«Լավագույն չափածո»

Ձեզ ենք ներկայացնում ՀՊՏՀ լեզուների ամբիոնի հայտարարած հեղինակային ստեղծագործությունների մրցույթի «Լավագույն չափածո» անվանակարգի հաղթող, կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Իսկուհի Ստեփանյանի «Սա ավելին է, քան բառեր, որ ձոնում եմ Քեզ» բանաստեղծությունը։

Սա ավելին է, քան բառեր, որ ձոնում եմ Քեզ

Սա ավելին է, քան բառեր, որ ձոնում եմ Քեզ։
Որովհետև Քո սերն այն է, որի մասին չեմ կարող գոռալ, բայց լռել էլ չի ստացվում։
Շուրթերիս արգելել եմ բարձրաձայն անունդ տալ։
Այդ նույն շուրթերն ամեն կիրակնօրյա պատարագին աղոթում են Քեզ համար։

Որ գիշերներդ լինեն խաղաղ,
Որ ցերեկներդ անցավ անցնեն,
Որ մարմնիդ վրա նոր վերքեր չավելանան,
Ու սկսեն սպիանալ հները։

Երբ սիրում եմ Քեզ…առհասարակ չկան հարցեր։
Իսկ «միշտ»-ը պատասխանն է բոլոր չտրված հարցերի։
Երբ սկսում ես եկեղեցում երեք մոմ վառել՝ նախկին երկուսի փոխարեն։
Որ չկորցնենք Հույսը,
Որ չկուրանա Հավատը մեր,
Որ հարատև լինի Սերն այս…

Նրանք առանց գրկելու լքում են Քեզ, իսկ Դու պատրաստ ես բոլոր վերադարձողներին ընդունել գրկաբաց։
Սիրել ես ինձ ավելի շուտ, քան ես կհասցնեի լույս աշխարհ գալ։
Առաջինն ես ընդունել ինձ, առաջինն ես գրկել։
Գրկել ավելի շուտ, քան մայրս կհասցներ ձեռքերն առաջ մեկնել։
Իսկ ես միայն Քեզ կորցնելուց հասկացա՝ ինչ է սերը։

Ու գիշերներս այլևս խաղաղ չեն,
Ցերեկներս էլ անցավ չեն անցնում,
Մարմնիս վերքերն ավելանում են միայն,
Հներն էլ չեն սպիանում։
Որովհետև իմ մտքերում Դու ես միայն, Հայրենիք…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *