Հարություն Սաֆարյան. «Պատերազմն ինձ սովորեցրեց սիրել, գնահատել ու պայքարել»

Համառոտ տեղեկանք

Ծնվել է 2002 թ․ հունվարի 12-ին Գեղարքունիքի մարզի Գետահովիտ գյուղում։ Բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 29-ին, ծառայել Ջրականում (Ջաբրայիլ)։   Սովորում է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի կառավարում մասնագիտության 1-ին կուրսում։

– Հարությո´ւն, որտե՞ղ էիք գտնվում, երբ սկսվեց պատերազմը:

–Ջաբրայիլում էի, մինչև գրավելը։ Այնուհետև կռվել եմ Հադրութում, իսկ արդեն Հադրութի գրավումից հետո տեղափոխվել եմ Մարտունու շրջան։

Ամեն անգամ այս հարցը տալիս բացասական պատասխան ենք ակնկալում։ Վիրավորում ստացե՞լ եք պատերազմի օրերին։

–Վիրավորումս եղել է թևից, վզի շրջանում։

–Ապաքինվե՞լ եք, ամեն ինչ կարգի՞ն է։

– Ճիշտն ասած՝ ոչ, շատ բարդ տեղում՝ վզի շրջանում, բեկոր կա, որի հեռացումը կարող է մեծ վտանգ հասցնել կյանքիս, բայց թողնելը նույնպես վտանգավոր է։

–Լիակատար ապաքինում ենք մաղթում։ Այժմ փորձենք Ձեզ ավելի լավ ճանաչել: Կպատմե՞ք Ձեր նպատակների, երազանքների մասին։

–Երկար տարիներ սպորտով եմ զբաղվել, մասնավորապես՝ կարատե և մարտ առանց կանոնների, սակայն, ինչպես արդեն նշեցի, հանգամանքների բերումով այժմ չեմ կարող զբաղվել սիրածս սպորտով։ Որոշեցի փոխել նպատակներիս ուղղվածությունը. սովորում եմ համալսարանում։ Կռվից հետո կար մի նպատակ, սովորաբար երազանքներն են դառնում նպատակ, բայց իմ դեպքում հակառակը եղավ՝ նպատակս դարձավ երազանք։ Ընկերս՝ Մխոն, ՄԵԾ մարզիկ էր, նրա նպատակը մեր դրոշը տարբեր երկրներում բարձր պահելն էր։ Մխոս հերոսաբար ընկավ այս կռվում։ Իմ առջև նպատակ դրեցի ռինգում անել այն, ինչ չհասցրեց ընկերս։ Սակայն բախտը ինձ նույնպես չժպտաց այդ հարցում։ Այնուհանդերձ, չեմ վհատվում, շնորհակալ եմ իմ Աստծուց, շնորհակալ եմ, որ ինձ տվեց երկրորդ կյանք՝ ապրել Մխոյիս ու հազարավոր Մխոների փոխարեն։

–Եթե ոչ սպորտում, ապա այլ բնագավառում կհաղթի հաջողության հասնելու Ձեր հաստատակամությունը։ Ի՞նչ կասեք։

– Կաշխատեմ: Չեմ բավարարվում համալսարանում ուսանելով, ուժերս փորձում եմ դիզայնի և տուրիզմի բնագավառում՝ ուսումնասիրելով 3D մոդելավորում և հայկական ճարտարապետություն։

–Հիանալի է,  շատ ոգևորող է այն փաստը,  որ պատերազմի փորձությունը չի թուլացրել Ձեր պայքարող ոգին։ Իսկ եթե անդրադառնանք Ձեր մարզական անցյալին, ապա ի՞նչ նշանակալից ձեռքբերումներ եք ունեցել։

–Սպորտով զբաղվել եմ 12 տարեկանից: Լավ եմ հիշում՝ դեռ մեկ ամիս էր, ինչ մարզվում էի, երբ լսեցի առաջիկա մրցումների մասին, այն էլ՝ Հայաստանի առաջնություն: Ընտանիքիս անդամները դեմ էին, որ փորձ չունենալով՝ մասնակցեմ Երևանում կայանալիք մրցաշարին: Բայց դե, համոզեցի մարզչիս, որ ինձ էլ տանի և` առանց ծնողներիս համաձայնության: Առավոտյան ժամը 6-ին պիտի շարժվեինք դեպի քաղաք, լավ ժամ էր թաքուն տնից դուրս գալու համար՝ բոլորը քնած էին: Երբ արթնացան, ես արդեն մեկնել էի: Երբ հայտնեցի հաղթանակիս մասին, ծնողներիս զայրույթը ոչ միայն մեղմացավ, այլև փոխակերպվեց ուրախության և հպարտության։ Հետագայում էլ մասնակցել եմ մի շարք մրցաշարերի՝ զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ։

– Սպորտը կոփում է մարդուն և´ ֆիզիկապես, և´ հոգեպես։ Այդ կոփվածությունն օգնե՞ց  Ձեզ հետագա փորձություններում, ինչպե՞ս արձագանքեցիք պատերազմի բոթին։

– Մինչև հոկտեմբերի 3-ը չեմ հասկացել՝ ինչ է պատերազմը, չնայած սեպտեմբերի 27-ից եղել եմ դիրքերում: Հոկտեմբերի 3-ին տվեցինք առաջին կորուստները մեր վաշտից, մեր 70 հոգուց, որը մի ընտանիք էր, մի մեծ ընտանիք։ Գիտե՞ք, պատերազմի ժամանակ քարանում ես, անսիրտ ես դառնում՝ պատրաստ ամեն ինչի, որ կարողանաս մի փոքր թեթևացնել էդ վրեժ ասվածը։ Արդեն տարուց ավելի է անցել պատերազմից, բայց բաներ կան, որոնք նոր եմ գիտակցում։ Հավատացեք՝ նոր եմ գիտակցում, թե ինչ կլիներ իմ մի անփույթ քայլի պատճառով։ Պատերազմն ինձ սովորեցրեց սիրել, գնահատել ու պայքարել։ Չեմ թաքցնի՝ կռվարար եմ եղել, հերիք էր մի թեթև վիրավորանք ու ոչ հարգալից վերաբերմունք, և ես կբռնկվեի, կվնասեի տվյալ մարդուն, բայց հիմա, հիմա ամեն ինչ ուրիշ է, հիմա սիրում եմ բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր իմ լավ վերաբերմունքին վատով են պատասխանում: Փորձում եմ սխալը իմ մեջ փնտրել։


– Ցանկություն ունե՞ք այդ օրերից ինչ-որ դեպքեր մտաբերելու։

–Ավելի լավ է՝ շրջանցենք, որովհետև պատմելով՝ կվերհիշեմ ամենացավոտ պահերը, որոնք առանց այն էլ հոգեբանական վատ ազդեցություն են թողել վրաս։

Իսկ մինչև պատերազմը ունեցե՞լ եք վերահաս վտանգի կանխազգացում կամ տագնապ։

–Ճիշտն ասած՝ տագնապի զգացում եղել է մինչև բանակ գնալը։ Իսկ երբ արդեն բանակում էի, չկար նման բան։ Մինչև պատերազմը նույնիսկ մտածում էի շարունակել հորեղբորս գործը. ես նրա անունն եմ կրում: Հորեղբայրս զոհվել է 1994 թվականին՝ Քարվաճառում: Երբ սկսվեց պատերազմը, ես «դուխից» չէի ընկնում, որովհետև գիտեի, որ ՄԵԾ մարդու անուն եմ կրում, ՄԵԾ մարդու գործ եմ հանձն առել ու  պիտի պատվով կատարեմ։

– Ահա թե որտեղից է սնվում Ձեր անհուն հայրենասիրությունը….

–Հայրենիքը շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու կյանքում։ Հայրենասիրությունը, իմ պատկերացմամբ, սկսվում է հարգանքից, հասարակ հարգանքից՝ մեկը մյուսի հանդեպ, հայը՝ հայի հանդեպ ու նաև՝ օտարը՝ օտարի հանդեպ։ Մենք չենք պարտվել։ Սահմանին կանգնած ոչ մի զինվոր, սպա չի պարտվել, պարտվել են նրանք, որոնք չհամախմբվեցին: Պարտադիր չէր, որ բոլորը զենք վերցնեին, բայց պարտադիր էր, որ բոլորը հավատային ու համախմբվեին։ Համախմբվելով մենք հնարավորություն ունենք առաջընթաց ու հաղթանակներ տոնելու։

–Այո´, քանի դեռ մեր երկրի սահմաններին կանգնած են Ձեզ պես անվախ տղաներ, մենք պետք է լավատեսությամբ ու հույսով ապրենք ու միաբան լինենք: Անչափ շնորհակալ ենք այս զրույցի համար։

Նյութը պատրաստեցին Մարգարիտա Խաչատրյանը, Մարիամ Հարությունյանը, Վարդուհի Գալստյանը և Անի Դեգեմոնյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *