ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐԱԿՅԱԼ ԵՎ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔԻ ԳՐԱՎԱԿԱՆԸ․ ՄԱՐԻԱ ՍԱՀԱԿՅԱՆ

«Երիտասարդ դասախոս» շարքի այս հարցազրույցը ՀՊՏՀ բիզնես վարչարարության ամբիոնի դասախոս Մարիա Սահակյանի հետ է։

Մարիա Սահակյանը  կառավարման ոլորտի մասնագետ է, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ։ Գիտական հետաքրքրությունների շրջանակը լայն է՝ մարդկային ռեսուրսների կառավարում, զբոսաշրջության ռազմավարական կառավարում, զբոսաշրջային կլաստերներ, կառավարչական տնտեսագիտություն։ Դասախոսական 16 տարվա փորձ ունի։ Դասավանդում է նաև Հայ-ռուսական համալսարանի կառավարման և բիզնեսի ամբիոնում։

Մարիա Սահակյանի հետ զրուցել ենք որակյալ կրթության, աշխատաշուկայում կայանալու, ընտանիքն ու կարիերան համատեղելու՝ իր բանաձևի մասին։

– Հարգելի´ Մարիա, ողջունում եմ Ձեզ մեր հյուրասրահում։ Կուզեի զրույցն սկսել կրթությանն առնչվող հարցով։ Ո՞րն է,  ըստ Ձեզ, որակյալ կրթությունը, և արդյո՞ք որակյալ կրթությունը որակյալ կյանքի նախապայման է։

– Ես նույնպես ողջունում եմ Ձեզ և այս նախաձեռնությունը և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել որոշ հարցերի շուրջ իմ տեսակետները հանրությանը ներկայացնելու հնարավորության համար։ Անդրադառնալով Ձեր հարցին՝ պետք է նշեմ, որ շատ դժվար է որակյալ կրթության օբյեկտիվ գնահատական տալը։ Ամեն դեպքում, տարաբնույթ փորձերը՝ գտնել հստակ ցուցանիշներ, որոնք կբնութագրեն որակյալ կրթությունը որևէ երկրում կամ նույնիսկ միջազգային մակարդակում, հազվադեպ են համընդհանուր հավանություն ստանում։ Կարծում եմ, որ կրթությունն ինքնանպատակ չէ, թեև որոշ հոգեբաններ դա համարում են ինքնահաստատման և ինքնարտահայտման ձև։ Կրթությունը պետք է ուղղված լինի ժամանակակից մարդու գիտակցության, աշխարհայացքի, մտահորիզոնի զարգացմանը։ Իզուր չեն ներկայումս այդքան կարևորվում քննադատական մտածելակերպի, վերլուծելու, ռացիոնալ դատողություններ կատարելու կարողություններն ու հմտությունները։ Այնուամենայնիվ, խոսելով բարձրագույն կրթության մասին, կարող եմ նշել, որ առաջնային տեղում կարելի է դիտարկել բազային գիտելիքները, քանի որ, առանց վերջիններիս, ո՛չ քննադատական մտածելակերպ, ո՛չ վերլուծելու և ո՛չ էլ այլ կարողություններ ձևավորել հնարավոր չէ։ Տնտեսության, գիտության, տեխնիկայի զարգացման ներկայիս արագ տեմպերի պայմաններում համալսարանները, բացի վերոհիշյալից, պետք է շեշտը դնեն նաև ժամանակակից տեխնիկական գործիքակազմից օգտվելու հմտությունների, առաջնորդման, նորարարական մտածելակերպի, թիմում աշխատելու, ժամանակը կառավարելու կարողությունների վրա։ Իհարկե, մեր երկրի ապագան կերտելու և գիտական սերնդափոխության համար անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել ուսանողների գիտական ներուժի բացահայտման վրա։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե որակյալ կրթությունը որակյալ կյանքի նախապայման է, թե՝ ոչ, ապա հաստատապես հենց կրթությունն է որակյալ և բարեկեցիկ կյանքի գրավականը մեր օրերում։

– Ամբիոնը, որը ներկայացնում եք, իրականացնում է «Մարդկային ռեսուրսների կառավարում» և «Նախագծերի կառավարում» մագիստրոսական ծրագրերը։ Այս ծրագրերով ուսուցումը նպաստում է աշխատանքի շուկայում կառավարչական գիտելիքով և հմտություններով օժտված շրջանավարտների մրցունակության աճին, նրանց մասնագիտական առաջխաղացմանը։  Արդյո՞ք ամբիոն-գործատու կապի միջոցով տեղեկանում եք, թե որքանով է իրացվում այդ մասնագիտություններով շրջանավարտների ներուժը և որքանով են նրանք մրցունակ աշխատաշուկայում։

Շնորհակալություն, շատ տեղին հարց է։ Նշեմ, որ ոչ միայն անընդհատ իրականացնում ենք աշխատանքի շուկայի մոնիթորինգ և սերտ կապի մեջ ենք խոշոր գործատուների հետ, այլև իրենց ՄՌԿ (մարդկային ռեսուրսների կառավարման) և այլ ոլորտի լավագույն մասնագետներին փորձում ենք հնարավորինս ներգրավել դասավանդման գործընթացում։ Հաճախ նաև հենց իրենք են հանդիսանում մեր՝ մագիստրատուրայում ուսումնառության ժամանակահատվածում դեռևս չզբաղված ուսանողների գործատուները։ Այսինքնմեզ մոտ բուհ-գործատու կապը տարեցտարի ավելի է ամրապնդվում, ինչը վկայում է, որ մեր շրջանավարտներն օժտված են անհրաժեշտ տեսական ու գործնական գիտելիքով: Գիտահետազոտական  փորձառության փուլում մեր ուսանողների 90 տոկոսն արդեն աշխատում է։ Ինչ վերաբերում է մեր շրջանավարտների մրցունակությանը, ապա ուսումնառության ժամանակահատվածում մասնագիտությամբ աշխատելու և մրցունակ վարձատրություն ստանալու փաստն արդեն իսկ դրա ամենախոսուն ապացույցն է։

– Համապատասխան բարձրագույն կրթություն, գերազանցության դիպլոմ ունենալը բավարար պայման համարո՞ւմ եք՝ լավ մասնագետ դառնալու համար,  ուրիշ ի՞նչ որակներ պետք է ունենա բուհն ավարտած երիտասարդը՝ աշխատաշուկայում իր տեղը գտնելու համար։

– Բարձրագույն կրթությունը և բարձր առաջադիմությունը լավ մասնագետ դառնալու անհրաժեշտ, սակայն ոչ բավարար նախապայման է։ Լավ մասնագետ դառնալու համար անհրաժեշտ է մշտական աշխատանք, ինքնակրթություն, ինքնակատարելագործում և նպատակասլացություն։ Ես հաճախ իմ ուսանողներին ասում եմ, որ չկա նպատակ (իհարկե՝ խելամտության սահմաններում), որ իրենք ի վիճակի չլինեն կյանքի կոչել: Պարզապես անհրաժեշտ է սահմանել ճիշտ ուղենիշներ, որոնք տանում են դեպի հաջողություն։ Այսպիսով, ցանկացած նպատակ իրագործելի է, եթե մենք չենք վհատվում անհաջողություններից  և առօրյա հետևողական աշխատանքով քայլ առ քայլ շարժվում ենք դեպի նախանշված թիրախը։ Ի սկզբանե, պետք է անկեղծ լինես ինքդ քեզ հետ, գնահատես քո հնարավորությունները, հստակ ընկալես քո առաջնահերթությունները և պատրաստ լինես որոշ զոհողությունների երազանքիդ իրագործման ճանապարհին։ Խնդիր չէ, եթե ժամանակի ընթացքում առաջնահերթությունները կամ նպատակները շտկվում են կամ փոփոխվում, դա բնական է․ պետք է վերաշարադրել նպատակները և շարունակել շարժվել նոր ուղղությամբ։ 

– Հե՞շտ է այսօրվա ուսանողների հետ աշխատելը։ Ի՞նչն է Ձեզ դուր գալիս, և ի՞նչն է Ձեզ համար անընդունելի նրանց վարքագծում։

– Կարծում եմ՝ ծանոթ եք «Սերունդների տեսության» գաղափարներին, այսօրվա ուսանողությունը հիմնականում Y և Z սերնդի ներկայացուցիչներն են, որոնք մեծացել են թվայնացման, սոցիալական կայքերի և համատարած ինտերնետի պայմաններում։ Իրենք բաց են ցանկացած տեղեկատվության համար, գնահատում են ազատությունը, անկեղծությունը, արագ ադապտացվում են։ Մեր երիտասարդ սերունդը շատ ընդունակ է, աշխատասեր և ակտիվ։ Նրանք չեն ցանկանում կախման մեջ գտնվել ծնողներից։ Եթե իմ ուսումնառության տարիներին հազվադեպ էին ուսանողները սովորելուն զուգընթաց աշխատում, ապա ներկայիս երիտասարդության մի զգալի հատված բակալավրիատի 3-4-րդ կուրսերից աշխատում է, իսկ մագիստրատուրայում աշխատում են մեծ մասը։ Ես շատ եմ գնահատում այսօրինակ ակտիվությունը և ինքնուրույնությունը։

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչն ինձ դուր չի գալիս, ապա նշեմ, որ չմոտիվացված, համալսարանում ձանձրացող ուսանողները երևի ամենաանցանկալի «տարբերակն» են գրեթե բոլոր դասախոսների համար։ Ընդ որում, նշեմ, որ այդպիսիք եղել են և՛ նախկինում, և՛ կան հիմա։ Մեր գերակա նպատակը պետք է լինի նրանց լիարժեք ինտեգրումը ուսումնական գործընթացին և ճիշտ մասնագիտական կողմնորոշումը։

– Կյանքի մի փուլ է գալիս, երբ կանայք կանգնում են անխուսափելի մի հարցի առջև՝ ընտանի՞ք, թե՞ կարիերա։ Ձեր կյանքում առաջացե՞լ է ընտրություն կատարելու այդ  անհրաժեշտությունը։

Գիտեք, միշտ զարմացել եմ, երբ կանայք պնդել են, որ իրենք զոհաբերել են կարիերան կամ ընտանիքը։ Երևի դրանցից մեկը կամ մյուսը բավարար չափով ցանկալի չեն եղել կամ ուղղակի ճանապարհի կեսից հոգնել են, հանձնվել։ Մինչև լրիվ դրույքով համալսարանում դասավանդելը ես զբաղված եմ եղել պետական ծառայության ոլորտում, երկրորդ երեխայիս ծննդից հետո դուրս եմ եկել այդ բնագավառից, բայց ոչ այն պատճառով, որ զոհողության եմ գնացել հանուն երեխաներիս, այլ հասկացել եմ, որ ապագայում ինձ չեմ տեսնում նախարարությունում կամ պետական այլ կառույցում։ Ընդ որում, համոզված եմ, որ ցանկացած պահի կարող եմ նորից մտնել այդ բնագավառ, պարզապես պետական աշխատանքի միապաղաղությունը, իներտությունը, ութժամյա աշխատանքային օրն ինձ համար չեն։ Իմ ազատ ժամանակը, գիտությամբ զբաղվելու հնարավորությունը, ամենօրյա շփումն ուսանողության հետ ինձ համար ավելի առաջնահերթ են։ Գիտության մեջ ես կարող եմ մշտապես նոր նշաձողեր սահմանել ու հասնել դրանց, ինչը շատ սահմանափակ է պետական ոլորտում։

– Հաճա՞խ եք Ձեզ տալիս «ինչո՞ւ» հարցը։

Հավատացեք, որ շատ փոքր հասակից, երևի 7-8 տարեկանից ես հասկացել եմ, որ իմ աշխատանքն իմ փոխարեն ոչ ոք չի անելու։ Շնորհակալ եմ մայրիկիցս, որ սովորեցրել է բոլոր հարցերում լինել ինքնուրույն և պատասխանատու։ Երևի շատերը դժվար հասկանան, բայց այն փոքրիկ «հիմարությունները», որ բոլոր երեխաներն անում են, նույնիսկ իմ երեխաները, ես չեմ արել։ Դա է երևի պատճառը, որ «ինչո՞ւ» հարցը ինքս ինձ հազվադեպ եմ տալիս։ Հիմնականում ես գիտեմ «ինչո՞ւ» հարցի պատասխանը, հետևաբար, այդ հարցը չի առաջանում։ Կարելի է ասել, որ ցանկացած պահի հստակ գիտակցում եմ իմ ամեն մի քայլի և գործողության հետևանքները, ու եթե նույնիսկ երբեմն իմպուլսիվ եմ գործում, մինչև վերջ պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքի համար։

Լուսանկարները՝ Մարիա Սահակյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *