Կարեն Սահակյան. «Վանում եմ տխուր հիշողությունները, բայց երբեք ոչինչ չեմ մոռանում»

Համառոտ տեղեկանք

Ծնվել է 2001 թ․ ապրիլի 2-ին՝ Երևանում։ Սովորել է Շենգավիթի 137 հիմնական դպրոցում, ապա՝ Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցում: Ընդունվել  է ՀՊՏՀ և զորակոչվել բանակ 2019 թվականին։  6 ամիս նախնական զինվորական պատրաստականություն է անցել Լուսակերտում, ապա տեղափոխվել Խոջալու։ Այժմ սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի նույնանուն մասնագիտության 1-ին կուրսում։

Կարենն անսահման դրական, կենսախինդ ու լավատես երիտասարդ է։ Անգամ ամենադժվար իրավիճակի մասին պատմում է ժպիտով ու «կատակի տալիս». «Առհասարակ, ամեն ինչում պետք է փնտրել ու գտնել դրականը, անգամ եթե թվում է, թե չկա այդ դրականը։ Անխոս, մենք ունեցել ենք անչափ դժվար օրեր, և եթե հիմա այդ 44 օրերի մասին պատմեմ տխուր դեմքով, կսկսեք արտասվել։ Ամեն ինչում դրականը տեսնելով ու ժպիտով խոսելով՝ վանում եմ տխուր հիշողությունները, բայց երբեք  ոչինչ չեմ մոռանում»։

Բարեբախտաբար, Կարենն անփորձանք ավարտել է ծառայությունը, զորացրվել և սկսել ուսումնառությունը մեր համալսարանում։ Ասում է, թե մասնագիտության ընտրության հարցում պարզապես հետևել է հարազատների խորհրդին։ Իսկ հիմա թե՛ մասնագիտությունն է հետաքրքիր, թե՛ մթնոլորտը բուհում և կուրսում՝ հաճելի։

«Ձեռք եմ բերել լավ ընկերներ ու հետաքրքրություն դեպի մասնագիտությունս։ Այն իմ հետագա կյանքում, վստահ եմ, շատ կօգնի։ Իսկ ընկերները կյանքի պարգև են, այնպես չէ՞»,- ապա ասում է. «Դժվարություններից, մարդկային կորուստներից, բարդ իրավիճակներից առհասարակ չեմ խոսելու, միայն մի բան կպատմեմ: Հոկտեմբերի 5-ին մեզ ասացին, որ պետք է գնանք Ջաբրայիլ։ Տեխնիկան արդեն վատ էր աշխատում, ու 120 կիլոմետրը հազիվ մեկ օրում գնացինք։ Տեխնիկայի միջից դուրս եմ գալիս ու տեսնում՝ «ձորի բերանին ենք», համարյա շուռ ենք գալիս։

Արդեն Ջաբրայիլում էինք, մեկ էլ տեսնում եմ՝ բաց դաշտում մի անօդաչու սարք ընկավ տեխնիկայի վրա ու էդ տեխնիկայից սկսեցին մյուսներն էլ վառվել։ Կրակմարիչով ուզում ենք մարել կրակը, բայց չի հաջողվում։ Բարեբախտաբար հասկանում ենք, որ եթե մի քիչ էլ երկար մնանք, ապա հրետանիները պայթելու են, բեկորները՝ մեզ վնասեն։ Արագ կողմնորոշվում ենք ու ժամանակին հեռանում՝ առանց կորուստների»։

Մենք էլ պատմեցինք Կարենին այդ օրերի համալսարանական առօրյայի մասին. թե ինչպես ենք հավաքագրել ապրանքներ և ուղարկել սահման՝ սեր, ջերմություն փոխանցել դրանց միջոցով։ Հետաքրքրվեցինք՝ արդյոք նամակներ հասե՞լ են իրենց։

«Հենց մեր համալսարանից՝ չէ, բայց մի քանի անգամ այլ տեղերից հասել են։ Օրինակ՝ Գառնիից ջուր էին ուղարկել։ Շշերի վրա գրված էր՝ «Գառնիի ջուր՝ ամենաուժեղ տղերքի համար»։  Գիտե՞ք՝ այդ պահին ոնց էինք ուրախանում ամեն փոքր բանից, կարևորը ուշադրությունն ու ջերմությունն էր, որ թիկունքից մեզ էր հասնում»։

Նայեցինք միմյանց ու ժպտացինք, հասկացանք, որ մեր ջանքերը ծառայել են նպատակին, և հիմա էլ պետք է աշխատենք նրանց կողքին լինել և ոգևորել։

«Պատերազմ տեսած խաչերը, զինվորի աղոթագիրքը, սրբապատկերը ամեն օր ինձ հիշեցնում են, որ Աստծո կամքով եմ այստեղ: Իսկապես, այդ օրերին կռվել ենք զենքը՝ ձեռքներիս, աղոթքը՝ շրթներիս։  Զինվորի աղոթագիրք ամեն մեկն ունի, այն պահում  էինք ծոցագրպանում՝ սրտին մոտ։ Մյուսները հոգևորականներն են տվել պատերազմի օրերին. գալիս էին օրհնում, միասին աղոթում էինք, Աստծո խոսքն էին մեզ փոխանցում։ Իսկապես դժվար օրեր էին»։

Մեր ուրախ ու լավատես Կարենը, այնուհանդերձ, տրվում է հիշողություններին. «Պատերազմի ժամանակ շուն ունեինք, մեր ընկերոջ շունն էր։  Էնքան սիրուն աչքեր ուներ։ Երկար ժամանակ մեր ընկերոջից լուր չունեինք, ինքը մեզնից հեռու էր: Շան հանդեպ շատ հոգատար էինք, կերակրում էինք՝ «տուշոնկա, ժարիտ», ամեն ինչ տալիս էինք։ Այնտեղ թաքստոց կար, որտեղ «փեջ» էինք վառում ու տաքանում, շունն էլ մեզ հետ գալիս էր տաքանալու։ Ցավոք, մեր ընկերը չվերադարձավ կռվի դաշտից։

 Որքան էլ, որ այն ժամանակ կռվել ենք և փորձել ենք վրեժ լուծել մեր զոհված ընկերների համար, մեկ է, մենք  դեռ նրանց պարտք ենք և դեռ վրեժ ունենք լուծելու»։

Հայացքը խոնարհում է, մտովի տեղափոխվում կռվի դաշտ ու թաքցնում այն ցավը, որը զգում է՝ մեզ չպատմած, բայց հոգին խռովող մտքերից։

Նյութը պատրաստեցին Մարգարիտա Խաչատրյանը, Մարիամ Հարությունյանը, Վարդուհի Գալստյանը և Անի Դեգեմոնյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *