Կառլեն Հարությունյան. «Կոծոն, Ազատը… ու իրենց պես շատ տղաներ հավերժ գրկեցին մայր հողը»

Համառոտ տեղեկանք

Աշտարակ քաղաքից է, ծնվել է 2002 թվականի հունվարի 22-ին: Սովորել է Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում, այնուհետև Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցում: Զորակոչվել է 2020 թվականի օգոստոսի 24-ին, ծառայել է Ասկերանում, ապա Հադրութում: Սովորում է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի կառավարում մասնագիտության 1-ին կուրսում:

–Կառլե´ն, 1 ամիս 3 օրվա ծառայող էիք, երբ պատերազմն սկսվեց, իսկ երբ ավարտվեց այն Ձեզ համար:

–Այո´, երբ սկսվեց պատերազմը, շատ կարճ ժամանակահատված էր, ինչ զինվորական պատրաստականություն էի անցնում, իսկ ավարտվեց այն ինձ համար նոյեմբերի 8-ին, քանի որ նախորդ օրը վիրավորում ստացա. ոտքս էր վնասվել, վերադարձից հետո երկար ժամանակ Մոսկվայում բուժում էի ստանում:

–Այժմ ինչպե՞ս եք:

–Բարեբախտաբար, առանց ձեռնափայտի եմ արդեն քայլում, ինչը մեծ առաջընթաց է ինձ համար: Ճիշտ է, դեռ բեկորներ կան ոտքիս մեջ, որոնք երևի չեն հեռացնի: Դե, պարզ չի՝ հեռացնելը կօգնի՞, թե՞ ավելի կվնասի, բեկորները նյարդին մոտ են: Հիմա դեռ բուժման փուլում եմ, բայց ամեն ինչ կարգին է:

–Ի՞նչ նախասիրություններ ունեիք մինչև ծառայության մեկնելը:

–Ես տեսակով այնպիսի մարդ եմ, որ մի բանի հանդեպ չունեմ չափազանց մեծ  հետաքրքրություն, ամեն ինչի նկատմամբ հավասար է: Որոնող եմ, հետաքրքրասեր: Ավելի հաճախ հետաքրքրություններս պահի թելադրանք են: Մինչև ծառայությունը սիրողական զբաղվել եմ ըմբշամարտով: Հետո արդեն՝ ընդունելության շրջանում, սկսեցի դասերով ավելի շատ զբաղվել, որ լավ արդյունքներով ընդունվեի համալսարան:

–Ի՞նչ երազանքներ նպատակներ ունեիք մինչև ծառայությունը, նո՞ւյնն են արդյոք դրանք պատերազմից հետո:

–Առհասարակ, չեմ սիրում խոսել իմ երազանքների, նպատակների մասին: Գուցե, հիմա էլ շրջանցենք այս հարցը:

–Իհարկե, անցնենք հաջորդ հարցին: Գուցե, դժվա՞ր է նաև կորուստների մասին խոսելը:

–Չգիտեմ՝ ինչու, միշտ կարծել եմ, որ ինչ վատ բան էլ լինի, ինձանից, իմ ընկերներից, հարազատ ու թանկ մարդկանցից հեռու է լինելու: Բայց այս պատերազմը իր վտանգներով ու կորուստներով չշրջանցեց նաև ինձ ու հարազատներիս: 12 տարվա իմ ընկերոջը կորցրի: Մոտ 20 օր ինձ չեն ասել: Նեղացել էի ընկերներիցս, մեղադրում էի, որ ինձանից գաղտնի են պահել: Հետո հասկացա, որ  ճիշտ են վարվել:

Երբ իմացա ընկերոջս մահվան լուրը, լավ է, որ դիրքերում չէի: Եթե դիրքերում լինեի, հնարավոր է՝ չմտածված որևէ քայլ անեի: Իսկ դիրքում սխալդ միայն քեզ չի վնասում:

Վաշտիս մեծ մասը զոհվեց, 80 հոգի էինք, 20-ն են կենդանի մնացել: Հիմա ովքեր ողջ են, կապի մեջ եմ իրենց հետ:

–Որտե՞ղ եք մասնակցել պատերազմական գործողություններին:

-Սկզբում՝ Հադրութում էինք, նոյեմբերի 5-ին տեղափոխվեցինք Շուշի:

–Այդ օրերից ի՞նչն ես հաճախ մտաբերում:

–Չեմ կարողանում մոռանալ նոյեմբերի 7-ը: Այդ օրը իմ մամայի ծննդյան օրն է: Ասում էի՝ գոնե մինչև այդ օրը պատերազմը վերջանա: Չգիտեմ՝ ինչու, բայց մտածում էի, որ այդ օրն ինչ-որ բան է լինելու: Մենք նոյեմբերի 5-ին գնում ենք Շուշի, որտեղ թեժ մարտեր են ընթանում, ես նայում եմ ու հասկանում, որ իմ «նոյեմբերի 7-ը» մոտենում է:

Զանգել էի արդեն ընկերներիս, ասել էի, որ տորթով, ծաղիկներով գիշերը 12-ին գնան մեր տուն: Տորթն էլ իմ զինվորական համազգեստով նկարով էր, ներքևում գրած`«Մամ ջան, տուն եմ գալու»: Ուղիղ 12-ին զանգում եմ մամայիս, շնորհավորում եմ:

Հենց այդ առավոտը սկսվում է ամեն ինչ. կանգնած ենք, դիպուկահարն սկսում է աշխատել մեր ուղղությամբ: Խփում է 8 փամփուշտ, որից 7-ը՝ դիպուկ թիրախավորված: Կողքիս կանգնած տղայի գլխին դիպավ, ինձ էլ կարող էր դիպչել, նույն ձևով կանգնած էինք: Արդեն 8-րդ փամփուշտն ինձ էր ուղղված. այդ ժամանակ համ հրթիռ ընկավ շատ մոտիկ, համ կրակեցին: Մինչև հիմա չեմ իմանում, թե ինձ որն առաջինը վիրավորեց, որի վնասվածքն էր ավելի լուրջ: Ու մինչև հիմա այդ բեկորներն են ոտքիս մեջ:

–Երկա՞ր մնացիք մարտի դաշտում: Ինչպե՞ս էիք վիրավոր ոտքով տեղաշարժվում:

–Վիրավորվել եմ, ինչպես ասացի, նոյեմբերի 7-ին, ժամը 12-ի կողմերը, իսկ հոսպիտալ հասել եմ նոյեմբերի 8-ին՝ առավոտյան 7-8-ի կողմերը: Այդ օրերին առաջին բուժօգնությանը սկսել էինք լավ տիրապետել, փորձ էինք ձեռք բերել: Ես էլ իմ ոտքն այնպես կապեցի, որ չարնահոսեմ:

–Ի՞նչ մտքեր են Ձեզ այցելել վիրավոր ժամանակ:

–Դիպուկահարի կրակոցներից հետո ես վիրավոր եմ արդեն: Նահանջում ենք, ու ճանապարհի վրա սկսում է շատ մոտիկից կռիվ՝մոտ 20-25 մետր հեռավորության վրա: 400-500 հոգի էինք Շուշիում այդ ժամանակ,  երևի մոտ 60 հոգին ողջ մնացին:

Քանի որ վիրավոր էի, կռիվն էլ թեժանում էր, փամփուշտներս էլ վերջանում էին,  հույսս արդեն կորցրել էի: Միակ բանը, որ մտքովս անցավ, առաջին հնարավորության դեպքում ընկերոջս զանգելն էր: Զանգեցի, ասացի՝ լավ մնացեք, սաղիդ շատ եմ սիրում ու անջատեցի:

Ես չգիտեի՝ մի վայրկյան հետո ինձ հետ ինչ կլինի, ու եթե վատագույնը պիտի լիներ, գոնե իմանային, թե որտեղ եմ, ինչ է կատարվում ու ասեի այդ բառերը իրենց վերջին անգամ:

–Բարեբախտաբար, դա Ձեր վերջին զանգը չէր… Ի՞նչ կատարվեց հետո:

–Շուրջբոլորս զոհեր էին: Չգիտեմ՝ ոնց այդ պահին ուղեղս աշխատեց, որ ես ինձ պահեմ դիակների տակ: Ու անգամ էդ պահին ես զգում էի, թե ոնց են իրենց սառած մարմինները ինձ պաշտպանում բեկորներից: Ես այդ պահին չունեի էլ հնարավորություն պայքարելու, կրակելու: Այդ պահին դա միակ ելքն էր պաշտպանվելու:

–Ի՞նչն էր ամենադժվարը այդ օրերին:

–Դժվար էր, որ ծառայակից ընկերոջդ վիրավոր կամ ավելի վատ՝ զոհված պետք է տեղափոխես: Մեքենան մեզանից շատ հեռու էր: Նայում ես՝ նիհար տղա է, բայց…. քաշն ասես՝ կրկնապատկված: «Սնարյադների» միջով վազում էինք, վտանգի զգացումը բթացած էր…

–Կառլե´ն, թեև Ձեզ հետ զրույցն անչափ հետաքրքիր է, սակայն չենք ցանկանում մեր հարցերով շարունակ ծանր հիշողություններ արթնացնել: Դուք պատմելու շնորհ ունեք, և մեզ շատ հուզեց Կոծոյի մասին Ձեր պատմությունը: Թույլ տվեք ընթերցողին այն ներկայացնել առանձին, առանց միջամտության՝ ի հիշատակ նրա ու զոհված մյուս ընկերների:

Մեր վաշտում մի տղա կար, անունը Հովո էր, մենք նրան Կոծո էինք ասում, որովհետև ազգանունը Կոծինյան էր: Իրա պապան եկել էր ու մեր վաշտի հետ բարձրացել էր դիրքեր, որ տղու կողքին լիներ:

Նոյեմբերի 6-ին իրա պապան վիրավորվեց, Կոծոյին մի կերպ էինք հանգստացնում՝ ասելով, որ ամեն ինչ լավ կլինի: Իմ հիշելով՝ հենց էդ նույն օրն էր, որ Կոծոն էլ վիրավորվեց: Արդեն մութ էր: Կոծոյին բերեցին ու հենց իմ դիմաց պառկացրին: Ես խոսում էի իրա հետ, հույս էի տալիս, ասում էի՝ լավ էլի, Կոծո´, խի՞ հորդ հետ չգնացիր, որ գնայիր, տենց չէր լինի: ՈՒ ինքը պատասխանեց՝ ախպե´ր, դե ուրեմն բարին  էլ էս էր:

Մենք ըդտեղ 14 հոգով էինք մնացել, ու մեզ հրաման տվեցին, որ ձորով պետք ա իջնենք: Որոշեցինք շարժվել: Մենք ուզում էինք Կոծոյին տանենք հետներս: Ինքը չէր կարա քայլեր, ես ուզում էի գրկած տանեի, բայց ամեն մի շարժումը իրա համար շատ ցավոտ էր: Համոզում էի, որ գոնե գցեմ ուսիս ու տենց տանեմ, ինքը հրաժարվում էր՝ չէ-չէ: Ես արդեն ուզում էի զոռով գրկեմ, ինքը ինձ բրդում էր, սկսեցինք իրար քաշքշել: Ասեց՝ ախպեր, չէ´, իմ վրա բուշլատ քցեք, դուք գնացեք, հենց մարդ գտնեք, որ կարան օգնեն մեզ, տեղներս ասեք, թող գան:

Ու արդեն երբ շարժվեցինք, ես Կոծոյին լացելով բան ասեցի, չեմ հիշում ինչ, ավելի ճիշտ՝ հիշում եմ, բայց չեմ ասի, ու մենք գնացինք: Ու հետո իմացա…. Կոծոն արնաքամ ա եղել… նույն օրը հեր ու տղա զոհվել են: Հիմա հոր ու տղու գերեզմանները կողք կողքի են:

Շատ եմ ցավում, ինձ հանգիստ չի տալիս, որ Կոծոյին մինչև վերջ չհամոզեցինք կամ ուժով չտարանք մեզ հետ:  Չնայած, ես էլ արդեն վիրավոր էի, ու 14 հոգուցս երևի 4-5 հոգին վիրավոր չէր, ավելի ճիշտ՝ ոչ թե վիրավոր չէին, այլ ավելի թեթև վիրավոր էին: Անգամ անդամահատված տղաներ կային մեր շարքերում. էդ աստիճանի լուրջ էր, էլի: Ու մեկս մեկիս օգնելով իջնում էինք էդ ձորը, որն էնքան դժվարանցանելի էր, որ կարող ա ոտդ դնեիր ու մի 10 մետր իջնեիր:

Ձորն իջնելիս հետներս մի տղա կար, անունը՝ Ազատ, ոտից ծանր վիրավորում էր ստացել, քայլել չէր կարում: Ձեռքերը գցում էր տղաների ուսերին, ու իրան տանում էին, բայց ինքն էլ էր հոգնել ու էլ չէր կարում գար, ուժերը սպառվել էին: Ասեց՝ թողեք ինձ, մի հատ զենք տվեք, որ բան լինի՝ ինձ պաշտպանեմ ու գնացեք, մարդ գտնեք, տեղս կասեք, թող գան օգնեն: Ու մենք էլի ինչքան համոզեցինք, որ գա, մենք կտանենք, չեկավ, ասում էր, որ էլ չի կարողանում: Ու էլի փորձ արեցինք, ինքը դիմադրում էր, ասում՝ գնացեք, որ շուտ գան օգնեն մեզ: Պետք ա արագ տեղ հասնեինք, որ լույսը չբացվեր: Մեզ մթությունն էր փրկում:

Մենք իրա ոտքին երկրորդ վիրակապն արեցինք, որ արնաքամ չլինի, ինչով կարող էինք, էդ մթության մեջ ֆիքսեցինք տեղը, որ ճիշտ նկարագրեինք ու շարժվեցինք առաջ:

Երբ տեղ հասանք, չէինք հավատում, որ փրկվել ենք, արագ-արագ տղերքի տեղն էինք ասում: Ամեն ինչ հիշում էինք, բոլորի տեղն ասեցինք` Ազատի, Կոծոյի… Ես ինձ չեմ կարողանում ներել, որ իրանց չփրկեցինք՝ Կոծոյին ու Ազատին… ու իրենց պես շատ տղաներ հավերժ գրկեցին մայր հողը:

Նյութը պատրաստեցին Մարգարիտա Խաչատրյանը, Մարիամ Հարությունյանը, Վարդուհի Գալստյանը և Անի Դեգեմոնյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *