ՀՊՏՀ շրջանավարտների նոր սերնդի թողարկմամբ բանկային ոլորտին սպասվում է որակյալ համալրում. Անահիտ Ավետիսյան

«Երիտասարդ դասախոս» խորագրի այս հարցազրույցը ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դասախոս Անահիտ Ավետիսյանի հետ է։

Անահիտ Ավետիսյանը ֆինանսական ոլորտի մասնագետ է։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է ֆինանսներն ու բանկային գործը։

Դասախոսական 10 տարվա փորձ ունի։ ՀՊՏՀ-ում դասավանդում է դրամավարկային քաղաքականություն, բանկային գործառնություններ։

Անահիտ Ավետիսյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, բանկային ոլորտի, գենդերային հավասարության հարցերի շուրջ։

– Սիրո՞ւմ եք Ձեր մասնագիտությունը և այն աշխատանքը, որը կատարում եք ամեն օր: Արդյո՞ք «սիրելը» շատ կարևոր է պրոֆեսիոնալիզմի և կարիերայի աճի տեսանկյունից:

– Թե՛ մասնագիտությունս, թե՛ աշխատանքս շատ եմ սիրում: Այո´, «սիրելը» շատ կարևոր է, իսկ մանկավարժությունը ոչ միայն աշխատանք է, այլ նախևառաջ՝ կոչում: Համոզված եմ, որ ցանկացած գործունեության մեջ հաջողության հասնելու նախապայմանը «սիրելն» է: Մասնագիտական կողմնորոշման հարցում երիտասարդներին կոչ եմ անում առաջնորդվել հենց այս սկզբունքով: Ինքս  էլ  ժամանակին ընտրել եմ ՀՊՏՀ-ն՝ հետևելով սրտիս ու մտքիս թելադրանքին:

– Բանկային ոլորտ մտնող երիտասարդ մասնագետի համար մարդկային և մասնագիտական ի՞նչ որակներ են անհրաժեշտ:

– Ես չէի ցանկանա որևէ ոլորտ առանձնացնել, քանի որ, իմ խորին համոզմամբ, ցանկացած ոլորտում էլ կարևորվում են մարդկային բարձր որակները՝ ազնվությունը, աշխատասիրությունը, պարտաճանաչությունը, պատասխանատվության զգացումը, բարեկրթությունը  և, իհարկե, պրոֆեսիոնալիզմն ու ստեղծարարությունը:

– Ինչպիսի՞ն պետք է լինի երիտասարդ դասախոսը, որ կարողանա  վայելել ուսանողի հարգանքն ու վստահությունը:

– Դասախոսը պետք է հարգի և սիրի իր ուսանողներին, պետք է առնվազն փորձի ավագ ընկեր լինել. այս պարագայում, կարծում եմ, կվայելի նրա  և՛  հարգանքը, և՛  վստահությունը:

– Մեկ տասնամյակ բուհում դասավանդելու ընթացքում նկատե՞լ եք, թե «Բանկային գործ» մասնագիտության գծով սովորողների սեռային ինչպիսի համամասնություն կա (տղանե՞րն են շատ, թե՞ աղջիկները):

– Եթե նախկինում գուցե և կար տղաների թվի գերակայություն, ապա ուրախությամբ պիտի նշեմ, որ այսօր տղաների և աղջիկների թիվը գրեթե հավասար է:

– Ձեր կարծիքով՝ կա՞ այս ոլորտում գենդերային հավասարության խնդիր (օրինակ՝ կա՞ն կին բանկի կառավարիչներ):

– Գենդերային հավասարության խնդիր չեմ տեսնում. կանայք այսօր լիարժեքորեն զբաղեցնում են երկրի համար կարևորագույն պաշտոններ, մասնակցում են երկրի տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքին ու կրում են սոցիալական պատասխանատվության իրենց բաժինը: Այո´, ներկայումս  բանկերում նույնպես պատասխանատու պաշտոններում ունենք հաջողած կին աշխատակիցներ և կին կառավարիչներ:

–Տնտեսագիտական մայր համալսարանը օրեր անց կթողարկի դիպլոմավորված մասնագետների մի նոր սերունդ: Բանկային ոլորտը որքանո՞վ կշահի մասնագիտական համալրման տեսանկյունից:

–Կարող  եմ վստահորեն ասել՝ մեր բուհը լիարժեքորեն տալիս է մասնագիտական տեսական գիտելիք, իսկ բուհի և ամբիոնի գործադրած ջանքերի շնորհիվ ուսանողներն ուսումնառության տարիներին մասնակցում են նաև փորձառությունների ու բանկերի հետ համատեղ իրականացվող ծրագրերի, որոնց շնորհիվ ձեռք են բերում նաև գործնական հմտություններ: Պատահական չէ, որ բանկերի մեծ մասում աշխատում են հենց մեր շրջանավարտները:

Հուսով եմ՝ ՀՊՏՀ շրջանավարտների նոր սերնդի թողարկմամբ  բանկային ոլորտին սպասվում է որակյալ համալրում: Օգտվելով առիթից՝ բարի երթ ու անխոչընդոտ ճանապարհ եմ մաղթում բոլոր շրջանավարտներին:

– Եվ Ձեզ ավելի լավ ճանաչելու համար՝ մի քանի բլից-հարց.

– Լավագույն ֆիլմը, որ երբևէ դիտել եք։

– Չեմ որակի որպես լավագույն, բայց կնշեմ «Աղախինը» (The Help):

– Գիրք, որը վերընթերցելու պահանջ եք զգացել:

– Շատ են, այս պահին կնշեմ Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզները»։

– Երաժշտությունը Ձեր կյանքում։

– Օրվա ընթացքում երաժշտություն վայելելու շատ ժամանակ  չեմ ունենում, բայց երբ հնարավորություն է ընձեռվում, հաճույքով լսում եմ տարբեր ժանրեր:

– Ի՞նչը կարող է Ձեզ ուրախացնել։

– Անգամ ամենափոքր բանը. առհասարակ կարծում եմ, որ մարդն ինքը պիտի փնտրի ու գտնի փոքրիկ ուրախություններ:

– Ի՞նչը կարող է Ձեզ զայրացնել։

– Մարդու վարվելակերպը. այն թե՛ զայրացնում է, թե՛ զարմացնում:

– Ի՞նչն եք ամենից շատ արժևորում մարդկանց մեջ։

– Ազնվությունը:

Լուսանկարները՝ Անահիտ Ավետիսյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *