Հուշապատում. Սերյոժա Ղուկասյան

2020 թվական…

Հայոց նորագույն պատմության ամենածանր էջերից մեկը, որը թերթելն անհնար է առանց արցունքների…

Սերյոժա Մամիկոնի Ղուկասյան՝ ծնված 1996 թվականի հոկտեմբերի յոթին, հասարակ ու հատուկ մի անձնավորություն։ Հասարակ, որովհետև նա իրեն ոչ մեկից վեր չէր դասում, իսկ հատուկ, որովհետև նա հատուկ էր իր տեսակով, իր մարդ տեսակով։

 Սոժին (այդպես էինք դիմում իրեն ընկերներով) ճանաչում էի դեռ փոքր հասակից՝ դպրոցից։ Չնայած նա մեծ էր ինձանից երեք տարով, սակայն ընկերացել էինք, իսկ ընկերությունն ավելի ամրացավ, երբ միասին համալսարան ընդունվեցինք: Դրա մասին՝ քիչ ուշ… Սերոժը թե՛ դպրոցում, և թե՛ համայնքում, միշտ աչքի է ընկել իր դաստիարակությամբ, խելացիությամբ և հավասարակշռությամբ։ Նա միշտ լավ օրինակ է եղել բոլորիս համար։

Դպրոցն ավարտեց՝ արդեն տասնութը լրացած։ Հանձնեց ընդունելության քննությունները (առանց կրկնուսույցի) ու դեռ արդյունքը չիմացած՝ մեկնեց բանակ՝ հայրենիքին իր բաժին պարտքը տալու։ Երբ արդեն ծառայության մեջ էր, հայտնի դարձան քննությունների արդյունքները, և Սերյոժան դարձավ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժնի ուսանող։ Մայրը դիմեց տարկետման համար՝ մինչև որդին կվերադառնար։

Բանակում էլ Սերյոժան միշտ փայլել է խելքով ու կարողություններով, որպես հրետանավոր զգալի մասնակցություն է ունեցել Ապրիլյան քառօրյա պատերազմում։ Փառքով տվեց իր պարտքը հայրենիքին և ավագի կոչումով, որպես հրետանու հետախուզական ջոկի հրամանատար, վերադարձավ տուն։ Բանակից գալուց չորս օր անց Սերոժն արդեն աշխատանքի էր անցել, նա չէր կարող տան հոգսն ու իր ուսման վարձը թողնել ծնողների ուսերին։ 2017 թվականի հոկտեմբերին սկսվեցին մեր դասերը։ Մեծ ոգևորությամբ գնացինք համալսարան, սկզբում ամեն ինչ շատ լավ էր, կուրսում բոլորը սիրում էին Սերոժին, բայց հետո հասկացանք, որ սխալ մասնագիտություն ենք ընտրել և տեղափոխվեցինք Տնտեսագիտական համալսարան։ Երբ հանձնում էինք քննության տարբերությունները, հիշում եմ՝ երկուսը հեշտ հանձնեցինք,  հասանք առաջին բուժօգնությանը… նայում էինք իրար ու ժպտում՝ մե~նք ուր, բուժօգնությունն ուր: Սոժն իր բնավորության համաձայն կատակեց՝ «Է´դ, արի, դու վատացի, իսկ ես քեզ արհեստական շնչառություն տամ: Համ դու կստանաս, համ ես։ Բայց այդպես էլ համաձայնության չեկանք, թե ով պիտի վատանա և որոշեցինք սովորել ու հանձնել քննությունը։

Ահա արդեն ուսանող ենք Տնտեսագիտական համալսարանում։ Ամեն անգամ, երբ պետք էր լինում դեկանատ մտնել, ինքն էր մտնում և կշռադատված խոսքով ու բանիմաց կերպով հարցերին լուծում էր տալիս: \

Այնքան ուրախ էինք, որ տեղափոխվել էինք, չէինք համբերում, թե երբ են սկսվելու դասերը… նոր համալսարան, նոր կուրս… Հենց առաջին օրվանից կուրսում սիրեցին Սոժին: Գուցե, շատ եմ կրկնում, բայց իրոք նրան ամեն տեղ սիրում էին։ Շատ չտևեցին մեր դասերը, որովհետև հայտարարվեց կարանտին, ու մենք անցանք հեռավար ուսուցման։ Այդ կարճ ժամանակահատվածում էլ Սոժը հասցրեց վայելել դասախոսների սերը։ Սկսվեց քննական շրջանը: Պայմանավորվել էինք՝ ով լիկվիդ մնա, պիտի ծխախոտ ու սնիկերս առնի։ Ամեն քննությունից հետո ուրախանում էինք, որ ոչ թե ծխախոտ ու սնիկերս գնելուց ենք պրծել, այլ պատվով ենք դուրս եկել։ Ավարտվեց քննական շրջանը: Մեծ որգևորությամբ սպասում էինք, թե երբ պիտի նորից սկսվեն դասերը ու նորից տեսնենք «երեխեքին» (Սոժն այդպես էր դիմում կուրսեցիներին)։ Ցավոք, չհասցրեցինք նորից դասի գնալ, սկսվեց մեզ պարտադրված պատերազմը։

Սեպտեմբերի քսանյոթի երեկոյան Սոժենց տանը նստած էինք, ասացի՝ երևի վաղը քեզ ծանուցագիր կգա, իրեն բնորոշ հանգիստ ձայնով ասաց՝ գիտեմ: Ասացի՝ օ՜ֆ քեզ չգա, ում պիտի գա (առաջին կարգի հրետանավոր էր)։ Քսանութի կեսօրին իմացա, որ Սոժի անունը ևս կա ցուցակներում: Ինքն աշխատանքի էր, զանգեցի, ասաց՝ գիտեմ, հարցրի՝ ինչ պիտի անես, պատասխանեց՝ պիտի գնամ, ինչ պիտի անեմ։ Փորձեցի հետ պահել, ասաց՝ մի բան կանեմ, բայց ինքն ուղևորվեց տուն՝ հավաքվելու։ Երկու ժամից արդեն հավաքակայանում էինք: Բարձր տրամադրությամբ ու անհամբերությամբ գնաց՝ ասելով. «Որ ես չգնամ, Պողոսը չգնա, Պետրոսը չգնա, բա ո՞վ պիտի դրանց դեմն առնի»։ Գնա՜ց հպարտ, գնա՜ց դուխով… Քսանհինգ օր անընդմեջ զանգեց մայրիկին ու գտնվելով ամենաթեժ կետերում (Ջրական, Հադրութ, Կարմիր շուկա)՝ հանգիստ ձայնով ու ոգևորությամբ ասաց, որ ինքը լավ է, ամեն ինչ նորմալ է, չանհանգստանան։ Հոկտեմբերի յոթին՝ իր ծննդյան օրը, թեժ մարտի մեջ էին եղել, երեկոյան զանգել էր ընկերներին ու ասել, որ ծննդյան օրով նորից ծնվել է։ Դիմացավ մինչև հոկտեմբերի քսանհինգը՝ մինչև վերջին շունչը պայքարելով, բազմիցս հնարավորություն ունենալով տուն վերադառնալ, բայց չգալով։ Մի քանի անգամ փորձել ենք ընկերներով համոզել, որ գոնե մի երկու օրով տուն գա, ասել է, որ կգա այն ժամանակ, երբ իրեն օրինական հերթափոխի ուղարկեն, այլ կերպ չի լինի: Թեև մենք էլ գիտեինք, որ այլ կերպ Սոժը չի վարվի, չի թողնի իր ընկերներին մարտի դաշտում։

Սերյոժան իր ամենաթանկը՝ իր կյանքը տվեց մեր մյուս հազարավոր հայորդիների պես, ՀԵՐՈՍԱՑԱՎ։ Իհարկե, մեզ Հերոսներ պետք չէին, մեզ մեր տղերքն էին պետք, բայց ստիպված ենք համակերպվել ու թեկուզ մեծ ցավով, բայց առաջ շարժվել, չէ՞ որ ազգերն արժևորվում են Հերոսներով, ու մենք հանուն իրենց, հանում իրենց գործած սխրանքի, պիտի շենացնենք մեր երկիրը, որ մեր սերունդները ապրեն հզոր ու խաղաղ Հայաստանում, որ մեր Հերոսների թափված արյունը զուր չլինի։ Մենք պարտավոր ենք ապրել նրանց չապրածի փոխարեն ևս։ Սերյոժան շատ էր սիրում արտասանել «Թմբկաբերդի առումը», ու հիմա հասկանում եմ իմաստը։ Նա իր գործով ապացուցեց, որ գործն է անմահ։ Նաև հաճախ կրկնում էր Մովսես Գորգիսյանի խոսքերը. «Սուգը հավերժ է, եթե չկա պայքար»: Այս խոսքերով պարտավոր ենք առաջնորդվել և մենք: Պիտի շենացնենք ու հզորացնենք մեր հայրենիքը, հանուն մեր քաջորդիների ու մեր գալիս սերունդների:

Էդգար Մինասյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *