ավարտել եմ գերազանցության դիպլոմով։ Չեմ պատկերացնում առօրյաս առանց սովորելու, մինչև այսօր էլ սովորում եմ։

– Անդրադառնանք մասնագիտության ընտրության հարցին։ Ճիշտ ընտրված մասնագիտությունը ոչ միայն հոգեկան բավարարվածություն է պարգևում, այլև նպաստում է մարդու լիարժեք կենսագործունեությանը, իսկ սխալ ընտրությունը, ցավոք, հանգեցնում է նպատակի, ջանքերի վատնման։ 18-ամյա երիտասարդը ինչպե՞ս խուսափի սխալվելուց:

Այո´, ճիշտ եք։ Կարծում եմ՝ երջանիկ է այն մարդը, որը սիրով և ստեղծագործաբար է կատարում իր աշխատանքը, որի նախասիրությունները համապատասխանում են պարտականություններին։ Կարծում եմ՝ մասնագիտության ընտրությունը կյանքի մեծագույն ու կարևոր ընտրություններից մեկն է, շատ երկար պետք է մտածել այդ ուղղությամբ։

Գիտե՞ք, այսօրվա 18-ամյա երիտասարդը շատ ավելի հասուն է, զարգացած, գիտի՝ ինչ է ուզում կյանքից։ Մենք ենթարկվում էինք մեր ծնողներին, առանց քննարկման ընդունում նրանց որոշումները, անգամ` եթե դրանք դեմ էին մեր ցանկություններին։ Նրանք էին մեր փոխարեն ընտրում մասնագիտություն՝ շատ հաճախ ուղղորդելով մեզ այնպիսի ոլորտներ, որտեղ անկատար էին մնացել նրանց երազանքները։ Սակայն այսօր իրավիճակն այլ է. երեխաներն են թելադրում իրենց ցանկությունները ծնողներին, ընդվզում նրանց որոշումների ու առաջարկությունների դեմ։

Իմ կարծիքով՝ ծնողները պետք է միջամտեն այս գործընթացին, սակայն ոչ թե ստիպելով, այլ փորձելով հասկանալ երեխաներին ու ճիշտ խորհուրդներ տալով։ Շատ հաճախ բուհ են ընդունվում դիպլոմ, ոչ թե մասնագիտություն կամ կրթություն ստանալու համար։ Ահա այստեղ էլ սխալվում են: Ավելի լավ է ընտրեն որևէ արհեստ, դառնան հմուտ արհեստավոր, քան լինեն գործազուրկ տնտեսագետ կամ իրավաբան։

-Ինչպե՞ս է եղել այդ անցումը Ձեր կյանքում, ե՞րբ հասկացաք, որ հենց տնտեսագետ եք դառնալու, և բավարարվա՞ծ եք, արդյոք, այդ ընտրությամբ։

Փոքր տարիքից երազել եմ բժիշկ դառնալու մասին, 9-րդ դասարանում նույնիսկ ֆիզիկա ու կենսաբանություն էի պարապում։ Բայց, հանգամանքների բերումով, ընտրությունս կանգ առավ Տնտեսագիտական համալսարանի վրա։ Դիմեցի ՀՊՏՀ՝ «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտությամբ։ Ընդունվեցի անվճար ուսուցման համակարգ, բայց միայն օգոստոսի 30-ին տեղեկացա, որ մեր ֆակուլտետի մասնաշենքը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում է։ Չնայած այս ամենին՝ երբեք չեմ փոշմանել մասնագիտությանս ընտրության համար (ընդհակառակը, կարծում եմ բախտավոր աստղի տակ եմ ծնվել, որ հենց այսպես դասավորվեց ամեն ինչ) և շատ եմ սիրում իմ աշխատանքը։

Մասնագիտական առաջընթացիս համար անգնահատելի է եղել ղեկավարիս՝ լուսահոգի Վարդան Սարգսյանի ներդրումը, Կամո Խաչատրյանի և Ռոբերտ Արմենակյանի օգնությունն ու վստահությունը, ինչպես նաև ավագ գործընկերներիս սերն ու հարգանքը։

Գիտե՞ք, հավատում եմ, որ կյանքում ոչինչ պատահական չի լինում և ի վերուստ ամեն ինչ վճռված է, անգամ, եթե մեզ թվում է, թե մենք ենք ընտրություն կատարում բազմաթիվ տարբերակներից։

– Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն է այսօրվա երիտասարդությունը, որպես տեխնոլոգիական առաջընթացի կրող՝ ի՞նչ նոր որակներ է դրսևորում:

Նպատակասլաց, համարձակ, ազատ, հանդուգն, ընդվզող, դիմացինի պարտականություններն ու իրավունքները լավ իմացող, սեփական պարտականությունների վրա երբեմն աչք փակող, շատ հաճախ՝ անտարբեր։ Սերնդափոխություն, սերունդների միջև անհանդուրժողականություն միշտ էլ եղել է, սակայն այս սերունդը ամբողջովին նոր որակներով է օժտված, ուստի, կարծում եմ՝ շատ երևույթների հանդեպ պետք է հանդուժող լինենք, մեզ լրացուցիչ սթրեսների չենթարկենք, ընդունենք, որ հենց նրանք են տեխնոլոգիական առաջընթացի շարժիչ ուժը։ Հատկապես մերօրյա մանկավարժները պետք է ուղիներ, միջոցներ որոնեն-գտնեն նրանց հետ մտերմություն հաստատելու, նրանց հետ համագործակցելու։ Երբեմն քննադատելով հանդերձ՝ շատ եմ սիրում ուսանողներին, հաճույք է լսարան մտնելն ու ամեն օր նրանց հետ շփվելը, նրանցից նոր բան սովորելը։

– Ըստ Ձեզ՝  ո՞վ է ներդաշնակ ու ինքն իր հետ հաշտ ապրող մարդը։

Ըստ իս՝ ներդաշնակ ու հաշտ ապրելու համար պետք է ընդունես քեզ այնպիսին, ինչպիսին կաս՝ թերություններով, առավելություններով հանդերձ։ Չէ՞ որ ամեն մարդ ճանաչում է ինքն իրեն ավելի լավ, քան մեկ ուրիշը։

– ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերության աշխատանքներում Դուք ներգրավված եք որպես գիտական ղեկավար։ Ի՞նչ կպատմեք Ձեր այդ փորձառությունից։

Ես մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում ինձ վստահված այդ աշխատանքին։ Գիտական-հետազոտական կարողություններով օժտված ուսանողի հետ աշխատանքը ինձ բերկրանք է պատճառում, նրանց հետ հավասար անհանգստանում եմ ու սրտատրոփ սպասում եմ պաշտպանությանը։

– Վերջում՝ մի քանի բլից-հարց.

– Լավագույն ֆիլմը, որ երբևէ դիտել եք։

«Երկնքի երեխաները»։

– Գիրք, որը վերընթերցելու պահանջ եք զգացել:

– Ջորջ Օրուելի «1984» վեպը (առաջինը սա եկավ մտքիս, իրականում շատ են)։ Կարծում եմ՝ գիրքը, որը վերընթերցման արժանի չէ, չարժե կարդալ։

– Որո՞նք եք համարում Ձեր ուժեղ կողմերը։

-Համառությունը, համբերատարությունը։

– Իսկ թուլություննե՞րը…

– Բարությունը։

– Ընկերների դերը Ձեր կյանքում։

Շատ մեծ ու կարևոր։

– Երազած աշխատանքը։

– Երազում եմ հիմնել բարեգործական հասարակական կազմակերպություն, որը կպաշտպանի կանանց իրավունքները։

Լուսանկարները՝ Անուշ Թումանյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *