Իմ ՀՊՏՀ

Էսսեների մրցույթ

Կյանքում կատարվող ցանկացած նոր քայլ նոր փոփոխություն է բերում և նոր շունչ է հաղորդում մարդկային կյանքին: Այդպիսի փոփոխություն էր մեզ համար դպրոցական անհոգ կյանքին հրաժեշտ տալը և կյանքի մի նոր ու բովանդակ ուսանողական փուլին անցնելը:
11-րդ դասարանում էի, երբ որոշեցի գալ ու անձամբ ծանոթանալ դիմորդին վերաբերող հարցերին: Օնլայն տարբերակով տեսել էի ամեն ինչ, բայց, չգիտեմ ինչու, ցանկանում էի տեսնել հենց բուհը: Եկա, նայեցի, բարձրացա աստիճաններով, խնդրեցի մայրիկիս լուսանկարել, և հենց այդ պահին բուհի պատերը, պատուհանները և նույնի՛սկ այն աստիճանը, որի վրա կանգնած էի ես, կարծես ինձ շշնջում էին, որ ես այս բուհի ապագա ուսանողն եմ լինելու:

Չգիտեմ ինչն ինձ այդքան ձգեց, բայց այդ օրվանից ես կապվեցի բուհին ու հասկացա, որ ուրիշ բուհի հետ ես ոչ մի կապ չունեմ, իմը հենց ինքն է՝ ՀՊՏՀ-ն։ Մի տեսակ ջերմության, լուսավորության եւ, ինչու չէ, նաեւ գրագիտության շունչն էր տիրում այդ պատերի ներսում: Ի վերջո, ես դարձա այդ լուսավոր բուհի 2019-2020 ուստարվա ուսանողը և շատ հպարտ եմ, որ հենց իմ` առաջին կուրս եղած ժամանակ ինձ բախտ է վիճակվել տոնել իմ սիրելի բուհի հոբելյանական 45-ամյակը: Ես հաստատ համոզված եմ, որ իմ ՀՊՏՀ-ն շատ ու շատ անվանի ուսանողներ է տվել, որոնք իրենց բանիմացությամբ և գրագիտությամբ ծառայել և ծառայում են մայր հայրենիքին: Ես, որպես այդ բուհի մի մասնիկ, կարող եմ հստակ ասել, որ մենք` առաջին կուրսեցիներս, նույնպես պատրաստ ենք մեր գիտելիքներով ու կարողություններով այնպես անել, որպեսզի մեր բուհի պատիվը բարձր պահենք, քանզի մեր ՀՊՏՀ-ն ճանաչված է ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա մասին գիտեն մի շարք արտասահմանյան երկրներում, որտեղից ևս մենք ունենք բազում ուսանողներ:
ՀՊՏՀ-լավագույն դասախոսական կազմ, լավագույն ուսանողներ և լավագույն ուսանողական խորհուրդ: Այս բոլորի համախմբման արդյունքն են բուհում կատարվող բոլոր միջոցառումները, որոնք անցնում են շատ հետաքրքիր և կազմակերպվում բարձր մակարդակով։ Այս ամենի համար ես շատ հպարտ եմ, որ հենց այս բուհն ընտրեցի և դարձա ՀՊՏՀ-ի ուսանողներից մեկը, և ես վստահ եմ, որ կշարունակեմ հպարտանալ այն բուհով, որտեղ սովորել եմ: Իմ կարծիքով, ասելով ՀՊՏՀ ՝արդեն ամեն ինչ ասված է :Ի’մ ՀՊՏՀ, իմ նոր կյանքի ակունք, արդեն 45 երկար ու ձիգ տարիներ կրթել ու մասնագիտական ուղի ես հարթել հազարավոր ուսանողների համար: Ցանկանում եմ, որ կյանքդ այդպես շարունակվի. մեզ նման բազում ուսանողներ թակեն քո դռները, իրենց նպատակի ուղիով հստակ շարժվեն առաջ և դառնան մեր երկրի հզոր ապագան: Դու կանգուն ես միայն քո ուսանողների և աշխատակազմի շնորհիվ, ես էլ, քո մի մասնիկը լինելով հանդերձ, իմ հերթին խոստանում եմ ամեն ինչ անել քո արժանի շրջանավարտը լինելու համար։ Միշտ կանգուն մնա իմ ջերմ, իմ լուսավոր օրրան: Շնորհավո’ր տոնդ հոբելյար, ի՛մ բուհ, ի՛մ պարծանք, ԻՄ ՀՊՏՀ:

Գրետա Գուրուրյան
ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ, առաջին կուրս

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *