Մասնագիտության փոխանցման գործընթացը պետք է ապահովել հավասարը հավասարին սկզբունքով․ Արթուր Եղիազարյան

«Երիտասարդ դասախոսը», որի հետ զրուցել ենք այս շաբաթ, ՀՊՏՀ բիզնես վարչարարության ամբիոնի դոցենտ Արթուր Եղիազարյանն է։ Տպագրված 11 հոդվածի և հետազոտական աշխատանքների հեղինակ է, զբաղվում է «Բիզնեսի կենսապարբերաշրջանի փուլերը» թեմայով հետազոտությամբ։

– Հարգելի´ Արթուր, ողջունում եմ Ձեզ մեր հյուրասրահում։ Արդեն 12 տարի բուհում եք, ինչո՞վ է Ձեզ հրապուրում դասախոսի աշխատանքը, ի՞նչն է Ձեզ այսքան տարի պահում ՀՊՏՀ-ում։

– Առհասարակ, կարծում եմ՝ ամեն մարդ ունի այն, ինչին արժանի է։ Մեր բուհը պետական բուհերի մեջ ամենաբարձր աշխատավարձն է ապահովում․ սա մեկ, և երկրորդ՝ չի կաշկանդում մարդու մտածելակերպն ու գործունեությունը: Եվ դրա շնորհիվ ձևավորվել և ձևավորվում է ազատ մտածողությամբ բուհ, որը փոփոխությունների մեծ ձգտում ունի․ դա ինձ դուր է գալիս։ Մասնավորապես, ես չեմ լսում, որ պետական այլ բուհերի իմ գործընկերները մասնակցեն վերապատրաստումների: Այստեղ տարվա մեջ մի քանի անգամ նման հնարավորություն է լինում. մասնագիտական որակավորման դասընթացներ, օտար լեզվի, համակարգչային հմտությունների վերապատրաստումներ և այլն։ Այսինքն՝ այն միջավայրը, որ կա մեր բուհում, արդյունավետ աշխատելու և հետազոտելու հնարավորություն է ընձեռում։ Բուհ մտնելիս ընդհանրապես լարվածություն չեմ զգում, իսկ դա որակյալ աշխատանքի ամենամեծ գրավականն է։ Ինքս գործատու եմ և գիտեմ, որ լարվածություն չի կարելի ստեղծել։ Մեր բուհն ապահովում է այդ մթնոլորտը, ինչը մարդուն հնարավորություն է տալիս սիրով գալու աշխատանքի, և աշխատանքը բարեխղճորեն կատարելու:

– Դժվարությունների հաղթահարման և փորձառություն ձեռք բերելու գործում մեծ է ուսուցիչների դերը։ Եղե՞լ են ուսուցիչներ, որոնք Ձեզ համար ուղենիշ են հանդիսացել՝ որպես հոգևոր դաստիարակ և խորհրդատու։

– Այո, եղել է. իմ մաթեմատիկայի ուսուցիչը՝ տիկին Ուռուտյանը։ Նա ինձ դասավանդել է՝ սկսած չորրորդ դասարանից, սերմանել մաթեմատիկական ճշտություն, մարդկային ազնիվ հատկանիշներ՝ ճշտախոսություն, հրաժարում ստից․․․  Իհարկե, երբեմն ծայրահեղացնում էր: Միգուցե, այժմյան հոգեբանները չարդարացնեն երեխաների հետ տարվող այդ բնույթի աշխատանքը, բայց իրականում դա արդյունավետ էր և շարունակում է արդյունավետորեն աշխատել մինչ օրս ու նոր սերունդներ դաստիարակել։ Այնպես որ, այո´, կա այդպիսի մարդ, որին մենք շնորհակալ ենք և պարբերաբար մեր ձեռքբերումները հաշվետվության տեսքով ներկայացնում ենք և շնորհակալություն հայտնում։

– Ինչի՞ վրա պիտի խարսխվի դասախոս-ուսանող հարաբերությունը:

– Այստեղ երկու մոտեցում կա. ուսանող՝ աշխարհի մակարդակով, որը մասնագիտություն է ձեռք բերում, և հետխորհրդային երկրների ուսանող, որը դպրոցից միանգամից գալիս է համալսարան։ Վերջիններիս մի մասը հասուն մարդիկ են, մյուս մասը՝ ոչ, որոշ չափով երեխա։ Ակնհայտ է, որ երեխաների և հասուն մարդկանց հետ հարաբերությունները տարբեր կերպ են կառուցվում։ Այսինքն՝ ընդունել մեկ մոտեցում և դրանով առաջնորդվել, ճիշտ չէ։ Մենք պետք է նախ (դա վերաբերում է 1-ին, 2-րդ կուրսերի հետ աշխատող դասախոսներին) ուսանողի մեջ զարգացնենք անհատականության բաղադրիչը՝ որոշում ընդունող, որոշման հետևանքները կրող, պատասխանատու քաղաքացի դաստիարակենք, ապա բարձր կուրսերում առավել շեշտադրենք մասնագիտացումը։

Եվս մեկ կարևոր ընդգծում․ չպետք է ուսանող-դասախոս հարաբերությունները տարբեր հարթություններում դիտարկենք, չպետք է մոռանանք, որ բուհում մենք ծառայություն ենք մատուցում այն մարդուն, որը եկել է մասնագիտություն ստանալու։ Իսկ ծառայություն մատուցելիս իրավունք չունես հարաբերություններ կարգավորելու՝ ես դասախոս եմ, բարձր եմ, դու ուսանող ես․․․ Մասնագիտության փոխանցման գործընթացը պետք է փորձել ապահովել հավասարը հավասարին սկզբունքով։ Դա դժվար է, բայց այլընտրանք չեմ տեսնում։ Հակառակ դեպքում դասախոսի և ուսանողի միջև միանգամից ձևավորվում է անջրպետ, և ուսանողը առարկան սերտելու, սիրելու փոխարեն փորձում է գնահատական կորզել։

– Մեր իրականության մեջ դիպլոմը, երբեմն, այն խայծն է, դեպի որը եռանդով ձգտում է ոչ թե երիտասարդը, այլ ծնողը։ Ավելին՝ հենց ծնողն է զավակի փոխարեն ընտրում մասնագիտություն։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին։

– Դա այն իրականությունն է, որի մեջ մենք շարունակում ենք գտնվել։ Եվ պետք չէ մեծախոսությամբ զբաղվել․ իմ ծնողները ևս ուղղակիորեն մասնակցություն են ունեցել այդ որոշման մեջ։ Դա մեր հասարակական ընկալման մակարդակն է։ Իսկ լավ է, թե՝ վատ, դա հարցի մյուս կողմն է։ Իրականում դրա՝ ոչ բնական փոխակերպումը ավելի վատ բաների կբերի։ Իմ տատիկը 87 տարեկան է, բայց երբ խոսում է հորս մասին, ասում է՝ էրեխես։ Փոքր երկրում ապրելու, ամեն օր իրարից տեղյակ լինելու, միմյանց նկատմամբ բավական նախանձախնդիր լինելու մասին է վկայում այդ միտումը, դրա մեջ վատ բան պետք չէ փնտրել։ Սխալվում են նրանք, ովքեր ասում են, որ 16 տարեկան երեխան պետք է ինքը որոշի: Դե, այնպես դաստիարակեք, որ այդ որոշման պահին կարողանա բերել փաստարկներ, դուք էլ չկարողանաք հակազդել։ Իսկ եթե չի կարողանում որոշել, ինչպես մեզնից շատերը, ուրեմն ծնողը պետք է վճռականորեն որոշի։ Այստեղ մեղադրանք հնչեցնելու, հիմնավորելու հարկ էլ չկա։ Արևմտամետությունը գալիս է սրանից, դե եթե պատրաստ եք, որ ձեր երեխան ինքը որոշի, 14-15 տարեկանից տվեք ազատություններ, թող գնա աշխատի։ Դրա վրա ազդելու մեթոդներ այս պահին մենք չունենք։ Եվ դեռ հարց է՝ պետք է ազդել, թե ոչ:

– Ձեր խոսքից կարելի է եզրակացնել, որ Դուք շնորհակալ եք Ձեր ծնողներին։ Չկա՞ ափսոսանքի զգացում, որ այն երազանքը, որ ունեցել եք, մնացել է անիրականանալի։

– Իմ ծնողները ոչինչ չեն խնայել ինձ ու քրոջս, և մենք ամեն օր փորձում ենք երախտապարտությամբ փոխհատուցել։ Չեմ կարծում, որ որևէ մեկի ծնողը կարող է զավակի երազանքը այնքան ճնշել, որ շեղի ճանապարհից։ Եվ, ի վերջո, ծնողի գործողություններին կա մի պատասխան՝ դա երախտագիտությունն է, որի գիտակցությունը առավելապես գալիս է ծնող դառնալուց հետո։ Եթե իմ ծնողներն ամեն ինչ չանեին, հաստատապես, ավելի քիչ բանի կհասնեի։

– Կրթական հաստատությունն ավարտելուց հետո երիտասարդները պետք է ընդունեն իրենց կյանքի մեկ այլ կարևոր որոշում՝ աշխատավայրի ընտրությունը։ Ինչպե՞ս կողմնորոշվել, ինչի՞ն ուշադրություն դարձնել աշխատանք փնտրելիս։

– Աշխատաշուկան փոխվում է։ Իմ դիտարկումներով՝ Հայաստանում աշխատաշուկան փոխվում է 4 տարին մեկ։ Հիմնավորեմ․ երբ ես ընդունվում էի համալսարան, այն ժամանակ «Գինդ»-ում տրվում էր հայտարարություն՝ պահանջվում է տնտեսագետ, իրավաբան և այլն։ Երբ ես 4 տարի հետո ավարտում էի, արդեն էլեկտրոնային հարթակներում կար հայտարարություն՝ պահանջվում է մենեջեր, մարքեթոլոգ։ Եվս 4 տարի անց արդեն պահանջվում է ոչ թե պարզապես մարքեթոլոգ, այլ թվային մարքեթինգի մասնագետ: Այսինքն, այսօրվա  աշխատաշուկայի պահանջը 4 տարի առաջ կատարած քո ընտրությունից տարբերվելու է։ Ես նաև հեռավար աշխատանքով եմ զբաղվում և իմ սեփական դիտարկումներն ունեմ: Դինամիկան ավելի արագ է, անգամ՝ տարվա կտրվածքով: 8-9 ամսվա ընթացքում պետք է նոր որակներ ձեռք բերեմ, որպեսզի կարողանամ մասնակցել նոր նախագծերի ներգրավմանը։ Հետևաբար, իմ ուսանողներին խորհուրդ եմ տալիս մտնել այդ համաշխարհային հարթակները, փորձ ձեռք բերել, աշխատել թեկուզ ցածր վարձավճարով և լինել թրենդի մեջ։

Ի դեպ՝ գործատուները, բացի այլ հատկություններից, կարևորում են լավատեսությունը։ Վատատես մարդկանց պարզապես աշխատանքի չեն վերցնում։ Ես դա լիովին արդարացված եմ համարում, որովհետև վատատեսությունը հիվանդության պես կարող է մտնել կոլեկտիվ և տարածվել։

– Իսկ առաջին կուրսեցին, որը դեռ չունի ակադեմիական գիտելիքի բավարար պաշար, կարո՞ղ է մտնել Ձեր ասած այդ համաշխարհային շուկան և փորձել աշխատել։

– Իմ խորին համոզմամբ, դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ իր գիտելիքով կարող է համալրել հայաստանյան աշխատաշուկայի 70 տոկոսը, որը ոչ թե ակադեմիական գիտելիք է պահանջում, այլ կարգապահություն, Word, Excel և այլն։ Իսկ ավելի բարձրակարգ մասնագետ դառնում են արդեն տվյալ ընկերությունում. գործատուն ընտրում է ավելի կարողին, ավելի ուսյալին և լրացուցիչ գիտելիք ու հմտություն փոխանցում։

– Ըստ Ձեզ, կարճաժամկետ դասընթացները լրացնո՞ւմ են ակադեմիական կրթությունը, թե՞ հավակնում են լինել ինքնուրույն կրթական գործընթաց։

– Իմ ընկերները, որոնք կազմակերպում են կարճաժամկետ դասընթացներ, մեզ մեղադրում են բուհում ուսանողին երկարաժամկետ, սակայն ոչ արդյունավետ պահելու համար, որովհետև իրենք կարող են 5-ամսյա դասընթացի արդյունքում ունենալ իրենց անհրաժեշտ մասնագետը: Իմ պատասխանը հետևյալն է՝ իրենք կարողանում են կրթել մի մարդու, որն այսօրվա պահանջարկ ունեցող աշխատանքը կարող է կատարել, բայց չունի ակադեմիական կրթությունից բխող այն խոր ու համակողմանի ընկալումները, որոնք թույլ են հասկանալ աշխարհի հարափոփոխ ընթացքը, այդ թվում՝ մասնագիտությունների փոխակերպումների գործընթացը և իր մասնակցությունն այդ ամենում:

Օրինակ բերեմ. այսօր շատ էլեկտրական մեքենաներ են ներկրվում, արհեստավորների մեծ մասը էլեկտրական մեքենաներից չի հասկանում, և քանի որ  չունեն հիմնարար կրթություն, որոշ ժամանակ անց մնալու են անգործ։

Այդպես է նաև մեր ոլորտում․ համալսարանը տալիս է աշխարհն ու երևույթները համակողմանի ճանաչելու, փոփոխություններն ընկալելու և տվյալ մասնագիտության միջոցով բարեփոխելու հնարավորություն։ Ի վերջո, արհեստական բանականությունը մի օր գրավելու է աշխատաշուկայի մի ամբողջ հատված։ Հետևաբար, համալսարանների մասնագիտությունները շուկայից հետ են, այո´, բայց տալիս են աշխարհընկալման մի որակ, որով կարելի է միշտ զգալ  ժամանակի զարկերակը։

– Յուրաքանչյուր մարդ ունի իր կոչումը, կյանքի իր գլխավոր լարը, որի վրա պիտի նվագի։ Ո՞րն է Արթուր Եղիազարյանի կոչումն այս կյանքում։

– Տարբեր ժամանակահատվածներում տարբեր է եղել․ համալսարանական տարիներին ուզում էի Հայաստանը զարգացած տեսնել, հետո հասկացա, որ միայն ցանկությունը քիչ է։ Բնականաբար, տարիների հետ առաջնայնությունները փոփոխվում են: Այժմ ընտանիքի հայր եմ, երկու երեխա ունեմ, երկրորդը՝ զավակ եմ՝ որոշակի մշակույթ կրող ընտանիքի ավանդույթների շարունակող և նախանձախնդրորեն եմ վերաբերվում այդ գծին։ Այսինքն՝ ես մեր գերդաստանի շարունակողն եմ, դրանով հպարտանում եմ և ուզում եմ ամրացնել այն։

– Ի՞նչ արժեհամակարգ պետք է ունենա հայ երիտասարդը, որ գլոբալացվող աշխարհում հավատարիմ մնա ազգային հոգեկերտվածքին։

– Նախ՝ չպետք է տուրք տալ փոփոխություններին, ընկնել նորաձևության հետևից։ Երկրորդ՝ մենք այսօր բացառիկ հնարավորություն ունենք մնալու Հայաստանում և աշխատելու աշխարհի համար: Այո´, աշխատել և ապրել այս փոքր, բայց արևոտ, քաղցրահամ ջրով, լավ մարդկանցով հարուստ երկրում։ Ցավոք, մեր իրականությանը խորթ չեն այնպիսի բացասական երևույթներ, ինչպիսիք են ձևապաշտությունը,  սուտն ու կեղծիքը: Եթե բացառենք այս գծերը և պահպանենք Հայաստանում աշխարհի համար աշխատելու հնարավորությունը, ապա շատ արժեքներ կլինեն իրենց տեղում։

– Երբեք չե՞ք մտածել դրսում ապրել-աշխատելու մասին։

– Պետք է անկեղծ լինեմ՝ մտածել եմ, պարբերաբար այդ հարցը առաջացել է: Բայց կապող թելերը շատ են: Եթե քո հորեղբորը չես տեսնելու, քո մյուս բարեկամին չես տեսնելու, չես շփվելու, չես ուրախանալու ու չես տխրելու, էմոցիաների պակաս է առաջանում։ Եթե պատրաստ ես քիչ էմոցիաներով ապրել, այսինքն՝ վերցնել մի ներկապնակ, 4 գույն, այդ 4 գույնով փորձել քո ամբողջ օրը ներկել… Եվ գոյություն ունի մի մեծ ներկապնակ, որը տալիս է այդ մարդու ինքնությունը՝ իր հողում ապրելու, տարբեր ներկեր ես վերցնում և քո ամեն օրը տարբեր գույներով ներկում՝ մեկի դժբախտությամբ տխրելը, մյուսի ուրախությամբ ուրախանալը, շատը, քիչը, ուսանողի հաջողությունը։ Դա ևս կարող է ինձ ոգեշնչել:

– Վերջում՝ մի քանի բլից-հարց՝

–Լավագույն ֆիլմը, որ երբևէ դիտել եք։

– «Փախուստ Շոուշենկից»։

– Գիրք, որը վերընթերցելու պահանջ եք զգում:

– Ստեֆան Ցվայգ՝ «Ժոզեֆ Ֆուշե»։

– Ձեր երաժշտական նախասիրությունը։

– Առավելապես նախընտրում եմ դասական երաժշտություն։

– Ի՞նչը կարող է Ձեզ համար ոգեշնչման աղբյուր հանդիսանալ։

– Գիրքը, կինոն, հանդիպումը։

– Ո՞րն եք համարում Ձեր բնավորության ուժեղ կողմը։

– Համբերատարությունը։

– Մարդկային բնավորության ո՞ր գիծն եք կտրականապես մերժում։

– Չկա այդպիսի գիծ, որ կտրականապես մերժեմ:

Լուսանկարները՝ Արթուր Եղիազարյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *