Մաթեմատիկան օգնում է երազել մինչև անսահմանություն. Մարիանա Խչեյան

«Երիտասարդ դասախոս» խորագրի այս հարցազրույցը ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի դասախոս Մարիանա Խչեյանի հետ է։

Մարիանա Խչեյանը դասախոսական 12 տարվա փորձ ունի։ Դասախոսելուն զուգահեռ զբաղվում է հետազոտական, գիտական գործունեությամբ։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկուն է՝ ապահովագրություն, պարենային անվտանգություն, տնտեսական անվտանգություն։

Մարիանա Խչեյանի հետ զրուցել ենք մաթեմատիկայի, մաթեմատիկական մտածողության, մասնագիտական կողմնորոշման և ժամանակակից գիտնական-հետազոտողի համար ակադեմիական հարթակների դերի և կարևորության մասին։

– Հարգելի´ Մարիանա, ուրախ ենք «Երիտասարդ դասախոս»-ի շրջանակում Ձեզ հետ զրուցելու հնարավորության համար։

Դուք ավարտել եք ԵՊՏԻ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ «Մաթեմատիկական մեթոդներ և գործառնությունների հետազոտություն տնտեսագիտության մեջ»  մասնագիտությամբ: Դպրոցի շրջանավարտի համար հասկանալի՞ էին արդյոք այս անվանումները, ինչո՞վ էր այդ տարիքում պայմանավորված Ձեր ընտրությունը:

– Անկեղծ ասած, մասնագիտության անվանումը հասկանալի չէր։ Երբ արդեն հստակ որոշել էի տնտեսագետի մասնագիտությունն ընտրել, ծնողներիս անմիջական մասնակցությամբ սկսեցինք ուսումնասիրել առաջարկվող կրթական ծրագրերը։ Դպրոցն ավարտել եմ գերազանց առաջադիմությամբ, լավ եմ սովորել գրեթե բոլոր առարկաները, բայց մաթեմատիկան՝ առանձնահատուկ մղումով՝ շնորհիվ իմ սիրելի ուսուցչուհի Գոհար Հովհաննիսյանի։ Իսկ ընտրությունս կատարեցի՝ առաջնորդվելով մաթեմատիկայի հանդեպ ունեցած մեծ հետաքրքրությամբ և համալսարանում մեր ամբիոնի հեղինակությամբ։

Ներկայումս դպրոցների և միջին մասնագիտական հաստատությունների հետ բուհերն ավելի սերտ են համագործակցում, քան նախկինում, օրինակ՝ մեր համալսարանը, բացի դպրոցներ, քոլեջներ այցելություններից, պարբերաբար կազմակերպում է բաց դռների օրեր դիմորդների, ինչպես նաև նրանց ծնողների համար։ Բուհական միջավայրում դիմորդները ծանոթանում են ՀՊՏՀ ֆակուլտետներին և մասնագիտություններին, համալսարանական կյանքին և ուսանողական ծրագրերին։

– Դուք Ձեզ առավելապես մաթեմատիկո՞ս եք համարում, թե՞ տնտեսագետ, և ինչո՞ւ:

– Ես ստացել եմ տնտեսագետ մաթեմատիկոսի որակավորում և, բնականաբար, առաջին հերթին ինձ համարում եմ տնտեսագետ։ Սակայն կարծում եմ, որ լավ տնտեսագետ լինելու համար պետք է ունենալ մաթեմատիկական գիտելիքներ։ Ընդհանրապես, մաթեմատիկան տրամաբանական մտածողություն է զարգացնում և օգտակար է բոլոր մասնագիտությունների համար։

– Տնտեսագիտական մտքի զարգացումը, ծանրակշիռ հետազոտությունները մեր օրերում անհնար է պատկերացնել առանց մաթմեթոդների և մոդելների կիրառման: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված:

– Ներկա անորոշության բարձր աստիճանի պայմաններում տնտեսամաթեմատիկական մեթոդներն ու մոդելները հնարավորություն են տալիս կանխատեսելու տնտեսության զարգացման հեռանկարները,  վերլուծելու պատճառահետևանքային կապերը, օպտիմալացման հնարավորությունները, գնահատելու տնտեսության անորոշության աստիճանը և ռիսկերը։

– Տարածված մտայնություն է, որ մաթեմատիկոսները կամ մաթեմատիկական մտածողությամբ մարդիկ պակաս զգացմունքային են, պակաս պոետիկ կամ երազող… Կհերքե՞ք, թե՞ կհաստատեք այս տեսակետը, և ի՞նչ հիմնավորմամբ:

– Իհարկե կհերքեմ (ժպտում է)։ Մաթեմատիկան ինձ պակաս զգացմունքային չի դարձրել։ Այն միայն օգնում  է մեծ երազանքներ ունենալ և դրանց հասնելու ճիշտ ուղիներ գտնել։ Մաթեմատիկան օգնում է երազել մինչև անսահմանություն։

– Իսկ ճի՞շտ է, որ մաթեմատիկական մտածողությունն առավել բնորոշ է արական սեռին, պարզապես նրանք պակաս աշխատասեր են, և կարևո՞ր է արդյոք Ձեզ համար, որ Ձեր երեխաները մաթեմատիկա լավ սովորեն:

– Իմ շրջապատում շատ են մաթեմատիկական մտածողությամբ աղջիկներն ու կանայք։ Ինչ վերաբերում է երեխաներիս, աղջիկս դեռ դպրոցական չէ, իսկ տղայիս փորձում եմ առօրյայում, տարբեր իրավիճակներում կոնկրետ օրինակներով ցույց տալ, թե ինչ կարևոր են մաթեմատիկական գիտելիքները և գիտելիքն առհասարակ։ Նշեմ նաև, որ ամուսինս ևս տնտեսագետ մաթեմատիկոս է (համակուրսեցիս է), այսինքն՝ մեր երեխաներն ունեն գրեթե բոլոր նախադրյալները՝ սիրելու մաթեմատիկան։

– Ո՞րն է դասախոս-ուսանող հարաբերությունները ճիշտ կառուցելու Ձեր բանաձևը:

– Իմ կարծիքով՝ ուսանող-դասախոս հարաբերությունները ճիշտ կառուցված և արդյունավետ են, եթե կա փոխադարձ հարգանք և փոխհամագործակցություն։ Ես անսահման դրական լիցքեր եմ ստանում ուսանողներից։ Նրանց հետ աշխատանքը մշտապես ինքնակրթվելու անհրաժեշտություն է առաջադրում, լի է նորանոր բացահայտումներով։ Մեծ սիրով և ոգևորությամբ եմ յուրաքանչյուր անգամ մտնում լսարան։

– Ի՞նչ դերակատարություն ունեն սոցիալական և ակադեմիական հարթակները Ձեր կյանքում:

– Սոցիալական հարթակները ինձ համար հաղորդակցման, տեղեկատվության փոխանցման միջոցներ են։ Ակադեմիական հարթակները հնարավորություն են տալիս հետազոտողին՝ ստանալու իր գիտական հետաքրքրությունների շրջանակին վերաբերող թարմացվող տեղեկություն, մասնակցելու գիտական հարցումների, քննարկումների, ծանոթանալու միջազգային հետազոտողների հրապարակումներին։

Ներկայումս ակադեմիական հարթակներում, միջազգային գիտական շտեմարաններում գրանցվելը, որպես հետազոտող անձնական էջի վարումն ու առաջմղումը ժամանակի հրամայական է։

Նշեմ, որ մեր համալսարանի շարունակական կրթության բաժինը պարբերաբար պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումներ է կազմակերպում։ Վերջերս մասնակցել եմ գիտական հետազոտությունների մեթոդաբանության գծով վերապատրաստմանը, որի ընթացքում մեծածավալ տեղեկություն ստացանք ակադեմիական հարթակների, միջազգային ինդեքսավորվող շտեմարաններում հոդվածների նախապատրաստման և հրատարակման, Web of science և Scopus շտեմարանների ամսագրերի համար հետազոտությունների ընդունելի կառուցվածքի մասին։ Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում մեր համալսարանի ղեկավարությանը՝ այսօրինակ նախաձեռնությունների համար։

– Վերջում՝ մի քանի բլից-հարց.

– Լավագույն ֆիլմը, որ երբևէ դիտել եք։

– «Երջանկության հետևից», «Կյանքը հիասքանչ է»։

– Գիրք, որը վերընթերցելու պահանջ եք զգացել:

– Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», ՊարույրՍևակ։

– Երաժշտությունը Ձեր կյանքում։

– Երաժշտությունն իմ ընկերն է և՛ տխրության, և՛ ուրախության պահերին։

– Ի՞նչը կարող է Ձեզ ուրախացնել։

– Աղջկաս ժպիտը, ընկերներիս հետ հանդիպումները։

– Ի՞նչը կարող է Ձեզ զայրացնել։

– Կեղծիքը և ցուցամոլությունը։

Լուսանկարները՝ Մարիանա Խչեյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *