Ճակատագրի որոշումները հնարավոր չէ բեկման ենթարկել․ Մարկ Արեն

Արդի հայ արձակագիր Մարկ Արենը (իրական անունը՝ Կարեն Մարգարյան) յոթ վեպի հեղինակ է՝ «Ռեքվիեմ Հուդայի», «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն», «Վիլ-Էվրար», «Քառյակը», «Տելեպորտացիա», «Սուրբծննդյան հրեշտակը», «Ժառանգը»։ Սակայն հայ ընթերցողին նա առավելապես ճանաչելի է դարձել «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» վեպի շնորհիվ։

Մարկ Արենը ապրում և ստեղծագործում է Մոսկվայում, սակայն աշխատանքի բերումով հաճախ է լինում Երևանում։

Նշանավոր գրողը օրերս ՀՊՏՀ-ում էր և սիրով ընդունեց հարցազրույցի մեր առաջարկը։

– Ինչո՞ւ Մարկ Արեն։ Ինչո՞վ Ձեզ չի գոհացրել Կարեն Մարգարյան անուն-ազգանունը։

– Կարեն Մարգարյանը գիտնական էր ու մենեջեր, իսկ իմ մեջ ապրող գրողին պետք էր մեկ ուրիշ անուն, որպեսզի իմ գիտական մուսան և գրական մուսան չկիսեին ինձ իրենց միջև, որպեսզի այդ խռովությունը չլիներ, և վեճերը երկու մուսաների միջև, ի վերջո, ավարտվեին։ Եվ որոշեցի գիտական մուսայի հետ լինել Կարեն Մարգարյան, իսկ գրական մուսայի հետ՝ Մարկ Արեն։

– Մի առիթով Դուք նշել եք, որ լավ վեպը միշտ չէ, որ բեսթսելլեր է դառնում։ Ամեն դեպքում, Ձեր վեպը դարձավ այդպիսին։ Ո՞րն էր, ըստ Ձեզ, վեպի հաջողության գաղտնիքը։

– Կարծում եմ՝ այն բեսթսելլեր դարձավ այն պարզ պատճառով, որ թեման կարևոր էր բոլորիս համար։ Հայ գրականության պատմության մեջ ես թերևս միակն եմ, որ անդրադարձել է ցեղասպանության թեմային՝ առանց արյան գետերի և ցավի օվկիանոսների։ Իմ պատմության մեջ արյունալի մասի հիշատակություն միայն մայրիկի նամակում կա։ Թերևս, դա է հաջողության գաղտնիքը։ Այնտեղ ավելի շատ նկարագրված են հոգևոր տանջանքներ, քան ֆիզիկական, իսկ հոգևոր տանջանքները երբեմն ավելի ծանր են, քան ֆիզիկական տանջանքները, հոգևոր ցավին ընտելանալ հնարավոր չէ, դու չես կարող այդ ցավի հետ ապրել։ Ահա, ես փորձեցի ցեղասպանության մասին պատմել մեկ այլ լեզվով, փորձեցի նայել ցեղասպանությանը ոչ թե հայի աչքով, այլ՝ թուրքի։

– Ձեր «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» վեպը կարճ ժամանակում հասցրեց գրավել ընթերցողին։ Այն մեկ անգամ չէ, որ գլխավորել է Արմենպրեսի «Երևանյան բեսթսելեր» նախագծի վարկանիշային աղյուսակը։ Սա նաև Ձե՞ր սիրելի վեպն է. Ձեր ընթերցողների և Ձեր ճաշակները համընկնո՞ւմ են։

Երևի թե, ես սիրելի վեպ չունեմ, կամ, ավելի ճիշտ՝ ինձ համար բոլոր վեպերն էլ սիրելի են։ Դրանք իմ երեխաներն են, իսկ երեխաների միջև տարբերություն դնել անհնար է։ Առաջին վեպս ինձ համար շատ կարևոր է, բայց ես նույնչափ սիրում եմ դեռ չծնված վեպս, որը նվիրել եմ Ռուբեն Սևակին. դա  մի ֆանտաստիկ սիրո պատմություն է։ Հիմա ես այդ վեպով եմ ապրում։ Հուսով եմ, որ այն ևս կդառնա հայ ընթերցողի սեղանի գիրքը։ Սիրուն վեպ է լինելու։

– Անատոլիական պատմության ամբողջ ընթացքում կարմիր թելի պես անցնում է օրորոցային երգի թեման։ Հիշու՞մ եք Ձե´ր օրորոցի երգը, այն հնչյունները, որոնց տակ քնել եք մանուկ հասակում։

Իմ օրորոցայինն ինձ հայրիկս էր երգում, դա նույնիսկ երգ էլ չէր, այլ ոտանավոր։ Հիշում եք հավանաբար այս տողերը՝ Տերտերն ուներ մի հատ շուն, շատ էր սիրում նա շանը․․․ և այլն, և այլն։ Ես քնում էի այդ երգ-ոտանավորի տակ։ Շնորհակալություն, որ հիշեցրիք։

– Ես հիշեցի ձեր վեպից մի միտք՝ երջանկությունն այն է, երբ  ունես մեկին, ում կարող ես գրկել։ Ձեր կյանքում կա՞ այդպիսի մեկը։

– Հիմա՝ ոչ, բայց կան իմ երեխաները, որոնց ես կարող եմ գրկել, կան իմ ընկերները։

– Դուք Ձեզ երջանիկ համարո՞ւմ եք։

– Այո, ամեն օր, երբ արթնանում եմ ու տեսնում լույսը, երջանկության զգացում եմ ապրում։ Երջանիկ եմ այնքանով, որ ապրում եմ, կամ, որ կարող եմ լսել իմ երեխաների ձայնը։

– Ամեն բան, առավել ևս ամեն մի լավ բան, ունի իր ավարտը… սրանք Ձեր մտքերն են, որ կրկին արտահայտել եք վեպում։ Կա՞ մի բան, որ չէիք ցանականա՝ ավարտվեր։

– Ես չէի ուզենա, որ ավարտվեր իմ կյանքը. ոչ թե վախենում եմ մահից, այլ վախենում եմ առանց իմ հոգատարության թողնել երեխաներիս, թոռներիս, վախենում եմ այն մտքից, թե ինչ կարող է տեղի ունենալ նրանց հետ, երբ ես չլինեմ։ Կուզենամ ապրել, որպեսզի միշտ օգնության ձեռք մեկնեմ նրանց այն ժամանակ, երբ դրա կարիքը կունենան։

– Դուք մեծ նշանակություն եք տալիս մարդու կյանքում պատահական հանդիպումներին։ Եղե՞լ է Ձեր կյանքում մի այնպիսի պատահական հանդիպում, որը փոխել է Ձեր կյանքը՝ լավ, թե վատ։

Կոկո Շանելըմի անգամ ասել է, որ ճակատագիրը չունի պատճառ՝ անպատճառ ծանոթացնել անծանոթ մարդկանց։ Բոլոր մեր հանդիպումները, որ տեղի են ունենում, պատահական են, բայց այդ պատահականությունները շատ հաճախ հանգում են մի որոշակի կետի։ Իմ կյանքում անչափ շատ են եղել նման հանդիպումները, որոնք ինձ համար ճակատագրական են եղել։ Դրանցից շատերն իրենց արտացոլումն են գտել իմ վեպերում։

– Հաճա՞խ եք նայում ժամացույցին։

– Այո։ Ընդհանրապես, ժամանակը շատ ճկուն բան է․ այն հնարավորություն ունի և´ լայնանալու, և´ կարճանալու։ Դա կախված է նրանից, թե ինչպիսի ռիթմի մեջ ես։ Մեզ շատ հաճախ թվում է, որ երբ մենք մեծանում ենք, ժամանակն սկսում է շատ արագ հոսել։ Ես գտել եմ այդ հանելուկի պատասխանը. մենք մեկ րոպեն մեկ ժամվա մեջ չենք նկատում, բայց 10 րոպեն նկատում ենք։ Ժամանակը հարաբերական երևույթ է, ոչ թե բացարձակ, և մենք այն հարաբերակցում ենք այն ժամանակահատվածին, որը ապրել ենք։

– Իսկապե՞ս ժամանակը «անխիղճ դատավոր» եք համարում, ինչպես մի առիթով արտահայտվել եք։

– Այո, նա անխիղճ դատավոր է, որովհետև նրա որոշումները հնարավոր չէ բեկման ենթարկել, ուղղել, հնարավոր չէ երկու անգամ մտնել նույն գետը, որովհետև այդ ջուրն արդեն հոսել-գնացել է։

– Հետևո՞ւմ եք հայաստանյան գրական զարգացումներին։ Ժամանակակից արձակի որակը Ձեզ գոհացնո՞ւմ է։

– Ես չեմ հետևում, բայց ինձ հաղորդում են։ Հրատարակչիս հետ մշտական շփման մեջ եմ, նա է ինձ տեղեկացնում, թե ինչ գիրք է լույս տեսել, նա է խորհուրդ տալիս, թե ինչ արժե կարդալ։

– Ձեզ համար կարևո՞ր է, թե ինչով եք գրում՝ ձեռքով, գրամեքենայով, համակարգչով։

– Գրեթե միշտ հեռախոսով եմ գրում։ Հենց որ զգում եմ, որ մատներս քոր են գալիս, ուրեմն՝ գրել եմ ուզում, պետք է գրեմ, բայց քանի որ հաճախ լինում եմ մեքենայում կամ մի ինչ-որ հանդիպման, հաճախ մտքերս գրի եմ առնում հեռախոսի մեջ։ Այդ պատճառով էլ հեռախոսը դարձել է իմ տետրը։

– Գրելիս հատուկ տրամադրվածություն պե՞տք է, ինչպե՞ս է արարման այդ պահը։

– Այն համակարգային մոտեցումը, որ կա իմ՝ իբրև ճշգրիտ գիտություններով զբաղվող մարդու մեջ, ինձ թույլ է տալիս պետք եղած ժամանակ ցուցադրել նաև գրականության մեջ, երբ պետք է համակարգային ձևով ներկայացնել ինչ-որ մի իրադարձության զարգացում։ Երբ ես հոգնում եմ կառավարումից, հանգիստս գտնում եմ կա´մ գիտական աշխարհում, կա´մ գրական, ստեղծագործական աշխարհում։ Դա ինձ թույլ է տալիս իմ հանգիստն անցկացնել ավելի արդյունավետ․ ես և´ հաճույք եմ ստանում, և´գործ եմ անում, որովհետև ինձ համար գրականությունը և գիտությունը ոչ միայն աշխատանք են, այլև հաճելի ժամանց։

– Օգնո՞ւմ, թե՞ խանգարում է տնտեսագետի մասնագիտությունը Ձեզ։

– Չէի ասի, որ օգնում է։ Եթե խոսքը հերոսների մասին է, որոնք առնչություն ունեն տնտեսագիտության հետ, ապա՝ այո´ նրանց մտքերն ավելի հասուն են դառնում, ավելի հիմնավորված։ Իսկ գրականությունը տնտեսագիտությանը օգնում է, թե ոչ, կարծում եմ՝ օգնում է, որովհետև գրականության միջոցով ես իմ տնտեսագիտական մտքերը կարողանում եմ հասանելի դարձնել հասարակության ավելի լայն շերտին։

– Շա՞տ եք կարդում։

– Ցավոք՝ ոչ։ Բայց եթե կարդում էլ եմ, ապա ոչ թե կայացած հեղինակների գրքեր, այլ սկսնակների, որովհետև նրանք ինձ խնդրում են կարդալ, որ իմ կարծիքը հայտնեմ։ Նրանց ես չեմ կարող մերժել, իսկ կայացածներին մերժում եմ՝ առանց մտածելու։

– Կարոտո՞ւմ եք Հայաստանը։

– Չեմ հասցնում կարոտել, որովհետև Մոսկվա հասնելուն պես նորից հասունանում է Երևան վերադառնալու անհրաժեշտությունը։ Ես ուրախությամբ եմ գալիս Հայաստան, ճամպրուկս չեմ էլ դատարկում Մոսկվայում, որովհետև գիտեմ, որ շուտով վերադառնալու եմ։ Այսպես ասեմ՝ ես ավելի շուտ Մոսկվա եմ գնում գործուղման, որտեղից նորից վերադառնում եմ տուն։

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *